Հասցնել մինչ հուլիս
20.03.2020 | 04:23
Մարտի 17-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց հաշված ամիսներ անց անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը 2021 թիվ փոխադրելու մասին։ Սա այսպես արվեց, որպեսզի եվրոպական ֆուտբոլային առաջնությունները կարողանան ավարտին հասցնել մրցաշրջանը։ Սակայն այդ առաջնություններն իրապես կհասցվե՞ն ավարտին. սա է ներկայիս եվրոպական ակումբային ֆուտբոլային առաջնությունների խնդիրների խնդիրը։
ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԸՆԴՀԱՏՈՒՄԸ
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆուտբոլային մրցաշրջանն ընդհատելու որոշման ընդունումն այսօր-վաղը կայացնելիք խնդիր էր, պարզապես այն փոխկապակցված էր այլ հարցերի ու առաջին հերթին Եվրոպայի առաջիկա առաջնության հետ։ Ինչպես հայտնի է, ֆուտբոլային այդ մեծ տոնի մեկնարկը պլանավորված էր հունիսին, ընթանալու էր 12 երկրի 12 քաղաքում։ Մարտի 17-ին, իսկ այդ օրը ՈՒԵՖԱ-ն գումարել էր իր հավաքը, պարզ դարձավ, որ այն հետաձգվեց մեկ տարով։ Սակայն սա ֆուտբոլային մասշտաբային օրացույցի միակ փոփոխությունը չէր։ Այս փոփոխությամբ պայմանավորված՝ ՖԻՖԱ-ն համաձայնեց տեղաշարժել ակումբային ֆուտբոլի նորացված աշխարհի առաջնությունը, որը պլանավորված էր 2021-ի ամռանն ու պիտի անցկացվեր Չինաստանում։
Եվրագավաթների խաղարկության առնչությամբ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունն արմատական, վերջին խոսքի իրավունքի որոշում չկայացրեց, սակայն իսպանական հանրահայտ Marca-ի տեղեկացմամբ՝ Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների եզրափակիչները, ինչպես վաղօրոք պլանավորված էր, պիտի անցկացվեն լեհական Գդանսկում ու թուրքական Ստամբուլում։ Դրանց անցկացման նոր ժամկետներն են հունիսի 27-ն ու 24-ը։ Եվրոպական ակումբային ֆուտբոլի փլեյ օֆի մնացած փուլի ձևաչափի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, ու դրա պատճառը պանդեմիայի հետ կապված խնդիրների անհստակությունն է։
Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկություններում հնարավոր են ինչպես երկու խաղից բաղկացած լիարժեք դիմակայությունները (ինչպես սովորաբար անցկացվել է), այնպես էլ կիսաեզրափակիչների կրճատումն ընդհուպ չորսի եզրափակչի ձևաչափով։ Ի դեպ, միանգամայն հնարավոր է, որ մեկ քառորդի եզրափակիչներն էլ անցկացվեն մեկ հանդիպման ձևաչափով։
Եվրոպական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների լուծումների շրջանակում ՈՒԵՖԱ-ն նախանշել է, որ եվրագավաթների խաղարկությունները կարող են անցկացվել ոչ միայն շաբաթվա միջնամասում, այլև հանգստյան օրերին, իսկ ազգային առաջնությունների խաղերն այն թիմերի համար, որոնք չեն մասնակցում ՉԼ-ի ու ԵԼ-ի մրցաշարերին, կարելի է միջազգային խաղերին զուգահեռ անցկացնել։
Հարկ է նկատել, որ ազգային առաջնություններն ընդհատելու հարցը ՈՒԵՖԱ-ն կենտրոնացված կարգով քննության չառավ, սակայն Հին աշխարհում առանց այն էլ ընդհատված են գրեթե բոլոր առաջնությունները։ Այն միայն Թուրքիայում է շարունակվում, թեպետ կորոնավիրուսն արագորեն տարածվում է այստեղ, ու առանձին աստղային ֆուտբոլիստների կողմից առկա են բողոքի նշաններ։ Մասնավորապես Օբի Միքելը, ով ինչ-որ ժամանակ հանդես է եկել անգլիական «Չելսի» հեղինակավոր ակումբում, խզել է «Տրաբզոնսպորի» հետ պայմանագիրը։
Այստեղ հարկ համարենք նկատել, որ թուրքերը չափազանց հետաքրքրական բացատրություն են տալիս առաջնությունը դադարեցնելու հարցին։ Զորօրինակ, վերն արդեն իսկ հիշատակված «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբի նախագահ Ահմեդ Ահանօղլուն կարծում է, որ Թուրքիայի առաջնությունը չի կարելի դադարեցնել, որովհետև ֆուտբոլը միակ բանն է, որը հանգստացնում է թուրքական հասարակությանը. «Դրա միջոցով մենք ազատվում ենք սթրեսից։ Առաջնության դադարեցումը կհանգեցնի ապահարզանների կտրուկ աճի, իսկ երկրում այդքան դատավոր հնարավոր չէ գտնել, որ զբաղվեն ապահարզաններով»։
Միանգամայն հասկանալի է, որ սա կեղծ օրակարգային մեկնաբանություն է, ու Ահանօղլուին լսելով կարելի է մտածել, որ այդ երկրում սթրեսից մեռնում էին, քանի դեռ ֆուտբոլ ասվածը չկար, անբավարվածությունից էլ պատերն էին ճանկռում։ Պարզապես «Տրաբզոնսպորը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մոտ է չեմպիոնությանը, ակումբի ղեկավարությունը բնական վախ ունի առաջնությունն ընդհատելուց ու դրան հնարավոր հետևելիք որոշումներից, որոնք կարող են չեզոքացնել սպասումները։
Ի միջի այլոց, առաջնությունը շարունակելու հարցում թուրքերի հետ բացառություն են կազմում մեկ էլ բելառուսները, ովքեր մրցաշրջանը սկսելու էին երեկվանից ու մտքներին էլ չկար հանդիսատեսի մասով սահմանափակում մտցնել։
Սակայն պարզվում է, որ թուրքերի ու բելառուսների պես պակաս «քյալագյոզ» չեն և ռուսները։ Vesti.ru-ի հավաստմամբ` ռուսական պրեմիեր լիգայի որոշ ակումբներ շարունակում են մարզումները՝ բնավ չմտահոգվելով կորոնավիրուսի համաճարակից։ Լրատվականը հավաստում է, որ այնպիսի ակումբներ, որպիսիք են «Լոկոմոտիվը», «Կրասնոդարը», «Ռոստովը», «Սոչին» ու «Ախմատը», իրենց մարզաբազաներում բնականոն ռեժիմով շարունակում են մարզումները։
Ե՞ՐԲ ԿԱՎԱՐՏՎԻ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ
Գլխավոր հարցերից մեկը վերաբերում է այն խաղացողներին, որոնց հետ ամռանն ընդհատվելու են կնքված պայմանագրերը։ Հոկեյի ազգային լիգան, Բասկետբոլի ազգային ասոցիացիան ու անգամ Մայրցամաքային հոկեյի լիգան արդեն բախվել են իրականությանը, երբ նման մարզիկները հասցնում են ազատ գործակալ դառնալ ավելի վաղ, քան մրցաշրջանի ավարտն է։
Եթե խաղացողների արհմիութենական կոմիտեների հետ հյուսիսամերիկյան լիգաների կոլեկտիվ համաձայնագրերում արձանագրված է, որ ֆորսմաժորային իրավիճակներում միակողմանիորեն երկարաձգվում են հոկեյիստների ու բասկետբոլիստների պայմանագրերը մինչև խաղարկության ավարտի համար սահմանված ժամկետը (հարցը կարծես թե լուծումը գտել է և Մայրցամաքային հոկեյի լիգայում), ապա ֆուտբոլային Եվրոպան նման պրոբլեմ պիտի որ չունենա։ ՈՒԵՖԱ-ն հստակ կանխանշել է, որ ընթացիկ մրցաշրջանը պիտի խաղարկվի, ավարտին հասցվի մինչև հունիսի 30-ը՝ օր, երբ ավարտվում են այն խաղացողների պայմանագրերը, որոնց կնքած պայմանագրերի վերջին տարին է։ Այնպես որ եթե մինչև մայիսի սկիզբը կամ կեսերը չկայանան ֆուտբոլային հանդիպումները, ինչի հավանականությունը, ի դեպ, բավականին մեծ է, ապա մինչև հունիսի վերջը պիտի խաղարկվեն չխաղացված հանդիպումները։
Սակայն նկատենք, որ այս «պիտի խաղարկվեն չխաղացված հանդիպումները» պարտադրանքը կարող է և անիրագործելի լինել։ Մասնավորապես Իսպանիայում ու Իտալիայում կարծում են, որ իրենց չի հաջողվի առաջնությունն ավարտել նախանշած ժամկետում, քանի որ ունեն եվրագավաթներին մասնակցող ակումբներ, իսկ այդ խաղարկությունների շրջանակում անցկացվելիք հանդիպումները հավելյալ դիմակայություններ են, որոնք բերում են ժամկետների հետ անհամաձայնեցումների։
ԻՍԿ ԵԹԵ ԱՅՆՊԵՍ ԼԻՆԻ
Իսկ եթե այնպես պատահի, որ կորոնավիրուսի պանդեմիան չհաջողվի առնել հսկողության տակ, ակնհայտորեն այլ բան չի մնա անելու, քան ընդհատել ընթացիկ մրցաշրջանը։ Սա կնշանակի, որ եվրագավաթների խաղարկությունը չի ամբողջանա, հետևաբար չենք ունենա հաղթողներ։ Սա հիմնախնդիրներից մեկն է։ Սակայն խնդիրն անհամեմատ բարդ է ազգային առաջնությունների հարթությունում։
Տեսակոնֆերանսից առաջ սպրդեց տեղեկատվություն, որ եթե մրցաշրջանը չեղարկվի, ՈՒԵՖԱ-ն որոշում կընդունի ազգային առաջնություններում իրավիճակը արձանագրել այն տեսքով, որն առկա է այս փուլում։ Իհարկե, կոնֆերանսից հետո Ալեքսանդր Չեֆերինը հավաստիացրեց, որ դա ֆեյք նորություն է, մինչդեռ եթե իրականությանը ռեալ աչքերով նայենք, ՈՒԵՖԱ-ն պարզապես խուսափում է նման պատասխանատվություն ստանձնելուց, ու դա միանգամայն հասկանալի է։ Բանն այն է, որ եթե անգլիական պրեմիեր լիգայի ու ֆրանսիական դիվիզիոնի պարագայում, հաշվի առնելով մնացածների նկատմամբ «Լիվերպուլի» ու «Պարի Սեն Ժերմենի» կասկած չհարուցող առավելությունը, կարելի է անվարան գնալ նման որոշման ընդունման, ապա նույնը չէ վիճակը իսպանական լա լիգայում, բունդեսլիգայում ու սկուդետեում, որոնցում չեմպիոնական տիտղոսին հավակնում է նվազագույնը երկու թիմ։
Հասկանալի է, որ մրցաշրջանի ավարտը չեղարկելու դեպքում յուրաքանչյուր երկրի ազգային ֆեդերացիա հարցն ինքն է լուծելու, ու ամեն երկրում այդ լուծումը կարող է լինել տարբեր. ինչ-որ մեկը չեմպիոնական տիտղոսը հնարավոր է, որ չտա և ոչ մի թիմի, ինչ-որ մեկը կարող է խնդրի լուծման մեկնակետ ունի առկա իրողությունը։ Վերջինիս դեպքում ամենուրեք եվրագավաթների խաղարկության մասնակից կդառնան այն թիմերը, որոնք այս պահի դրությամբ գտնվում են մասնակցության իրավունքն ապահովող տեղերում։
Ոչ պակաս հետաքրքրական է ներկայանում այն թիմերի ճակատագիրը, որոնք, դարձյալ այս պահի դրությամբ, կանգնած են բարձրագույն խմբում մնալ-չմնալու խնդրի առաջ։ Ամենայն հավանականությամբ, լիգաները կգնան Իտալիայում արդեն փորձարկված տարբերակով, երբ կարգի իջեցում չի ունենա և ոչ մի թիմ, սակայն հարակից լիգայից, որը բարձրագույնից ընդամենը մեկ կարգով է ցածր, թիվ մեկ լիգա կանցնեն առաջին երկու հորիզոնականներում գտնվող թիմերը։
Ինչպես տեսնում ենք, Եվրոպայում ֆուտբոլային մրցաշրջանի ավարտի հետ կապված հարցերում անպարզությունները բավականաչափ են, թեպետ այնպես էլ չէ, թե առանձին հարցերի պարագայում հստակեցումներ չկան։ Անկախ այս ամենից, ստիպված ենք ընդունել, որ ամեն ինչ մեծապես կախված է նրանից կամ պայմանավորված է նրանով, թե մարդկությունը ինչպես դուրս կգա կորոնավիրուս կոչված համաճարակի հետ մղվող այս պատերազմից։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ