Օրերս Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որ նախատեսում է արգելել Սևանից հավելյալ ջրառը:
«Ամռանը Սևանի կանաչման ականատեսը լինելով՝ պատգամավորներն իսկապես մտահոգվել են՝ այնպես չլինի, որ ազգային հարստությունն իսկապես աղետի առջև կանգնի: Դրա համար որոշել են կանխել դրա հնարավոր ճահճացումն ու առաջարկել՝ բացի տարեկան թույլատրելի ջրառից, ջրի հավելյալ բացթողումն արգելել: Խնդիրը, սակայն, այդքան հեշտ լուծելի չէ, քանի որ ամռան ամիսներին մեծանում է հատկապես Արարատյան դաշտավայրի բնակիչների դժգոհությունը՝ կապված ոռոգման ջրի սակավության հետ: Դաշտավայրի արտեզյան ջրերը ստվերային ուղիներով հոսում են անհայտ կամ հայտնի ուղղությամբ, կառավարությունն էլ, վիճակը չթեժացնելու համար, դիմում է Սևանի օգնությանը: Այս ամենը քաջ գիտակցելով է, որ նախագիծը կառավարությունում դրական եզրակացություն չի ստացել»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:
Թեև խորհրդարանի վերոնշյալ հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել նախագծին, ու այն ներառվելու է ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում, այնուամենայնիվ, մեր զրուցակիցն ասում է, թե առանձնապես հույսեր չի կապում օրինագծի հետագա ճակատագրի հետ. «Վախենամ, թե կառավարության որոշ պաշտոնյաներ օրենսդիրի մեծամասնության ներկայացուցիչների ականջին ինչ-որ բաներ փսփսան, ու օրինագիծն ուղղակի թղթի վրա մնա: Գործադիրում լավ են գիտակցում՝ ամռան ամիսներին ոռոգման ջրի անբավարարությունից բողոքող գյուղացիներին լռեցնելը հեշտ չի լինելու»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ