Հուլիսի 7-ին «Մետրոպոլ» հյուրանոցում «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակեպությունն ու Եվրասիական փորձագիտական ակումբը կազմակերպել էին «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ և արդի մարտահրավերներ» համաժողովը, որի ժամանակ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանը ներկայացրեց «Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումները Հայաստանի հասարակությունում գլոբալ գործընթացների և լոկալ իրադարձությունների համատեքստում» թեման:
Նրա կարծիքով` գլոբալ մրցակցության կոնտեքստում ԱՄՆ-ը ձգտում է Հարավային Կովկասից արտամղել Ռուսաստանին և հասել է անժխտելի հաջողությունների։ Ռուսաստանի վերջին հենակետը Հայաստանն է: Սոցիոլոգիական ձևակերպմամբ հայերի աշխարհի կերպարում Ռուսաստանի փաստացի դերը և դինամիկան գնահատվում է հասարակական գիտակցությունում Ռուսաստանի, այլ երկրների և քաղաքակրթական տարածքների նկատմամբ դիրքորոշումների չափման միջոցով։ Դիրքորոշումները չափվում են տարբեր ասպեկտներով և մեթոդիկաներով։ Հոգեբանական պատերազմի շրջանակներում, պարբերաբար հայտնվում են միտումնավոր շեղումներ պարունակող տվյալներ, որոնք ինտենսիվ տարածվում են զանգվածային հաղորդակցության միջոցներով։ 2011-2017-ին համահայկական «Կյանքի որակը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտություններում հարց է տրվել. «Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք դրույթի հետ. գերադասելի է, որ Հայաստանը իր հարաբերությունները զարգացնի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպայի հետ»։ 2011-ին դրույթի հետ համաձայն էր հարցվածների 74,3 %-ը, 2017 թ. հունվարին՝ 69,3 %-ը։ Վեց տարում պրոռուսական դիրքորոշումը նվազել է 5 %-ով։ Պրոեվրոպական դիրքորոշման մակարդակը ավելի բարձր է երիտասարդների շրջանում և Երևանում։ Երևանում՝ գյուղերի համեմատ՝ 17 %-ով, 18-29 տարեկանների շրջանում՝ 60 և ավելի տարեկանների համեմատ՝ 14 %-ով։ Վերջին հինգ տարիներին պրոեվրոպական դիրքորոշումների մակարդակն աճել է համարյա բոլոր սոցիալ-ժողովրդագրական խմբերում։ Ամենանշանակալի աճը եղել է մարզային քաղաքներում, որտեղ առավել ինտենսիվ են գործում միջազգային կազմակերպությունների աջակցություն ստացող հասարակական կազմակերպությունները, և 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ ովքեր առավել ինտենսիվ են հեռուստացույց դիտում։
Պրոեվրոպական դիրքորոշումներ ունեցող հասարակական շերտը բնութագրվում է համեմատաբար ավելի բարձր սոցիալական ակտիվությամբ և կազմակերպվածությամբ։ Եթե հասարակական կազմակերպությունների անդամների շրջանում պրոեվրոպական դիրքորոշումները 5 %-ով են ավելի բարձր, քան հասարակական կազմակերպություններին չանդամակցող անձանց շրջանում, քաղաքացիական շարժումների մասնակիցների շրջանում՝ պրոեվրոպական դիրքորոշումն ավելի բարձր է 20 %-ով, այսինքն՝ չորս անգամ ավելի։ 2017-ին հասարակական կազմակերպությունների անդամ էր Հայաստանի չափահաս բնակչության 3,5 %-ը, իսկ մասնակցել էր որևէ քաղաքացիական շարժման՝ 10,5%-ը կամ՝ շուրջ 220 000 մարդ։
Սամվել Մանուկյանը իր նկատառումները ներկայացրեց նաև քաղաքացիական լոյալության, քաղաքացիական շարժումների, կոռուպցիայի նկատմամբ դիրքորոշումների, պրոռուսական դիրքորոշումների և Հայաստանում թավշյա հեղափոխության միջև կապերի մասին։ Հայաստանում 1992-ից, բացի 1998-1999 թվականներից, իշխանությունների նկատմամբ հասարակության լոյալությունը եղել է շատ ցածր։ 2017 թ. հունվարին Հայաստանում իշխանությունների նկատմամբ ոչ լոյալ բնակչության թվաքանակը, այսինքն` նրանց, որ համարում են, որ Հայաստանն ընթանում է սխալ ուղղությամբ, կազմել է Հայաստանի չափահաս բնակչության 69 %-ը։ Լոյալ էր, այսինքն` համարում էր, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ՝ ընդամենը 18 %-ը։ 13 %-ը դժվարացել էր պատասխանել։ 69 % ոչ լոյալ բնակչությունից 16 %-ն էր համարում, որ Հայաստանը պետք է առաջին հերթին իր հարաբերությունները զարգացնի Եվրոպայի հետ, իսկ 48 %ը, այսինքն՝ 3 անգամ ավելին, համարում էր, որ Հայաստանն առաջին հերթին հարաբերությունները պետք է զարգացնի Ռուսաստանի հետ։ 2017 -ին Հայաստանում 18-45 տարեկանների փաստացի քանակը՝ հեղինակային գնահատմամբ, կազմել է շուրջ 827 000 մարդ, 540 000-ն ունեցել է պրոռուսական, 220 000-ը՝ պրոեվրոպական դիրքորոշում։ Իշխանություններին ոչ լոյալ 18-45 տարեկան բնակչության կազմում, քաղաքացիական անհնազանդության փորձ ունեցողները կազմել են շուրջ 161 000` 80 000-ը պրոռուսական, իսկ 67000-ը՝ պրոեվրոպական դիրքորոշմամբ։ 18-24 տարեկանների շրջանում պրոռուսական դիրքորոշում ուներ 22000, պրոեվրոպական՝ 18000 մարդ, 25-29 տարեկանների շրջանում՝ պրոռուսական՝ 24000, պրոեվրոպական՝ 23000 մարդ, 30-45 տարեկանների շրջանում՝ պրոռուսական 33000, պրոեվրոպական՝ 26000 մարդ։ Քաղաքացիական անհնազանդության տարբեր ձևերն ընդունելի համարող 18-45 տարեկան անձանց շրջանում, պրոռուսական դիրքորոշմամբ անձինք կրկնակի շատ էին։18-45 տարեկան ոչ լոյալ պրոռուսական կողմնորոշմամբ անձանց շրջանում ուժային կառույցներին դիմադրելը ընդունելի էին համարում շուրջ 430000 մարդ, իսկ նույն, սակայն պրոեվրոպական դիրքորոշմամբ շերտում՝ շուրջ 205000։
2018 թ. ապրիլի թավշյա հեղափոխության ընթացքում, Հայաստանի պրոռուսական և պրոեվրոպական կողմնորոշման հարցի ակտուալացումը ոչ միայն ներքին կոնֆլիկտ կառաջացներ մասնակիցների շրջանում, այլև կարող էր գաղափարապես մասնատել շարժումը երկու անհավասար հատվածի և առաջացնել անկանխատեսելի կոնֆլիկտային սցենարներ։
Կոռուպցիայի խնդրի ակտուալացումն ուներ հասարակական դժգոհությանը կոնկրետ բովանդակություն տալու, կոնսոլիդացնելու և էներգետիզացնելու պոտենցիալ, սակայն չուներ շարժմանը ներքին կոնֆլիկտ հաղորդելու պոտենցիալ։ 18-45 տարեկան ոչ լոյալ բնակչության 48 %-ը կամ շուրջ 565 000 մարդ, անհանդուրժող էր կոռուպցիայի նկատմամբ՝ նրանք համարում էին, որ «կաշառակերությունը չարիք է և պետք է վերացնել»։ Նույն շերտում 100000 մարդ կոռուպցիային վերաբերվում էր որպես գործիք՝ նպատակներին հասնելու համար, երբ չկան այլ մեթոդներ, իսկ 157000 մարդ համարում էր, որ մեր հասարակությունում կոռուպցիան նորմա է։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սոցիոլոգիական հարցման հավաստիությանը վստահելը և եզրակացություններին հավատալը թողնում եմ ձեր ճաշակին: