Անբարո է կեղծված ձևաթղթի վրա ստորագրություն դնելը
20.03.2020 | 03:31
Հրապարակման մեջ տեղադրված գրություն-պատկերը մանրամասնելու առանձնակի անհրաժեշտություն չկա, քանզի առանց այն էլ ամեն ինչ տեսանելի ու ընկալելի է։ Եվ այդուհանդերձ, ի հավելումն դրա, նպատակահարմար գտանք ստորև ներկայացնել կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ին ուղղված մեր հրապարակային արձագանքը։
Ի պատասխան Ձեր 17.03.2020 թ. թվագրությամբ տեղեկացման, հայտնում եմ, որ գոնե ի պաշտոնե պիտի որոշակի տարրական գիտելիքներ ու նույնքան տարրական բարեկրթություն ունենայիք հասկանալու համար, որ հայ մշակույթը, նրա ինքնատիպ էջերից մեկը՝ կինոն, ներկայացնողը դատապարտված է գրագետ լինելու, չի կարող այն աստիճանի անկիրթ լինել, որ մեսրոպատառի հետ խնդիրներ ունենա, գրի ուղղագրական սխալներով։
Սակայն, ինչպես հասկացաք, խոսքը վերաբերում է տարրական գիտելիքներ ու նույնքան տարրական բարեկրթություն ունեցող անձին, որի հետ Դուք անգամ հեռավոր աղերսներ չունեք։ Եթե մինչ հիմա Ձեզ համար չեք բացահայտել, հուշեմ՝ ահա թե նաև ինչու է Ձեզ համար դժվար ուսյալ մարդկանց հետ հարաբերվելը, որոնց ներկայությամբ ապրել եք ու պիտի ապրեիք Ձեր կլոր զրո լինելու զգացողությունը։ Ահա թե նաև ինչու եք այդպիսի քինախնդրությամբ մասնավորապես գնացել խմբագիրների հաստիքների կրճատմանը։
Գրությունում առկա ուղղագրական սխալները միտումնավոր չեմ ուղղում (ժամանակային համաձայնությունների հարցում չկողմնորոշվածության վրա աչք եմ փակում), քանզի, միևնույն է, դրանք Ձեզ ոչինչ չեն տա նաև այն պարզ պատճառով, որ այն, ինչ չի տրված կրթության բացակայությամբ ու նաև ի վերուստ, ձեռք բերելը դժվար է, մանավանդ որ Ձեր պարագայում իմացության հիմքերն անհուսալիորեն խարխուլ են։
Սակայն Ձեր իմացության ծակ մաղով ունեցած առաջխաղացման մեղավորը բոլոր դեպքերում Դուք չեք, այլ այն հասարակությունն ու իշխանությունը, որոնք հանդուրժում են ձեզպեսների գոյությունը պաշտոններում, որոնք, ցավոք, կարող են մարդկային ճակատագրերի առնչվել։ Կոնկրետ իմ պարագայում Դուք չափազանց մանր անձ եք ինչ-որ բաների հասնելու համար, քանզի համեստորեն թույլ տվեք նկատել, որ չափից ավելի անհամեմատելի քաշային կարգերի ներկայացուցիչներ ենք. ես՝ նաև իմ հեղինակած գրքերով, Դուք՝ գոնե մեկ հոդաբաշխ նախադասություն թղթին դժվարությամբ անսխալ հանձնելու «արվեստականությամբ»։
Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ անբարո է կեղծված ձևաթղթի վրա ստորագրություն դնելը։ Մի մոռացեք՝ դուք ընդամենը տնօրենի ժամանակավո՛ր պաշտոնակատար եք՝ օրենքի տառի նկատմամբ բացահայտ հակակրանք ունեցող Ձեր հովանավորյալների թույլտվությամբ ամբողջացող երեքամյա ստաժով (ճակատագրի հեգնանք, ու մենք հայտարարում ենք, թե իրավական պետություն ենք կառուցում), մինչդեռ ձևաթղթի վրա բոլորովին այլ բան է նշված։ Գոնե այս դեպքում կարող էիք յոլա գնալ առանց կեղծիքի, սակայն դա Ձեզ չի կարող վերաբերել, որովհետև ժողովրդական առածը չափից ավելի պարզորոշ հուշում է՝ կարմիր կովը կաշին չի փոխում։
Հանգիստ կարելի էր այսքանով բավարարվել Ձեր մտային կարողությունների ամբողջական պատկերը հանուրի դատին ի տես դնելով, սակայն անչափ մեծ է Ձեր նամակի առաջին նախադասությունում արծարծված մտքին արձագանքելու գայթակղությունը։
Դուք մեր հաստիքների կրճատման իրավական հիմնավորում եք համարում ա՞յս փաստարկը (մեջբերում եմ բառացի). «...աշխատանքի առաջարկ չի արվել մարդկանց, ովքեր ոլորտին հատուկ մասնագիտական կրթությամբ հանդերձ, ունեն բարձր որակավորում ու տարիների մեծ փորձառություն, առանցքային դերակատարություն են ունեցել կինոկենտրոնի ստեղծման, կայացման, կինոարտադրության կազմակերպման գործընթացում, տարիներ շարունակ զբաղվել են հայ կինոյի ու կինոկենտրոնի գործունեության հանրայնացմամբ, կինոյի ու կինոաշխարհի մարդկանց մասին գրքերի, կինոսցենարների, թատերգությունների, գեղարվեստական ու թարգմանական գործերի, հարյուրավոր հոդվածների հեղինակ են»։
Իսկ գուցե մեր հաստիքների կրճատման իրավական հիմնավորում եք համարում այս մյու՞ս փաստարկը (դարձյալ մեջբերում եմ բառացի). «Արձանագրելով այն փաստ-մտահոգությունը, թե ինչով էր պայմանավորված սույն կառուցվածքային փոփոխությունների ձեռնարկումը, երբ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, շրջանառության մեջ չի դրել կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքը, որի մեջ ներառված է կինոյի պետական կառավարման՝ ազգային մարմնի կառուցվածքը, դժվար չէ այս ձեռնարկված կառուցվածքային փոփոխություններում չնկատել, որ ֆինանսականի, ինժեներականի հետ լավ էլ հասկանալի նշանառությամբ հարվածի տակ է առնվել խմբագրական բաժինը, որը մի շարք կարևորագույն գործառույթներ ունի ոլորտում, քանզի, պարզագույն ճշմարտություն է, կինոյի առանցքային բաղկացուցիչներից մեկը գրական հիմքն է, սցենարը՝ գաղափարականից գեղագիտականի տիրույթում եղած իր հիմնախնդիրներով, կինոյի հաջողվածությունը, թիրախավորվածությունը, ազգային կենսական նշանակության հարցերը պայմանավորող գործոններով։ Սակայն կինոկենտրոնի խմբագրական բլոկը ֆինանսականի ու ինժեներականի հետ թիրախավորված էր նաև մեկ այլ հստակ դիտավորությամբ, որովհետև այստեղից էին հնչում կինոյի մասին մտահոգությունները, բարձրաձայնվում հիմնարկում իրականացվող ապօրինությունները, ներկայացվում աշխատանքի իմիտացիան»։
ՈՒրիշ մանրամասներ չեմ հիշատակում։ Այսքանն էլ բավական է տրամաբանության հետ Ձեր չունեցած խնդիրները հասկանալու համար։
Ինչ վերաբերում է գրագիտության հետ չունեցած աղերսներին, դրանք վերն ավելի քան փաստացի ներկայացրել եմ, ուստի, Ձեր թույլտվությամբ, չկրկնեմ։
Հարգանոք՝
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ