ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ռոբին Հուդն է՞լ էր ղաչաղ

Ռոբին Հուդն է՞լ էր ղաչաղ
19.12.2017 | 09:31

Չէ, չեմ պատրաստվում խորանալու նման թեմաների մեջ, դա իմ հետաքրքրությունների ոլորտից դուրս է այն պարզ պատճառով, որ ես ընդունել և ընդունում եմ այն հային, որն իր հայրենի հողի վրա թեկուզ մի հասարակ քար դրել է քարին՝ շենացնելով հայրենի երկիրը: Այսօր էլ մեր կառավարողները դասեր չեն քաղում անցյալի ողբերգություններից և դարձյալ ոչ միայն քարը քարի վրա չեն դնում հայրենի հողում, այլև շքեղ պալատներ, հյուրանոցներ են կառուցում օտար երկրներում: Այսօր ովքե՞ր են վայելում երբեմնի Բաքվում, Թբիլիսիում հայերի ձեռքով կառուցված շինությունները: ՈՒ՞մ անունով են կոչվում այսօր Թբիլիսիում կառուցված Արամյանցի հիվանդանոցը, Երևանյան հրապարակը, Մանթաշովի շինությունները: Եվ ոչ միայն Թբիլիսիում, այլև ուրիշ շատ երկրներում: Բայց ասելիքս ամենևին էլ դրա մասին չէ, այլ` որ հայը դատափետում է հային՝ կանգ չառնելով անբարո քննադատության ոչ մի միջոցի առջև:


Վերջերս Համաշխարհային աստղագիտական միությունը Քարահունջի աստղադիտարանը դասեց վաղ ժամանակներում կառուցված աստղադիտարանների թվին: Փառք ու պատիվ մեր նախնիներին: Իսկ ինչ էր գրում այդ աստղադիտարանի մասին մեր օրերի մի հայ վայ-հնէաբան, թողնենք նրա խղճին ու դատողությանը: Ես խորհրդային մարդ եմ և հպարտանում ու ցավում եմ այդ երկրի ողբերգական և հերոսական պատմությամբ: Հպարտանում եմ այն հայ բոլշևիկներով, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել Խորհրդային Հայաստանի շենացման համար: Հպարտացել է իմ սերունդը այդ մարդկանցով: Եթե ժամանակի առաջադեմ միտքը եղել է բոլշևիկյան գաղափարախոսությունը, ապա միշտ լավին, առաջավորին ձգտող հայ միտքը չէր կարող հեռու լինել այդ գաղափարախոսությունից: Այդ առաջավոր մտքի ջահակիրներից է եղել նաև իմ սերնդի համար թանկ մի մարդ՝ Կամո անունով: Եվ ոչ միայն հայ մարդու համար է նա թանկ անուն եղել, նրա մասին նկարահանված ֆիլմերը դիտել են միլիոնավոր մարդիկ: Ճիշտ է, Կամոն տեսաբան չի եղել, հեղափոխական խոր մտքեր չի ունեցել, բայց նվիրված է եղել մեկ գաղափարի՝ աշխատավոր մարդուն ազատ, երջանիկ, շահագործումից հեռու տեսնելու գաղափարին: ՈՒ հանկարծ «պարզվում» է, որ նա «ղաչաղ» է եղել: Չեմ ցանկանում որևէ որակում տալ նման վիրավորական ածականով Կամոյին բնութագրողին, բայց չեմ կարող չհարցնել՝ այդ ո՞ր ղաչաղն է, որ ղաչաղություն է անում, քարվան է կտրում, թալանում է շատերին ոչ հանուն իր շահի: Ղաչաղը, իր շահից, իր ավարին տեր կանգնելուց և վայելելուց բացի, այլ նպատակ չունի: Իսկ Կամոն այդ ավարից մեկ կոպեկ օգտագործե՞լ է իր ապրելակերպի բարելավման համար: Իհարկե՝ ոչ: Ղաչաղն իր կաշին փրկելու համար անտանելի տանջանքների կենթարկե՞ր իրեն: Գերմանացի բժիշկը, տեսնելով և զգալով այդ մարդու երկաթյա կամքը, իր խղճին, իր երդմանը դեմ է գնում և Կամոյին ախտորոշում է որպես խենթի: Գուցե ոմանք ինձ մեղադրեն, թե ես գեղարվեստական ֆիլմի հնարանքը ցանկանում եմ ներկայացնել որպես իրողություն, այդ դեպքում կհիշատակեմ անառարկելի պատմական մի դեպք: Ցարական դատարանը, Կամոյին ճանաչելով մեղսունակ, դատապարտել էր մահվան` կախաղանի միջոցով: Համաձայն ցարական Ռուսաստանի օրենքի, մահվան դատավճիռն ի կատար էր ածվում, եթե այն ստորագրում էր դատախազը:

Դատախազը, ծանոթանալով Կամոյի անձնական գործին, անբարո է համարում այդպիսի մարդուն մահվան դատապարտելը: Նա գիտեր, որ շուտով Ռոմանովների դինաստիայի 300-ամյակի կապակցությամբ լինելու է համաներում: Նա ձգձգում է որոշման ստորագրությունը: Կայացած համաներման ակտով Կամոյի մահվան դատավճիռը փոխարինվում է տաժանակիր աքսորով: Եթե մենք մեզ չենք հարգում, գոնե հարգենք ուրիշների լավ կարծիքը մեր մասին:
Կուզենայի մի քանի խոսք ասել նաև հայ քաղաքականության մեջ հայտնի Ալեքսանդր Խատիսյանի մասին: Ես չեմ անդրադառնա նրա պաշտոններին, միայն կասեմ, որ նա ոչ թե քաղաքական գործիչ էր, այլ հանուն պաշտոնի, հանուն իր բարեկեցիկ կյանքի ապրած մարդ: Այնքան էր ատելությունը մեծ բոլշևիկների հանդեպ, որ մոռացավ 1,5 միլիոն հայրենակիցների, հսկայական հայրենի տարածքների կորուստը և սկսեց բանակցել թուրքերի հետ՝ ընդդեմ բոլշևիկների: Իսկ թուրք Աթաթուրքը, որն իրոք ատում էր բոլշևիկներին, հանուն իր հայրենիքի, սկսեց բանակցել բոլշևիկների հետ: Կուզենայի հարցնել` պատմական հայտնի անուն Ռոբին Հուդն է՞լ էր ղաչաղ:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. Ատում եմ «թուրք» անունը, և իմ ատելությունը բնական է: Բայց, անկեղծ ասած, կցանկանայի, որ հայի էությունը պետական հարցերում լիներ թուրքի էության նման:

Դիտվել է՝ 4555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ