Այս հոդվածը, որ առաջին և միակ անգամ տպագրվել է 1948-ին Սփյուռքում, ուղղակիորեն առնչվում է Հովհ. Թումանյանին: Բայց խնդիրը միայն Ամենայն հայոց բանաստեղծը չէ, խոսքը Թիֆլիսի հայաթափման մասին է: Այդ ամոթալի գործընթացը սկսվեց 1919-ին և հիմնականում ավարտի հասցվեց 1938-ին, երբ կոմկուսի Թբիլիսիի քաղկոմի առաջին քարտուղարը տխրահռչակ Բերիան էր: Բերիական այդ շրջանի մասին վկայությունները գրեթե իսպառ բացակայում են, և Հ. Գերունյանի գրվածքն այդ իմաստով խիստ արժեքավոր է:
Որոշ անէական կրճատումներով արտատպելով այս հոդվածը, ես ամենևին չեմ նպատակադրվել որևէ կերպ վնաս հասցնել հայ-վրացական արդի հարաբերություններին: Բայց խորապես համոզված եմ՝ բոլորը պետք է խիզախություն ու խիղճ ունենան առերեսվելու իրենց անցյալի հետ:
1938-ի օգոստոսի վերջին շաբաթն էր: Վերադառնում էի «թափառումներից» և հարկադրված Թիֆլիսում իջևանեցի մի քանի օր:
Իրիկնադեմին պտույտի դուրս եկանք բարեկամիս հետ, որը երկար տարիներ ապրել էր այդ հոյակապ քաղաքում: Ես անծանոթ էի քաղաքին, ուստի բարեկամիս խնդրեցի անհրաժեշտ ծանոթություններ տալ:
Շուտով հասանք մի մեծ հրապարակ, որը շրջապատված էր գեղեցիկ տներով ու շքեղ խանութներով: Երեկոյան զբոսանքի դուրս եկած բազմության հեղեղն անցնում էր հրապարակի ամեն կողմից:
-Սա Երևանյան հրապարակն է,-ասաց բարեկամս և ականջիս շշնջալով՝ ավելացրեց,-հիմա Բերիայի անունն է կրում:
Մտանք Ռուսթավելի (Գոլովինսկի) պողոտա:
-Սա հայազգի Արամյանցի տունն էր, այն մեկը՝ Ղուկասյանինը, այն մյուսը՝ Մելիք-Ղազարյանինը…
Եվ այսպես անվերջ անուններ էր թվում բարեկամս՝ տալով մանրամասն բացատրություններ:
-Այս պողոտայով ժամանակին անցնում էին հայ մեծահարուստների կառքերն ու ընտրանի դասը: Վրացիներն այս տեղերում շատ քիչ էին երևում,-քմծիծաղով ավելացրեց բարեկամս:
Շատ բաներ տեսա ու լսեցի հայկական Թիֆլիսի մասին, և դեռ պատմում էր ու բացատրում ցածր, հազիվ լսելի ձայնով, երբեմն նայելով շուրջը, թե մեզ հետևողներ չկայի՞ն: Բարեբախտաբար, Թիֆլիսը այդ կողմից շատ էր տարբերվում Երևանից ու ռուսական քաղաքներից:
Արևն անցել էր Կոջորի լեռների ետևը, և Սոլոլակը վայելում էր երեկոյան զով զեփյուռի շոյանքը: Մենք ճանապարհից դուրս եկանք ու մտանք մի նորակառույց այգի, որի տեղում երկու տարի առաջ օտարազգի գերեզմանատուն էր եղել: Հիմա արդեն վրացացել էր ու դարձել այգի: Ամեն ինչ նոր էր ու թարմ՝ ծառ, ծաղիկ, շավիղների ընդարձակ ճեմելիքներ, տաղավարներ ու կրպակներ:
Ամենուրեք աշխատող բանվորները կարգավորում էին ծաղկանոցները, ջրում, հարդարում նորաշեն շավիղները:
-Տեսնու՞մ ես այն շենքը,-ցույց տվեց բարեկամս քաղաքի ծայրին մեկուսի բարձրացող մի հսկա շինություն,-դա Ներսիսյան դպրոցն էր, երբեմնի կովկասահայ մտքի վառարաններից մեկը, հիմա վրացական գյուղատնտեսական դպրոց են դարձրել, ոչնչացրել են և՛ անունը, և՛ հայկական ամեն հիշատակ ու հետք:
Նեղլիկ շավիղով մի հաղթանդամ բանվոր գլանաքար էր գլորում խիճ ու ավազը հարդարելու նպատակով: Հսկա գլանաքարը, որ իր վրա փակված կարմիր ավազի գույն էր ստացել, կրում էր ինչ-որ խորաքանդակներ: Հետաքրքրվեցի, և ո՜վ զարմանք… հայերեն գրեր էին այդ քանդակները: Բանվորին խնդրեցի, որ մի պահ դադարեցնի քարի ընթացքը և կարդացի. «Հայ մանուկների բարեկամ Ղազարոս Աղայեան»:
-Սա որտեղի՞ց է այստեղ հայտնվել,-զարմացած հարցրի բանվորին:
-Գնա՛, քո ընկերը կասի,-պատասխանեց եզդի բանվորը հայերեն ու շարունակեց իր գործը:
Ես ապուշ կտրած՝ նայում էի բանվորի հետևից, որ իր ոտքերի հարվածներով գլորում էր «Հայ մանուկների բարեկամ Ղազարոս Աղայեանին»՝ հարդարելու ու գեղեցկացնելու համար Թիֆլիսի նորակառույց այգին:
Բարեկամս անտարբեր ինձ էր նայում՝ ծխամորճը լցնելով:
-Այս ի՞նչ բան է, չեմ հասկանում,-բացականչեցի, դեռ չհասած բարեկամիս,-որտեղի՞ց է այստեղ ընկել այդ շիրմաքարը:
-Դեռ ոչինչ չգիտե՞ս,- հարցրեց բարեկամս:
-Ինչի՞ մասին, այդ շիրմաքարի՞:
-Ինչու՞ միայն այդ… դրա նման հազարների:
-Չեմ հասկանում, պարզ ասա՛, տեսնեմ…
-Խոջիվանքի հայկական գերեզմանոցը գիտե՞ս ուր է գտնվում:
-Լսել եմ, բայց չգիտեմ ուր է:
-Դե, լսի՛ր: Խոջիվանքի հայկական գերեզմանոցը քարուքանդ է արված, բոլոր գերեզմանաքարերը տարել են, օգտագործել շինարարության համար, իսկ գերեզմանոցը հարդարել են և ուզում են այսպիսի մի շքեղ այգի դարձնել:
-Ինչպե՞ս թե… ո՞վ է թույլ տվել այդ բարբարոսությունը:
-Թիֆլիսի քաղաքային խորհրդի որոշումն է:
-Չէ՞ որ դա ազգային մի այնպիսի հիշատակ է, որ ոչ մի քաղաքային խորհուրդ իրավունք չունի նման բարբարոս ավեր գործել:
-Այդ մասին խոսելն ավելորդ է, որովհետև նրանք ծրագրված կերպով ուզում են ոչնչացնել Թիֆլիսի մեջ եղած բոլոր հայկական հիշատակները, ինչ գնով էլ լինի:
-Ցավալի է, շատ ցավալի է,- շշնջացի ես, և շարունակեցինք մեր ընթացքը:-Մեր հայազգի բարեկամները, որոնք Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ են, ոչինչ չե՞ն ասել դրա դեմ:
-Եթե ասեին իսկ, ի՞նչ պիտի շահեին:
-Զարմանալի բաներ ես ասում… ՈՒ՞ր է հայկական Թիֆլիսը: ՈՒ՞ր են մեր դպրոցները, ակումբները, սրահները: ՈՒ՞ր են մեր եկեղեցիները, գրադարանները: Բոլո՞րը, բոլորը վրացակա՞ն են դարձել: Թիֆլիսում հայկական անուն կրող ոչինչ չի՞ մնացել:
-Փողոցների հայկական անուններն իսկ փոխել են, վրացականացրել: ՈՒրիշ ի՞նչ ես ուզում: Եվ մի զարմանա, որ մի քանի տարի հետո պատմությունն էլ պիտի փոխեն, այնպես, որ հայկական ոչ մի հետք չմնա Թիֆլիսում:
-Ինչու՞, հայկական դպրոցներ չկա՞ն Թիֆլիսում:
-Կան, բայց զուտ հայկական չեն: Վրացական ամեն դպրոցին կից հայկական դասարաններ կան միայն, իրենց՝ վրաց հսկողության տակ, և վերջին կարգի վրա ամեն ինչով:
-Ես զարմանում եմ այն պատճառով, որ մենք՝ հայերս, Երևանում եղած թրքական, քրդական և ռուսական փոքրամասնություններին ավելի մեծ առավելություն ենք շնորհել, քան մեր ժողովրդին, իսկ սրանք…
-Մենք միշտ այդպես ենք եղել, դա մեր ժողովրդի հոգու մեծությունն է:
-Եվ այդ մեծությունը հատուցվում է այսպիսի նենգությամբ ու փոքրոգությամբ:
-Այս ժողովուրդը իրենցից բացի ուրիշի չի ուզում տեսնել: Եթե իրավունք ունենա, Թիֆլիսում եղած հայերի հետ կվարվի գուցե թուրքից էլ վատ,- և փոքր լռությունից հետո նա շարունակեց:- Թիֆլիսում, թե գավառներում ոչ մի վրացի կրոնական հալածանքի չենթարկվեց, եթե թշնամական որևէ գործունեություն չէր ունեցել, իսկ հայ կրոնավորները՝ վերջին տիրացուից ու լուսարարից սկսած, աքսորվեցին Սիբիր, որպես «կրոնամոլ» ու «ժողովրդի թշնամի»:
Վաղը, երբ անցնես Կուր գետի եզերքով, կտեսնես նրա երկու ափերի քարակոփ հսկա պարիսպները, որոնք այս երկու տարվա մեջ են կառուցվել: Բոլորը Խոջիվանքի հայկական գերեզմանատան դամբանաքարերով ու հազվագյուտ շիրմաքարերով են շինված:
Բարեկամիս պատմությունները վախճան չունեին:
Ես մտածում էի առավոտյան Խոջիվանք գնալ: Եվ, որովհետև բարեկամս գործի պիտի գնար, որոշեցի մենակ ճանապարհ ընկնել: Մոտավորապես գիտեի, թե որտեղ է գտնվում Խոջիվանքի հայկական հռչակավոր դամբանաքաղաքը:
Առավոտյան մի բաժակ թեյ խմելով՝ վերցրի լուսանկարչական գործիքս և ճանապարհ ընկա:
Ճանապարհս բավականին երկար էր: Ստիպված էլեկտրաքարշով պիտի շարունակեի:
Կեսօրի մոտ էր: Դյուրությամբ տեղ հասա:
Ահա Խոջիվանքի հնամյա դամբանաշխարհը: Գերեզմանոցի դուռը խորտակված էր և տարված անհայտ ուղղությամբ: Պարիսպները տեղ-տեղ փլփլված էին:
Ներս մտա: Մուտքի աջ կողմում, փլփլված պարսպի երկայնքով հսկայական մի քարակույտ էր փռված՝ գույնզգույն, հղկված և անտաշ շիրմաքարերից բաղկացած: Այցելուներ չկային: Հատուկենտ մանուկներ ինչ-որ փնտրտուք էին կատարում: Ոչ պահակ կար, ոչ հսկողություն:
Փառաշուք շիրիմնաքաղաքը նման էր խորշակածեծ արտի: Դատարկ, գորշ մերկության վրա բարձրանում էին մի քանի խումբ կանաչ նոճիներ՝ ո՜վ գիտե որ հայի ընտանեկան շիրիմաստանը զարդարող: Ամեն ինչ հողին էր հավասարեցված: Ոչ մի շիրմաքար և ոչ մի հողակույտ չէր երևում ընդարձակ տարածության վրա:
Հնամյա մի շավղի հետքերով առաջ շարժվեցի:
Հեռվում, մի խումբ ստվար սոսիների ոլորտում երևում էր ճերմակ ու մենավոր մի դամբանաքար: «Այդ ո՞ր հսկայի շիրիմն է, որին չեն համարձակվել ձեռք տալ բարբարոսները»,- մտածեցի՝ քայլերս արագացնելով:
Սև մարմարյա պատվանդանի վրա բարձրանում էր մի ճերմակ շիրմարձան՝ գլխին քնար: Շիրմաքարի ճակատին քանդակված էր.
Քար էր քո սիրտը եւ խիղճդ մեռած,
Որքա՜ն արիւններ, որքա՜ն կոտորած
Տեսար, լռեցիր եւ դարձեալ պայծառ-
Հայ երկրի վրայ կապում ես կամար:
ՅԱԿՈԲ ՄԵԼԻՔ-ՅԱԿՈԲԵԱՆ
Կարդացի ու կրկին կարդացի: Այո՛, որքա՜ն արյուններ և որքա՜ն ավեր… քո շուրջը բոլոր…
Անմահ Րաֆֆու շիրմարձանն էր այդ, մենավոր և ավերիչ հողմերի բերան: Բայց ի՞նչ դիպվածով էր նա ազատվել այդ ընդհանուր վանդալականությունից՝ չգիտեմ: Եվ որքա՞ն երկար այդպես պիտի մնա, այդ էլ չգիտեմ:
Աչքերս լցվեցին արցունքներով: Բաց արի լուսանկարչական գործիքս և բոլոր կողմերից նկարեցի այդ հոյակապ մարդու հոյակապ շիրիմը՝ մտածելով. «Վաղ թե ուշ այս էլ կփոշիացնեն արյունոտ ձեռքերը: Գոնե որպես հիշատակ կմնան այս լուսանկարները»:
Րաֆֆու շիրմից քիչ հեռու մի թարմ հողակույտ կար՝ շուրջը փռված ծաղկեպսակների մնացորդներ: «Ո՞վ պիտի լինի այս «հսկան», որ համարձակվել է Րաֆֆու հետ հավերժական դառնալ»,-մտածեցի ու սկսեցի պրպտել, բայց նրա ով լինելու մասին ոչ մի հետք չգտա:
Այդ միջոցին ինձ է մոտենում մի տարիքոտ կին, սև զգեստների մեջ պարուրված: Կարծեցի, թե այս թարմ հողաթմբի սգակիր ազգականն է կամ հարազատը: Կինը մոտեցավ ու բարևեց վրացերեն: Ես արձագանքեցի: Ինչ-որ բացատրություններ տվեց, թե հարցեր՝ չհասկացա, որովհետև վրացերեն չգիտեի: Նա կրկնեց իր ասածները և հարցական նայեց ինձ:
-Ներեցեք ինձ, տիկին, ցավոք սրտի, վրացերեն չգիտեմ, ես հայ եմ,-հայտնեցի ռուսերեն:
-Շատ ուրախ եմ, որ հայ եք,-բացականչեց տիկինն այս անգամ հայերեն և քաջալերված՝ ավելի մոտ եկավ:
-Դե, հիմա ասացեք, թե ինչ էիք ուզում,-դիմեցի նրան:
-Ես Թումանյանի այրին եմ,- թոթովեց տիկինը՝ թաշկինակը մոտեցնելով աչքերին:-Ողորմած հոգու գերեզմանը տակնուվրա են արել, շիրիմի քարն էլ էն է, դռան մոտ ընկած:
-Թումանյանի այրի՞ն,- զարմացած հարցրի ու նայեցի նրան,- տիկին, ցավով եմ լսում այդ: Բայց ի՞նչ կարող ենք անել: Ժամանակին ինչու՞ չբողոքեցիք:
-Բողոքեցի, բայց ո՞վ է լսողը: Մենակ Թումանյանի խնդիրը չէր, որ մի բան կարելի լիներ անել: Տեսնու՞մ եք, ոչ մի շիրիմ չկա իր տեղում: Հողին հավասարեցրին,-ու սկսեց արտասվել:
Ի՞նչ կարող էի ասել, ի՞նչ բառերով մխիթարել:
-Իսկ այս հողաթումբը ու՞մն է,-հարցրի:
-Հակոբ Հակոբյանինն է: Կտակել է, որ այստեղ շիրիմ ունենա: Թույլ չէին տալիս, հազիվ իրավունք ստացան այստեղ ամփոփելու, բայց շիրմաքար չպիտի ունենա, արգելել են:-Ապա շարունակեց,-Օհաննեսի հիշատակը չկորսվելու համար ինչպե՞ս անեմ, որ մահիցս առաջ կարողանամ գոնե նրա նշխարներից մի բան փոխադրել Երևան կամ հայրենի գյուղը:
-Դիմեցեք Հայաստանի կառավարությանը, գուցե մի բան անեն:
-Դիմել եմ, ասում են մեր գործը չի:
-Թումանյանի հոբելյանական հանձնաժողով կա, նրա՛նց գրեցեք:
-Կարծում եք չե՞մ գրել: Ասում են. «Եթե ձեռագրեր կամ վավերաթղթեր կան, ուղարկեցեք, նշխարների փոխադրման պետք չկա առայժմ»:
Խոսելով քայլում էինք դեպի ելք: Ես նրան խոստացա այդ մասին մի հոդված գրել «Խորհրդային Հայաստան» օրաթերթին: (Խոստումս կատարեցի, բայց հարմար չհամարեցին տպագրել: Պատճառները պարզ են):
Հանկարծ տիկին Թումանյանը շավղից դուրս եկավ և հարթ տարածության վրա ցույց տալով մի աննշմար թումբ, մրմնջաց.
-Այս էր Օհաննեսի գերեզմանը: Ամեն օր գալիս-նայում եմ, որ հետքը չկորցնեմ…
Մի քանի քայլ այն կողմ ցույց տվեց Ղ. Աղայանի գերեզմանի տեղը, ապա Պռոշյանինը և մի քանի ուրիշներինը:
Մենք արդեն ելքի դռան մոտ էինք: Տիկին Թումանյանը քարակույտերի մեջ ցույց տվեց Թումանյանի՝ իրար վրա նետված շիրմաքարի կտորները:
-Մի օր էլ պիտի գամ և այստեղ չտեսնեմ,-ասաց խորը հառաչելով:
-Ո՞վ պիտի տանի, որ վախենում եք: ՈՒ՞մ է պետք,-միամտորեն հարցրի:
-Կարծում եք այսքա՞ն էին,-նա ցույց տվեց շիրմաքարերի խառնիճաղանճը:-Կուր գետի ափերի պարիսպներն ինչո՞վ կառուցեցին: Քանի՜ անգամ ներկա եմ եղել, երբ կառապանները եկել էին տանելու: Ամեն անգամ դրամ եմ տվել, որ չտանեն Օհաննեսի տապանաքարը: Նրանցից շատերը գիտեն արդեն ու չեն տանում, բայց հանկարծ մի նորը գա ու տանի… Ի՞նչ կարող եմ անել:
-Իհարկե, չեք կարող պահակ կանգնել:
-Հիմա դադրեցրել են տեղափոխելը: Առաջ առավոտիցը մինչև իրիկուն ստիպված էի հսկել,-և կրկին արտասվեց:
Հրաժեշտ տվի ու հեռացա:
Ճանապարհին մտածում էի, թե ինչպես են բոլշևիկները անշիրիմ թողնում հայ ժողովրդի այդ մեծանուն բանաստեղծին, մինչ օրնիբուն Հովհ. Թումանյանից են ճառում ու գրում: Գույնզգույն հանձնաժողովներ ու մասնաժողովներ իրար են հրմշտում, իսկ նրա հողին հավասարվող գերեզմանի մասին չեն մտածում: Չեն մտածում ոչ միայն նրա, այլև տասնյակ ու հարյուրավոր նրա նմանների և ողջ հայ ժողովրդի մասին, երբ թույլ են տալիս, որ հայկական բոլոր հիշատակները իրենց արյունոտ ձեռքերով ոչնչացնեն մեր բարի հարևանները:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ