Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հորդորել է զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը՝ խորհուրդ տալով նրան զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակչության վրա հարձակումներից՝ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներին։               
 

Ծեծը` քաղաքական կատեգորիա

Ծեծը` քաղաքական կատեգորիա
04.07.2018 | 09:07

Շոգը իր գործն անում է` երեկ գիշերվա միջադեպից հետո ձերբակալվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության ղեկավար Էդուարդ Բաբայանը: Ոստիկանությունը կեսգիշերն անց սկսել էր նրան որոնել Գագիկ Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ու չէր գտել: Պարզ էր, որ մարդ ծեծելուց հետո չեն թաքնվում այնտեղ, ուր որոնելու են: Դա, թերևս, ավելի շատ ցուցադրական քայլ էր, որ Գագիկ Ծառուկյանն այլևս օրենքից վեր չէ: Հետո Էդուարդ Բաբայանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրան ձերբակալել են քաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով:


Հաստատ` Էդուարդ Բաբայանի կյանքում դա առաջին ծեծկռտուքը չէր, բայց` առաջին ձերբակալությունն էր: Կոալիցիայի անդամ լինելը ԲՀԿ նախագահին ու նրա շքախմբին թվացել է անձեռնմխելիության երաշխիք: Համենայն դեպս` Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս (կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն), 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի մի բնակիչ՝ ծնված 1968-ին: Նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) կետով: 50-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Ոստիկանությունը նշել է, որ ըստ տուժողի հաղորդման, նրան «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների նախարարը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը»։

Եթե իրոք այդպես է, նվազագույնը պետք է հրաժարական տան ԱԻ նախարարն ու օլիմպիական կոմիտեի փոխնախագահը: Իսկ Գագիկ Ծառուկյանը իբրև վկա բացատրություն տա կատարվածին: Սա` իրավական մասով:
Կա նաև քաղաքականը: Որքանո՞վ է հարիր արտահերթ ընտրություններում 50+1 տոկոս ձայնի հավակնող քաղաքական ուժի ղեկավարին նման սկանդալը: Առաջ հնարավոր էր, ոստիկանությունը աչք էր փակելու, Գագիկ Ծառուկյանը ՙբարեգործություն՚ էր անելու` անցներ-գնար: Եվ ընդհանրապես` ո՞վ է Գագիկ Ծառուկյանը բիզնեսից ու բարեգործությունից դուրս: Կա՞ նման քաղաքական գործիչ: ՈՒ` ո՞րն է նրա քաղաքականությունը` բացի ՀՀԿ2 լինելն իր կուսակցությունով, որ այլևս պահանջարկ չունի: Բավական էր` կառավարությունը Բարեգործության մասին օրենքի նախագիծը ԱԺ բերեր, որ ԲՀԿ-ն նորից հայտնվեր դեմագոգիայի ու շանտաժի իր տարերքի մեջ, հարկավ, ժողովրդի անունից ու ժողովրդի համար: Եթե կուսակցության ակտիվից հանում եք բարեգործությունը, ԲՀԿ-ն կարող է 5 տոկոսի շեմն էլ չհաղթահարել: ՈՒ` ի՞նչ: Ոչինչ, քաղաքական դաշտը վերջապես պետք է քաղաքական դառնա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ իրավիճակի որևէ մեկնաբանություն չհնչեց ոչ Գագիկ Ծառուկյանից, ոչ ԲՀԿ-ից: Հավանաբար` սպասում են իրադարձությունների ընթացքին: Ի՞նչ կասի ծեծված քաղաքացին և ի՞նչ կասի նրան ծեծողը: Իսկ ի՞նչ կասի ընտրողը:

Դիտվել է՝ 3092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ