Տուտբերիձեից հեռացածները
09.06.2020 | 01:11
Մինչ ռուսական գեղասահքի դպրոցը կորոնավիրուսի պատճառով երկամսյա հարկադիր դադարի մեջ էր, անվտանգության կանոնները խստորեն պահպանելով, նրանց մրցակիցները՝ հանրահայտ մյուս դպրոցների ներկայացուցիչները, շարունակում էին մարզումները։ Ինչ խոսք, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում իր ինչ անելն ու ինչպես անելը, բայց դե բաներ կան, որոնց հարցում եթե շատ ուշանաս, կարող ես ընդմիշտ ուշանալ։
Տեղեկությունն անհամեմատ վաղ ունենալով, այդուհանդերձ, գերադասեցինք չշտապել, սպասել դրա վերջնական հաստատմանը, ապա նոր ներկայացնել։ Խոսքը Էթերի Տուտբերիձեի խմբից հեռացած 16-ամյա Ալեքսանդրա Տրուսովայի մասին է, որը մարզումները շարունակելու է Եվգենի Պլյուշչենկոյի խմբում։
Ինչ խոսք, աղջնակը վրացի ականավոր մարզչից հեռացած ոչ առաջին մարզիկն է, ոչ էլ վերջինն է լինելու, հեռանալու պատճառներն էլ առանձնակի քննության առնելու անհրաժեշտություն չենք տեսնում, մանավանդ որ նույն մարզչից կոնկրետ մեր Եվգենյա Մեդվեդևայի հեռանալու մասին հրապարակումներում ասելիքի մեջ այնքան էլ համրախոս չենք եղել։ Շատ ավելի կարևորն այն է, որ երկամսյա դադարից հետո սառույց ելնելով՝ մարզուհին իր առաջին իսկ մարզմանը կատարել է Ալինա Զագիտովայի ֆիրմային ցատկը՝ եռակի լուտց+եռակի ռիտբերգեր կասկադը, որը բարդագույնների կարգից է ու որն էլ շատ բաներով պայմանավորեց Զագիտովայի օլիմպիական ոսկին։ Ասել է թե՝ աղջնակն արդեն իսկ ոտքով-գլխով ապագա պայքարի մեջ է ու դրա մասին շատ համոզիչ է վկայում։ Սակայն իր մարտական տրամադրվածության մեջ Տրուսովան միայնակ չէ։ Մենասահորդ Դմիտրի Ալիևը՝ Եվրոպայի գործող չեմպիոնը, քառակի պտույտ-ցատկ է արել։
Վերադառնալով աղջիկ գեղասահորդներին՝ ասենք, որ եռակի պտույտ-ցատկով առանձնացել է նաև Պլյուշչենկոյի մեկ այլ սան՝ 11-ամյա Սոֆյա Տիտովան, որը նույնպես Տուտբերիձեի խմբից է հայտնվել իր նոր մարզչի մոտ։
Հարկավ 2022-ի օլիմպիական խաղերում Սոֆյան չի կարող ուղիղ մրցակից լինել Տրուսովային ու դա նախ և առաջ տարիքի բերումով, որովհետև, հայտնի է, տարիքային սահմանափակում կա օլիմպիական խաղերին մասնակցելու հարցում։ Սակայն, աչքի տակ ունենալով Տիտովայի արագ վերականգնվելու իրողությունը, դժվար չէ նկատել, թե ինչ ահռելի մրցակցություն է լինելու բուն ռուսական գեղասահքի դպրոցի ներկայացուցիչների միջև։ Ի դեպ, Պլյուշչենկոյի խմբում Էթերի Տուտբերիձեի խմբի ևս մեկ նախկին սան կա՝ Վերոնիկա Ժիլինան, որը նույնպես քառապտույտ ցատկերի է տիրապետում։
Հետաքրքիր մանրամասն. վերը հիշատակած աղջիկների եռյակը համատեղ լուսանկար է տեղադրել համացանցում։ Այնպես չէ, որ Տրուսովան կոլեկտիվ լուսանկարներ նախկինում համացանցում չի տեղադրել։ Չէ, այդպիսին կա Տուտբերիձեի խմբում մնացած Աննա Շչերբակովայի ու Ալյոնա Կոստորնայայի հետ, սակայն դա... 2018 թվի նկար է ու հուշ է այն ժամանակներից, երբ նրանք հանդես էին գալիս դեռևս պատանեկան մրցաշարերում։
Կարող է փոքր-ինչ չափազանցված դիտարկվել, եթե ասենք, որ լուսանկարներով պայքարն արդեն սկսվել է, ու դրանցում արձանագրված երջանիկ ժպիտները սառցահրապարակում առանձնակի դաժանության ու լարվածության վկա են լինելու։ Սակայն եկեք նկատենք, որ Ռուսաստանի կանանց հավաքականն իր կազմում նաև այլ մարզիկներ ունի, հաստատված է այդ ցուցակը, և այդ ցուցակում մեր Եվգենյա Մեդվեդևան կա։ Ի միջի այլոց, տղաների հավաքականի թեկնածուների կազմում էլ ներկայացուցիչ ունենք՝ ի դեմս Արթուր Դանիելյանի, ու եկեք Դմիտրի Ալիևի քառապտույտ թռիչք-ցատկը մեր տղայի համար նկատենք ընդամենը որպես առողջ մարտահրավեր։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ