Նորություն չէ, որ մեր իշխանություններն արտաքին աշխարհի հետ չեն կարողանում աշխատել, էլ չենք ասում, որ եղած կապերն էլ հետևողականորեն ոչնչացնում են։ ՌԴ-Հայաստան հարաբերություններում ոչ թե խնդիրներ կան, այլ խոր ճգնաժամ է առաջացել։ ՈՒ այս իրավիճակը գնալով ավելի ցցուն է դառնում։ Օրերս աննկատ մնաց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։ Ռուսական կողմն արդեն բացահայտ ուղերձներ է հղում, սակայն այս ամենը չգիտես դիտավորյալ, թե ակամայից իշխանությունն անտարբերության է մատնում։ Բայց դա գին ունի, որը ոչ թե իշխանությունն է վճարում, այլ հայ ժողովուրդը։ Զորօրինակ, իշխանության նոր եկած Նիկոլ Փաշինյանը հրովարտակեց, թե գազի գինը դեռ իջնելու տեղ ունի, սակայն քաղաքականություն թելադրող ռուսական գազը նախօրեին թանկացավ։ Հայտարարվեց, թե շարքային սպառողի համար չի թանկանում, բայց բոլորն են հասկանում, չէ՞, թե ջերմոցային տնտեսությունների և այլ արտադրողների համար թանկացած գազի հետևանքներն ում վրա են շատ թանկ նստելու։ Թե՞ ոչ մեկը չի հասկանում, որ դա բերելու է շղթայական թանկացման։ Տնտեսական շատ այլ հարցերում էլ ռուսական կողմի հետ հարաբերությունները նախանձելի չեն։ Այսինքն, պիտի հստակ լինի՝ կամ դու դաշնակից ես, կամ՝ ոչ։ Չի լինում այնպես, որ մի ձեռքով հարվածես, մյուսով՝ շոյես։ Իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, որը կուլ կտա իր հանդեպ նման պահվածքը։
Երբ քո երկրի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը հայտարարում է, թե «ռուսական հեռուստաընկերությունները վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար», հետո էլ իբր անհաջող շտկում ասածը, թե «տեղեկատվական, լեզվական» անվտանգությունն են վտանգում, ի՞նչ պիտի մտածի քո դաշնակից երկիրը։ Միայն շատ հետաքրքիր է, թե վերջին երկու տարու՞մ սկսեցին մեր լեզուն ու տեղեկատվական դաշտը ահասարսուռ վտանգի տակ հայտնվել ռուսական ալիքների պատճառով, թե՞ այդ մասին մեզ չէին ասում, հայտնի անեկդոտի պես, որ մեզ վատ չզգանք։
ՌԴ դեսպանատունն ուղիղ ասում է հայկական կողմին. «Պետք է պայմանավորվել «խաղի նոր կանոնների» շուրջ, որոնք ներկայացնում է հայկական կողմը։ Ռուսական կողմը բազմիցս հայտնել է նման երկխոսության պատրաստակամության մասին: Սպասում ենք մեր հայ գործընկերների պատասխանին»։ Որքան էլ սա նեղ հարցի շրջանակում հայտնած դիրքորոշում է, ի վերջո, դիվանագիտության մեջ ոչինչ հենց այնպես չի ասվում, և ռուսական կողմը «խաղի նոր կանոնների» հստակեցում է պահանջում։ ՈՒ հենց այնպես չէ, որ դեսպանատունը հիշեցնում է ՌԴ-ում հայ վարորդների վարորդական իրավունքների հետ կապված իրավիճակը, թե մեր երկրներին միավորում է ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում անդամակցությունը, որ Հայաստանում հեռարձակվող «Առաջին ալիք»-ը, «ՌՏՌ Պլանետա»-ն և «Ռոսսիա-Կուլտուրա»-ն ունեն բավականին սոլիդ և կայացած լսարան։ Էլ ինչպես հասկացնեն, որ այն քայլերը, որոնք արվում են Ռուսաստանի հանդեպ, այդ երկրում վաղուց անհասկանալի են դարձել։ Դրա համար խաղի նոր կանոնների շուրջ առաջարկում է պայմանավորվել, իսկ միանշանակ է, որ այդ կանոններն ու խաղը կարող են բավական վտանգավոր լինել մեզ համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ