Երկրի չեմպիոնության համար պայքարը՝ հավասար դիրքերից, սկսված է։ Խոսքը վերաբերում է բնականաբար լա լիգային, որովհետև եվրոպական ֆուտբոլային գերտերությունների ընթացքի մեջ գտնվող առաջնություններից ամեն ինչ հստակ է բունդեսլիգայում՝ «Բավարիան» չեմպիոնությունը վաղօրոք է նվաճել, հարցեր չկան պրեմիեր լիգայում` «Լիվերպուլն» ընդամենը սպասում է խնդրի փաստական կողմի հաստատմանը, որը, ի դեպ, կարող էր հենց երեկ ուշ երեկոյան էլ լինել, եթե «Մանչեստր Սիթին» միավորներ կորցներ։ Որոշակի լարվածություն էր նկատվում սկուդետեում, սակայն այս պահի դրությամբ վերջին տուրը կարծես թե հանում է հարցականները, թեպետ առաջնության ավարտին բավական ժամանակ կա, ու հնարավոր է ցանկացած զարգացում։
ԻՍՊԱՆԻԱ
Նախորդ՝ 30-րդ տուրի արդյունքներով, արդեն հավասար միավորների պայմաններում, երկրի չեմպիոնության համար սկսված «Ռեալ»-«Բարսելոն» հոգեմաշ դիմակայությունը ամբողջովին մտել է «տարերքի» մեջ, ստացել միս ու արյուն։ «Բարսելոնը» տնային դիմակայությունում առավելության հասավ «Աթլետիկի» նկատմամբ։ Խաղի միակ գոլի հեղինակը Իվան Ռակիտիչն է։ Հաղթանակի կարևորությունը չթերագնահատելով, այդուհանդերձ այն համարենք փոքրիկ նվեր այդ օրը 33-ամյակը տոնող Մեսիին՝ հաճույքով ևս մեկ անգամ հիշելով նրա բազում կոչումներն ու նվաճումները։
Եվ այսպես՝ արգենտինական հրաշքը, ով համաշխարհային ֆուտբոլի ամենամեծ ադամանդն է, վեց անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019), նույնքան անգամ նվաճել France Football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը՝ վերը հիշատակված նույն թվականներին տիրանալով «Ոսկե գնդակին» (երկու ցուցանիշով էլ ռեկորդակիր է), «Բարսելոնի» հետ 10 անգամ հաղթել է լա լիգայում, նույնը չորս անգամ արել է Չեմպիոնների լիգայում։ Իսպանիայի գավաթի 6-ակի, Իսպանիայի սուպերգավաթի 8-ակի, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի եռակի տիտղոսակիր է, երեք անգամ հաղթել է աշխարհի ակումբային առաջնություններում։ Մենք էլ մեր հերթին ասենք՝ ծնունդդ շնորհավոր, Լեո, որքան կարող ես երկար երջանկացրու այս հրաշք խաղի միլիարդավոր երկրպագուներիս, ու անցնենք տուրի շարունակությունը ներկայացնելուն։
Իր հերթին երեք միավոր, նույնպես հյուրընկալելիս, վաստակեց «Ռեալը»՝ երկու անպատասխան գնդակի առավելությամբ գերազանցելով «Մալյորկային» ու «Բարսելոնի» պես միավորների թիվը հասցնելով 68-ի։ Այստեղ թերևս հարկ համարենք նկատել, որ վերջերս ֆուտբոլային աշխարհում ոչ պակաս ինտենսիվությամբ շրջանառության մեջ դրվեց, թե իբր առաջատարության համար «արքայականը» պարտական է մրցավարներին։ «Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեի «թեթև» ձեռքով շրջանառության մեջ դրված այս կարծիքին անդրադարձել է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, միաժամանակ մեկնաբանելով «Մալյորկայի» հետ խաղում խփած իր գոլը. «Նորմալ է, որ մեր շուրջն այսքան աղմուկ կա: Այն հայտնվում է, քանի որ մենք առաջատարն ենք: Մինչ այս ոչ ոք այսքան չէր խոսում: Չեմ կարծում, որ մրցավարներն այս կամ այն թիմի օգտին որոշումներ են կայացնում: Թվում է՝ «Ռեալը» պետք է շնորհակալությու՞ն հայտնի մրցավարներին, թող մարդիկ քիչ հորինեն: Իմ գոլերը կայունության և այս բոլոր տարիների քրտնաջան աշխատանքի պարգևատրումն են: Ես գոհ եմ»։
Ի դեպ «արքայականի» հետ այս խաղը պատմական է դարձել «Մալյորկայի» ֆուտբոլիստ Լուկա Ռոմերոյի համար։ Նա փոխարինման է ելել հանդիպման 83-րդ րոպեին՝ այդ պահի դրությամբ լինելով ընդամենը 15 տարեկան, 219 օրական՝ գերազանցելով «Սելտայի» ֆուտբոլիստ Սանսոնին պատկանող ռեկորդը՝ գրանցված հեռավոր 1939 թվականին։
«Բարսելոնի» ու «Ռեալի» պես երեք միավոր է վաստակել նաև «Լևանտեին» հյուր գնացած «Աթլետիկոն»՝ 55 միավորով տեղ ապահովելով երրորդ հորիզոնականում։ Հանդիպման միակ գոլի հեղինակը Գոնսալեսն է, որը սեփական թիմի դարպասը խոցելու դժբախտությունն է ունեցել։
Ի տարբերություն մադրիդցիների, արտագնա հանդիպումը սպասված արդյունքը չապահովեց անդալուզցիներին՝ ստիպելով «Վիլիառեալի» հետ պայքարում գոհանալ մեկ միավորով՝ 2։2։ Նկատենք, որ պարտությունից խուսափողը «Սևիլիան» է եղել. այն 53 միավորով չորրորդ հորիզոնականում է։ Իր հերթին այս ոչ-ոքին «Վիլիառեալին» հնարավորություն չտվեց շրջանցելու «Խետաֆեին», որն արտագնայում միավոր է կիսել «Վալիադոլիդի» հետ՝ 1։1։ 49 և 48 միավորներով «Խետաֆեն» ու «Վիլիառեալը» հինգերորդ ու վեցերորդ հորիզոնականներում են, պայքարում են Եվրոպայի լիգայի խմբային փուլ դուրս գալու համար։
Յոթերորդ տեղում 47 միավոր ունեցող «Ռեալ Սոսիեդադն» է։
Նկատենք, որ առաջին յոթնյակ ներխուժելու փայլուն հնարավորություն ունի «Վալենսիան»՝ ընդհուպ հինգերորդ հորիզոնական դուրս գալու հեռանկարով, սակայն դրա համար անհրաժեշտ էր հաղթանակով ավարտել «Էյբարի» հետ երեկ երեկոյան ունենալիք արտագնա հանդիպումը։
ԱՆԳԼԻԱ
«Լիվերպուլ»-«Կրիստալ Պալաս» մրցակցությունում Յուրգեն Կլոպի սաներն ավելի շատ զբաղված եղան վերականգնվող դիպուկության հղկման հարցերով, ու թիմի երկրպագուները պիտի որ գոհ մնացած լինեն խաղի թե հաշվից, թե որակից։ Համենայն դեպս մրցակցին չորս անպատասխան գնդակի տարբերությամբ հաղթելը քիչ բան չէ, մանավանդ եթե չենք մոռանում, որ Անգլիայում ցանկացած թիմ կարող է «կրակել» ու հաշվի չառնել դիմացինի գրանդ ակումբ լինելը։
«Լիվերպուլի» կապակցությամբ չասենք, հա՞, թե ևս մեկ քայլով մոտեցավ չեմպիոնությանը, որովհետև այն այնքան վաղ է հաստատել իր այդօրինակ հավակնությունները, որ, թվում է, թե մրցաշրջանը չսկսված արդեն չեմպիոն էր։
«Լիվերպուլի» գերազանց մարզավիճակում լինելու կապակցությամբ ավելորդ չհամարենք մրցակից թիմի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնի դիտարկումը, ում մարզասերը պիտի որ հիշի Անգլիայի հավաքականի գլուխ եղած ժամանակներից. ««Լիվերպուլը» գտնվում է գերազանց մարզավիճակում։ Նրանք այն աստիճանի ագրեսիվ էին, այն աստիճանի լավ, գնդակը շահում էին այն կորցնելուն պես, վերադարձնում էին դրա տնօրինումն ու նորից վրա գալիս։ Դա հրաշալի դաս էր մեզ համար։ Մենք պետք է այն սովորենք»։
Մենք այս գնահատականը բերեցինք նրա համար, որ ցույց տանք՝ մարդիկ կարող են վեր լինել սեփական ամբիցիաներից ու կարող են ճշմարտության աչքերի մեջ նայել, դաս, որ չէր խանգարի յուրացնել։
Երրորդ տեղի համար պայքարող «Լեստերի» զրոյական ոչ-ոքին էր անակնկալների շարքից, սակայն պարտք համարենք ասել, որ հյուր ժամանած «Բրայտոնը» միանգամայն արժանի էր միավոր վաստակած հեռանալուն։ «Լեստերն» ունի 55 միավոր։
Երեկ ուշ երեկոյան կայացած «Չելսի»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունն աղյուսակում թիմերի ունեցած դիրքերում փոփոխություններ չէր կարող մտցնել («ազնվականները 51 նիշով չորրորդն են, «քաղաքաբնակները»` 63 միավորով երկրորդը), ուստի բավարարվենք փաստի սոսկական արձանագրումով։ Հավելման կարգով թերևս հարկ համարենք ասել, որ պակաս անցկացրած խաղը Գվարդիոլայի սաներն օրեր առաջ խաղացել են՝ 5։0 հաշվով պարտության մատնելով «Բյոռնլիին» ու միավորների թիվը հասցրել 63-ի։
Աղյուսակի առաջին հնգյակը 49 միավորով եզրափակում է «Մանչեստր Յունայթեդը», որն ավելի քան վստահ էր «Շեֆիլդի» հետ տնային դիմակայությունում՝ 3։0։ «Կարմիր սատանաների» միավորների նույն քանակն ունի նաև տնային խաղում նվազագույն հաշվով «Բոռնմուտին» պարտության մատնած «Վուլվերհեմպտոնը»։
ԻՏԱԼԻԱ
Գոլառատ հանդիպում արձանագրվեց «Ինտեր»-«Սասուոլո» դիմակայությունում, որտեղ ընդհանուր հաշվով արձանագրվեց դարպասի վեց գրավում։ Նկատենք, որ հյուրերն ինչպես բացեցին, այնպես էլ փակեցին հանդիպման հաշիվը՝ տուն տանելով մեկ միավոր։ Մրցաշարային առումով այդ միավորը «Սասուոլոյի» համար սկզբունքորեն ոչինչ էր, իսկ ահա «Ինտերի» համար՝ էապես ցավալի, քանզի միավորի յուրաքանչյուր կորուստ Անտոնիո Կոնտեի սաներին ավելի ու ավելի է հեռացնում ավելի բարձր հարգի մեդալների համար պայքարից, մինչդեռ առժամանակ առաջ ամեն ինչ նրանց համար այնքան հաջող էր գնում, որ ակամայից մտածում էիր, թե երկիրն առանցքի շուրջը պտտվում է հենց «Ինտերի» պատվերով։
Եվ այնուամենայնիվ Կոնտեի գլխավորածը համաշխարհային ֆուտբոլի այն գրանդներից է, որին չի կարելի անդրադառնալ ընդհանուր ձևակերպումներով, ուստի առիթն օգտագործենք ու դիտարկումն անենք՝ օգտագործելով «Սասուոլոյի» հետ հանդիպման փաստը։
Թիմն իրապես շատ ավելիին էր արժանի, եթե նկատի ունենանք, թե որքան պահեր ստեղծեց։ «Եթե նման խաղերում այդքան ջանք ես դնում, հարկ է հաղթել՝ անկախ նրանից, թե առանցքային գծում՝ կիսապաշտպանությունում, ինչ հիմնախնդիրներ ունես», -նկատում է Կոնտեն ու հավելում, որ իրենք դա չեն արել, ու դա է անհանգստացնողը.- Մենք բաց ենք թողնում իրավիճակներ, երբ պետք է գոլ խփել ու վճարում ենք այդ պարզունակ սխալների համար։ Խաղի ճակատագիրը վճռելու համար մենք գոլային պահեր ենք ունեցել։ Չգիտեմ, թե ուրիշ ինչ պիտի անենք՝ բացի աշխատանքը շարունակելուց։ Ամբողջության մեջ խաղից ես գոհ եմ, սակայն մենք պետք է ուշադիր լինենք դետալների նկատմամբ։ Հենց այստեղ էլ մենք կարող ենք ավելացնել»։
Թանկարժեք միավորների կորուստն «Ինտերը» հատկապես շոշափելի զգաց «Ատալանտա»-«Լացիո» դիմակայությունից հետո, որը երևի ավելի ճիշտ կլինի որակել որպես բացառիկ խելահեղ դիմակայություն։ Արդեն 11-րդ րոպեին «Լացիոն» հանդիպումը շահում էր 2։0 հաշվով։ Թվում էր՝ մնում է խաղը գլորել սպասված հանգրվան՝ «Յուվեին» հեռակա մրցակցությունում թույլ չտալով ունեցած մեկ միավորի առավելությունն ավելացնել (թուրինցիներն արտագնայում 2։0 հաշվով հաղթել էին «Վերոնային» ու միավորները հասցրել 66-ի)։ Սակայն գերազանց հարձակողական գիծ ունեցող տանտերերը կարողացան հյուրերին ստիպել գնդակը երեք անգամ հանել դարպասից ու ընդունել իրենց առավելությունը։ Արդյունքում առաջին քառյակում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ իրենից վերև գտնվողին յուրաքանչյուր հաջորդ թիմը զիջում է չորս միավորով (չորրորդ հորիզոնականում գտնվող «Ատալանտայի» միավորները 54-ն են)։ Հարկավ ավարտին 11 տուր ունեցող առաջնության համար սա առանձնապես շոշափելի տարբերություն չէ, սակայն պակաս էլ չէ։
Տուրը հաղթական ավարտեց «Սամպդորիային» հյուրընկալած «Ռոման»՝ երեք միավորը պոկելով վերջին րոպեներին՝ 2։1։ Դուբլի հեղինակ է դարձել թիմի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Այժմ նրա անվան դիմաց 104 գոլ է, ինչն իտալական թիմի բոլոր ժամանակների հինգերորդ արդյունքն է։ Հանդիպմանը մասնակցել է մեր Հենրիխ Մխիթարյանը։ Իտալական «գայլերը» 48 միավորով Եվրոպայի լիգայի խմբային խաղեր հանող գոտում են։
Առաջին վեցյակը 42 միավորով եզրափակում է Գատուզոյի գլխավորած «Նապոլին», որը տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը։ Ընդ որում՝ արտագնայում։ Այս անգամ այն «Վերոնայի» նկատմամբ էր, 2։0 հաշվով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ