Եվ այնուամենայնիվ կյանքը կանգ չի առնում
10.04.2020 | 14:28
Զանգվածային լրատվության տարբեր միջոցներում լուրեր են տարածվել այն մասին, թե Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», որտեղից էլ, ի դեպ, հայտնվել էր իտալական այս հանրահայտ ակումբում։ Նման ենթադրությունների հիմք էր ծառայել այն, որ «ծեր սինյորան» ցանկանում է հրաժարվել իր ամենաթանկ վարձատրվող խաղացողից, որպեսզի կարողանա փոխհատուցել այն դժվարությունները, որոնց առջև կանգնել է համայն աշխարհին պատուհասած կորոնաավիրոսի պատճառով։ Ավելորդ չհամարենք նշել, որ Ռոնալդուն ակումբի համար նշանակում է 31 միլիոնի արտահոսք բյուջեից։
ՑԱՎՈՔ, ՉԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆՈՒՄ
Իհարկե, միանգամայն հասկանալի է, որ ձեռքբերման գնով (պորտուգալացու համար «Յուվեն» 2018-ին «արքայականին» վճարել է 112 միլիոն եվրո) նրան այլևս չես վաճառի, սակայն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Ռոնալդուն իր 35 տարեկանում էլ մնում է խիստ թանկ ֆուտբոլիստ։ Նրա հեռանալուց հետո «Ռեալում» դեռ երկար էին թախծում պորտուգալացու խելագարության հասցնող արդյունավետության համար։ Միջանկյալ նկատենք, որ «արքայականի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեմ էր ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի այդ ձեռնարկին, նաև ինչի պատճառով էլ հեռացավ ակումբից։ Ներկայումս ֆրանսիացի մասնագետը դարձյալ «արքայականի» ղեկին է, սակայն ֆուտբոլիստին «Ռեալը» չի պատրաստվում վերադարձնել։ Մի կողմից էլ Զիզուն բոլորովին այլ կարգի ֆուտբոլ է կառուցել թիմի համար՝ մշտական պրեսինգով, իսկ խաղային այս ձեռագրին CR7-ը չի ներդաշնակվում։
Ինչպես գրել է մադրիդյան As լրատվականը, Ֆլորենտինո Պերեսը գնահատում է Ռոնալդուի ներդրումը «Ռեալում» (Քրիշտիանուն թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է), սակայն չի պլանավորում նրա վերադարձը, քանի որ... վերն արդեն ասել ենք ինչի համար։ «Նրա ժամանակն արդեն անցել է, և ներկայումս ակումբի առջև կանգնած են մարզական այլ պլաններ», -լրագրողները մեջբերում են ակումբի աղբյուրի ասածը, որը հենված է Պերեսի դիրքորոշման վրա։
«ՅՈՒՎԵՆՏՈՒՍԸ» ՀԵՐՔՈՒՄ Է
«Յուվենտուսում» անպատասխան չեն թողել իսպանական մամուլի հաղորդածն ու բացառել այս ու այսօրինակ մյուս հավաստումները։ Ընդ որում դա արել են լրացուցիչ հավելումներով, որ միանգամից կտրեն պարապ խոսողների բերանը։ Այսպես՝ թիմը չեն լքի ոչ միայն Ռոնալդուն, այլև հոլանդացի պաշտպան Մաթեյս դե Լիգտը, պաշտպանության թուրք հեռանկարային խաղացող Մերիհ Դեմիրալը, վետերան Ջորջիո Կելինին, ուրուգվայցի կենտրոնական կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը։
Եթե Թուրինում մտադիր են էլ ոմանցից հրաժարվել, դրանք են բոսնիացի Միրալեմ Պյանիչը, իտալացի պաշտպաններ Մատիա դե Շիլիոն, Դանիելե Ռուգանին։ Վերջին երկուսին կառաջարկեն որպես լրացուցիչ կոմպենսացում իսպանական «Վալենսիան» ներկայացնող Ֆերան Տորեսի տրանսֆերի համար։
«ՌԵԱԼԻ» ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչ վերաբերում է «Ռեալին», նրա գերակայությունները ներկայումս ավելի քան ակնհայտ են։ Հենց Ռոնալդուի վաճառքով Ֆլորենտինո Պերեսը սկսեց թիմի վերակառուցումը ու որքան էլ ուժեղ լիներ մեծագույն ռմբարկուի նկատմամբ ֆուտբոլասերի կարոտախտը, նրա վերադարձը հիմնովին կկազմաքանդեր թիմի վերակառուցման մտահղացումը ու թույլ չէր տա հասցնել տրամաբանական ավարտին։
Զիդանը, ով ժամանակին կարողացավ թիմի խաղը «կարել» Ռոնալդուի «վրայով», ներկայումս գերադասում է միանգամայն այլ ռազմավարություն իրականացնել։ Սա արդեն այն ֆուտբոլն է, որին բացի այն, որ պորտուգալացին կխանգարեր, այլև ինքը՝ Զիդանն էլ կուզենար խաղային մասնակցություն ունենալ, եթե, իհարկե, տարիքը թույլ տար։ Եվ այս ամենի մեխն այն է, որ Քրիշտիանուն, ուզի, թե չուզի, ավաղ ծերանում է, ավելի ու ավելի շատ է ստատիկ խաղացողի դերում հայտնվելու, իսկ տուգանային հրապարակի ներսում ոչ մի հանճար էլ չի փոխհատուցի տարիների բերելիք հետզարգացումը՝ ռեգրեսը։
Բացի սա, կոմերցիոն տեսանկյունից Ռոնալդուի տրանսֆերը թիմի համար կդառնա ծանր բեռ։ Երկու տարի առաջ 33-ում գտնվող պորտուգալացու վաճառքից «արքայական» ակումբը կոսմիկական գումար շահեց՝ հիշեք 112 միլիոն եվրոն։ Նման բան ֆուտբոլի պատմության մեջ չէր եղել։ Մինչդեռ հիմա նրա վերադարձը շատ ուժեղ կխփի թիմի բյուջեին։ Մարզիկին հետ բերելու համար հարկ կլինի մոտ 80 միլիոն եվրո վճարել, իսկ եթե սրա կողքին հաշվենք և յոթանիշով չափվող նրա աշխատավարձի չափը... Սրանից զատ չմոռանանք և այն, որ ներկայումս «Ռեալը» գտնվում է հերթական հաձակվող-սիմվոլի որոնումների մեջ, որը միաժամանակ թե երիտասարդ կլինի և թե ուժեղ, ով կկարողանա թիմի համար երկար տարիների հաշվարկով դառնալ լիդեր, ինչպիսին ժամանակին հենց ինքն էր՝ Ռոնալդուն։
ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
Եթե շատ չընկնենք ձևականությունների հետևից ու ընթերցողին էլ ավելորդ սպասումների մեջ չպահենք, փնտրվող թեկնածուների շրջանակը հստակեցված է ու շատ հնարավոր է, որ խոսքը ոչ թե մեկ, այլ միանգամից երկու ֆուտբոլիստի մասին է։ Չմոռանանք, որ «արքայական» ակումբին վաղուց են «ամուսնացնում» 21-ամյա ֆրանսիացի Կիլիան Մբապեի հետ, որը հրաժարվում է ակումբի հետ հաջորդ տարի լրացող պայմանագրի ժամկետը երկարացնելուց։
Այս երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստի կապը «սերուցքայինի» հետ տարիների խորք ունի։ Մբապեն մանկուց է երազել «Ռեալի» մարզաշապիկը կրելու մասին, իսկ նրա ֆուտբոլային պաշտամունքը եղել ու մնում է Զինեդին Զիդանը։ Ստացվում է, որ «Ռեալ» տեղափոխվելով՝ Կիլիանը միանգամից երկու երազանք է իրականացնում՝ կխաղա պաշտած թիմի կազմում, կխաղա Զիդանի ղեկավարությամբ։
Սակայն ամեն ինչ չէ, որ միանշանակ է։
Հարկ համարենք ասել, որ բոլորովին վերջերս տեղեկություն է տարածվել այն մասին, ըստ որի շեյխ Թամիմ բին Համադ ալ Թանին, ում սեփականությունն է փարիզյան գերակումբը, որոշում է կայացրել այս ամռանը Մբապեին թիմից չարձակելու մասին, որքան էլ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարի, ու մարզիկը կունենա ազատ գործակալի կարգավիճակ։
Տաք գլխով կարելի է շտապել հետևության մեջ ու ասել՝ ստանում է, թող ստանա, խառնվելու իմաստը ո՞րն է։
Խառնվելու իմաստն այն է, որ այս պահի դրությամբ Մբապեն գնահատվում է 180 միլիոն եվրո։ Ասել է թե՝ եթե այս ամռան տրանսֆերային պատուհանում նա վաճառքի հանվի, շեյխի գրպանը կմտնի այդքան գումար, սակայն մյուս կողմից էլ շեյխն այնքանով է շեյխ, որ կարող է Մբապեի տրանսֆերի դիմաց առաջարկվող գումարը չտեսնելու տալ։
Ի միջի այլոց գործերի նման դրվածքը կարող է շատ էլ ձեռնտու լինել Պերեսի համար, ով, ինչպես հավատացնում են իսպանական լրատվամիջոցները, այս պահին բավականին լրջորեն սևեռվել է նորվեգացի վունդերկինդ Էռլինգ Հոլանդին ձեռք բերելու մտքի վրա։ Այս ֆուտբոլիստի մասին մենք բավականին շատ ենք գրել, քանզի ընդամենն այս ձմռանը ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգից» Դորտմունդի «Բորուսիայում» հայտնված ֆուտբոլիստն այնպիսի ֆանտաստիկ արդյունքներ է գրանցել, որ ցնցումների մեջ է պահել ողջ ֆուտբոլային Եվրոպան։ Ի դեպ այս ֆուտբոլիստի պայմանագրում այս ամռանը հնարավոր հրաժարիմքի համար ֆիքսված է 75 միլիոն եվրո, իսկ սա մի գումար է, որը պատրաստ են վճարելու շատ թոփ ակումբներ ու բնականաբար նրանց թվում է և «արքայականը»։
Սակայն «Ռեալի» համար Հոլանդից ու Մբապեից զատ կա և երրորդ տարբերակը՝ իտալական «Ինտերից» արգենտինացի Լաուտարո Մարտինեսը, բայց թե այս մարզիկի պարագայում շատ լուրջ շահագրգռություններ ունի իսպանական ու համաշխարհային ֆուտբոլի մյուս գրանդը՝ «Բարսելոնը», այնպես որ փոքր-ինչ դժվար է հավատալ, որ նրան ձեռք գցելու հարցում «արքայական» ակումբն առանձնապես կհամառի։ Մյուս կողմից էլ եթե այս ամռանը «արքայականը» ձեռք բերի Հոլանդին, իսկ մյուս տարի էլ իրենով անի ազատ գործակալի կարգավիճակ ստացած Կիլիան Մբապեին, իրեն էլ ինչ է պետք, որ գլուխն իզուր տեղը ցավեցնի։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ