«Իմ պայքարը»
11.02.2020 | 02:52
Հիշենք` Ադոլֆ Հիտլերը «գիգանտոմանիա» ուներ. նա սիրում էր ահռելի զորքեր, ահռելի բարձր շենքեր, ահռելի քաղաքներ, ահռելի համակենտրոնացման ճամբարներ:
Սա հիշեցինք հենց այնպես: Մեր դեպքն այլ է պետք է բոլորն զբաղված լինեն մեկ մարդով, և այդ մեկ մարդը Փաշինյանն է, որի համար հիմա էլ կազմակերպվում է հանրաքվե, որպեսզի սիրտը չնեղվի Հրայր Թովմասյանից: Նրա սիրտը լայն է Տիգրան Մուկուչյանի, Աղվան Հովսեփյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար, Հրայրի դեպքում պետք է մեծ միջոցներ ծախսել ու նրան սահմանադրորեն ասել՝ ոչ:
Չենք անդրադառնալու նաև նախագահ անվանված մեկ մարդու սրտի նեղվածությանը` բանկային օրենքի մասով, որը նա ուղարկեց Սահմանադրական դատարան` «քննության», սակայն կիրակի օրով ստորագրեց այդքան վիճարկելի, այդքան պետություն քանդող, հակաիրավական հեղաշրջման ակտը:
ՈՒնենք այն, ինչ ունենք: Ընկնե՞նք վատատեսության գիրկը, հիշենք՝ ինչեր են անում «շնաբարոները» (ըստ օրվա իշխողի) և ասենք` ամեն կերպ, ցանկացած գնով, այդ թվում և կեղծիքների (բարև ձեզ, թանկագին ու անմոռաց Տիգրան Մուկուչյան, բարի գալուստ նոր Հայաստան) այս հանրաքվեն անպայմանորեն հորով-մորով է արվելու:
Ընդ որում, առանձին քննարկման թեմա է խնդիրը, որ մարտի 31-ին էլ, ըստ էության, ավարտվում են Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները (եթե նախագահականում երկրորդ փուլ չլինի): Ասել է` երկու հանրապետություններն էլ թևակոխում են տուրբուլենտության լատենտ փուլ. դա պատահականությու՞ն է, թե՞ լրջորեն գծագրված նախագիծ։ Ով` ինչպես:
Հետաքրքիրն այս ամենում այն է, որ հանրաքվեով «սպիտակների» և «սևերի» պայքարը թևակոխելու է «որակական» նոր փուլ. Արցախում էլ արդեն «համահունչ» զարգացումների նախադրյալներ են դրսևորվում, ընտրությունների քարոզարշավին զուգընթաց հասարակությունում «սևի» ու «սպիտակի» երագները խիստ ընդգծված են դառնում:
Եզրակացությունը մեկն է` իշխանությունը երկու երկրներում «զավթելուն» զուգահեռ… Այստեղ պետք է պաուզան ձգել, հիշեցնելու «նորին մեծության» արած թերևս ամենաօդիոզ արտահայտությունը, որը հնչել է արցախյան թեկնածուների հետ հանդիպման ժամանակ, և որի մասին օրերս բարձրաձայնեց ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանը, հետևյալն է. «Եթե արցախյան նախընտրական գործընթացները համահունչ չլինեն Հայաստանում տեղի ունեցած գործընթացներին, ես կոչով կդիմեմ Արցախի ժողովրդին»:
Հիմա չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս: Որպես ո՞վ դիմես. Արցախն առանձին հանրապետություն է, ի՞նչ գործ ունես, խառնվում ես նրանց ներքին գործերին, ու թե Արցախը ցանկանում է ընտրել, դիցուք, ու ասենք` Վիտալի Բալասանյանին, ո՞վ իրավունք ունի միջամտելու նրա ընտրությանը: Թե՞ հիմա ուժեղացնում եք Արայիկ Հարությունյանին, որ երկրորդ փուլ լինի, երկրորդ փուլ անցնեն Ա. Հարությունյանը և Մասիս Մայիլյանը, և հեշտ լինի իրական ֆավորիտին՝ Մայիլյանին, նստեցնել «գահին»։ Արայիկ Հարությունյանը, որն այս պահին լուրջ «ջոկեր» է, կարծես առանձնապես չի գիտակցում, որ ճամփա է հարթում իրական թեկնածուի համար, Արցախ` հայոց կառավարությունից մեկնելիք («Բաց հիմնադրամների», այն է` սորոսական «ծագման») դիտորդական առաքելությունների «համահունչ» հսկողության ներքո:
Որ ի՞նչ ես անում հանրաքվեով, քո «դեսանտներով», քո «համահնչումով»։
ա) Նախ` ի անհրաժեշտություն փորձում ես որքան հնարավոր է ժամանակ շահել:
բ) Որ կարողանաս հազար ու մի պատճառաբանությամբ, վաղը` Մյունխենում Մնացականյանի և Մամեդյարովի երեք օր ու գիշեր բանակցած փաթեթին քո վերջնական համաձայնությունը ևս երկարաձգես, բա թե՝ մեզ մոտ հանրաքվե է, Արցախում` ընտրություններ, «մաջալ տվեք»:
գ) Ապա և` Արցախում «նույնական», «համահունչ» թեկնածու ընտրվելուց հետո, Արցախյան խնդրի պատասխանատվությունը դնես այդ ընտրված նախագահի վրա:
դ) Եթե այս ամենը չլինի (կարծում ենք, որ չի լինի). իրականում դու նախապատրաստում ես պատերազմը. պատերազմ, որը, այո, Ադրբեջանը կսկսի և այն սկսելու համար, ի տարբերություն ապրիլյանի և ի համաձայնություն Արցախին քո ամենամեծ հարվածի (երբ ապրիլյանի գնով Սերժ Սարգսյանին հաջողվել էր մոնիթորինգային ու տեղորոշիչ սարքերի, այն է` միջազգային դիտարկման մեխանիզմ ստեղծել Ժնև-Վիեննա-Սանկտ Պետերբուրգում) Ադրբեջանը կսկսի պատերազմը և կասի, որ լեգիտիմ հիմքեր ունի դրա համար, որովհետև Հայաստանը ոչ մի պայմանավորվածություն չպահեց` այսքան բանակցելուց հետո:
ՈՒ միջազգային հանրությունը, ինչպես «թղթե շերեփի» ժամանակ, մեծ գլուխը կտմբտմբացնի ու կասի.
-Արդար է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ