Խաղը փոխվու՞մ է
06.03.2020 | 00:38
Ոչ վերջնական, սակայն սաղմերն ու ազդանշանումներն առկա են: Բայց նախ այն մասին, որ Ռուսաստանը գրեթե «կարմիր» քարտ ցույց տվեց Վրաստան մեկնող Փաշինյանին: Ի՞նչն էր պատճառը։ Ա՞յն, որ Հայաստանը նախորդ օրը հայտարարել էր, թե մասնակցելու է ՆԱՏՕ-ի՝ մայիսի վերջերին Վրաստանում անցկացնելիք շատ հզոր զորավարժություններին: Թե՞ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի շատ ինքնավստահ հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ու հայտարարությունը (Ղարաբաղի հարցով)` բացառապես ի շահ Ադրբեջանի: Կամ էլ՝ Ռուսաստանը գիտե բաներ, որոնք հասարակ մահկանացուներիս հասու չե՞ն. դիցուք, Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների մասին` գունավոր հեղափոխությունների «էքսպերտ» հայրերի հետ: Իսկ գուցե բոլորը միասի՞ն… դժվար է ասել:
Փաստն առկա է. Ռուսաստանի ոչ երրորդական պաշտոնյաներից մեկը` ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, բավականին հատու, նույնիսկ կարելի է ասել` իրոնիկ, և այն էլ` Նիկոլ Փաշինյանի սիրած սոցցանցերում, խոսեց հայոց «դուխի» («դուխովների») մասին, որոնք այդպես էլ «հայտնություն» չապրեցին իրենց սիրելի սոցցանցում. այդ ցավոտ թեմային անդրադարձան մեկ օր ուշացումով, այն էլ` հայաստանյան «հանրության» բուռն պահանջից հետո:
Ասել է` ինչ-որ լուրջ բան է կատարվում Ղարաբաղի շուրջ, որն էլ բարձրաձայնել ենք` կախված է Իդլիբում տեղի ունեցած ընդհանուր զարգացումներից, Պուտին-Էրդողան հանդիպումից, և իհարկե կորոնավիրուսի տարածումից: Բայց` հերթով:
Փաստենք՝ Ռուսաստանն իր փորձագետների շուրթերով շատ հետաքրքիր թեզ է առաջ քաշում. Թուրքիան կարող է իր «ճեղքումն» ապահովել նաև Կովկասով… Ըստ ամենայնի, Նախիջևանի «մետաքսի ճանապարհն» է ակնկալվում, ուր, ի դեպ, չմոռանանք, Ադրբեջանը (շնորհիվ Փաշինյանի «խաղաղասիրական» նկրտումների) հազարավոր կիլոմետրերով առաջ է եկել ու պատնեշներ է կառուցել: Եվ եթե Աստված մի՛ արասցե` Թուրքիայի ու Ադրբեջանի մտքով անցնի այդ կողմից դիվերսիաներ սկսել, ապա թուրքական շանտաժը, որն այսօր ցնցում է ողջ տարածաշրջանն ու Եվրոպան, կթակի ոչ միայն Հայաստանի և Արցախի դռները, այլև Ռուսաստանի։ Ոչ միայն այն պարզ պատճառով, որ մեր սահմանապահ զորքերը ռուսական են, այլև, ինչպես ՀԱՊԿ քարտուղարն է ասել՝ եթե Հայաստանը դիմի, մենք պատրաստ ենք մեր «պարտքը» կատարելու ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ:
Ասել է` ոչ միայն դժվար օրեր, այլև դժվար «տորգեր» են ընթանում մեր շուրջը և մեր «վրայով», իսկ հայաստանյան իշխանությունները երգում են, արտասանում, շունիկ «խաղցնում»... Այսինքն՝ ինչի ընդունակ են, այն էլ անում են:
Ինչը, իհարկե, չես ասի երկրի մասին իսկապես մտածողների, իրական` երևացող ու չերևացող տերերի մասին: Հատկանշենք անչափ կարևոր մի բաղկացուցիչ. առայժմ ոչ մեծ դոզայավորմամբ, բայց տեղի է ունենում ազգային ուժերի մեկտեղում:
Առաջին հայացքից գուցե ոչ էական, բայց խիստ խորքային մեկ հարց. ընթացողը բնակա՞ն գործընթաց է, թե՞ պլանավորված: Հարցադրումն անչափ կարևոր է այն առումով, որ պրոյեկտավորման հարցում` հայոց դեմ կանգնած ոչ ազգային ուժերը (ներսի, թե դրսի) շատ ավելի ուժեղ, «պարապած», «օգտագործված» են, ուստի այս խաղում ամենամեծ ջոկերը բնական, էթնոսի ներսից եկող վիճակի կիրառումն է, որը պրոյեկտավորել հնարավոր չէ, զի ավելի մեծ է, քան ցանկացած պրոյեկտ, զի առաջինը հաղթում է… աներկբա:
Արձանագրենք, վերջին շրջանում Հայաստան-Արցախ տանդեմում տեղի է ունենում հենց այս ցանկալի միակցումը` բնականը զուգորդվում է պրոյեկտավորման հետ, և քով քովի են հավաքվում ուժեր, որոնք այս խաղում կարող են մեր ունեցած առավելագույնը դնել սեղանին:
Հայաստանն ու Ղարաբաղը մեծ ռեսուրսներ չունեն այս մեծ խաղին հակադրելու, և պետք է կարողանալ առավելագույնը պոկել աշխարհի երախից` Արցախի հարցում:
Վերլուծելով Արցախում Վիտալի Բալասանյանի շուրջ տեղի ունեցող կոնսոլիդացիան, զուգահեռ էլ նրա պահվածքն ու ռիտորիկան, որոնք օրեցօր դառնում են խիստ կառուցողական, ապա դիտարկելով խաղն այլ սեգմենտներում, արձանագրենք` Նիկոլի էներգետիկայի փոշիացման (մարտի մեկի երթի տապալում, սպասվող հանրաքվեի տապալում, Ռուսաստանի կողմից` «կարմիր» քարտ, կորոնավիրուսի շուրջ «կապիկություններ») ֆոնին, բարձրանում են ազգային ուժերի խաղարկային «լոտերը» («Ոչ»-ի շտաբի խիստ գրագետ աշխատանք, Սերժ Սարգսյանի բրգացում, երբ, չնայած եղանակային պայմաններին` հավաքվեց այդքան լուրջ մասսա, ընդ որում, ահավոր քաղաքական, Միքայել Մինասյանի ուղերձ, Մասիս Մայիլյանի շուրջ` չկայացած «հեղափոխություն», ավելին` այդ թիմի նկատմամբ անվստահության խորացում), ինչն անչափ կարևոր է: ՈՒ պետք է հնարավորինս զգույշ, սթափ, կարգապահ ու պինդ լինել` բնականոն այս գործընթացը լիովին գիտակցելու, հանկարծ` չտապալելու համար:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ