Էս ի՞նչ խառն եք
17.01.2020 | 00:21
Տարին այնքան քվանտային է մեկնարկել, որ ամպլիտուդել հնարավոր չէ: Այնուհանդերձ, Իրան-ԱՄՆ «դիսկուրսին» հայաստանյան կոնցեպտի բացակայությունից հետո, երբ մեր կողքին ահավոր մեծ քայլերով վերադասավորվում է ողջ տարածաշրջանը, իսկ մենք երկրի թավշյա ընտանիքի չոբանբայաթին ենք «քոքում», արդեն իսկ հասկանալի են դարձնում, որ պետականության մասին պատկերացումները ոչ միայն իշխողի, այլև հանրության տարբեր շերտերում տարբեր կերպ են հանգրվանում:
Բոլոր դեպքերում, փաստը կայացավ. Արթուր Վանեցյանը ներկայացրեց իր քաղաքական հայտը: Ի դեպ, արագության և արդյունքների առումով հարկ է աչքի առաջ ունենալ ռուսական նախորդ օրվա զարգացումները` «Ինչպես կառավարել արդյունավետ» նշանաբանով: Կայծակնային (այլ կերպ չես բնորոշի պուտինյան արդի քաղաքականությունը) հաջորդականությունը, որը Ռուսաստանում բարձրացված է ինստիտուտի մակարդակի` դեռ Ելցինի ժամանակներից` ոտնատեղի ապահովման մասով. կրկին աշխատեց: Հիշենք. Ելցինը գործընթացները առաջանցիկ դարձրեց` իր հրաժարականի հաշվին, սակայն երկրի գլխին կանգնեցրեց ղեկավար, որն այսօր աշխարհը դարձնում է բազմաբևեռ։ Ռուսաստանի այսօրվա մանյովրը թե՛ աշխարհում, թե՛ նրա «կրակային կետ» Մերձավոր Արևելքում, եթե առաջ չի ընկնում միակենտրոնության ջահակիր ԱՄՆ-ից, ապա հաստատապես հավասարակշռումի լուրջ միկրոալիքներ է արձակում:
Ի տարբերություն մեզ: Մեզանում ոչ միայն արտաքուստ արագություն ապահոված, սրընթաց (բայց չէ՞ որ Վանեցյանի հրաժարականից անցնել է գրեթե կես տարի), սակայն գործողություններում դեռ կոնցեպտ չներկայացրած վանեցյանական հայտը բարեկենդանի` «մեկ-երկու-երեք»-ի արագության մեջ է, և դեռ պետք է դիտել, բացի «բանավոր» հայտարարություններից, որոնք, ի դեպ. բավականին գրագետ ու հետաքրքրական են, ուրիշ էլ ի՞նչ քայլերի կասկադով են օժտված, որովհետև այսօր խոսք` որքան ասես, գործ` «նիխտ»:
Այս ամենում Ռուսիայի հետ միակ սինխրոնիզացիան սահմանադրական բարեփոխումներն են: Հասկանալի է, չէ՞, որ Ռուսիան դետալիզացված պարադիգմայով է գնում այդ բարեփոխումներին, իսկ մեզ մոտ կրկին ապապետական և անձնիշխան հաշվարկն է աշխատելու. սահմանադրական փոփոխությունները մեզանում հաստատապես ծառայեցվելու եմ մեկ նպատակի` սեփական իշխանության և ոչ թե, ինչպես Ռուսիայում, պետականության ամրապնդման, ասել է` սեփական իշխանության ամրակայման, նախագահական կառավարման անցման:
Պետք է ուրախության դեժավյու ապրենք` հիշելով բանաստեղծություններ գրող հայազգի Լավրովին և նորանշանակ վարչապետ, Միխայիլ Միշուստին կապակցությամբ: ՈՒ ցավ գրանցենք. ահա թե ինչու հայերը դրսում այսքան հաջողակ են, ներսում` միմյանց «սակրալ» տարածքներ, ընդհուպ մինչև ընտանիք, «ներխուժմամբ» են առլեցուն:
Թերևս պաուզան ձգենք` «ընտանիքի» մասով, որը մեզ համար նույնպես սակրալագույն է, և այնուհանդերձ, պետք է հիշենք ԱԱԾ նախկին պետերից ևս մեկի` քաղաքական «բեմին վրա» երկար ու ահավոր արդյունավետ քայլող Դավիթ Շահնազարյանի գրեթե դետոնատորային դիտարկումների վերջին կասկադը:
Նախկին ԱԱԾ պետը, որն ինֆորմացված էր ոչ միայն իր պաշտոնավարման օրերին, այլև այսօր, նախորդ օրն իր հարցազրույցներից մեկում արձանագրել էր, որ սպասվում էր Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի հանդիպում, որպես ադրբեջանական ժողովրդի հետ «հումանիստական» ծրագրի բաղկացուցիչ (դրա «արտահայտություններից» մեկին ականատես եղանք Միլանի հայկական եկեղեցում` ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակից-բլոգերի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ)։ Ի դեպ, հանդիպման առաջարկը եղել է հայկական կողմից. ավաղ, ադրբեջանական կողմը չէր համաձայնել:
Արժե՞ շարունակել, թե ասված է ամենը:
Պարզվում է` արժե:
Հասկանալի է, չէ՞, հայաստանյան մտածող շերտի համար միշտ էլ հանելուկ է եղել` ինչու է Նիկոլը ոչ միայն կնոջը, այլև երեխաներին, հատկապես դստերը ներքաշում քաղաքականության մեջ: Դավիթ Շահնազարյանը տվեց այդ հարցի պատասխանը. քանի որ Աննա-Մեհրիբան հանդիպումը չկայացավ, ըստ ամենայնի, նախապատրաստվում է Փաշինյանի դուստր-Ալիևի դուստր հանդիպումը։
Ծննդատներ, գիշերօթիկներ փակող, ողջ օրը մարդկանց ձերբակալող իշխանություններից կարելի էր այլ բան սպասել և կամ չհավատալ Դավիթ Շահնազարյանին: Կարծում ենք` երբե՛ք ու ո՛չ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ