«Իմ քայլը» խմբակցության քաղաքական «դեղնակտուցները» դեռ մի ելույթի դույզն-ինչ հեղինակ չդարձած, չհասկանալով անգամ իրենց դերն ու կարգավիճակից բխող պարտականությունները, սկսել են պիտակավորել, իբր խելք սովորեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Նրանք այնքան ծանծաղամիտ են, որ անգամ չեն էլ հասկանում` քաղաքական գործունեության ամենակարևոր բաղադրիչը մամուլի հետ ճիշտ աշխատանքն է։ Նրանք այնքան հեռու են պարզ բաներն ընկալելուց, որ ցանկացած հակադիր կարծիք ընդունում են թշնամանքով ու անցնում անպարկեշտ հայտարարությունների։ Այս խմբակցության որևէ անդամի անհատապես առանձնացնելու խնդիր չունեմ, որովհետև երևույթը մասսայական է, սակայն այս անգամ նրանցից մեկի մտքի «գոհարներին» չեմ կարող չանդրադառնալ այն պարզ պատճառով, որ վերջինս լրագրողներին համարում է տգետ ու հիմար միայն այն բանի համար, որ քննադատում են Արմեն Սարգսյանին։ Ի դեպ, վերջերս այս խմբակցությունում տարօրինակ բաներ են կատարվում, նախօրեին մեկն էլ սպառնում էր լրատվամիջոցին ու պահանջում հեռացնել նյութի վերնագիրը։
Վերադառնանք մեր «հերոսուհուն», որին ստիպված ենք իր բառապաշարով ու ձևով պատասխանել։ Իբր համերաշխություն, թավիշ բերած քայլածների խմբակի ոմն պատգամավորուհի, որ ոչ մի օրենսդրական նախաձեռնությամբ չի էլ առանձնացել, որպես պատգամավորի երևի խորհրդարանի շենքից դուրս նրան ոչ մեկը չի ճանաչում, որոշել է «տառավճարով աշխատող գրչակների» հարձակումից պաշտպանել երկրի նախագահ Արմեն Սարգսյանին։ Վա՜յ նախագահին, եթե նրա հույսը նման պատգամավորներն են։ Բայց հավանաբար սույն տիկնոջ մոտ հախուռն հոգեվիճակ է, որովհետև նա այսօր պաշտպանում է մի մարդու, ում մասին 2 տարի առաջ լրիվ այլ պատկերացում ուներ։ Հիշեցնենք. 2018-ին մի շարք ՀԿ-ներ, որոնք, ըստ մամուլի, ֆինանսավորվում են բոլորին հայտնի հիմնադրամից, հայտարարություն տարածեցին այն մասին, թե Արմեն Սարգսյանը «ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն հնարավոր է համարում արհամարհել ՀՀ գործող սահմանադրությամբ առաջադրված պահանջները և ամեն գնով հայտնվել ՀՀ բարձրագույն պաշտոնին»։ «Արմեն Սարգսյանը ստանձնում է նախագահի պաշտոնը՝ խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ սահմանված քաղաքացիության հետ կապված պահանջը՝ ողջամիտ կասկածներ հարուցելով իր լեգիտիմության նկատմամբ և հարցականի տակ դնելով Սահմանադրության երաշխավոր լինելու իր հիմնական գործառույթի ապահովումը»,- ասված էր այդ հայտարարությունում։ Իսկ հիմա գուշակեք, թե այդ ՀԿ-ներից մեկում մեր հերոսուհին, որը այսօր կուրծք է ծեծում Արմեն Սարգսյանի համար, ի՞նչ էր աշխատում։ Այո՛, իրավաբան։ Իր իսկ ձևով իրեն հարցադրեմ՝ հարգելի չկայացած «օրենսդիր», հիմա ո՞վ է տգետը կամ հիմարը (բացառապես օգտագործում եմ այս ակամա մանդատավորի որակումները)։ Այսինքն, երբ պետք էր, Արմեն Սարգսյանը սահմանադրախախտ էր, երբ պետք է, «գրչակների» զո՞հ։ Այդ ե՞րբ դարձաք Արմեն Սարգսյանի ջերմեռանդ պաշտպանը։ Շարունակենք նրա իսկ ոճով, պատգավավո՝ր, դու հիմա՞ր ես, թե՞ օրվա իշխանությունը տարբեր իրավիճակների համար քեզ որպես այդպիսին է պահում։ Երկրորդեմ՝ սրանք մեր որակումները չեն, այսպես խոսում է Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող ուժի ներկայացուցիչը լրագրողների մասին, այն էլ ոչ դեմառդեմ, այլ ֆեյսբուքյան գրառման հետևում թաքնվելով։
Եվ վերջում մի հորդոր քաղաքական նորահայտ այս կերպարին. եթե նպատակ ունեք շարունակելու քաղաքական գործունեությունը, հաստատ ճիշտ ուղու վրա չեք։ Որքան ուզում եք կռվեք (ձեր դեպքում ճիշտ է ասել՝ թշնամացեք), քաղաքական մրցակիցների, հակառակորդների հետ, բայց այդ ամենին չփորձեք խառնել լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին, որոնք ամեն ամիս շանտաժով գումար չեն շորթում։ Մենք միշտ մեր տեղում ենք, այդ դուք եք փոփոխական, անկայուն, մենք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, մի օր մարդուն սեփականատեր, մյուս օրն էլ հանցագործ չենք դարձնում, երեկվա 30 արծաթով ծախվածին այսօր փրկիչ չենք հայտարարում։ Ի վերջո, սովորեք թացը չորից տարբերել, տիկին կամ օրիորդ (ընտրեք որը կուզեք) Արուսյակ Ջուլհակյան։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ