Նիկոլի դանթեական ողբերգությունը
07.02.2020 | 00:34
Երբեմն թվում է, թե առավոտյան կզարթնենք, ու այս ամենն արդեն էլ չի լինի, որովհետև անչափ դառը երազ է, որը ոչ իրական է թվում, որովհետև դարերով պետականություն չունեցած, ցեղասպանված մի ողջ ժողովուրդ պետք է որ կարողանար դիմագրավել կոնկրետ դեպքում մեկ մարդու, իսկ իրականում աշխարհի հզորների բաք-օֆիսների, էլ ավելի ստույգ` աստրալ, օդի իշխանի` առաջինը քրիստոնեություն ընդունած էթնոսին նետված այս հուժկու, ոչ մարդկային, հոգու տարածքներում ընթացող պատերազմն ու մարտահրավերը:
Դիմագրավու՞մ ենք: Դժվար է ասել: ՈՒժասպառվու՞մ ենք: Հաստա՛տ: Բա վե՞րջը: Իհարկե, հոգևոր այս խոկումը կարելի է ավարտել մեկ ճշմարտությամբ` նայիր քո ներսը: ՈՒնե՞նք այս կարողականությունը: Ով` ինչպես: Թողնենք մեր հոգին իր հասունացումն առնի այս օրերից, մտնենք «ռեալպոլիտիկի» դաշտ:
Ընդ որում, այս դաշտում ևս առանց աստրալի հնարավոր չէ, որովհետև քանդման ու քայքայման բաղադրիչները խիստ բազում են: Առաջին հերթին` մարդու տեսակը: Մարդկությունն ի սկզբանե` դեռ դրախտում, համտեսեց չթույլատրված խնձորը, որովհետև ամբիցիոզ ու անականջ էր: Մեր դեպքում, մեր իշխանիկը նաև վրեժխնդիր է, իր իսկ նպատակներից, մտքերից, ծրագրերից կախվածության ամենամեծ դոզայով: Իսկ երբ դրանք գումարվում են նաև պրագմատիկ, գեոքաղաքական, դրսի ուժերի մեծ ծրագրերին, հաստատապես ստանում են այն «պատկերը», ինչի ականատեսն ենք այսօր. այս պահին այն ունի «ամեն գնով հասնել նրան, որ Հրայր Թովմասյանը չլինի» պատկերը, զի նա համարձակություն է ունեցել քանդելու իշխողի ագորան և ցուցանելու, որ իր կամքին հակառակ` դեռ կան գործող մարդիկ, կառույցներ, ինստիտուտներ, իրավական նորմեր։
Դյուրենմաթն ասում է` իմ թատրոնն առ ոչինչ է աշխարհում բեմադրվող իրական թատրոնների համեմատ: Իրապես: Ինչո՞վ դանթեական չէր երեկ պառլամենտում կատարվողը: Բոլորիս բաց աչքերի առաջ:
Երկիրը, որը գտնվում է տարածաշրջանային պայթուցիկ տակառի վրա, երբ տեղի են ունենում ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային վերադասավորություններ, երբ Ժնևում, ապա մի քանի օր անց Մյունխենում կրկին բանակցվելու է Ղարաբաղյան «չեղած փաստաթուղթը», որի դետալներն ու ժամանակացույցն են արդեն քննարկում, երբ ադրբեջանական համայնքը այդ փաստաթղթի վրա իր «կնիքն» է ստանում` առ ոչինչ դարձնելով, ինչպես հռչակել է հայտնի տիկինը, մեր բոլոր զոհողությունները Արցախյան պատերազմում։ Մեր բոլոր զոհերը, մեր տառապանքներն ու հույսերը «հանուն ոչնչի» էին, երբ քննարկվում է երկու ազգերի` հայ-ադրբեջնական համատեղ բնակության խնդիրը` դեմոգրաֆիկ նախկին քարտեզով (սա առանձին օրվա զրույց է- հեղ), ինչը… ձգենք պաուզան ասելու` հայաստանյան գլոբալիստների` հեղափոխական անվանյալ, «մարդասիրական» մոտեցումները առ ադրբեջանական համայնք` գուցե ինչ-որ առումով, ինչ-որ մի պահի հասկանալի լինեին, սակայն այն կրկնակի դաժան, անողոք է այն առումով, որ ձևական խաղաղասիրության ծածկոցով է սքողվում, որովհետև հայրենիքի ու արյան շունչը դեռ ազատագրված այդ տարածքներում է։ Ժողովուրդները Նիկոլի, յուր տիկնոջ, Ալիևի, Մեհրիբանի և ԵԱՀԿ` աշխարհի «տիրակալների» որոշմամբ չէ, որ կարող են համատեղ գոյատևել. դրա համար ժամանակ, արդարություն ու հազար ու մի պարամետրեր են պետք…
Կրկին ձգենք պաուզան` արձանագրելու. մի անտես անողոք ձեռք հենց այս մոտեցմամբ է ուզում ամայացնել այդ տարածքները, որովհետև, որքան էլ համատեղ բնակության նորմը նրա համար է, որ ի վերջո այդ տարածքներում անհրաժեշտ «սապոգը» մուտք գործի, առևտուրը մեծ գերտերությունների միջև «ում սապոգի» հարցում է, և եթե անգամ առևտուրը կայանա, այնուհանդերձ, որևէ սապոգ չի կարող լինել այն երաշխիքը, որ «համատեղ» ապրող` դեռ մի սերունդ իսկ չանցած, պատերազմի արհավիրքը աչքերի մեջ պահող մարդիկ կարող են այդ սապոգի տակ «երջանիկ, գլոբալիստական» ներկա կերտել. նրանք ավելի շուտ կլքեն ու կհեռանան այդ տարածքներից, ինչի հաշվարկը, կարծես, նույնպես արված է:
Եվ այս պայմաններում, հայոց առաջին ներկայացուցչական մարմնում դանթեական պարունակներն էին երեկ արդիականանում: Ընդ որում, հետաքրքիրն այն էր, որ խորհրդարան իջեցված հակասահմանադրական օրինագիծը, որը ոչ այնքան դաժան էր իր հակաօրինականությամբ ու պետականության հիմքերը քանդելու հեռահար նպատակադրմամբ, այլև առաջին հերթին նրանով, որ արձանագրումն ու Օվերտոնն էր այն բանի, որ այս իշխանությունը, յուր իշխանիկը «ամենակարող» են, նրանց գլոբալիզմը այնքան «հուժկու» է, որ ոչ մի սահման չի ճանաչում, չի ճանաչում ոչ մի մայր օրենք, ոչ մի սահմանադրություն: Եվ այս երկրում իրենք ու ԻՆՔԸ ամեն բան կերտում են` ի պատկեր յուրում: Ինչը ամենասարսափեցնողն է: ՈՒ իրենք լավ գիտեն, որ դա ամենասարսափեցնողն է, ու ձերբակալությունների, վախի մթնոլորտն առաջին հերթին` տաքացնում-ամրակայում են դիվային այդ նորմով… հոգեզրկելու, կամազրկելու բոլորիս:
Իշտահներիդ` քացախ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ