Իրոք, նայենք շուրջբոլորը: Տարածաշրջանի բոլոր երկրները ներդրումներ են անում Էներգիայի արտադրության կարողությունների ստեղծման գործում (Թուրքիան և Իրանը ատոմային էլեկտրակայաններ են կառուցում, Ադրբեջանն ու Վրաստանը նոր էներգետիկ ծրագրեր են կյանքի կոչում), միայն Հայաստանին է Արևմուտքը առաջարկում փակել իր ատոմային ծրագիրը: Այդ ինչու՞: Եթե Արևմուտքը չի վստահում ռուս ինժեներներին ու ատոմագետ ֆիզիկոսներին, ապա պարզապես պարտավոր է արգելել Թուրքիային, որը ԵՄ-ի հետ ասոցացված է դեռ 20-րդ դարի 60-ականների վերջերից, Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելու Աքքույուում ԱԷԿ կառուցելու մասին: Հասկանալի է, որ Իրանի վրա Արևմուտքի հարձակումները չեն տարածվում և ոչ մի կերպ չեն ազդում, դրա համար էլ Իրանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել թե՛ Բուշերի ԱԷԿ-ում նոր էներգաբլոկների շինարարության, թե՛ հեռանկարում առնվազն 10 նոր ատոմակայանների կառուցման շուրջ: Բայց Թուրքիան այլ բան է: Այսպիսով, Արևմուտքի կարծիքով, թուրքերին ամեն ինչ կարելի է, նույնիսկ ռուսական նախագծերն ու ռեակտորները, իսկ հայերին ոչինչ չի կարելի: Անձամբ ես համոզված եմ, որ ԵՄ-ն ամենևին ինքնուրույն չէ, և որ այդ կառույցը վաղուց արդեն ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-Իսրայելի արտաքին քաղաքականության մի լրացուցիչ «անիվ» է: Նայած՝ ով ինչ ճաշակի է: Ավելին, ԵՄ-ն չի պահանջում փակել Արևմտյան Եվրոպայի երկրների, նույն Ֆրանսիայի և այլն, ատոմակայանները: Եվ հենց այստեղ միտքս եկավ. կա՞ մեկը, որ հիշում է, թե ժամանակագրական կարգով ինչ կատարվեց Բալկաններում ԽՍՀՄ-ի ինքնալուծարումից հետո, բացի նրանից, որ փլուզվեցին ՏՓԽ-ի ու Վարշավայի պայմանագրի կառույցները, իսկ Բալկանների շատ երկրներ մտան ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մեջ: Ճիշտ է. պատերազմներ և ներքաղաքական անկայունության ալիքներ, «գունավոր հեղափոխությունների» ծնունդ, այս կամ այն երկրի անվանատու ազգի (ազգերի) ճնշում: Օրինա՞կ եք ուզում:
Խնդրեմ, Բուլղարիան: ՈՒներ «Կոզլոդույ» ԱԷԿ-ը և կառուցում էր «Բելենե» ԱԷԿ-ը: ԵՄ-ի պահանջով հրաժարվեց «Բելենե» ատոմակայանի շինարարության շարունակումից, իսկ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի «կրկնակի» պահանջով սառեցրեց ու փաստորեն ոչնչացրեց «Կոզլոդույ» ԱԷԿ-ը: Բուլղարիայում անմիջապես գլուխ բարձրացրին տեղաբնակ ազգայնական թուրքերը, Բուլղարիայի ներքին գործերին անմիջապես սկսեցին միջամտել... բնականաբար, թուրքերը, ոչ թե Արևմուտքը: Իսկ Հարավսլավիայում՝ Սլովենիայում, Արևմուտքը փակեց «Կրշկո» ԱԷԿ-ը: Այս ամենը եղավ 1991-96 թթ.: Եվ Բուլղարիան ծնկի եկավ. այդուհետ այնտեղ ոչ թե բուլղարներն են ամեն ինչ որոշում ու կառավարում, այլ... թուրքերն ու Արևմուտքը: Հարավսլավիան փորձեց պայքարել, բայց 1996 թ. նրա գլխին սարքեցին սերբերի և Կրաինայի, Բոսնիայի և Հերցեգովինայի այլ ուղղափառների ցեղասպանություններ, իսկ 1999-ին ՆԱՏՕ-ն հարձակվեց Հարավսլավիայի վրա, որից հետո տեղի ունեցավ սերբերի և ուղղափառների ցեղասպանությունն արդեն Կոսովոյում ու Մետոխիայում: Ավելի ուշ հենց Հարավսլավիայի մնացորդ Սերբիան դարձավ Արևմուտքի ռազմակայան՝ «գունավոր հեղափոխության» տիպի պետական հեղաշրջումների իրականացման մեթոդաբանության մշակման համար:
Հիմա դառնանք Հայաստանին: «Գունավոր հեղափոխությունների» բազմակի փորձերն այստեղ ձախողվել են. այս կամ այն պատճառով, բայց ձախողվել են:
Ես հիշում եմ իմ անձնական կոնֆլիկտը Երևանում ԱՄՆ-ի նախկին դեսպան և «գունավոր հեղափոխությունների» վարպետ Մարի Յովանովիչի հետ, երբ ես, ի պատասխան ԵՊՀ-ի ուսանողների ու դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նրա թույլ տված մի շարք հայտարարությունների, լրագրողներին հայտարարեցի, որ եթե միսս Յովանովիչը իրոք կոչ է արել «հեղափոխաբար ցնցել հայոց լեռները», քանի որ «դա այնքա՜ն ռոմանտիկ է», ապա դա անընդունելի կոպիտ միջամտություն է երկրի ներքին գործերին, և հայ երիտասարդությանն ուղղված նման կոչի ապացուցման դեպքում Հայաստանում ցանկացած երկրի դեսպան պետք է անցանկալի անձ համարվի և արտաքսվի երկրից: Յովանովիչը չմոռացավ դա, և Հայաստանի նախագահի աշխատակազմին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ես աշխատում էի որպես փորձագետ, ցուցադրաբար լուծարվեց, ինձ և ուրիշ շատ փորձագետների փողոց շպրտեցին: Իսկ պատերազմը մեր տարածաշրջանում չդադարեց, ինչի ապացույցները եղան և՛ 2016 թ. ապրիլի ողբերգական իրադարձությունները, և՛ ռազմաճակատներում 2017 թ. հուլիսի «լարված օրերը»: Ես արդեն գրել եմ ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի անմոռանալի նախկին համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի «ջանքերի» մասին, որ նա գործադրում էր Անդրկովկասում հայերի ու ադրբեջանցիների միջև լայնածավալ պատերազմ վերսկսելու ուղղությամբ, և առհասարակ, նրա հակահայ պլանների և Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված ծրագրերի մասին: Իսկ հիմա պարզվում է, որ, ոչ հրապարակային տվյալների համաձայն, որոնք, ճիշտ է, ճշգրտման ու հաստատման կարիք ունեն, ոչ միայն ԱՄՆ-ը, այլև մի շարք եվրոպական հատուկ ծառայություններ գաղտնի հատուկ գործողություն են իրականացնում Արցախի ու Ադրբեջանի հակամարտությունը «թեժ փուլ» մտցնելու ուղղությամբ և Բաքվին ու Անկարային հրահրում են լայնածավալ մարտական գործողություններ սկսելու տարածաշրջանում:
Դեռ միսս Յովանովիչի հետ իմ կոնֆլիկտից առաջ էր ինձ վիճակվել իմանալ, որ ԱՄՆ-ը ճնշմամբ ուզում է Հայաստանի իշխանությունների համաձայնությունն ստանալ նաև Արցախում իր զազրելի «դեյտոնյան խաղաղության» ինչ-որ ձևի հաստատման համար: Բալկանյան պատերազմի պատմության մեջ չխորանալու նկատառումով ասեմ միայն. «Դեյտոնը» Հարավսլավիայի, Սերբիայի և Բալկաններում բնակվող սերբական համայնքների կապիտուլյացիայի առաջին փուլն էր: Դրան են հայ ժողովրդին տարել և շարունակում են տանել նրա «ամերիկյան բարեկամները» նաև հիմա:
Բալկաններում ատոմակայանների ոչնչացումը հանգեցրեց ոչ միայն նույն Բուլղարիայի և Հարավսլավիա-Սերբիայի կողմից էներգետիկ ինքնաբավության և անկախության կորստյանը: Նրանք դադարեցին լինել ինքնիշխան երկրներ, առհասարակ պետություններ՝ որպես այդպիսիք: ՈՒ քանի որ ԵՄ-ն, Արևմուտքը նույն նպատակն ունեն նաև Հայաստանի առնչությամբ, հետևություններն արեք ինքնուրույն, ընթերցողներ: Դա դժվար բան չէ: Եվ մի ընկեք Արևմուտքից տարածվող այն ստահոդ քարոզչության ծուղակը, թե, իբր, Եվրոպան մտահոգված է Հայաստանի ու նրա շրջակա երկրների բնապահպանության հարցերով, մտահոգված է միջուկային աղետի վտանգով: Փչոց է: Բրյուսելը հոգ չի տանում Հայաստանի բնության պահպանության մասին, այլ վախենում է իր տարածքի՝ ԵՄ անդամ երկրների և Թուրքիայի տարածքի ռադիոակտիվ ճառագայթահարումից: Եվ հետո, բա որ հանկարծ մի օր էլ պայթի թուրքական այդ Աքքույուի ատոմակայա՞նը: Ես չեմ լսում ԵՄ-ի կականն այս թեմայով: Եվ այդ ինչու՞ հայ ժողովրդի թշնամի Արևմուտքը պիտի ունենա և զարգացնի ատոմային էներգետիկան, իսկ Հայաստանը՝ ոչ: Մեկ էլ ընդգծեմ. համոզված եմ, որ նման ցինիկ վարքագծով ԵՄ-ը «վարձահատույց է լինում» ԱՄՆ-ին, ինչպես 90-ականներին Բալկաններում: Ո՞վ չգիտի, որ «վերականգնված» կամ «նորաստեղծ» Խորվաթիան, Բոսնիան ու Հերցեգովինան և «ալբանական Կոսովոն» հենց ԱՄՆ-ի խամաճիկային տարածքներն են, ոչ թե ԵՄ-ի:
Հիմա պատկերացրեք, որ Բալկաններում ատոմակայանները փակված չլինեին: Մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ դեպքում չէին լինի պատերազմներ կամ չէին լինի այն նպատակով և այն ընդգրկմամբ, ինչ եղան: ՈՒ մի՞թե հասկանալի չէ, որ այդ դեպքում ՆԱՏՕ-ն չէր հարձակվի Հարավսլավիայի վրա: ԱՄՆ-ը և ԵՄ-ը շահագրգռված են բոլոր «սառեցված հակամարտությունների» սրմամբ, սա պարզ բան է, և միայն քաղաքական կուրությամբ տառապողները կարող են ժխտել դա: Բայց ԱՄՆ-ը և ԵՄ-ն առանձնակի շահագրգռված են նախկին խորհրդային տարածությունում առկա հակամարտություններով, իսկ Ռուսաստանի դիրքորոշումը Մեծամորի ԱԷԿ-ի առնչությամբ խոչընդոտում է բացասական սցենարների իրականացմանը, գոնե՝ Անդրկովկասի տարածաշրջանում: Իսկ եթե հանկարծ Հայաստանի կառավարությունը տեղի տա Արևմուտքի շանտաժին և իր ձեռքով փակի ատոմակայանը, ինչպես արեցին բուլղարներն ու հարավսլավացիները, այդ դեպքում և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն արդեն բացահայտորեն թքած կունենան Ռուսաստանի դիրքորոշման և Արևմուտքի անդրկովկասյան հակառակորդների դիրքորոշման վրա:
Եվ վերջապես, իրավիճակին նայենք նաև շարքային քաղաքացու տեսանկյունից: Հիմա Հայաստանում էլեկտրաէներգիան համեմատաբար էժան է հենց այն պատճառով, որ այդ էլեկտրաէներգիայի մի մասն արտադրվում է Մեծամորի ԱԷԿ-ում: Իսկ ատոմային էներգիան իրականում ամենաէժանն է, համենայն դեպս, մեզ մոտ՝ Հայաստանում: Ով չի հավատում, թող հարցնի մասնագետներին ու տնտեսագետներին: Կայանի փակումից հետո էներգասակագների թռիչքը Հայաստանում մի ժամվա գործ է: Հայաստանի կառավարության վրա էլի ինչ-որ «Սվիտալսկու պլան» բավական է «բռունցք թափ տա», և գործն արված կլինի: Այսպիսով, ԵՄ-ի նպատակը նաև Հայաստանի հարաբերական սոցիալ-տնտեսական կայունության խարխլումն է: Ասենք, ինչպես մի ժամանակ Սերբիայում, վերջապես, հաջողությամբ «գունավոր հեղափոխություն» կատարվի: Ահա, խնդրեմ, լուրեր են տարածվում, չէ՞, որ ԱՄՆ-ի նախկին քաղաքացի և Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը իր «Ժառանգություն» կուսակցության վերջին համագումարում սպառնացել է, որ եթե «Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանվի», 2018 թ. «գունավոր հեղափոխություն կարվի»: Ի՞նչ պակաս նպատակ է: Կամ, Երևանի վրա, որպես ԵԱՏՄ-ի անդամի, ճնշման լծակների ստեղծման համար: Միանգամայն իրագործելի նպատակ:
Կա ևս մեկ հանգամանք: Նայենք Մերձավոր Արևելքին: ԱՄՆ-ի, Իսրայելի, Թուրքիայի և ԵՄ անդամ մի շարք երկրների հատուկ ծառայությունների սաները՝ «Իսլամական պետության» շարքերում կռվող զինյալները, հուլիսին կորցրին Իրաքի Մոսուլ քաղաքը: Նրանց վիճակը Սիրիայում ժամ առ ժամ ավելի ու ավելի սպառնալից է դառնում:
Բայց մեկ անգամ ևս վերադառնանք Լ.Գունինի «Կովկասը որպես Իսրայելի տարածքի մաս» աշխատանքին և վերհիշենք, որ ԻՊ-ի ահաբեկիչների նպատակը միայն Սիրիան չէր: «Խալիֆայությունը» ձգտում էին տարածել Իրանի վրա, Ռուսաստանի գրեթե կեսի վրա՝ սկսած Կովկասից: ԻՊ-ի զինյալները մտադիր էին Կովկաս ներխուժել, մասնավորապես, Թուրքիայից՝ Վրաստանով, և, իհարկե... Հայաստանով: Բա զու՞ր էին, ի՞նչ է, 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ Արցախում լուրեր տարածվել, որ Թուրքիայով Ադրբեջան են լցվել և ռազմաճակատներում են հայտնվել ԻՊ-ի զինյալներ, ինչպես նաև թուրքական «գորշ գայլեր»: Եվ որ «խալիֆայության» զինյալների մի մասը նույնիսկ գտնվում է Նախիջևանում: Իսկ ի՞նչն է խանգարում, որ վերցնեն ու հիմա՛ «սկսեն ամեն ինչ»: Հայկական ատոմակայանի փակումից հետո կարող է Հայաստանի կողմն ուղղվել ահաբեկչական ակտիվության հոսքը Սիրիայից և Իրաքից՝ Կովկասում իրադրության ապակայունացման համար, իսկ այդ դեպքում ի՞նչ պիտի անեն ահաբեկիչները, հո չե՞ն մնալու Թուրքիայում կամ հո չե՞ն լցվելու Իսրայել:
Սրանք են ամենամակերեսային արդյունքներն այն ոչ մեծ հետազոտության, թե Եվրամիությունը, իսկ գլոբալ մոտեցմամբ՝ Արևմուտքը, ինչու՞ են այդպես համառորեն ու հաստատակամորեն ուզում փակել տալ Մեծամորի ատոմակայանը: Շարունակելով ԵՄ-ի հետ բանակցություններ վարել առհասարակ որևէ հարցի շուրջ, Հայաստանի ղեկավարությունը, որը շատ լավ իրազեկված է Մեծամորի ԱԷԿ-ի առնչությամբ ԵՄ-ի թելադրանքի մասին, իրեն առնվազն անտրամաբանական է դրսևորում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը, փաստորեն, հրաժարվում է ատոմային էներգետիկայի ոլորտում ռուսական օգնությունից, իսկ արդի պայմաններում ատոմային էներգետիկայից հրաժարումը ինքնասպանություն է: Հայաստանի ղեկավարությունը պետք է անի այն, ինչ վաղուց պարտավոր էր անել. անգամ եթե չէր ուզում դադարեցնել բանակցությունները ԵՄ-ի հետ, պետք է Արևմուտքին կոշտ ու վճռականորեն հայտարարեր, որ ատոմային էներգետիկայի ոլորտի հարցերը միայն Հայաստանի ու այն երկրների առանձնաշնորհն են, որոնք պատրաստ են իրական օգնություն ցուցաբերելու Երևանին:
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ