Ամենայն հավանականությամբ՝ հունիսի 12-ին
26.05.2020 | 01:16
Ֆուտբոլային առաջնությունները կամաց-կամաց սկսում են ուշքի գալ կորոնավիրուսի բերած անհարմարություններից։ Իսպանիան, որ աշխարհամասում դարձել էր համավարակի էպիկենտրոններից մեկը, ամենայն հավանականությամբ, առաջնության վերադարձի մեկնարկը կտա հունիսի 12-ին, թեպետ, հնարավոր ամեն տեսակի բաներից խուսափելու համար, մեկնարկային վիճակում է «պահվում» նաև հունիսի 19-ը։
Առաջնությունը կմեկնարկի անդալուզական դերբիով։
Կմրցեն «Սևիլիան» ու «Բետիսը»։
Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է 11 տուր։ Նույնն է վիճակը նաև սեկունդայում, որն իր նշանակությամբ երկրորդն է իսպանական ֆուտբոլում։ Խաղերը կանցկացվեն շաբաթվա բոլոր օրերին, ներառյալ երկուշաբթին։ Նույն թիմի մրցելույթների միջև դադարը լինելու է ոչ պակաս 72 ժամից։
Խաղերի մեկնարկային ժամերը կարող են փոփոխության ենթարկվել՝ կախված տարածաշրջանի կլիմայական պայմաններից։ Ասել է թե երկրի հյուսիսային գոտում մրցակցությունները կսկսվեն ավելի վաղ, քան հարավայինում, որտեղ ջերմաստիճանն անհամեմատ բարձր է։ Հարկավ սա դեռևս վերջնական ինֆորմացիա չէ, ինչը, սակայն, չի խանգարի իմանալ։ Մնացած խաղերի ամբողջական օրացույցը հայտնի կդառնա մայիսի 28-ին։
Հիշեցնենք, որ լա լիգայի թիմերին խմբային մարզումների թույլ են տվել վերադառնալ մայիսի 18-ից։ Մինչ այդ ֆուտբոլիստները մարզվել են անհատական գրաֆիկով, առանձնացված։ Բնականաբար, նորմալ մարզավիճակի գալու համար անհրաժեշտ է մարզումների մի քանի շաբաթ, ինչն էլ հաշվի է առնվել խաղերի մեկնարկի ժամկետը նշանակելիս։
Դառնանք այլ հիմնախնդիրների։
Ի՞նչ են ցույց տվել ֆուտբոլիստների նախնական թեստավորումները։
Դրանք արձանագրել են դրական ելքով ութ դեպք։ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի համոզմամբ՝ այս ցուցանիշը կրիտիկական չէ, քանի որ վարակվածության ակնկալելի թիվն է եղել 25-30-ը։
Կան և ֆինանսական խնդիրներ։ Մասնավորապես «Բարսելոնը» նախապես մտադիր է եղել մնացած խաղերն անցկացնելու վեց հազար նստատեղ ունեցող մարզումային «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում։ Չէ, սա ոչ նրա համար, որ հանդիպումներին հնարավոր կլինի մարզասերի ներկայությունը։ Ոչ։ Պարզապես 6-հազարանոց մարզադաշտի սպասարկման գումարներն այլ են, 99-հազարանոց «Կամպ Նոուինը»՝ այլ։
Վերլուծաբանները կարծում են, որ այդ տարբերությունը սկզբունքորեն այնքան էլ շոշափելի չէ, բայց կորոնավիրուսի պատճառով հիմա աշխարհում ու մասնավորապես ֆուտբոլում այնպիսի ժամանակներ են, որ չնչին տարբերությունն էլ պիտի հաշվի առնել։ Այսուհանդերձ, ակումբում հաշվի են նստել «կապտանռնագույնների» ավագների՝ Լիոնել Մեսիի, Սերխիո Բուսկետսի, Ժերար Պիկեի, Սերխիո Ռոբերտոյի հետ ու որոշել, որ «Բարսելոնը» հանդես կգա «Կամպ Նոուում»։ Համամիտ լինեք, թե ոչ, խորհրդանշական որոշում է. ախր ո՞նց կլինի օվկիանոսյան հսկա լայները բերես, տեղավորես լճակում։
Չափսերից զատ նաև կշռի հեղինակություն կա։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ