Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղն անհավասար պայքարի մեջ է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի հետ: Դեռ ամիսներ առաջ բանկն իր տարածքում տեղակայված պատկերասրահի ղեկավարությունից պահանջել էր լքել տարածքը, բայց Ալավերդի համայնքի մտավոր հատվածի համառ ջանքերից ու հրապարակումներից հետո կարծես զիջել էր: Օրեր առաջ, սակայն, Ազգային պատկերասրահի տնօրենությունն Ալավերդու մասնաճյուղին հրահանգել է հետ վերադարձնել տրամադրված բոլոր նկարները, ինչը ենթադրում է, որ պատկերասրահի այս մասնաճյուղը վերջնականապես է փակվելու:
Թե ինչպես է բանկը ձեռք բերել պատկերասրահի մասնաճյուղի տարածքը, միանշանակ չէ: Տեսակետ կա, թե այն բանկին է անցել ապօրինի մի շարք գործարքներից հետո: Ցավալի է, սակայն, որ մարզերի առանց այն էլ խիստ նվազ մշակութային օջախները նման տհաճ պատմությունների մեջ են հայտնվում ու փակվում՝ անտեր լինելու պատճառով: Հարցը, կարծում ենք, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի օրակարգում պետք է լինի, քանզի անթույլատրելի է Ալավերդին ու տարածաշրջանի համայնքները զրկել մշակութային այս կարևորագույն կենտրոնից:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ