Վերջ։ Եվրոպական ֆուտբոլային բոլոր գերտերությունների առաջնություններն էլ մարտական ուղեգծում են։ Միակ բացառությունը կազմում է ֆրանսիականը, որտեղ, նկատի ունենալով կորոնավիրուսի մոլեգնումը, երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով որոշվեց չվերսկսել առաջնությունն ու թիմերի վերջնական դասավորության հարցում հիմք ընդունել տվյալ պահի դրությամբ որի որ տեղում գտնվելու փաստը։
Արդարացի՞ էր նման որոշումը. պատասխան տալը բնականաբար մեր իրավասություններից դուրս է, թեպետ ֆրանսիացիները գուցե թե փոքր-ինչ փութկոտ եղան վճռելիքում։ Սակայն, եթե անկեղծ, լավագույն հնգյակից, եթե կոնկրետ մեկի առնչությամբ պիտի նմանօրինակ վճիռ կայացվեր, լավագույն տարբերակը ֆրանսիական դիվիզիոնի տարբերակն էր հենց թեկուզ միայն նրանով, որ այն իր լարվածությամբ այդ հնգյակի ամենաթույլ օղակն է։ Գուցե թե ասածիս կլինեն հակառակողներ, սակայն սա մեր կարծիքն է, ու այն անփոփոխ է։
ԻՍՊԱՆԻԱ
30-րդ տուրի կենտրոնական հանդիպումն Անդալուզիայի սրտում կայանալիք «Սևիլիա»-«Բարսելոն» դիմակայությունն էր, որտեղ, «Բարսելոնի» կողմից միավոր կորցնելու դեպքում, ինչպես նաև պայմանավորված այլ հանգամանքներով, Մադրիդի «Ռեալը» կարող էր դառնալ կամ առաջնության միանձնյա առաջատար, կամ հաստատել երկիշխանություն։ Հասկանալի է, որ այս կամ-կամ-ն ուներ շատ էական նախապայման՝ «սերուցքայինները» պիտի պարտադրաբար հաղթեին «Ռեալ Սոսիեդադի» հետ արտագնա խաղում։ Սակայն վերը հիշատակած պայմանների գլխավոր առաջադրողը, ինչպես տեսնում ենք, կատալոնյան ակումբն էր «Սևիլիայի» հետ օր առաջ ունենալիք խաղով։ Տանտերերի «ատամով թիմ» լինելու մասին ընթերցողին ավելորդ անգամ չհիշեցնենք, սակայն հիշողությունը թարմացնելու կարգով ասենք, որ ընթացիկում այն պայքարում է ոչ միայն եվրախաղարկություններին մասնակցություն ունենալու, այլև բրոնզե մեդալների համար։ Ասել է թե ոչ պակաս շահագրգռություն ուներ։
«Առաջին երեսուն րոպեները շատ հուսադրող էին։ Հյուրընկալվելիս մենք խաղում էինք հրաշալի։ Սակայն ջուր խմելու առաջին դադարից հետո մենք մի փոքր տեղի տվեցինք՝ թույլ տալով կորուստներ։ Երկրորդ խաղակեսում գնդակի կորուստները շարունակվեցին, ինչը հանգեցրեց նրան, որ «Սևիլիան» սկսեց վերահսկել գնդակը, իսկ այդ թիմը, ստանալով ազատ տարածություն, միշտ վնաս է հասցնում մրցակցին»։ Այստեղ առկախենք կատալոնյան ակումբի գլխավոր մարզչի մտքի ընթացքն ու ասենք, որ վնասը եղավ այնքանով, որ «Բարսելոնը» հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Բնականաբար այս ոչ-ոքիով աշխարհ չի ավերվել, սակայն խնդիրներն են բարդացել՝ հետագայի կտրվածքով վրիպելու կամ հարաբերականորեն վրիպելու շանս այլևս չկա, արդյունքը միայն քեզնով պայմանավորված չի լինելու, սրանց գալիս են գումարվելու կազմի հետ եղած բարդությունները (Լուիս Սուարեսը թեպետ վնասվածքը հիմնովին բուժել է, սակայն ամբողջապես լավ մարզավիճակում չէ, Սերխիո Ռոբերտոն ու Ֆրենկի դե Յոնգը դեռ լազարեթում են, տրանսֆերային պատուհանը դեռ փակ է, թիմին թարմ արյուն ներարկելու հնարավորություն չկա)։ Սրանք մանրուքներ չեն։ Հընթացս էլ ասենք, որ վերջին 16 խաղում «Բարսելոնն» առաջին անգամ արտագնայում գոլ չխփեց՝ խաղադաշտում Մեսի ունենալով, որքան էլ որ նա մնում է առաջնությունում ամենաշատ դարպասի գրավում արձանագրած ֆուտբոլիստը։
Դառնանք «Ռեալին»։
Եթե «արքայականը» չեմպիոնության համար է պայքարում, իսկ այն դժվար թե այլ խնդիր ունենա սահմանած, մինչև առաջնության ավարտ մնացած բոլոր դիմակայությունները նրա համար եզրափակչի արժեքի են, ու գոնե այս փուլից այն սկսվեց «Ռեալ Սոսիեդադի» հետ արտագնա խաղով։
Միանգամից ասենք, որ մրցաշրջանի առաջին կեսում տոնած հաղթանակն «արքայակականն» այս անգամ էլ կրկնեց (հաղթել է 2։1 հաշվով), 65 միավորով դուրս եկավ առաջին տեղ՝ լրացուցիչ գործակիցների հաշվարկով երկրորդ հորիզոնական մղելով չեմպիոնական պայքարի իր գլխավոր մրցակցին։
Ինչ վերաբերում է նրա օրվա մրցակցին` 47 միավորով վեցերորդ տեղում ընթացող «Ռեալ Սոսիեդադին», ինչ խոսք, ակումբը մնում է Եվրոպայի լիգայի խմբային պայքարի հավակնորդների թվում, սակայն այս երկրորդ անընդմեջ պարտությունը թիմում առկա պրոբլեմների մասին է խոսում ու անուղղակի հավաստում, որ առաջնության մնացած ութ խաղը նման տրամադրվածությամբ անցկացնելը թիմին ոչ մի լավ բան չի խոստանում, էլ չասենք, որ նրա պես 47 միավոր ունեցող, վերջին երեք խաղում 9 միավոր վաստակած «Վիլիառեալը» գնալով ավելի ու ավելի հավակնոտ է դառնում։ Վերսկսված առաջնությունում նրա զոհն է եղել «Գրանադան»։ Թող որ հաղթանակը եղել է նվազագույն հաշվով, բայց այն եղել է մրցակցի հարկի տակ։
Անցնենք մյուս խաղերին։
«Բարսելոնի» հետ «Սևիլիայի» գրանցած ոչ-ոքիից առավելագույնս օգտվեց «Աթլետիկոն», որը «Վալիադոլիդին» տնային խաղում հաղթեց նվազագույն հաշվով ու լրացուցիչ գործակիցներով, 52 միավորով բարձրացավ երրորդ հորիզոնական։
Լա լիգայի առաջին յոթնյակի վերաբերյալ տեղեկատվությունն ավարտենք «Խետաֆե»-«Էյբար» դիմակայության հիշատակմամբ։ Այստեղ գրանցվել է ոչ-ոքի արդյունք՝ 1։1, ինչը տանտերերին հնարավորություն է տվել 48 միավորով ամրագրելու հինգերորդ հորիզոնականը։
ԳԵՐՄԱՆԻԱ
Երկրի չեմպիոնությունը վաղօրոք նվաճած «Բավարիան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տոնեց «Ֆրայբուրգի» նկատմամբ՝ 3։1, վերջինիս վերջնականապես զրկելով առաջին յոթնյակում հայտնվելու, եվրախաղարկություններին մասնակցելու հնարավորությունից։
Փոխչեմպիոնության համար առանցքային էր 63 միավոր ունեցող «Լայպցիգի» դիմակայությունը Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Հաղթելով 2։0 հաշվով՝ հյուրերը հետագայի համար արդեն զրոյական նշանակություն ունեցող պոկվածությունը հասցրին վեց միավորի ու վաղապես տիրացան արծաթե մեդալներին։
«Լայպցիգի» նման խաղադաշտից գլխիկոր հեռացավ «Հերտային» հյուր գնացած «Բայերը»՝ նույնպես զիջելով 0։2 հաշվով ու էապես բարդացնելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլ մտնելու հնարավորությունը։
Ի տարբերություն «Լայպցիգի» ու «Բայերի», տուրը հաջողակ եղավ «Պադերբոռնի» հետ նրա իսկ հարկի տակ մրցած Մենխենգլադբախի «Բորուսիայի» համար (3։1)՝ փայլուն հնարավորություն տալով պայքարելու առաջնության բրոնզե մեդալների համար։ Գլադբախցիների անվան դիմաց 62 միավոր է։
Ինչպես տեսնում ենք, բրոնզե մեդալների համար պայքարն առանձնահատուկ սրություն է հաղորդելու բունդեսլիգայի ավարտական տուրին, որը հետաքրքրական է ևս երկու ինտրիգով։ Եվրոպայի լիգայի համար պայքարում են «Վոլֆսբուրգն» ու «Հոֆենհայմը», բարձրագույն դիվիզիոնում մնալու ու փլեյօֆյան խաղի մասնակցության իրավունք ձեռք բերելու համար պայքարում է ևս երկու թիմ՝ «Ֆորտունան» ու «Վերդերը»։ Ներկա պահի դրությամբ բունդեսլիգային հրաժեշտ տալուն առավել մոտ է վերջինս։
ԱՆԳԼԻԱ
Եվրոպական ֆուտբոլային գերտերություններից կիսատ թողած առաջնությունը նախավերջինը վերսկսեց մառախլապատ Ալբիոնը, ինչն անչափ ուրախալի փաստ է, քանի որ պրեմիեր լիգան եվրոպական ֆուտբոլային թագի ամենաթանկ քարերից մեկն է, իր լարվածությամբ երևի թե նաև առաջինը։ Սակայն անգլիական թիմերն առաջնության խաղարկությունը սկսում են այնպիսի գրաֆիկով, որ մեզ համար բավականին դժվար կլինի նույն տուրի արդյունքների մասին ամփոփ խոսելը, քանի որ այդ հանդիպումները կազմակերպվում են օրը երկու կամ երեք դիմակայություն սկզբունքով ու ամբողջ շաբաթի երկայնքով։
Այս ընդհանրական ասելիքից անցնենք մասնավորին։
30-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է, այն էլ ահռելի առավելությամբ, «Լիվերպուլը», որ մերսիսայդյան դերբիում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Էվերտոնի» հետ։ Նկատենք՝ չեմպիոնության ճանապարհին Կլոպի սաները շտապելու ոչ բան, ոչ էլ տեղ ունեն, քանզի կորոնավիրուսը նրանց վաղաժամկետ չեմպիոն դառնալու ինտրիգն այնպես չմարեց, որ հետաքրքրություն մնացած լինի։ Ինչևէ։ «Լիվերպուլն» ունի 83 միավոր։
Երկրորդ հորիզոնականում օրեր առաջ ընդհատված առաջնությունը հաղթանակով վերսկսած «Մանչեստր Սիթին» է։ Այն երեք անպատասխան գնդակի առավելությամբ պարտության է մատնել «Արսենալին»` ավելի ու ավելի մշուշոտ դարձնելով լավագույն հնգյակի մաս կազմելու զինագործների հույսը։ «Քաղաքաբնակները», որ 29 տուրից հետո ունեն 60 միավոր, երեկ ուշ երեկոյան «Բյոռնլիի» հետ անցկացրին 30-րդ տուրի հանդիպումը։ Ավելորդ չհամարենք հավելել, որ Խոսեպ Գվարդիոլայի սաները, որքան էլ առաջնության ավարտին մնացել է ութ տուր, հազիվ թե փոխչեմպիոնական հորիզոնականը որևէ մեկին զիջեն։
Արտագնայում «ՈՒոթֆորդի» հետ ունեցած ոչ-ոքին (1։1) շարունակում է երրորդ հորիզոնականն ամրագրած պահել «Լեստերի» համար։ Այն ունի 54 միավոր։
Ակնհայտ է, որ երկրի երբեմնի չեմպիոնի հետ երրորդ տեղի համար լրջորեն կպայքարի նրանից ընդամենը երեք միավորով հետ մնացող «Չելսին», որն արտագնայում կամային հաղթանակ տարավ «Աստոն Վիլայի» նկատմամբ։
Եվ վերջապես առաջին հնգյակը եզրափակում է մանչեստրյան մյուս ակումբը, որն արտագնայում մրցել է Ժոզե Մոուրինիոյի «Տոտենհեմի» հետ ու միավորի տեր դարձել՝ 1։1։
ԻՏԱԼԻԱ
Սկուդետեում խաղարկվեց հնուց մնացած 26-րդ տուրի երկու հանդիպումը։ «Ատալանտան» մրցեց «Սասուոլոյի», «Ինտերը»՝ «Սամպդորիայի», հետ։ Գոլառատությամբ ընթացիկ սկուդետեում հաճելիորեն առանձնացող «Ատալանտան» 4։1 հաշվով պարտության մատնեց մրցակցին ու 51 միավորով շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը` միաժամանակ շարունակելով մնալ Չեմպիոնների լիգայի խմբային խաղերի մասնակցության հավակնորդ։ Ինչ վերաբերում է «Ինտերին», վերսկսված առաջնությունը նրա համար եղավ հաղթական, 57 միավորով երրորդ հորիզոնականում է, սակայն ինքնին հասկանալի է, որ նրա երազանքների գագաթնակետն այդ երրորդ տեղը չէ, մանավանդ, եթե հիշենք, որ մրցաշարի մի զգալի հատված այն եղել է առաջին հորիզոնականում։
Անդրադառնանք աղյուսակում առաջին վեցյակը կազմած թիմերին՝ նշելով զբաղեցրած տեղերն ու հավաքած միավորները։
Առաջին հորիզոնականում 63 միավոր ունեցող «Յուվենտուսն» է, որից ընդամենը մեկ միավորի հեռավորության վրա է այս տարի հիմնադրման 120-ամյակը նշող «Լացիոն»։
Երրորդ-չորրորդ տեղերի մասին խոսել ենք, հինգերորդ հորիզոնականում «Ռոման» է` 45 միավորով, վեցյակը եզրափակում է օրերս երկրի գավաթը նվաճած «Նապոլին» ու այն էլ ոչ ավել-ոչ պակաս, «Յուվենտուսի» հետ պայքարում, ինչն այդ հաղթանակին առանձնակի շուք ու հմայք, քաշ ու կշիռ է տալիս։ Ակնհայտ է, որ Ջենարե Գատուզոյի թիմը 39 միավորով չի կարողանա խառնվել առաջնության մեդալների համար պայքարին, իսկ ընթացիկում առավելագույնը, որ կկարողանա անել, Եվրոպայի լիգայի խմբային խաղարկության մասնակից դառնալն է։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ