Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Մենք կարող ենք դուրս գալ փակուղուց

Մենք կարող ենք դուրս գալ փակուղուց
02.03.2018 | 13:44

(Նախորդ մասը)

Արժե փոքր-ինչ մանրամասնորեն անդրադառնալ «Ազգ-բանակ» հայեցակարգին, որովհետև այդ ծածկոցի տակ մեծ խնդիրներ են ուզում թաքցնել: Մի քանի մեջբերում պետք է անել հայեցակարգի տեքստից: Դրանց վերընթերցումը մեզ թույլ կտա որոշակի դատողություններ անել, որոնք մեզ համար հասկանալի կդարձնեն այն մշակողների (քանի որ այն ներկայացվում է որպես կոլեկտիվ մենագրություն) իրական նպատակները:
. «Ազգի վերածումը «ազգ-բանակի» պայմանավորված է արդի մարտահրավերների ու սպառնալիքների բնույթով և ներկայիս հրամայականն է»,
. «Ազգ-բանակի» հայկական տեսլականը. «ՀՀ ազգային անվտանգության քաղաքականությունը պետք է խարսխվի երկու գործոնների վերաբերյալ համապարփակ ազգային համաձայնության վրա. առաջինը հայերի նկատմամբ ցեղասպանության իրականացման բացառումն է, երկրորդը՝ հայ ժողովրդի ու պետականության գոյության դեմ ուղղված սպառնալիքներին դիմակայելու համար բոլոր հայերի համազգային համախմբման անհրաժեշտության գիտակցումը: Հետևաբար, օրվա հրամայականն է նշված մարտահրավերներին դիմակայելու համար հայ ժողովրդի վերածումը «ազգ-բանակի»:
Մեր աշխարհաքաղաքական դիրքը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարևանությունը իհարկե, լավագույն հեռանկարը չեն խոստանում: Կան և՛ երկրի, և՛ ազգի գոյության համար իրական, անժխտելի սպառնալիքներ: Այլ հարց է, թե մենք ինչպես ենք հասկանում իրավիճակը ամբողջության մեջ և ոչ թե մեկ կողմով, վիճակի միայն հատվածական գնահատումով մեր կարծիքը, գործողության մեր ծրագիրը (մտածողությունը) համարում երկրի համար լրջագույն խնդիրների լուծման անփոխարինելի, անշրջանցելի ճանապարհ: Ամբողջություն ասելով մենք հասկանում ենք երկրի քաղաքական, տնտեսական, ֆինանսական, սոցիալական, ժողովրդագրական, իրավական և այլ էական ասպեկտների ճանաչման, դրանց դերի գնահատման, դրանցում առկա հիմնախնդիրների լուծման համար հնարավորությունների գոյության կամ խանգարող հանգամանքների առկայության ճշգրտումը: Այս աշխատանքն անելուց հետո, գուցե, իսկ ես համոզված եմ, որ հաստատ, կտեսնենք այլ, ավելի կարևոր հիմնախնդիրներ, որոնց դերը մեր երկրի, ազգի անվտանգության ապահովման գործում ավելի կարևոր ու նշանակալից է, քան եղած «սուղ ռեսուրսները» «ազգ-բանակի» մեջ մոբիլիզացնելն ու տոտալ կառավարումը:
Իհարկե, ամենակարևոր խնդիրը, որ այսօր ծառացած է երկրի ու ազգի առաջ, արտագաղթի պատճառ հանդիսացող իրավիճակով պայմանավորված ժողովրդագրական աղետի կասեցումն է: Իսկ դրա միակ ճանապարհը իրական տնտեսության ստեղծումն է, այն հնարավոր է միայն համապատասխան միջավայրի առկայությամբ և պետական հոգածությամբ: Սա աքսիոմ է: Ասվել է բազմիցս և շատերի կողմից: Իշխանությունները նման քայլի չեն գնում, որովհետև դա իրենց շահերից չի բխում: Որովհետև իշխանության և ժողովրդի, ազգի շահերը մեկ առվով չեն հոսում:
. «Ազգ-բանակ» իդեալին հասնելուն խանգարում են մի շարք գործոններ»: Հեղինակների թվարկածից մենք առանձնացնում ենք երկուսը.
. «Հայաստանից շարունակվող արտագաղթը և դրանով պայմանավորված՝ մարդկային ռեսուրսի կտրուկ նվազումը, - հասարակության սոցիալական բևեռացումը»:
Այնուհետև տեքստի հեղինակները նշում են այն ուղիներն ու միջոցները, որոնց կիրառմամբ նրանք պատրաստվում են իրականություն դարձնելու հայեցակարգը՝ հայ ժողովրդին վերածելու ազգ-բանակի: Նրանք ներկայացնում են, այսպես կոչված, սոցիալական տեխնոլոգիաներ, որոնց գործարկմամբ աշխարհի զարգացած տերությունները ամրապնդում են իրենց ժողովուրդների միասնականությունը:
Դրանք են (մեջբերում եմ)`
. Մարկետինգային տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են ընձեռում կառավարելու մարդկանց վարքը,
. անձնավորումային կառավարման տեխնոլոգիաներ, որոնցով կարելի է վերահսկել վարքը աշխատանքային հարաբերությունների ոլորտում,
. հասարակության հետ կապերի կամ փիար տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ կարելի է ստեղծել առանձին ընկերությունների և քաղաքական հաստատությունների դրական կերպարը,
. հաղորդակցական տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են ընձեռում կառավարելու մարդկանց վարքը՝ զանգվածային հաղորդակցության միջոցներով տարածելով նշանների և կերպարների որոշակի խմբեր:
. Դրանք նաև.
. «Արդարության սկզբունքի պահպանման պատրանք կարող են ստեղծել»:
Հասկանալի՞ է:


Եթե մեկը կասի, թե այդ հայեցակարգը պարունակում է ազգապահպան ինչ-որ բովանդակություն, որը իշխանավորին ծառայեցնելու է ազգի նպատակներին, ապա դա կատարյալ պատրանք է: Այն պատրանքների շարքից, որոնցով հայեցակարգի հեղինակները պլանավորում են լցնել մեր ուղեղներն ու հոգիները: Միակ իրական նպատակը, որ հետապնդում է այս հայեցակարգը, օր օրի սուղ դարձող մարդկային ու նյութական ռեսուրսներն ավելի կառավարելի, իսկ եթե հնարավոր է՝ համակառավարելի դարձնելն է: Այս հայեցակարգը հաստատում է, որ ինչպես եղել է մինչ այժմ, մեր իշխանություններն այս անգամ էլ ընտրում են ոչ թե երկրի զարգացման ճանապարհը, այլ այնտեղ մնացած, իսկ եթե հնարավոր լինի, անգամ երկրից արտագաղթած բնակչության, ապա և սփյուռքի մեր հայրենակիցների («համազգային համախմբման անհրաժեշտությունը գիտակցող բոլոր հայերի») վարքի կառավարումը, նաև նրանց միջոցների մոբիլիզացումն ու տնօրինումը այնպես, ինչպես մինչ այժմ տնօրինվել է ՀՀ բնակչության ողջ ունեցվածքը: Հայեցակարգի հեղինակները հնարավոր են համարում այնպիսի սոցտեխնոլոգիաների կիրառումը մեր հասարակության նկատմամբ, որոնք այդ նույն հասարակության մեջ կարող են պատրանք ստեղծել, թե այն ամենը, ինչ կատարվում է երկրում, տեղի է ունենում արդարության մթնոլորտում: Իսկ այդ երկրի քաղաքացիները, որպես երջանիկ զոմբիներ, վերջապես իմաստավորված զգալով իրենց անտերունչ կյանքը, կնետվեն ազգ-բանակի հորձանուտը: Համապատասխան պատրանքի ստեղծում և ապա այդ պատրանքի պարտադրում որպես միակ բոթաս հագցնել կամ անբաժանելիորեն կապել կոկա-կոլային ու ֆաստ-ֆուդին, ինչը հաջողությամբ արմատավորվում է նաև մեզանում: Նույն կերպ մեր տեխնոլոգները, որպես այդպիսի նշաններ ու պատկերներ, ընդգրկում են երկրապահի լոզունգները, մի քանի այլ բանաձևեր, ինչպես ասենք՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ» և այլն:


Ըստ հայեցակարգի՝ «Ազգ-բանակ» համակարգը կարող է ստեղծվել որպես սոցիալական շարժման արդյունք: Եվ եթե որպես կանոն «սոցիալական շարժումները» իշխանությանն ընդդիմադիր շարժումներ են, ապա հայկական «ազգ-բանակի» ստեղծումը, ընդհակառակը, պետք է լինի իշխանության նախաձեռնած սոցիալական շարժման արգասիք: Նման շարժման խնդիրը առկա ռեսուրսների օգտագործումն ու մոբիլիզացումն է»:
Հայեցակարգի հեղինակները մեր երիտասարդությանը տեսնում են միայն դիրքերում: Զինվորները նույնպես պատիվ են համարում դիրքերում ծառայությունը, բայց նրանց և իշխանությունների շարժառիթները բոլորովին տարբեր են: Իշխանությունների շարժառիթը, ինչպես և իրենց կողմից ընդգծված էր վերևում, առկա ռեսուրսների մոբիլիզացումն ու օգտագործումն է: Իսկ զորակոչված երիտասարդը պատիվ է համարում դիրքերում ծառայությունը, որովհետև դրանք ապրիլյան պատերազմի օրերին իրենց նմանների հերոսությամբ սրբագործված տարածքներ են:


Հայեցակարգի այն հատվածը, որը վերաբերում է տնտեսությանը, որևէ լուրջ տնտեսական բարեփոխում չի նախատեսում: Միայն ռազմարդյունաբերական համալիրի զարգացում չգիտես ում փողերով և ինչ մասնավոր կառույցների մասնակցությամբ: Այն բոլոր «մեծ արգելքները», որոնք գոյություն ունեն այսօրվա կյանքում, և հենց որոնք էլ երկրի այսօրվա վիճակի պատճառներն են, անգամ չեն անվանվում այն խոչընդոտների ցանկում, որոնք կարող են խանգարել «ազգ-բանակ» հայեցակարգի նպատակների իրականացմանը, եթե ընդունենք, որ այն երկրի ու ազգի անվտանգության ապահովումն է:


Եվ այս հայեցակարգը հավակնում է դառնալու այս իշխանությունների գլխավոր գաղափարական հենարանը: Բանակը հավակնում է դառնալու մի նոր կուսակցություն, ամենամեծ և ամենակարևոր կուսակցությունը, որը կընդգրկի ողջ ազգը: Ազգ-բանակ կամ բանակ-ազգ: Բանակ-ազգի պարագայում շարքայինը պարտավոր է կատարել վերադասի հրահանգները, և դրանք հնչելու են որպես հրամաններ: Շարքային ասելով պետք է հասկանալ ՀՀ շարքային քաղաքացուն, յուրաքանչյուրին, անկախ այն բանից, նա ընդգրկվա՞ծ է գործող բանակում կամ պահեստազորի կազմում, թե՞ ոչ:
Եթե իշխանությունները կարողանան իրականացնել իրենց այս ծրագիրը, ապա հրամանատարը կղեկավարի այս երկիրը այնքան, քանի դեռ այնտեղ կա թեկուզ մեկ շարքային: Այդ ֆոնի վրա, որպես հաղորդակցական մի կոդ, պատկեր, խորհրդանիշ է ներկայանում նաև 2040-ի նախագահական հեռանկարը՝ չորս միլիոն բնակչություն այս հողի վրա:


Այս եզրակացությունները հաստատող որոշակի փաստ էր հեռուստատեսային լրատվական ռեպորտաժը, որի ժամանակ հիմնական գործող անձը ԳԳՀ-ն էր: Քանի որ ռեպորտաժը կիրակնօրյա էր, ներկայացվում էր շաբաթվա կտրվածքը, և ծրագրում տեղ էին գտել նաև այլ նյութեր, որոնցում նույնպես նախագահը գլխավոր գործող անձն էր: Մեկ նա խոսում էր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ պատասխանելով ադրբեջանցի խորհրդարանականի սադրիչ հարցին, մեկ ապրիլյան պատերազմի արդյունքների և դրանց վերաբերյալ հասարակության որոշ հատվածի անընդունելի կարծիքների մասին, մեկ հանդիպում էր ժամկետային զինծառայությունն ավարտած երիտասարդների հետ, ապա՝ Եռաբլուր, ապա՝ օպերային թատրոնի դահլիճ, որտեղից բանակ են զորակոչում ծառայության «Ես եմ» ֆորմատն ընտրած երիտասարդներին:
Ո՞րն է խնդիրը: Այն, որ նախագահը հիմնավոր պատասխանեց ադրբեջանցի պատգամավորին, առարկության տեղիք չի տալիս: Բայց ավելի տեղին կլիներ, եթե Խոջալուի կոտորածների վերաբերյալ մեր համապատասխան գերատեսչության հովանավորությամբ հրատարակված գիրքը մի քանի լեզուներով թարգմանված և մի քանի տարի առաջ դրված լիներ Եվրախորհրդի խորհրդարանականների աշխատասենյակների գրասեղաններին: Կհամարձակվե՞ր ադրբեջանցին մեկ անգամ ևս ներկայացնել այդ մասին իր դատողությունները:


Ապրիլյան պատերազմի արդյունքների մասին իր խոսքում նախագահը միտքը կառուցում է այնպես, որ այդ տարածք մուտք գործել կարող են միայն «նվիրյալները», այսինքն՝ նրանք, որոնց համար ամենանվիրյալն ինքն է: «Սրճարանների սեղանների վրա քարտեզներ են գծում» արտահայտությամբ նա բաժանարար գիծ է քաշում բանակի և հասարակության մնացած մասի միջև, բանակին և պատերազմին վերաբերող հարցերի մասին դատողություններ, հատկապես՝ քննադատական դատողություններ անելու իրավունք վերապահելով միայն առաջիններին: Իսկ դրանց թվում իր հասցեին քննադատություն հնչեցնողներ, ինչպես հայտնի է, չկան: Միայն գովեստներ և անփոխարինելիության ձոներ: Այդ մասին անգամ մեր ամենահեղինակավոր սպային խոսեցրին, որտեղ նա ևս այլ բան ասել չէր կարող: Սա արդեն բնորոշվում է որպես ախտանշան:


Մեկ այլ խոսքի մեջ նախագահը կասկածի տակ է առնում բանակի վերաբերյալ դատողություններ անելու այն մարդկանց իրավունքը, որոնք այդ դատողություններն անելու պատեհությունն ունեն «իրենց առանձնասենյակի մանրահատակի վրա ճեմելով»: Այսինքն՝ դուք նույնպես պետք է հագնեք զինվորի կոշիկներն ու քայլեք խրամատներով և նոր միայն կտեսնենք՝ թույլ կտա՞ք ձեզ որևէ դատողություն, թե՞ ոչ:
Սա, իհարկե, «ազգ-բանակ» հայեցակարգի գաղափարախոսության իրականացման թեման է: Բոլորդ, ովքեր բանակում չեք, բանակի մասին դատողություններ անելու իրավունք չունեք կամ գոնե իմացեք, որ այդ դատողությունները ոչինչ չարժեն մեզ համար, «զահլա էլ չենք անում աչքի անցկացնել»:


Երիտասարդների հետ հանդիպմանը, երբ նրանք բարձրացնում էին զինվորների նյութական ապահովությանը վերաբերող հարցեր, պարզվում է, որ բանակի ամեն ինչից քաջատեղյակ հրամանատարը չգիտի, որ զինծառայողների ծնողները պետության հետ հավասար կիսում են զինվորի համազգեստի համար նախատեսված ծախսերը, որ դիրքերում վառելիքի պակաս կա և այլն: Նախարարը հրամանատարին հայտնում է, որ հաջորդ ձմեռ դիրքապահների կացարանները հեղուկ գազով են տաքացվելու: Իհարկե, դա չի նշանակում, որ հեղուկ գազի քանակը լինելու է պահանջված չափով, պարզապես այդ պահին ազատում է փայտի պակասը մեկնաբանելու տհաճ պարտականությունից՝ երկուստեք: Հակառակ պարագայում նախագահը պետք է ընդհատեր նախարարի մեկնաբանությունը, ասենք, հեղուկ գազի մասին և պահանջեր լիարժեք տեղեկություն վառելափայտի պակասի պատճառների ու պատասխանատուների մասին:


Տպավորությունը՝ մենք ամեն ինչ գիտենք և տնօրինում ենք, բացի «մանրուքներից»: Ոչ ոք չհավակնի մեզ քննադատելու, որովհետև դրա բարոյական իրավունքը չունեք, քանի որ մենք պատերազմի սկզբից մինչ այսօր գտնվում ենք երկրի պաշտպանական գերատեսչության կառավարման բարձրագույն օղակներում, և մեզնից լավ ոչ ոք ոչինչ անել չի կարող:
Հաղորդման ընթացքում ընդգծվեց նաև նախագահի խոսքը. «Մենք քայլ առ քայլ, հետևողականորեն կառուցում ենք մեր երազած հայրենիքը»: Ես կարող եմ իմ անունից ասել, որ իմ երազած հայրենիքը ոչ մի կապ չունի այն հայրենիքի հետ, որ դուք կառուցում եք: Իսկ այն քայլերի մասին, որոնք արվել են այս երկար ու ձիգ տարիներին, որոնք մեզ մոտեցրել են ձեր երազած հայրենիքին, մենք, անկախ նրանից՝ սրճարանում նստած, թե աշխատասենյակի մանրահատակի վրա ճեմելիս, հարց տալու իրավունքն ունենք:
Իսկ որո՞նք են այդ քայլերը: Որո՞նք են այն հետևողական քայլերը, որ հետևողականորեն մեզ հրում են դեպի ձեր երազած հայրենիքը՝ ապահո՞վ, բարեկեցի՞կ, անվտա՞նգ, զարգացո՞ղ… Որո՞նք են՝ անեզր գործազրկությու՞նը, ունեզրկման ծայրահեղ միջոցների կիրառու՞մը, անկասելի արտագա՞ղթը, հասարակությանը դեպի բարոյազրկում և ընտանեկան արժեքների ոտնահարում դրդելու քաղաքականությու՞նը…


Կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են նախագահի խոսքերին, որ մենք հաստատուն քայլերո՛վ, հետևողականորե՛ն գնում ենք դեպի մեր երազած հայրենիքը: Ովքե՞ր են այդ մարդիկ: Մեր օլիգարխնե՞րը, բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող մեր հայրենակիցնե՞րը, մոնոպոլ դիրք ունեցող ընկերությունների ու ծառայությունների ղեկավարնե՞րը: ՈՒրիշ ովքե՞ր: Գյուղացի՞ն, գործազուրկ քաղաքացի՞ն, նպաստառու՞ն, կրթություն ստացած և չաշխատող երիտասա՞րդը, հարկային աքցաններում խեղդվող փոքր ու միջին ձեռնարկատերե՞րը, կենսաթոշակային տարիքը հատած և գրոշներով գոյությունը քարշ տվող տարեցնե՞րը: Ովքե՞ր: Եթե կան այդպիսիք, ապա նրանց առաջարկում եմ մի պահ մտքովի իրենց շուրջը նայել, իրենց հարազատ, բարեկամ, հարևաններից մտքովի հաշվել, թե քանիսը որտեղ են, ուր են գնացել, ինչու: Մնացածներից քանիսն են աշխատում, ինչ են վաստակում և ինչպես են ապրում:
(շարունակելի)


Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ