«Արի տուն», «Իմ Հայաստանի» և սփյուռքի ամառային դպրոց ծրագրերը կհետաձգվեն: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նկատելով՝ ծրագրերը հետաձգվում են դրանց բյուջեների ոչ խելամիտ բաշխման պատճառով:
Նա նշեց, որ մանրամասն ծանոթացել են վերոնշյալ ծրագրերի շրջանակներում հայտարարված տենդերների ընտրման մեխանիզմներին ու նկատել՝ ՍՊԸ-ների ընտրության հարցում չարաշահումներ են եղել:
«Այս ծրագրերի նախահաշիվներում կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, դրա համար դիմել ենք պետական վերահսկողության ծառայության պետին՝ խնդրելով աուդիտ անցկացնել»,- ավելացրեց նախարարը:
Վերջինիս փոխանցմամբ՝ առնվազն տարօրինակ է, երբ նախարարության ինչ-ինչ ծրագրերում անընդհատ նույն ՍՊԸ-ներն են տենդերները շահում: Այսպես, ըստ նրա, 2016-ին նույն ՍՊԸ-ն շահել է 10 անգամ, 2017-ին՝ 8, 2018-ին՝ 7 անգամ:
Մանրամասնելով, օրինակ, «Արի տուն» ծրագրի բյուջեում տեղ գտած ոչ հավաստի փաստերն ու թվերը՝ նկատեց, որ օրական երկանգամյա սննդի համար նախարարությունը 8000 դրամ է տրամադրել:
«Բայց այստեղ հարց է առաջանում, թե 4000 դրամով ի՞նչ լանչ պետք է մատուցվեր այդ երեխաներին. գա՞ռ պետք է մատուցեր ամեն մի երեխայի, թե՞ սև «խավիար» պետք է լիներ»,- ամփոփեց Հայրապետյանը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ