Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Լույս քեզ, սիրելի մարդ

Լույս քեզ, սիրելի մարդ
28.03.2017 | 11:49

Մարտի 25-ին ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ մեզնից գնաց հուշի ու պայծառացման մենանվագով: Նրան ճանաչելու իմ բոլոր տարիներին, հատկապես նրա վարչապետ եղած ժամանակաշրջանում, միշտ մտածել եմ, թե ինչով էր նա տարբերվում անկախ հանրապետության մյուս վարչապետներից: Խոսքը, անշուշտ, լավ ու վատ աշխատանքի մասին չէ, և նրա նախորդների հետ զուգահեռելու խնդիր էլ չկա, պարզապես իր անձի հետ կապված մի շատ կարևոր հանգամանք է պետք շեշտել` Մարգարյանի առանձնակի սերն ու վերաբերմունքը մշակույթի մարդկանց հանդեպ, վերջիններիս շրջանում նրա ունեցած այդչափ մեծ հարգանքն ու հեղինակությունը:


...Երբ ապրեցինք անկախության հրաշալի իրողությունը, անմիջապես չզգացինք, որ անկախության բարերար ազդեցության հետ մեծ դժվարություններ ծառացան մանավանդ արվեստի ու մշակույթի առջև. նորանկախ երկիրը հնարավորություն չուներ իրականացնելու արվեստի նոր գործերի ստեղծման ու մշակութային ձեռնարկումների պետական հովանավորչություն: Առաջին հարվածը բաժին հասավ արվեստագետներին, մշակույթի գործիչներին: Եվ ահա այս վերջինների համար Մարգարյանը դարձավ նեցուկ ու համախոհ, աջակից ու պարզապես ընկեր: Խորհրդային տարիներին ազգասիրության համար հալածյալ այդ ազնիվ անհատը լավ գիտեր իր երկրի պատմությունը, գիտեր, թե դարերով պետականություն չունեցող ազգն ինչպես է գրի ու մշակույթի ուժով գոյատևել ու պահպանել իր ինքնությունը: Գուցե պատմությանը քաջատեղյակ լինելու արդյունք էր, որ Մարգարյանը հաճախ պիտի հիշեր պատմահայր Խորենացու նախատինքը. «Կամենում եմ նաև առանց մեղադրական հիշատակի չթողնել մեր հին նախնիների անիմաստասեր բարքերը»: Խորենացին նկատի ուներ ղեկավար նախնյաց, իսկ Մարգարյանը մեր օրերի ղեկավարն էր, և նրա համար ցանկալի չէր լինի այդ նախատինքից բաժին ստանալ:


…Անդրանիկ Մարգարյանի հաշտությա՜ն հորդորը. «Խաղաղ մնացեք ու հաշտ եղեք միմյանց հետ, գումարվեք` ազնիվ մղումների համար, գումարվեք` մեր երկիրը երկիր պահելու համար: Ձեր միջի հաշտությունը պահեք մեր երկրի համար…»:
Նրա այդ հորդորը լուսավոր մի կետ մնաց իր կենսագրության մեջ, լուսավոր կետ, որ նրա բնույթի բնորոշիչը դարձավ` նրան գնահատելիս, նրանից օրինակ վերցնելիս, նրա կերպարը մատնացույց անելիս, ի վերջո, նաև նրանից դասեր առնելիս: Նա ամբողջ կյանքում որոնեց այդ հաշտությունը ոչ իր, այլ իր երկրի համար:
Լույս քեզ, սիրելի մարդ: Լույս քեզ` այսուհետ երկնային ճանապարհներով անխափան անցնելու համար:

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ