A ԽՈՒՄԲ
Իրենց համար ոչինչ չասող հանդիպումներ էին «Գալաթասարայի» հետ «Պարի Սեն Ժերմենի», «Բրյուգեի» հետ Մադրիդի «Ռեալի» դիմակայությունները, քանի որ բաղձալի ուղեգրերն ունենալու հարցերը վաղուց լուծել էին: Եվ այդուհանդերձ, «կլասի» խնդիր կա, որը իրեն հարգող ակումբը չի կարող հաշվի չառնել: Ահա հենց այդ հաշվի առնելը թուրքական թիմին արժեցավ բաց թողած հինգ անպատասխան գոլ: Համեմատաբար ավելի թեթև վախերով պրծավ 1։3 հաշվով զիջած «Բրյուգեն», որը, «Գալաթասարայի» համեմատությամբ ավելի ուժեղ լինելով, պայքարը շարունակելու է Եվրոպայի լիգայում:
Սակայն, մինչ հաջորդ խմբերին անդրադառնալը, այս խմբի առնչությամբ մի փոքրիկ դիտարկում էլ անենք, մանավանդ որ հենց այս խումբը նկատի ունենք թիմերի «կլասի»՝ հարգի ու կարգի մասին խոսելիս: «Բրյուգեի» հետ հանդիպումից հետո հրավիրված մամլո ասուլիսում Զիդանն անդրադարձել է չափազանց նուրբ թեմայի ու ակնհայտորեն… Սակայն նախ եկեք լսենք նրա ասածը, որ փոխանցել է Goal-ը. «Արդյո՞ք պետք է խուսափենք «Լիվերպուլից»: Եթե խաղանք նրանց հետ, կոչնչացնենք նրանց»:
Սա այն դեպքերից է, որոնց վերաբերմամբ ասվում է. «Նախ թռիր առուն, հետո նոր ասա` հոպ»: Բայց եկեք ուրիշների հարաբերություններ պարզելը թողնենք ուրիշներին ու բավարարվենք եղածի սոսկական վկայակոչումով:
B ԽՈՒՄԲ
Այնպես չէ, որ սեփական հարկի տակ «Բավարիայից» խայտառակ հաշվով կրած պարտության համար կարողացավ վրեժխնդիր լինել «Տոտենհեմը», սակայն, բոլոր դեպքերում, 1։3 հաշվով պարտությունը 2։7 հաշվով պարտություն չէ: Ահա այսպիսի ավարտ է ունեցել խմբայինում տեղերի առումով ոչ մի նշանակություն չունեցող «Բավարիա»-«Տոտենհեմ» դիմակայությունը, որում ներկայացված թիմերը վաղուց էին լուծել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆում հանդես գալու խնդիրը: Նկատենք, որ մյունխենցիները խմբայինում հաղթանակով են ավարտել բոլոր հանդիպումները, ցույց տվել խփած-բաց թողած գնդակների փայլուն հարաբերակցություն՝ 24:5, ինչը ռեկորդային արդյունք է այս խաղարկության խմբային հանդիպումների պատմությունում:
Խաղի առնչությամբ ավելորդ չհամարենք Ժոզե Մոուրինիոյի դիտարկումը, որը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը. «Լավ ու կարևոր խաղ էր ինձ համար, բայց ես չեմ ցանկանում բարձրաձայնել այն հետևությունները, որ անում եմ: Ինձ համար շատ արժեքավոր ինֆորմացիա եմ հավաքել: Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, և սա լավագույն ստուգումն էր մեզ համար: Կնախընտրեի հաղթել կամ ոչ-ոքի խաղալ: Կամ էլ Սոնը վերջնամասում գոլ խփեր, ու մենք պարտվեինք 2:3, ոչ թե 1:3: Չէի ցանկանում, որ բացասական արդյունքը մեզ վրա ստվեր նետեր: Կարծում եմ՝ այսօր կարելի է լավը խոսել մեր մի շարք տղաների մասին»:
Սակայն այստեղ շատ ավելի առանցքայինն «Օլիմպիակոս»-«Ցրվենա զվեզդա» մրցակցությունն էր, որտեղ որոշվելու էր, թե նրանցից որ մեկն է հանդես գալու Եվրոպայի լիգայում: Հունական ակումբը կարողացավ օգտագործել սեփական դաշտի առավելությունը, ու ոչինչ որ դա եղավ նվազագույն հաշվով: Շատ ավելի կարևորը երեք միավորն էր, որ թույլ տվեց շրջանցել «Ցրվենա զվեզդային»:
C ԽՈՒՄԲ
Զագրեբի «Դինամո»-«Մանչեստր Սիթի» մրցակցության ելքն ի սկզբանե կանխորոշված էր՝ նկատի ունենալով մրցակցող կողմերի քաշային անհամապատասխանությունը: Փաստորեն, իրավիճակի մեջ փոփոխություն կարող էր մտցնել միայն «քաղաքայինների» ով իմանա ինչ հովերով տարվելը: Ի դժբախտություն տանտերերի` հյուրերը չունեցան այդ անպատեհությունն ու հաղթեցին 4:1 հաշվով։ Հեթ տրիկ է հեղինակել Գաբրիել Ժեզուսը, որը խաղադաշտում հաջողությամբ գալիս է լրացնելու Ագուերոյի բացակայությունը:
Ինչպես B խմբի պարագայում, այստեղ էլ առանցքայինը «Շախտյոր»-«Ատալանտա» հանդիպումն էր, որտեղ ուկրաինացի ֆուտբոլիստների համար կանաչ լույսի էֆեկտ կարող էր ունենալ անգամ ոչ-ոքին: Ի դժբախտություն սեփական երկրպագուների, «Շախտյորն» ի զորու չեղավ խնդիրը լուծելու (պարտվել է 0։2 հաշվով) ու ստիպված է մրցելույթները շարունակելու կարգով մեկ աստիճան ցածր խաղարկությունում: Ինչ վերաբերում է իտալական ակումբին, հայկական հանրահայտ կինոյի հերոսի ասածի պես` ինքն իրեն պարգևատրեց:
Ընթերցողին ակներևորեն հետաքրքիր կլինի իմանալ, թե «Ատալանտայի» այս հաղթանակը եղածից զատ նաև ուրիշ ինչ է նշանակել. իտալական ակումբը լիգայի պատմության մեջ դարձել է առաջին թիմը, որը փլեյ-օֆի ուղեգիր է նվաճել մեկնարկային երեք խաղը տանուլ տալուց հետո:
D ԽՈՒՄԲ
Այս խմբի երկու դիմակայությունն էլ ավարտվել է 2:0 հաշվով: Խմբային իրենց հարցերը վաղօրոք լուծած Մադրիդի Աթլետիկոն» շանս չի տվել «Լոկոմոտիվին», «Յուվենտուսը» գերազանցել է «Բայերին»: Սակայն այս հանդիպումներում գրանցված խաղահաշիվը կարող է մոլորության մեջ գցել ֆուտբոլասերին՝ թյուր պատկերացում ստեղծելով, թե երկուսում էլ մոտավորապես նույն կարգի լարվածությամբ մրցակցություն է եղել: Ոչ և հազար անգամ ոչ: Ռուսական ակումբը մադրիդցիների հետ դիմակայությունում թողել է չափից ավելի թույլ թիմի տպավորություն ու խորապես երջանիկ պիտի լինի, որ արձանագրվել է նման փոքր հաշվով պարտություն (ավելորդ չհամարենք նկատել, որ թիմի դարպասին նշանակված երկու 11-մետրանոց էլ չեղարկվել է), մինչդեռ գերմանական ակումբն առանձին պահերի առումով երբեմն անգամ փակուղու առաջ է կանգնեցրել թուրինցիներին: Զուտ ընթերցողին առանձնակի չլարելու նկատառումով հավելենք, որ «Յուվենտուսն» ու «Աթլետիկոն» մրցելույթները շարունակելու են Չեմպիոնների լիգայում, «Բայերը» գործուղվում է Եվրոպայի լիգա, իսկ Մոսկվայի «Լոկոմոտիվը» կարող է անցնել ամանորյա տոների անցկացմանը պատրաստվելուն:
E ԽՈՒՄԲ
«Զալցբուրգ»-«Լիվերպուլ» դիմակայությունում հաղթելու դեպքում Չեմպիոնների լիգայի ուղեգրերի հարցում դեռևս կարող էր գործոն լինել ավստրիական ակումբը՝ պայմանով, եթե «Գենկին» հյուրընկալած, ներքին առաջնությունում վայրիվերումներով հանդես եկող «Նապոլին» սեփական հարկի տակ զիջեր խմբային բացահայտ հետնապահին: Կարճ կապենք՝ պայմանականությունները չգործեցին, «մերսիսայդցիները» տանտերերի նկատմամբ առավելության հասան երկու րոպեի ընթացքում երկու գոլ հեղինակելով ու սեփական դարպասն անխոցելի պահելով, իտալացիները հյուրերին տուն ճամփեցին չորս գնդակ բեռնած՝ սեփական դարպասն անառիկ պահելով: Վերջնահաշվում խմբում անակնկալ չգրանցվեց, առաջին երկու հորիզոնականներով փլեյօֆյան փուլ դուրս եկան «Լիվերպուլն» ու «Նապոլին»: Եվրոպայի լիգայում հանդես կգա «Զալցբուրգը»:
Այստեղ հարկ համարենք նշել, որ «Գենկի» հետ հանդիպումներից ժամեր անց իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին թիմի մամլո ծառայության շուրթերով բարձրաձայնել է պաշտոնից ազատվելու մասին: Ակնհայտ է, որ հեռացումը նա ձգձգում էր գոնե այս խաղարկությունում թիմը քիչ թե շատ լուսավոր հանգրվան հանելու մտահոգությամբ: Թեմայից դուրս նկատենք, որ Անչելոտիի պաշտոնի հիմնական թեկնածու է դիտարկվում «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ, ոչ պակաս կոլորիտային ֆուտբոլիստի համարում ունեցած Ջենարե Գատուզոն:
F ԽՈՒՄԲ
Մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Բարսելոնի» դեմ տնային պարտությունը (1:2)՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ Կոնտեն ասել է. «Այս հանդիպումում հաղթելու շանսեր ունեինք, ստեղծեցինք մի քանի հնարավորություն, բայց բավարար սառնասրտություն չունեցանք դրանք օգտագործելու համար: Ես բողոքելու տեղ չունեմ, քանի որ իմ խաղացողները տվել են իրենց ամբողջ ուժը»: Հավելենք, որ կատալոնյան ակումբը հանդիպմանը փաստացի մասնակցել է փորձնական կազմով, իսկ հաղթական գոլը խփած Անսումանե Ֆատին դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ գոլ հեղինակած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (17 տարեկան, 40 օրական): Միլանցիները երրորդն են, կխաղան Եվրոպայի լիգայի փլեյ-օֆում:
Թերևս կարելի էր թեման փակել՝ տեղ չտալով «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի այն ասածին, թե «մենք պարտավորված ենք զգում հաղթելու այս մրցաշարում, եթե մոռացության տված լինեինք, թե կատալոնյան ակումբը վերջին անգամ երբ է հաղթել այս խաղարկությունում, ու ինչ անհամբերությամբ են թիմի երկրպագուները սպասում այդ բաղձալի իրադարձության կրկնմանը»:
Երկրորդ ուղեգիրը բաժին է հասել չեխական «Սլավիային» հյուրընկալած Դորտմունդի «Բորուսիային»՝ 2:1: Թե այս մրցակցությունում ինչ գնով է գերմանացիներին տրվել հաղթանակը, ընթերցողին «լսեցնենք» թիմի գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրի ասածով. «Խենթ հանդիպում էր, բայց մենք պիտի հաղթեինք ու հաղթեցինք: Շատ բարդ հանդիպում էր: «Սլավիան» շատ լավ խաղաց: Ի վերջո մենք հաղթեցինք»:
G ԽՈՒՄԲ
Ֆրանսիական «Լիոնին» հյուր գնացած գերմանական «Լայպցիգն» առաջինիս խմբայինն առաջին հորիզոնականով ավարտելու փոքրիկ իսկ հնարավորություն էլ չտվեց՝ հարկ եղածից ավելի մեծ զիջման գնալով ու խաղավարտին մոտ հաշիվն ընդամենը հավասարեցնել թույլ տալով: Այստեղ, փաստորեն, սկզբունքային նշանակություն ունեցող հանդիպումը «Բենֆիկա»-«Զենիթ» դիմակայությունն էր, որտեղ, Եվրոպայի լիգայի ուղեգիր ձեռք գցելու համար, ռուսական թիմին միանգամայն կբավարարեր և ոչ-ոքին: Սակայն անգամ սա սանկտպետերբուրգցիների համար դարձավ անհաս գագաթ: Պորտուգալացիները, զուտ առողջապահական նկատառումներով, հյուրերին երեք գոլի «ներարկում» արեցին ու տուն ճամփեցին ամենակարճ երթուղով:
H ԽՈՒՄԲ
Խմբային այս խաղարկումների թերևս ամենախոշոր անակնկալը եղավ հոլանդական «Այաքսն» իր ցույց տված խաղով ու Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալով, և սա այն դեպքում, երբ այն անցած տարի գլխավոր եզրափակչում է հանդես եկել ու տպավորել իր փայլուն խաղով: Ասենք, որ այս խմբում երկու ուղեգրին հավասարապես հավակնում էր երեք թիմ: Ինչևէ, հոլանդացիներին «գծերից» հանողը իսպանական «Վալենսիան» էր՝ 1:0:
Բոլոր կարգի անակնկալներից զերծ մնալու համար հաղթանակ էր անհրաժեշտ և «Չելսիին»: Ֆրանսիական «Լիլի» հետ տնային խաղում «ազնվականներն» առաջադրված խնդիրը պատվով լուծեցին՝ 2:1:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հ.Գ. 1. Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է անցած տարվա հաջողությունն ու 10 գոլով դարձել խմբային փուլի լավագույն ռմբարկու, ինչը երկուսով շատ է նախորդ տարվա արդյունքից: Նկատենք, որ լեհը չի մասնակցել այս խաղարկության վերջին տուրի հանդիպմանը:
Հ.Գ. 2. Չեմպիոնների լիգայի պատմության մեջ փլեյօֆյան փուլում առաջին անգամ հանդես կգան թիմեր, որոնք ներկայացնում են բացառապես եվրոպական ֆուտբոլային գերտերությունները:
Հ.Գ. 3. Համփոփում նյութի, ասենք, որ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 16-ին: Այնպես որ, հաշված օրեր են մնացել իմանալու, թե առաջիկայում ինչ արյան գետեր են հոսելու, ու արդեն իսկ կունենանք վաղօրոք եզրափակիչ: