Կորոնավիրուսը` հեղափոխական փոփոխությունների շարժառիթ
15.05.2020 | 01:37
Բացառիկ ագրեսիվությամբ մարդկության կյանք ներխուժած կորոնավիրուս ախտն արդեն իսկ էական խմբագրումներ է մտցրել բոլորիս կենսակերպում ու դեռ շատ ավելի էականներն էլ մտցնելու է։ Այդ թվում նաև այնպիսի անհուսալիների կյանքում, պատկերացումներում, գիտակցության մեջ, որպիսին, մասնավորապես, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է, որը համավարակի մասին ամիսներ առաջ այլ բան էր ասում, հիմա էլ տրամաբանորեն այլ բան է «երգում»։ Դե, սրան ու սրա նմաններին ունենալն արդեն իսկ ճակատագիր է, իշխանության «հասունության» ցուցանիշ, սակայն եկեք շատ չշեղվենք մեր բուն ասելիքից։
ՄԵՆՔ՝ ՀԱՅԵՐՈՎՍ
Համաշխարհային սպորտում կորոնավիրուսի բերած փոփոխությունների մասին խոսել ենք ու էլի կխոսենք։ Սակայն այնպես չէ, որ այն միայն իր բացասական ազդեցությամբ է առանձնանում։ Վատի կողքին լավն էլ կա, ու դա մասնավորապես վերաբերում է այնպիսի սիրված մարզաձևի, որպիսին գեղասահքն է։
Ճիշտ է, զուտ Հայաստանի առումով մենք այստեղ առանձնապես ներկայանալու բան չունենք, սակայն հայ տարրի առումով, կներեք, լավ էլ ներկայացուցչական ենք դառնում՝ ի դեմս ոլորտի կարկառուն դեմքեր, աշխարհահռչակ մարզիչ Ռաֆայել Հարությունյանի, որն աշխարհի չեմպիոն սաներ ունի, պատանեկանից հետո վստահաբար մեծահասակների մենասահքը գրոհող 17-ամյա Արթուր Դանիելյանի և, իհարկե, մեր ամենահզոր խաղաքարտ Եվգենյա Մեդվեդևայի, որը նվազագույնը կրկնակիի կարգավիճակով մարզաձևի բոլոր հնարավոր մրցաշարերի բարձրագույն տիտղոսներն ունի՝ բացառությամբ օլիմպիականի, որտեղ արծաթե մեդալակիր է։ Ճիշտ է, վերջինիս առնչությամբ մեկ-մեկ մեզ կողքից բզում-բզբզում են, թե ախր նա այդ որտե՞ղ է իր արմատներից խոսել, որ Բաբասյանն էլ կցում եք մորենական ազգանվանը, բայց դե, ժողովուրդ ջան, որ մերն է, չասե՞նք մերն է։ Հիշում ե՞ք Աբրահամ Ռուսոյին, որը մինչև վերջին տարիները բառ իսկ չէր հնչեցնում իր ծագումնաբանությունից, մինչև որ իքս պահից սկսեց ամեն ինչի մասին տեղը տեղին պատմել՝ ռուսական առաջին հեռուստաալիքում ունեցած իր լավ էլ մաքրամաքուր հայերենի առանձին բոցկլտումներով։ Այնպես որ, մի տագնապեք, ասելու՛ են, խոսելու՛ են, պատմելո՛ւ են, մեզ մնում է համբերատարությամբ սպասել իրենց լալկված լեզվի բացվելուն կամ նման պահվածք որդեգրելու սահմանափակումների ի չիք դառնալուն։ Այստեղ թույլ տվեք մանրամասներ չբացենք, մանավանդ որ լավատեղյակ եք, թե ինչին ինչ պոզ ու պոչ կարող են կցել իրենց պարտադրումներով։
ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չմշկորդների միջազգային միությունը փոխել է գեղասահքում բազմապտույտ թռիչքների գնահատման համակարգը։ Հնարավոր վնասվածքներով լի, իրականացման առումով չափազանց բարդ քառապտույտ լուտցը գնահատման հաշվարկով ներկայումս հավասարեցվել է ֆլիպին ու ռիտբերգերին։ Ասել է թե` ոչ վաղ անցյալի առաջին դեմքերը, իսկ գեղասահքում` երկու տարի առաջ դոմինանտ դիրքերում եղած գեղասահորդները, կարող էին դառնալ ու դառնում էին անցյալ, այժմ հնարավորություն են ստանում հավասար պայքարի մեջ մտնելու 13-15 տարեկան աղջնակների հետ, ովքեր յուրացրել էին քառապտույտ ցատկերն ու զուտ դրանցով անհաղթահարելի առավելություն էին ստանում ավելի տարիքավորների նկատմամբ, որքան էլ վերջիններիս սահքն անթերի էր, արտիստականության տեսակետից կատարյալ՝ չհաշված էլի ուրիշ չափորոշիչներ։
Ընթերցողի մոտ որպեսզի պատկերացումն առավել առարկայական լինի, բերենք այսպիսի մի վկայում. եռապտույտ լուտցը մրցավարները գնահատում են 5,90, իսկ քառապտույտն արդեն բոլորովին այլ գին ունի՝ 11,50։ Նման բարձր գնահատում (դեռ մի փոքր էլ ավելի) մեկ էլ ակսելն ունի, սակայն տարբերությունն այն է, որ լուտցը բոլորովին այլ տեխնիկական բազա և ուսուցում է պահանջում։ Դե հիմա պատկերացրեք, թե զինանոցում թանկ գնահատման քառապտույտ լուտց ու ակսել ունեցող մարզուհու կողքին ի՞նչ կարող է անել, դիցուք, միայն ակսել ունեցողը։ Ընկալման տեսակետից լայն ընթերցողի համար մատչելի լինելու առումով խնդիրը մենք փոքր-ինչ պրիմիտիվացնում ենք, սակայն դրանից շահում ենք պրոբլեմն ավելի հասկանալի մատուցելու հարցում։
Հասկանալի է, որ լուտցի տեխնիկական մանրամասների մեջ մտնելը մեր խնդիրը չէ, մանավանդ որ, խոշոր հաշվով, այն ընթերցողին առանձնակի բան չի էլ տա, ուստի միայն ասենք, որ դրա վնասվածքաբերությունը նկատի ունենալով էլ մասնավորապես օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յուձուրու Հանյուն այդ տարրը երկար ժամանակ չէր ներառում իր ծրագրում, իսկ ճապոնացին, նկատենք, համաշխարհային գեղասահքում բացառիկ դիրքերում է կանգնած. դե մոտավորապես ոնց որ Մեսին է ֆուտբոլում։
ԼՈՒՏՑՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՆԱԲԵՄ
Հիմա գանք մեր Եվգենյա Մեդվեդևային։
Վաղ տարիներից նրան ուսուցանված տեխնիկան հնարավորություն չէր տալիս այս գերբարդ վարժությունն անթերի կատարել, թեպետ մարզուհին համառորեն գնում էր դրա յուրացմանը, որովհետև այն միավորների ահռելի առավելություն էր տալիս։ Հիմա այս արգելքը վերացված է, ինչը նշանակում է նրա նման 18-19 տարեկան «հների» վերադարձ ու «մանկահասակների» հետ հավասարազոր պայքար, որտեղ կանացիությունն էլ առանձնահատուկ նշանակություն կունենա, բարձր տեխնիկան էլ ու բնութագրական էլի բաներ։
Ի՛նչ նկատի ունենք, որ ասում ենք՝ արգելքը վերացված է։
Նկատի ունենք այն, որ եռապտույտ լուտցը 5,90-ից դարձել է 5,30, ասել է թե այնքան, որքան ֆլիպն արժե, ու որի կատարման տեխնիկայի հետ շատ-շատ գեղասահորդներ խնդիրներ չունեն (այդ թվում և մեր Մեդվեդևան)։ Ինչ վերաբերում է քառապտույտ լուտցին, այն էլ է գնահատման նվազում արձանագրել՝ 11,50-ից իջնելով 11 միավորի՝ հավասարեցվելով քառապտույտ ֆլիպին։
Սակայն քառակի պտույտների գնահատման մեջ մի էական փոփոխություն էլ է արվել։ 10,50-ից 11-ի հասցվել քառակի ռիտբերգերի գնահատումը։ Ասել է թե` ներկայումս նույն միավորով են գնահատվում լուտցը, ֆլիպն ու ռիտբերգերը։
Ինչի է հանգեցնում սա՞։
Հանգեցնում է նրան, որ լուտցում դժվարություններ ունեցող գեղասահորդը կարող է կատարել այն քառապտույտը, որի հարցում խնդիրներ չունի, իսկ սա նշանակում է, որ մրցակցության սահմանաձողն է բարձրացվում։ Ռուսական դպրոցի հանրահայտ գեղասահորդներից սա Ժենյա Մեդվեդևայից զատ ձեռնտու է և Ալյոնա Կոստորնայային, որը նույնպես նախապատվությունը տալիս է ֆլիպին։ Դա միաժամանակ մեկ այլ առավելություն է տալիս մեր հայրենակցուհուն, ում զինանոցում կա նաև եռակի ֆլիպ-եռակի ռիտբերգեր կասկադը, որը ներկայումս կարժենա նույնքան թանկ, որքան արժեր բարդագույն եռակի լուտց-եռակի ռիտբերգերը, որը վերջին օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովայի հաղթական խաղաքարտն էր, ու որը մինչև հիմա անում են հաշված թվով մարզուհիներ։
Հաշվի առնելով, որ Բրայան Օրսերի սանուհու՝ Մեդվեդևայի զինանոցում արդեն կա մի կասկադ՝ սալխովի զուգակցմամբ, հիմա նա կարող է եղածին մեկն էլ հավելել՝ էապես բարձրացնելով իր ծրագրի արժեքը։ Սա` մեկ, և երկրորդ՝ լուտցի հեգեմոնիայի դեմն առնելն անխուսափ պիտի բերի անկումների, վնասվածքների թվի զգալի կրճատման, քանզի մարզիկները նախապատվությունը կտան իրենց ավելի հարմար տարրերին։ Այս ամենից զատ էապես կբարձրանա գեղասահքի էսթետիկական կողմը, ինչը հեռանկարում բերելու է մարզաձևի ավելի հանրայնացմանը։ Ի դեպ, սա Չմշկորդների միջազգային միության վերջին տարիներին ծավալած աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկն է. այն այս ընթացքում հետևողականորեն գնում էր ծրագրերում թռիչքային մասի կրճատմանը, նվազեցնում էր քառապտույտ ցատկերի գնահատման բարձր բալայնությունը, խստացնում անկումների համար պատիժը, կրճատում ելույթների տևողությունն ու այս ամենը հանուն նրա, որ մարզիկները շատ ավելի պարզ, սակայն մաքուր սահեն ու ավելի շատ երկրպագուների կապեն իրենց մարզաձևի հետ։
Եվ վերջապես երրորդ գործոնը, որը ոչ պակաս կարևորության է՝ ավելանում է իրականացվող տարրերի բազմազանությունը։ Այստեղ ամեն ինչ առավել քան պարզ է. եթե նախկինում բոլորը ցանկացած գնով ուզում էին հասնել լուտցի կատարման, հիմա արդեն հեշտ կլինի տեսնել կտրուկ տարբերակող կոնտենտը, որը գեղասահքի սիրահարների համար պիտի որ դառնա լրացուցիչ հաճույք։
ԱՅԼ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Դրանք հարկավ կան, վերաբերում են կատարողական առումով լուտց ու ֆլիպ վարժությունների գրեթե նույնացմանը, քառապտույտ լուտցի, ֆլիպի, ռիտբերգերի գնահատման հավասարեցմանը, սակայն սրանց բացատրությունները շատ ավելի նեղ մասնագիտական բացատրությունների շրջանակից են, սովորական ընթերցողի կամ մարզաձևի սիրահարի համար առանձնակի բան չտվող, ուստի շրջանցում ենք։
ՈՎ Է ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԵՆԱԼՈՒ
Բնականաբար նրանք, ովքեր իրենց ծրագրերում առանցքային նշանակության դերակատարում էին վերապահել լուտց վարժությանը։ Ռուսական առաջատար գեղասահորդներից առաջին հերթին այդպիսին է Աննա Շչերբակովան, ապա Ելիզավետա Տուխտամիշևան։ Եթե նախկինում, ի հաշիվ այս վարժության, կարելի էր շոշափելի առավելություն ապահովել, ապա արդ այն զրոյացվում է։ Սակայն նրանց ոչինչ չի խանգարում իրենց ծրագրերին բազմազանություն հաղորդելուն ու դրանք առավել գրավիչ դարձնելուն։ Այնպես որ, դեռ խոշոր հարց է՝ այս փոփոխությունները պարտությա՞ն վկայություն են, թե՞ մարզաձևի առաջընթացի հզոր ազդակ։
Մի բան է ակնհայտ՝ այս փոփոխություններով գեղասահքում նախապատվությունը տրվում է բազմադեմությանն ու բազմազանությանը, խնդրո գեղագիտական կողմի առավել շեշտված ապահովմանը, մասսայականությանը զարկ տալուն, մարզաձևն ավելի դիտարժան դարձնելուն, հանրայնացնելուն։ Մինչդեռ, կորոնավիրուսի ահից սառած ու սմքած, ի դեմս այդ այլանդակ համաճարակի, միայն տեսնում էինք նրա ստվերոտ կողմերը։
Գուցե թե անհամեմատ լավատեսական է հնչում, եթե ասենք՝ չկա չարիք առանց բարիքի, մյուս կողմից էլ կորոնավիրուսով աշխարհիը պատուհասած աղետի մեջ ինչու՞ չենք ուզում տեսնել Աստծուց մեր օտարվելու գինը, բնությանը չափից ավելի սպառողական վերաբերվելն ու դրա համար միանգամայն օրինաչափորեն պատժվելը, այլանդակությունների այս ահռելի ծավալումները, մարդկային դեմքն ու դիմագիծը կորցնելն ու պարսավելի, պախարակելի բազմաթիվ բաներ, որոնց համար վճարում ենք։
Ասում եք` վերջն ինչ-որ այնքան էլ չներդաշնակվեց բուն խնդրի՞ն։
Խորապես սխալվում եք։
Սպորտը միայն զվարճանք ու միայն ժամանց չէ։
Սպորտը սեփական անձը տեսնելու, ճանաչելու, ունեցած հնարավորությունները բացահայտելու, ինքնակատարելագործման տանելու միջոց է, հնարավորություն։ Եվ միայն մեր մեղքն է, որ ամեն ինչին նայում ենք չափազանց նեղ պատուհանից։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ