-Դուք փորձում եք Ձեր գրքերը բերել կինոյի դաշտ: Կա՞ն շոշափելի հեռանկարներ այս առումով:
-«Փորձո՞ւմ եմ», չեմ փորձում, եթե, իհարկե, «փորձել» ասելով նկատի ունեք ճիգ գործադրել, ծանոթ-բարեկամ խառնել իրար, ինչպես որ հաճախ է արվում մեր իրականության մեջ, որպեսզի այս կամ այն գործը կինոսցենար դառնա, էկրան բարձրանա, և այդպիսով, անտեր մնա խեղճուկրակ փառասիրությունը, անունս հնչեցնի կինոսիրողների այս մե՜ծ աշխարհում։ «Փեակների տարաբախտությունը» կինոդրվագների ոճով գրված վեպ է, և բնական է, մեղմ ասած, իմ կրքոտ ցանկությունը՝ տեսնել, թե ինչպես են վեպի դրվագները դրվագվում կինոյում։ Այս վեպին ծանոթ է իմ սիրելի կինոռեժիսորներից մեկը՝ Հարություն Խաչատրյանը, որը, անհամեստաբար ասեմ, առիթը բաց չի թողնում՝ ինձ իր գործընկերներին ներկայացնելիս «տաղանդավոր» բառը շեշտադրելով՝ անունիս կցելու համար։ Շոյվում եմ, ոնց եմ շոյվում, ու շնորհակալ եմ, անշուշտ, մեծ պատիվ է, բայց որքան էլ ջերմ լինեն ունկնդրողների հայացքներն ու ժպիտները, որքան էլ հարցեր հնչեն՝ իբր հետաքրքրվեցին վեպովս, ամեն բան ավարտվում է ուրախ ձեռքսեղմումով և ոչ մի խոստում չտվող հրաժեշտով։
-Իսկ ի՞նչ եք անում Դուք այդ «ոչ մի խոստում չտվող հրաժեշտներից» հետո: Գուցե հիասթափվու՞մ եք, գուցե մտածում, որ անչափ հմայիչ «Փեակների տարաբախտությունը»՝ իր խիստ պատկերային կինոդրվագներով այդպես էլ չի՞ գտնելու իր ռեժիսորին:
-Դե, ինձ ինչ է մնում անելու, եթե ոչ՝ շարունակել այն, ինչին կոչված եմ, իսկ կինո նկարողները, լավ, գոնե մեկնումեկը, անպայման տաղանդավոր մեկը, եթե մի օր, մի պարապ ժամի ձեռքն առնի «Փեակները», կարդա ու չբեզարի, չբեզարի ու էլի կարդա, ոտքը խփի գետնին, ձեռքը՝ սեղանին, տեղից վեր կենա և որոշի կինո նկարել՝ մարդու, երջանկության և ողբերգության «հյուսկեն» պատկերը բացբացելով, ես, Մանե անունով փոքր աղջկա նման, զարմանքս ու հրճվանքս խառնած իրար՝ ծափ կտամ ու կպարեմ փողոցի բանուկ մասում, որն էլ կդառնա իմ գրի, Ձեր ասած, «շոշափելի հեռանկարը կինոդաշտում»։ ՈՒրիշ ի՞նչ անեմ, ձեռքիցս ի՞նչ է գալիս, որ ինչ անեմ։
-Տիկի՛ն Դիանա, մանկությունն ու պատանեկությունն անցկացնելով Քաջարանում՝ սեփական մաշկի վրա եք զգացել հանքարդյունաբերության աղետալի ազդեցությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այսօր ողջ հանրապետությունը փոթորկած Ամուլսարի հանքի շահագործման թնջուկին:
-Հա, Քաջարանն աշխարհի սիրունագույն քաղաքներից մեկն է ինձ համար, ինքնին սիրուն է, քանի որ այստեղ երկինքը աշխարհի տարբեր կողմերում տեսած իմ երկինքներից ամենաբարձրն է ու ամենակապույտը, այս պստիկ քաղաքը կարծես բարուրի մեջ իրենց գիրկն են առել բոլորապտույտ լեռները, իսկ քաղաքի սրտի միջով հոսում է Ողջի գետը, բայց այս քաղաքն ավելի շատ սիրուն է այն պատճառով, որ ծնվելով մայրիկիս ծննդավայրում՝ Թիֆլիս քաղաքում, ես մեծացել ու դարձել եմ «ես» հայրիկիս քաղաքում՝ Ողջի գետի ափին գտնվող Քաջարանում, որը «Ողջուտ» մտացածին անվանումով է մտել իմ «Աստղակաթ» (1999) վիպակի մեջ. «Ողջերից մինչև Ողջուտ բնակատեղի թիզուկես հող էր. արծիվը, թե արծվությունը բռներ ու աչքն ուտեր էս թիզին իջնել, կթագադրվեր...» («Ողջերն» էլ Ողջի գետի իմ ստեղծած ոճական համաբանությունն է, որի նպատակն է շեշտել Քաջարան քաղաքի մշտնջենական գոյությունը՝ ողջությունը, իր ողջ-առողջ ապրող մարդկանցով՝ «ողջերով»)։ Ողջուտն ու Ողջերը շարունակվում են նաև իմ «Այրված կամուրջների վրայով» (2004) վիպակում. «Ողջերը լեզու ունի. եթե նստես կողքին ու ականջդ դեմ տաս, մինչև լուսանա, մինչև մութն ընկնի, մինչև Կապուտջուղ սարը ձյուն հագնի, ու մինչև Ողջուտում սիբեխը հասնի, նա երկար-բարակ առասպելներ կպատմի ու չի հոգնի»։ Քաջարան քաղաքն իր «լավ ու վատով» ներկա է նաև իմ «Ես ու որդիս» (2009) պատմվածքում. «Գարնանը՝ Ողջի գետը վարարելուն պես, մոլիբդենով լերդացած ջուրը, կոկորդիլոսի կաշվի նման փայլկտելով, հորդում էր ու ծանծաղում «Խվոստի» բացատում, սակայն Ողջին իմ երևակայությունը բորբոքում էր ո՛չ թե աղտոտված ջրի ոսկեդեղին պղպջակներով, այլ Թեմզա ու Սենա գետերի նմանությամբ՝ քաղաքը բաժանելով բլրի լանջին այս ու այնտեղ կուչ եկած հավաբների, հատուկենտ ոչխարի փարախների, կարտոֆիլի «բոստանների» հովվերգական իդիլիայի և գունավոր մետալուրգիայի առաջատար եռուզեռի, երկնքի խոր կապույտի մեջ վնգվնգացող, քաղաքը մկրատող լարերից կախ վագոնիկների մոգական տեղաշարժերի ու ամենօրյա հանքապայթեցումից ցնցվող «ստենկաների» մեջ բազմած բյուրեղապակյա սպասքի շխկշխկոց-զրնգոցի միջև»։
-«Խվոստը», հավանաբար պոչամբա՞րն է:
-Այո՛: Ինչպես երևում է «Խվոստ» բառի մեծատառով կիրառությունից, ժամանակակից «պոչամբար» բառն իմ պատմվածքում գործածվել է այն օրերին հատուկ ռուսականացման կոլորիտ ստեղծելու և տարածքը որպես տեղանուն ներկայացնելու նպատակով, քանի որ, դժբախտաբար, արդեն իմ պատանեկության տարիներին՝ 1970-ականներին, հանքարդյունաբերության պատճառած վնասների պատճառով քաղաքի փեշերի տակ ստեղծվել էր «մոլիբդենով լերդացած» ու «աղտոտված ջրի ոսկեդեղին պղպջակներով» լի մի հսկայածավալ «տեսարժան վայր»։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա պիտի խոստովանեմ, որ զարմանալի զուգադիպությամբ, իսկ գուցե և ի վկայություն «գրի կանխատեսական շնորհի», դեռ անցյալ տարի սկսած «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպում, ճիշտ է, գեղարվեստորեն, բայց և հնարավորինս իրատեսորեն անդրադարձել եմ շրջակա միջավայրի աղտոտման «ապոկալիպտիկ» հետևանքներին՝ պատմությունս պտույտ-պտույտ ոլորելով Ամուլսարի շուրջը ծավալվող իմ տագնապներին. «Երազ տեսավ։ Կինը, հարսնացուի ճերմակ զգեստով, քողազարդ, հրեշտակի թևերը թափահարելով ու վիթի գեղանի քայլքով միայնակ սլանում է իրենց տան ծառուղով, որը գնում-գնում ու հասնում է կանաչ մարգագետնին, շուրջը՝ բոլորապտույտով վեր խոյացող բարդիների կատարին, բնավորվել են երկարոտն ու երկարակտուց արագիլները, իսկ տնից չերևացող արահետի վերջում ինքն է կանգնած՝ նորափեսայի նոփ-նոր կոստյումով, սև թիթեռնիկի վրա ամրացված մի մեծ գունդ ոսկով, որ Ամուլսարից են փորել ու հանել։ Գունդը հիմա փայլփլում է՝ խառնված արևալույսի ցոլքին, շլացնելով արքայական պալատ հիշեցնող դղյակի բակում հավաքված ուրախ ամբոխին և ցնծության «բրավոներ» կորզելով հարսանքավորներից, որոնք, կարծես մոռացել են, թե ինչու են հավաքվել կանաչ մարգագետնում, որի ճիշտ կենտրոնում մի ոսկեկուռ պատվանդան է կանգնած։ Հեզիկ-նազիկ անգիտության մեջ հայտնվում է կինը ու առանց իր կողմը նայելու՝ բարձրանում պատվանդանին և ոսկեզօծ աստիճաններն ի վեր թեթևասահ ելնելով՝ անհետանում երկնքի հեռուներում։ Ամառվա ծաղկաբույր ու դեղնակարմիր օրը միանգամից մթնում է, երբ Ամուլսարի անհաս գագաթից սև-սև ամպերը կուտակ-կուտակ իջնում են հովիտն ի վար ու ծածկում կանաչ մարգագետինը»։
-Փաստորեն Դուք գեղարվեստական գրի տիրույթում կանխատեսել եք բնապահպանական աղետը. Ամուլսարի անհաս գագաթից իջնող սև ամպերը սպառնում են կանաչ մարգագետնի գոյությանը: Կարծում եք՝ ա՞յս հեռանկարն է սպառնում մեր երկրին, կարծում եք՝ միջազգային սկանդալից խուսափելու համար, այնուամենայնիվ, թույլ կտա՞ն մեր իշխանությունները, որ շահագործվի Ամուլսարի ոսկու հանքը:
-Որքան էլ վատատեսական հնչի վեպից մեջբերված այս հատվածը, որն անուղղակիորեն նաև իմ տեսակետն է արտացոլում, բայց և այնպես, Քննողը, որը կորուսյալ աշխարհը փրկելու հանճարեղությունն ունի, ականջ է դնում այնկողմնային աշխարհից իրեն ձայն տվող կնոջ խոսքին. «Ամուլսարը քարուքանդ չանեք, թե չէ հոգիս կմեռնի։ Ամուլսարը ոսկու երակ է, ու որ երակը բացեք, սարը արյունաքամ կլինի։ Որ սարը մեռնի, սարվորը չի ապրի։ Ամուլսարը պինդ պահեք»։ Հենց այս խոսքն էլ ուղիղ և անուղղակի ներկայացնում է «Ամուլսարի հանքի շահագործման թնջուկի» լուծման իմ բանալին:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ