Նիկոլի կարապի երգը
31.01.2020 | 10:37
Որքան էլ պարադոքսալ` այդ երգը գրիչի մասին էր: Ասված է, չէ՞, սուր վերցնողը սրից էլ կընկնի: «Ընկավ»: Նրա ասուլիսի վերջին արարը, եթե այդքան ծիծաղելի չլիներ, կարելի էր շեքսպիրյան համարել, սակայն ուզում էր լավ, ստացվեց, ինչպես միշտ, ֆարս` զավեշտի, վոդևիլի, օճառային օպերետի ժանրի կանոններով:
Շա՜տ սերիալային էր. ֆարսը լրացվեց էժանագին «բոևիկով»` ՎԵՏՕ-ի, «Ադեկվատների», «Անտիֆեյքի» ղեկավարներին ասֆալտին փռելով, շղթայելով, տանել-բերելով: Կուլմինացիան Հրայր Թովմասյանի սպասվող «ձերբակալության»` «հեղինակի կողմից» տեքստի ընթերցումն էր` Հանրային կոչվող հեռուստաեթերից: Իսկ հանգուցալուծումը, ինչպես ասել է տրագիկոմեդիայի մագնատ Փաշինյանը, «շուտով կլինի»:
Այս ամենը` առաջին հայացքից: Երկրորդ ու էլ ավելի խորքային հայացքը` ազգային-պատմական անդնդախոր ողբերգության նկարագիրն է բերում: Իհարկե, կարելի էր «գրողական», այն է` ժանրի կանոներին հավատարիմ շատ հեռվից գալ, առնչվելով ճշմարտությանը, որ բոլորս գալիս ենք մեր մանկությունից, և բաց` քվանտային այս ժամանակահատվածում այն, ինչ թաքուն էր, հայտնի է դառնում, ողնաշարի մեջ պահված բոլոր «օձերը» աչքառ են ելնում: Թողնենք մի պահ այդ ամենը և, առնչվենք օրվա իրականությանը:
Բացի մնացյալ էական «հանգամանքներից» օրվա և իշխողի մոտ «եղերական» մեկ այլ անլուծելիություն-պատ կա` Ղարաբաղյան խնդիր, որը գումարվելով ռեյտինգային խոր իջեցումներին, ժողովրդի կողմից ծիծաղի առարկա դառնալուն, ուղտը (որի համար կատարվեց գունավոր-թավշյա հեղափոխությունը) բերվում, չոքեցվում է Նիկոլի դռանը: Նիկոլն անկանոն շարժումներ է անում, սակայն հեռու փախչել չի կարող:
Երեք օր, երեք գիշեր Մնացականյանը Ժնևում բանակցում էր Ղարաբաղյան խնդրով` ԵԱՀԿ համանախագահների «բարձր հովանու ներքո», Մամեդյարովի հետ: Սա Ղարաբաղյան պատմության մեջ չլսված, չտեսնված վիճակ է, ինչն ինքնին նշանակում է, որ այս անգամ «միջազգայինը» շատ պինդ է բռնել խնդրի «կոկորդից» և անում է ամեն ինչ, որպեսզի պայթող տարածաշրջանում մի կոնֆլիկտ ու գլխացավ պակաս լինի:
Հանուն արդարության էլ ասենք` կոնֆլիկտը լուծելու որոշակի իդենտիկ վիճակներ էլի են եղել անցյալում։ Սակայն բոլորի համար էլ հասկանալի էր, դրանք լոկ փորձեր էին: Այս անգամ ոչ թե փորձ է արվում, այլ իսկապես ուզում են լուծել։ Մանավանդ որ, կարծում են` խիստ «բարենպաստ» վիճակ է, և բացի նրանից, որ իշխանության է բերվել, «փող է դրվել» մեկի վրա, որը «փախչելու» տեղ չունի ու պարտավոր է կատարել այն, ինչի համար բերվել է։ Նաև որ բացի հեղափոխության «առաջնորդից», կան նաև այլ խաղացողներ թե՛ արտքաղաքական, թե՛ ներքաղաքական, որոնք «փաթեթ» ունեն այս խաղում:
Դրսի խաղացողներ Իրանն ու Ռուսաստանը քիչ այլ մոտեցումներ ունեն. Ռուսաստանին կոնֆլիկտի լուծումը շատ ձեռնտու չէ, այսպես ինքը լրջագույն արբիտր է Հարավային Կովկասում, միակ տարբերակն իր զինվորների խաղաղապահությունն է հակամարտության գոտում, ինչին Իրանը չի համաձայնում: Կկարողանա՞ն լուծել այդ հանգույցը դարի գործարքի` Պաղեստին-Իսրայել թնջուկում խցանվածները, պետք է դեռ սպասել։ Սակայն ակնհայտ է՝ Արցախյան նախագահական ընտրություններին ընդառաջ Ժնևում մշակվում է մարշալ-պլան, ու Նիկոլ Փաշինյանի «գրչային» անհանգստությունները նախ և առաջ բացատրվում են այդ հեռահար լատենտով, ու նոր` մանկությունից եկող վախերով ու կապրիզներով, որոնք սևեռուն են դարձել` գոնե այս պահին` հանդեպ Հրայր Թովմասյան, մասամբ Արթուր Վանեցյան, որպես «ներումի», հանդուրժողականության դեֆիցիտից տառապող հոգեվիճակ:
Ինչ վերաբերում է ներքին խաղացողներին, որոնց համար Արցախյան հարցը նույնպես «ալֆա և օմեգա» է, կարելի է ֆիքսել. նրանք այս խնդրում ունեն մաքսիմում և մինիմում «քարտեզներ»: Մաքսիմումը, անշուշտ, առնչվում է ժամանակ շահելուն:
Ասացինք` քանիցս փորձ է արվել մոտեցնել Ղարաբաղյան հարցի լուծումը, կողմերից մեկն ասել է` ոչ. մտածում են` գուցե այս անգամ ևս այդպես լինի: Իսկ եթե ճնշումը հասնի դեյթոնյան մակարդակի կամ մեկ այլ պարտադրանքի, ապա լավ բանակցման, լավ տարբերակի դեպքում պետք է կարողանալ պոկել առավելագույնը. ի վերջո Արցախյան հարցը պետք է լուծվի, և եթե հնարավոր է` առանց Դեյթոն` առանց պատերազմ… ինչու՞ ոչ:
Հնարավո՞ր է։ Դժվար, որովհետև իրադրությունն ահավոր բարդ է, խաղացողներն ու շահերը՝ է՛լ ավելի...
Իրավիճակի աբսուրդայնությունը, չերկնչենք ասել` ողբերգականությունը, սակայն, այն է, որ «թագավորը մերկ» է, ընդամենը գրիչ կա ձեռքին, որին էլ թվում է, թե այդ գրիչը մտցնում է այլոց աչքը, իրականում մտցնում է իր և բոլորիս աչքը:
Այս բարդ, ծանր փուլում միասնականություն ապահովելու փոխարեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ