Սերժի «Կազանը», Նիկոլի «Դեյթոնը»
20.12.2019 | 00:00
Ի դեպ, լանդշաֆտն ամբողջական ընդգրկելու դեպքում պետք է ասել` Սերժը ևս իր «Դեյթոնն» ունեցավ՝ ապրիլյան պատերազմը: Ինչու՞ այն չավարտվեց խաղաղության պարտադրանքով: Շատ պարզ. այն ընդամենը թույլ «ապրոբացիա» էր։ Աշխարհաքաղաքական դասավորությունները նման բան չէին ենթադրում, ու նաև՝ գլխավոր խաղացողներին էլ դա ամենևին պետք չէր։ Հայաստանն էլ իր հերթին ասաց` ո՛չ:
Ավելին` Հայաստանն ասաց` երբե՛ք: Նկատի ունենք կրկին ու կրկին ապրիլյանի արդյունքում երբևէ ձեռք բերված բանակցային ամենամեծ հաջողությունը` Կասպրչիկի մոնիտորինգային խմբի ընդլայնումը, սահմանում կրակոցների ուղղության արձանագրումը (Վիեննա-Սանկտ Պետերբուրգ-Ժնև պայմանավորվածություններ)։ Ավելին` շատ արագ ժամանակացույցով Հայաստանն ինքը իրականացրեց սահմանը դիտարկելու սարքերի տեղակայում, գրեթե տեղ չթողնելով Նիկոլի «Դեյթոնի» համար:
Ի դեպ, քանի կալի վրա ենք, նաև արձանագրենք՝ եթե Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան խնդրում համաձայներ «Կազանից» պակաս տարբերակի («ոչ մի թիզականությունը» վերջին հաշվով մեծ բլեֆ է, բոլորս ենք հասկանում), նա հաստատ կվայելեր իր իսկ փոխած Սահմանադրության խորհրդարանական «շինելը», ինչը նրան նեղ, իսկ թավշյա առաջնորդին` շատ հարմարավետ թվաց: Ինչևէ:
Այսպիսով, Արցախյան հարցում ցայս որևէ կոնցեպտ չառաջարկած Նիկոլ Փաշինյանի առաջին քայլն Արցախյան բանակցություններում ձեռք բերած այդ գերէական` տեղորոշիչ սարքերի ԵԱՀԿ ՄԽ համաձայնությունից հրաժարումն էր: Ինչու՞։ Հազար ու մի պատճառով… Բայց առաջին հերթին` «Դեյթոնի», քանզի.
ա) Նիկոլը մանևրում է, ինչպես ամենուր, այնպես էլ Արցախի հարցում՝ քաոտիզմի լուրջ գեներացիա է կուտակում: Դա առաջին հերթին պետք է իրեն իշխանությունն ամրապնդելու, դաշտը «անցանկալիներից» մաքրելու, իսկ որ ամենակարևորն է` հասկանալու, թե ինչ է արվելու Իրանի նկատմամբ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերելու գլխավոր խաղացողները` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, որպեսզի ինքն էլ հասկանա, թե ինչ սցենարով է առաջ շարժվելու:
Հասկանալի է, որ Ռուսաստանը չի ցանկանում խնդրի վերջնական կարգավորում։ Այդ դեպքում նա կկորցնի կամ Ադրբեջանը կամ Հայաստանը, ինչն իր շահերից չի բխում։ Ռուսաստանի համար ամենաընդունելին կիսալուծման տարբերակն է, որի ժամանակ Ղարաբաղի ու Ադրբեջանի սահմանագծում կանգնած կլինեն ռուսական «բերետները»:
ԱՄՆ-ին, խոշոր հաշվով, Ղարաբաղն ընդհանրապես հետաքրքիր չէ։ Նրան հետաքրքիր է տարածաշրջանը, և առաջին հերթին Իրանը։ Իսկ Ղարաբաղը Ադրբեջանի՞ կազմում, թե՞ ինքնավար կլինի, հետաքրքիր չէ։ Նրան պետք է, որ Իրանին առնչվող գործողությունների ժամանակ ոչ մեկը չցցվի, լոկալ օջախներ չստեղծի:
Ինչպես նկատում ենք` «պահը» սպասողական ու անկանխատեսելի է, խաղը` դեռևս ոչ հստակ, մանավանդ նախորդ օրը` Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ աննախադեպ պատժամիջոցների ֆոնին:
բ) Ժամանակ շահելուն զուգընթաց Նիկոլը, այո՛, պատրասվում է «Դեյթոնի», որովհետև տեսնում է` օղակն Իրանի շուրջ ահավոր սեղմվում է, Ռուսաստան-ԱՄՆ երկխոսությունը չի կայանում (որքան էլ Թրամփը համարվում է «լոյալ», ասացինք` Ռուսաստանի վերջին պատժամիջոցների մասին) ու այս ամենն ինչ-որ պահի կարող է հանգեցնել անկանխատեսելի` Աբխազիա-Օսիա տիպի բլիցկրիգի (չնայած շատ փորձագետներ պնդում են`բլիցկրիգ չի լինի, կլինի անկանխատեսելի հետևանքներով պատերազմ), ասել է` Ադրբեջանը, ի տարբերություն ապրիլյանի, կփորձի շատ ավելի կազմակերպված, լայնամասշտաբ «ռմբակոծել» Ղարաբաղը և… ո՛չ միայն:
Արդյունքում երկու երկրների ղեկավարներին կստիպեն նստել նույն սեղանի շուրջը և «պայմանավորվել»:
գ) Ահա այստեղ պետք է փնտրել Փաշինյանի իրական «մատրիցան». ինչու՞ է նա այսպես ու այսքան հետևողականորեն ասպարեզից հեռացնում բոլոր այն ուժերին, իստիտուտները, անհատներին, որոնք «Դեյթոնից» հետո կամ ընթացքում կփորձեն սպառնալ իր իշխանությանը, կպարտադրեն իրենց օրակարգը, կհեռացնեն նրան «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ համատեղ՝ բանակցային սեղանից… Համանման բան կարծես մեկ անգամ արդեն եղել է իր «հոգևոր հոր»` Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Նկատեք, ԼՏՊ-ի երբեմնի հնչեցրած` «մեր թշնամին ոչ թե Ադրբեջանն է, այլ միջազգային հանրությունը» «մարգարեությունը» նյու ընթերցման է ենթարկվում այս օրերին թե միջազգայինի, թե նրանց՝ իշխանության բերած Փաշինյանի կողմից։ Լուրջ սրբագրմամբ։ Հարցը փորձում են լուծել ոչ թե բանակցությամբ (հասկացել են` անհնար է), այլ «մինի-Դեյթոնով» և՞… Ասպարեզից հեռացնում են «հայտնի ուժերին»՝ քիչ թե շատ ունակ դիմադրության, որպեսզի հրաժարական չպարտադրեն Նիկոլին, նա «խիղճը հանգիստ» անի գործը, որը կիսատ թողեց իր «հոգևոր հայրը»:
Կհաջողվի՞: Հը՛ը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ