«Կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող բուժաշխատողների մեջ վարակվածներ չունենք»
08.05.2020 | 00:20
Այս օրերին անգնահատելի է բուժաշխատողների աշխատանքը, որը, կարծում ենք, բարձր են գնահատում բոլորը։ Սակայն այս անգամ որոշեցինք բարձրացնել Covid-19-ի հետ կապված այն հարցերը, որոնք ուղղակիորեն առնչվում են բուժվող հիվանդներին։ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը վերապրոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժում իրականացնող բժշկական կենտրոն: Որքանո՞վ է այս կենտրոնի հագեցվածությունը համապատասխանում միջազգային չափանիշներին և ի՞նչ ծանրաբեռնվածությունով է այն աշխատում։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք նշված կենտրոնի համակարգող, թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ։
-Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը վերապրոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժում իրականացնող բժշկական կենտրոն՝ առողջապահության նախարարի հրամանով։ Կենտրոնը վերազինվել է կորոնավիրուսով հիվանդների բուժման համար անհրաժեշտ բոլոր բուժսարքավորումներով, դեղորայքով, բժշկական պարագաներով, ինչպես նաև մասնագետներով: Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում Covid 19-ով վարակված 143 հիվանդ:
-Այս օրերին մեր քաղաքացիները հաճախ զանգում են խմբագրություն տարբեր հարցերով, որոնցից հիմնականում առանձնացրել ենք երեքը։ Քանի որ տեսակցությունը արգելված է, շատերը հետաքրքրվում են, թե ինչպես է կազմակերպվում իրենց հիվանդների խնամքը, ինչպես կարող են բուժաշխատողից և ոչ թե հիվանդից տեղեկություն ստանալ իրենց հիվանդի վիճակի մասին։ Մտահոգություն կա նաև ներարկվող պրեպարատի հետ կապված, որի համար հիվանդը պետք է ստորագրություն տա։ Մանրամասնեք` ինչի՞ մասին է խոսքը, և ինչու՞ պետք է հիվանդը ստորագրի։
-Հիվանդները գտնվում են հուսալի ձեռքերում, նրանց խնամքը կազմակերպվում է հավուր պատշաճի և շատ սրտացավ կերպով: Սնունդը մատակարարվում է կարգավորված գրաֆիկով, մեկանգամյա օգտագործման պարագաներով հիվանդանոցը հոգում է նաև հիվանդների կենցաղային բոլոր հոգսերը, երբեմն՝ նույնիսկ շատ քմահաճ ցանկությունները: Հիվանդի ընդհանուր վիճակի մասին հարազատները կարող են տեղեկանալ՝ զանգահարելով ընդունարանի հեռախոսով: Բուժումը Կենտրոնում իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ուղեցույցով: Ինչպես ցանկացած դեղամիջոց, այնպես էլ հակավիրուսային դեղամիջոցները կարող են ունենալ կողմնակի էֆեկտներ, այդ պատճառով օգտագործվող դեղորայքի կիրառման համար կարիք է լինում հիվանդի գրավոր համաձայնությունը:
-Վարակվածների թվի աճ է գրանցվում, ըստ Ձեզ` ինչո՞վ է դա պայմանավորված, ձեր կենտրոնում առկա դեղամիջոցների ու բժշկական պարագաների հագեցվածությունը ամենօրյա ռեժիմո՞վ է լուծվում, ընդհանրապես այս մասով խնդիր կա՞, թե՞ ոչ։
-Վարակվածների թվի աճ գրանցվում է ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Սակայն մեր կենտրոնը հագեցած է դեղորայքով և բժշկական պարագաներով, սարքավորումներով, նշված պարագաների քանակը պլանավորվում է նախօրոք: Դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարման հարցում չկան և չեն կարող լինել խաթարումներ, ունենք նաև զգալի քանակությամբ պարագաներ:
-Որքանո՞վ է կենտրոնում ապահովված բժիշկների անվտանգությունը, քանի որ գտնվում եք «էպիկենտրոնում»։
-Բժիշկների անվտանգությունն ապահովված է այնքանով, որ մեր Կենտրոնի գործունեության ամբողջ ժամանակահատվածում, սպասարկելով ավելի քան 300 կորոնավիրուսով հիվանդների, առայսօր չունենք վարակված ոչ մի բժիշկ կամ բուժաշխատող:
-Ի՞նչ խնդիր եք կարևորում այսօր։
-Շատ կարևոր ենք համարում բնակչությանը հորդորել, որ հետևեն առողջապահության նախարարության և պարետատան հրահանգներին, ինչպես նաև հիվանդներին և հարազատներին՝ լինել համբերատար թե՛ բուժման ընթացքում, թե՛ մեկուսացման ժամանակ: Առողջություն ենք մաղթում բոլորին։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ