Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Ծփում է Սևանը, և՝ ինչքա՞ն

Ծփում է Սևանը, և՝ ինչքա՞ն
07.07.2017 | 01:46

Ջուրը մարդուն տիեզերքի հետ կապող միակ միշտ գործող կամուրջն է, որ լինում է երկնքում, երկրի վրա ու ընդերքում: Մենք դա մոռանում ենք, մենք չենք հիշում, որ ջուրն ունի հիշողություն, գիտակցություն, ու մարդը դեռ ամեն ինչ չգիտի ջրի հատկությունների մասին: Մարդը միայն սովորել է օգտագործել ջուրը՝ իր կարիքների համար: Իսկ ջուրը գիտի նաև վրեժխնդիր լինել:

Սևանը Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, նրան հնում մենք Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով ենք անվանել: Սևանը Կովկասի ամենամեծ ու աշխարհի քաղցրահամ, բարձրադիր, մեծությամբ երկրորդ լիճն է Տիտիկակայից հետո: Սևանի հայելու բացարձակ բարձրությունը 1897 մ է, առավելագույն խորությունը՝ 80 մ, մակերեսը՝ 1260 քառակուսի կմ, երկարությունը՝ 70 կմ, առավելագույն լայնությունը՝ 55 կմ, ծավալը՝ 58 մլրդ խմ:
Սևանի մեր ժամանակների պատմությունը իսկապես դաժան պատմություն է, որ շատ անմեղ՝ «Սևանի հիմնախնդիր», անվանումով դրվեց գիտական շրջանառության մեջ, իրականում լինելով սպանության պատմություն: 1910-ին ճարտարագետ շինարար Սուքիաս Մանասերյանը առաջարկում էր իջեցնել լճի մակարդակը 45 մետրով և ջուրն օգտագործել ոռոգման և հիդրոէլեկտրակայանների համար։ 1920-ականներին մշակվեց լճի օգտագործման տեխնիկական երկփուլ նախագիծ՝ «Սևան-Հրազդան ոռոգչա-էներգետիկական համալիրը»։

Առաջին փուլում, որը պետք է տևեր 50 տարի, ավարտվելու էր մակարդակի արհեստական իջեցումը 50 մետրով, ջրային հայելու մակերեսը կրճատվելու էր 7 անգամ։ Երկրորդ փուլում դադարում էր ջրի դարավոր պաշարների օգտագործումը և հաստատվում լճի նոր, կայուն ջրային հաշվեկշիռը՝ 700 մլն խմ արտահոսքով։ 1933-1962-ին կառուցվեցին Սևան-Հրազդան կասկադի էլեկտրակայանները։ Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների ոռոգելի հողատարածություններն ավելանում էին 100 000 հեկտարով։ Հայաստանը ստանում էր տարեկան 2 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Լճի մակարդակը 1933-2000-ին արդյունաբերական շահագործման պատճառով իջավ 19,6 մետրով, ծավալը 58,5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32,5 մլրդ խմ։ 26 մլրդ խմ-ի 65 տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրության, իսկ 35 տոկոսը՝ ոռոգման նպատակներով։ Լճի հատակից ազատվել է 25 000 հա տարածք։ Եթե գործեր Սևանի մակարդակն իջեցնելու առաջին ծրագիրը, Մեծ Սևան չէինք ունենա, Փոքր Սևանի տեղում կմնար 299 քառ. կմ տարածքով փոքրիկ լճակ։ 1933-ից սկսեցին լճից ջուրը բաց թողնել, մինչև 1949-ը տարեկան լճի մակարդակն իջնում էր մեկ մետրից ավելի։ 1950-ականների վերջին լճի մակարդակի իջեցման նախագիծը վերանայվեց:


1961-ին Հայկական ԽՍՀ ԳԱ զեկույցում ասվում էր՝ անհրաժեշտ է լճի մակարդակի իջեցման աշխատանքները դադարեցնել։ Այդ ժամանակ լճի մակարդակն արդեն իջել էր 13,7 մետրով։ Սովետական իշխանությունը, որ ժամանակին Սևանը սպանելու ծրագիր էր ընդունել, ընդունեց Սևանը փրկելու ծրագիր՝ Որոտան և Արփա գետերի ջրերն ուղղել Սևան։ 2006-ին լճի մակարդակը բարձրացավ 41 սմ։ 2006-2010-ին՝ տարեկան 25-35 սմ: 2016-ին լիճը 3 մետր բարձրացել էր, որ նոր խնդիրներ էր ստեղծում։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման ծրագրի շրջանակներում 2015-ին իրականացվել են 142,5 հա տարածքի մաքրման աշխատանքներ (տարեկան ծրագիրը՝ 135 hա)։ Լճի մակարդակի իջեցման պատճառով փոխվել է ջրի որակը։ Սևան մտնող ջրի հանքայնությունը աճել է 1,5 անգամ։ Ֆոսֆորի մեծ քանակությանը փոխարինում է ազոտը։ Ջրի լուսաթափանցելիության միջին տարեկանը 12 մետրից դարձել է 4,5 մ, որը հետևանք է Սևանի ավազանում հանքարդյունաբերական գործունեության։

Ջրի մակարդակի անկման և էկոհամակարգի քայքայման հետևանքն է ձկան արդյունաբերական պաշարների ոչնչացումը։ Եթե 1990-ականներին սիգի ձկնապաշարը մոտ 30000 տոննա էր, հիմա՝ 170-180։ Իշխանի 4 ցեղատեսակներից 2-ը՝ ձմեռային բախտակը և բոջակը, այլևս չկան, իսկ գեղարքունին և ամառային բախտակը մնացել են արհեստական վերարտադրության հույսին։ Վտանգավոր է լճափերի քաղաքների և օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելը, լճի հատակը լցվել է տիղմով, բարակել է լճի շերտի հաստությունը, արևի ճառագայթները թափանցում են լճի խորքերը և տաքացնում ջուրը։ Դրա պատճառով լճում սկսել են աճել կապտականաչ ջրիմուռներ, լիճը «ծաղկում» է, որ նշանակում է ճահճացում: Մասնագետները հաշվարկել են, որ Սևանի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է և ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1903,5 մետր։ Այս նիշին գումարվում է նաև ալիքի առավելագույն բարձրության չափը՝ 1,5 մ։ 1905 մետրն այն նիշն է ցամաքի վրա, որից դեպի ջուրը տանող տարածքը պետք է լինի ազատ՝ ջրի տակ անցնելու համար։ Հիմա լճի մակարդակը 1900,49 մ է։ Սևանը ցանկալի նիշին պիտի հասնի 2031-ին։


Փոխարենը՝ ԱԺ-ն արտահերթ երկու նիստերում քննարկեց ու ընդունեց հերթական ջրառի հարցը՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ջրային տնտեսության պետական կոմիտեն լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջուր է ուզում ոռոգման նպատակով: Կառավարությունը հունիսի 23-ին հավանություն է տվել օրինագծին: Հարցի գինը որոշում է ոչ թե Սևանի վիճակը, այլ գյուղատնտեսության վիճակը: Եթե երբևէ գտնվի վարչապետ, որ մտածի Սևանի մասին և որոշի վերականգնել պատմական 1916 մետրի մակարդակը, ստիպված է լինելու երկաթուղին տեղափոխել, Ամուլսարի ու Սոթքի ոսկու հանքերի մշակումը դադարեցնել: Եղել է ժամանակ, երբ կղզում ճեմում էին ֆլամինգոներ, բայց այդ պատկերը անցյալ է, ու այլևս որևէ սերունդ հազիվ այնտեղ տեսնի նրանց, կմնան միայն ավանդական որորները:


Ինչո՞ւ: Որովհետև ջրային ռեսուրսները, բացի բնական ճանապարհով գոյանալուց, ենթարկվում են մարդկային կառավարման ու վատնվում: Երբ անցյալ դարասկզբին կոմունիստները ցամաքեցնում էին Սևանը, նպատակը Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելն էր: Նրանք չունեին բավարար գիտելիքներ, հաշվարկներ, չէին մտածում իրենց քայլերի հետևանքների մասին: Նրանց չհաջողվեց վերացնել Սևանը, այս դարասկզբին՝ գիտական հաշվարկների, բնապահպանների նախազգուշացումների, ռեալ վտանգի առկայությամբ հանդերձ՝ շարունակում ենք Սևանը սպանել: Տարեցտարի Հայաստանի տարբեր կառավարությունները, հիմնավորելով երաշտով, ջրի պակասով, գյուղատնտեսության աղետալի վիճակով, մարդկանց սոցիալական դրությամբ, արտահերթ նստաշրջանով մտնում են ԱԺ և օրենսդիրներից պահանջում լրացուցիչ ջրառ Սևանից, որ ներկայացվում է իբրև փրկության միակ տարբերակ: Պատգամավորները վիճում են, բնապահպաններից ու մասնագետներից մեջբերումներով ապացուցում, որ ամբողջ խնդիրը անորակ ու սխալ մենեջմենտն է, բայց մեծամասնությունը ձայն է տալիս ընդդեմ Սևանի:


Հուլիսի 4-ին էլ օրինագծի քննարկումն անցավ շանտաժի ու դեմագոգիայի սովորական սցենարով: Գլխավոր մեղավորն անհայտ երաշտն է, որի մասին խոսում են միայն հիմա: Գլխավոր պատրվակը՝ 130000 շահառուները, որ այսօր-վաղը փակելու են ճանապարհները ու ասելու են՝ ջուր չեք տալիս, թողնում ենք երկրից գնանք: Սևան-Հրազդան ջրառի տարածքում այս տարի նախորդ տարվա համեմատ Ապարանի և Ազատի ջրամբարներում 17 մլն խմ-ով ոռոգման քանակը պակաս է, Հրազդանի ջրատվությունը պակաս է 47 մլն խմ-ով՝ արտահերթ նիստում ասաց հիմնական զեկուցող, ջրպետկոմի նախագահ Արսեն Հարությունյանը: «Նախորդ տարվա սցենարով ջրամատակարարում իրականացնելու դեպքում Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանները կարող են լրացնել այս դեֆիցիտի շուրջ 50 տոկոսը միայն, այդ իսկ պատճառով Սևանա լճից ջրառը դառնում է անհրաժեշտություն»՝ համարյա լացացրեց նա: Այս ամենին գումարվում են Ախուրյան-Արաքս համակարգի խնդիրները՝ Ախուրյանի ջրամբարի ջուրը 105 մլն խմ-ով պակաս է:


«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանի հարցին՝ ոռոգման համակարգի մաշվածության պատճառով կա՞ ջրի 54-55 տոկոս կորուստ, Արսեն Հարությունյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, բայց կհաստատեմ»: Այսինքն՝ պաշտոնապես ասվում է, որ ոռոգման համակարգում կորուստը 55 տոկոս է՝ 270 միլիոն խորանարդ մետրի կեսից ավելին կորչում է: Բայց բնության մեջ ոչինչ չի կորչում: Սա հենց կոռուպցիայի տոկոսն է ջրային համակարգում՝ ջուրն օգտագործվում է, բայց վերագրվում կորստի: Ովքե՞ր նման արտոնություն ունեն, դժվար չէ պարզել անգամ ջրի ճանապարհը ոտքով անցնելով: Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում արտեզյան ջրերով պահվող ձուկը թղթի համ ունի: Ստացվում է, որ 130000 շահառուների անվան տակ լուծվում են ոչ սոցիալական, ոչ գյուղատնտեսական, ոչ ժողովրդագրական խնդիրներ: Նախ՝ ձրի ջրի, հետո Սևանի ապօրինի կառուցապատման պահպանման, ապա՝ 1000 միլիոն կիլովատտ էլէներգիայի: Այս գերհզոր փաստարկների առաջ ի՞նչ լիճ, ի՞նչ ձուկ, ի՞նչ էկոհամակարգ: Շահը և միայն շահը, ինչ մնա՝ շահառուներին, ում անունից շարքային գողությունն ու սուտը ստանում են պետական քաղաքականության կարգավիճակ՝ հաստատվում կառավարության ու խորհրդարանի մակարդակով: Իսկ հետո նրանք երդվում են, թե սիրում են Սևանը, մտահոգ են, որ լիճը լճակ է դառնում, հետո էլ ճահիճ, ու չեն պատկերացնում Հայաստանն առանց Սևանի, բայց ելք չկա:


Ի դեպ՝ կորուստների մասին. ՎԶԵԲ-ը 2011-ին ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում է հատկացրել 18 միլիոն դոլար, Համաշխարհային բանկը՝ 2013-ին ոռոգման համակարգերի բարելավման նպատակով ՀՀ կառավարությանն է տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ: 7,5 միլիոն դոլար հատկացրել է ՀՀ կառավարությունը՝ որպես համաֆինանսավորում: ՀՀ-ի և KFW բանկի միջև ստորագրված «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերով տրամադրված միջոցները ուղղվել են Կապսի ջրամբարի վերականգնմանը, ենթակառուցվածքների վերազինմանը: 2015-ին սկսվել է «Ոռոգման համակարգի արդիականացում» 5-ամյա ծրագիրը, որն ունի 50 միլիոն դոլարի ֆինանսավորում (Եվրասիական բանկը կհատկացնի 40 միլիոն դոլարի վարկ, 10 միլիոն դոլար էլ՝ ՀՀ կառավարությունը), 2015-2016-ին Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր է ստորագրվել: Հայաստանն արդեն ստացել է 50 մլն եվրո և 48 միլիոն դոլար ոռոգման ցանցը բարելավելու համար: ՈՒ՝ ի՞նչ: Ո՞Ւր են գնացել այդ միջոցները: Հավելեմ, որ Սևանի ջուրը հնարավոր չէ հասցնել այնտեղ, որտեղից Ազատի ջրամբարը կամ Մխչյանի պոմպակայանը ջուր են մատակարարում: Երևանի տարածքում Արտաշատի ջրանցքը այնպիսի կառուցապատման է ենթարկվել (ջրանցքի վրա տներ ու կից շինություններ են կառուցել), որ ջրանցքով 16 խմ/վ ջրի թողունակությունը նվազել է՝ հասնելով առավելագույնը 5-6 խմ-ի: Ամենամեծ ցանկության դեպքում Սևանի ջուրը Արարատյան դաշտ հասցնել հնարավոր չէ՝ մասնագիտական գնահատականով: Կարելի է, իհարկե, փորձել շշերով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Ե՞րբ և ո՞վ այս արատավոր շրջանը կհատի: Հազարամյակներ Սևանը եղել է իր ափերում ու ապրել իրեն հայտնի գաղտնիքներով: Թե ովքեր են եկել ու անցել իր ափերով՝ ոչ ոք չի հիշում ու հետո էլ չի հիշելու, բայց ջուրն ունի հիշողություն ու գիտի վրեժ լուծել:

Դիտվել է՝ 5016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ