Իսրայելի և ՌԴ քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ներում է շնորհել, նախքան այդ ինքնասպանության փորձ է ձեռնարկել` հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը:
Նա մեղադրել է Իսրայելի իշխանություններին՝ Լապշինի արտահանձնման գործընթացը ձգձգելու մեջ՝ նշելով, թե դրա հետևանքով սեպտեմբերի 10-ին Լապշինը ինքնասպանության փորձ է ձեռնարկել: Բանտապահները նկատել են բլոգերի արարքը և կանխել: Լապշինին բժշկական օգնություն է տրամադրվել: Ներկայում նա շարունակում է բուժումը բժիշկների վերահսկողության ներքո:
Հասանովը հայտնել է, որ նախագահի կողմից ներման մասին հրամանագիր ստորագրելուց հետո Լապշինի արտահանձնման հարցով զբաղվում են Ադրբեջանի ԱԳՆ-ն և Իսրայելի դեսպանությունը: Նա նշել է, որ գործընթացը կարող է ավարտվել ամենասեղմ ժամկետներում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին համաներում շնորհելու մասին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից: