Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Բաքվի և Երևանի տվյալները խիստ տարբերվում են

Բաքվի և Երևանի տվյալները խիստ տարբերվում են
26.02.2017 | 17:01

Ադրբեջանի և Հայաստանի ռազմական գերատեսչությունները հայտարարել են ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում բախումների մասին: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ կորուստներ ունեն: Բաքվի տվյալներով՝ ծանր ռազմական բախումը տեղի է ունեցել Խոջավենդ-Ֆիզուլիի ուղղությամբ: Հայկական և ադրբեջանական կողմերի տվյալները իրադարձությունների հաջորդականության մասին խիստ տարբերվում են:


Ադրբեջանի զինվորականների վարկածով՝ հայկական ուժերը գիշերը նախաձեռնել են դեպի «ադրբեջանական դիրքեր լայնամասշտաբ ճեղքումի փորձեր»: «Հակառակորդը փորձում էր տիրել ռազմավարական բարձունքներին: Ադրբեջանցի զինծառայողները հարկադրեցին հայկական կողմին նահանջել՝ զոհեր տալով: Ադրբեջանի զինված ուժերը ևս կորուստներ են կրել»՝ հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հայաստանում պնդում են, որ հայկական կողմի «գրոհի» մասին տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Արդեն մի քանի օր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սրում է իրավիճակը ղարաբաղյան և ադրբեջանական զորքերի շփման գծում և ապատեղեկատվություն է տարածում»՝ հայտարարել են Հայաստանի պաշտպանոթյան նախարարությունում: Ինչպես նշել են Երևանում՝ «հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը և ադրբեջանական կողմին կոչ է անում ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա սրման քայլերից»:


Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը մեղադրել է ադրբեջանական կողմին շաբաթ գիշերը կոնֆլիկտի գոտում զինված բախման վերաբերալ ապատեղեկատվության մեջ: Չճանաչված հանրապետությունում հաստատում են, որ Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում անցել են հարձակման, բայց հետ են շպրտվել՝ կորուստներ կրելով:
Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի միջև սկսվել է 1988-ին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ՍՍՀ-ից դուրս գալու մասին:
BBC


Հ.Գ. Այսքանն է հաղորդել բրիտանական BBC-ին երեկվա իրադարձությունների մասին՝ պահպանված են լուրին ներկայացվող պահանջները՝ ներկայացված են բոլոր կողմերի տեսակետները: Իսկ որտե՞ղ է ճշմարտությունը:
Ռազմական կցորդներին ներկայացված, տեսանյութերով ապացուցված:
Տեսակետ հայտնելու ամբողջ մեկ օր ունեին համանախագահները, հայտարարություն չեղավ: Համանախագահ երկրների արտգործնախարարները ևս մեկնաբանություն չունեին: Թեպետ բոլորն ամեն ինչ գիտեն, հասկանում են ու համոզված են:
Ինչո՞ւ Իլհամ Ալիևը նորից հարձակվելու հրաման տվեց:
1. Երկրորդ անգամ պատերազմով հարցը լուծելու շանս Իլհամ Ալիևին չի տրվի, նա փորձում է հատված առ հատված գրավել «օկուպացված տարածքները»՝ ոգևորված ապրիլյան իր «հաղթանակից»՝ սա մարտավարական քայլ է՝ ռազմավարական պարտությունից հետո դիվանագիտական ճակատում:
2. Իլհամ Ալիևն ամեն ինչ անում է՝ բանակցություններից խուսափելու համար, որովհետև հոդաբաշխ պատասխան չունի, թե ինչու է մերժում բանակցվող տարբերակով տարածքները վերադարձնելը:
3. Քառորդ դար հայատյացության քարոզչության մեջ ապրող երկրին՝ Իլհամ Ալիևը չի կարողանում բացատրել՝ ինչո՞ւ պիտի համաձայնի Արցախի Հանրապետության անկախության կարգավիճակին:
4. Կան նաև ներքին խնդիրներ՝ Իլհամ Ալիևին նորանոր պատրվակներ են պետք՝ ուշադրությունը շեղելու սոցիալական վիճակից: Ապրիլյան պատերազմն Ադրբեջանում ներկայացվեց դարակազմիկ ու պատմական հաղթանակ, որը, սակայն արդյունքներ չի տալիս, մարդկանց պետք է զբաղեցնել նորանոր «պատմություններով»:
5. Որքան էլ Ադրբեջանը բռնապետական երկիր է, մարդկանց մտածել չես արգելի: Արևելյան բարդույթավորված մենթալիտետը դժվարանում է ընկալել կին փոխնախագահի նշանակումը, նույնիսկ եթե նա նախագահի կինն է: Մեհրիբան Փաշաևա-Ալիևայի փոխնախագահ նշանակումից դժգոհության ալիքը պետք էր այլ ալիքով ծածկել:
6. Փետրվարը Ադրբեջանի համար դժվար ամիս է՝ այս տարի լրանում է Խոջալուի դեպքերի 25-ամյակը՝ Բաքուն փորձեց սեպը սեպով հանել: Բայց՝ հետևանքը նույնն էր քառորդ դար անց էլ:
7. Բաքուն ոգևորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բացահայտ պարիտետային հայտարարություններից, թեպետ իրավիճակը բոլորին հայտնի է, և փորձում է ռազմական ճանապարհով բանակցային սեղանի շուրջ իրավիճակ փոխել՝ իր համար ապահովելով ինչ-որ առավելություններ կամ նոր ելակետեր:
8. Արդեն հայտարարվել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնելու է Մոսկվա, Էլմար Մամեդյարովը նույնիսկ հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ փորձելու է բանակցությունները մեռյալ կետից շարժել: Իսկ այդ «շարժի» համար Բաքվում անհրաժեշտ են համարել ռազմական նախադրյալը՝ վստահ, որ հաջողության են հասնելու:
9. Ադրբեջանը չի հրաժարվում սուբստանցիոնալ բանակցությունների գաղափարից, համարելով, որ իրավունք ունի ստանալ ամեն ինչ և հիմա՝ չտալով ոչինչ և երբեք և փորձում է իր իրավունքներին հիմնավորումներ տալ:
10. Բաքուն այլևս չի կարողանում բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալելու շոուներով պատասխանել հարցին, թե ինչու իր «հաղթանակները» աշխարհը չի ընդունում, օրինակ՝ ինչպե՞ս Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության հանրաքվեին այդքան արտասահմանցի դիտորդներ կային, ու ի՞նչ անել այլևս:
Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ է Բաքուն իր արարքների մեջ մեղադրում հայկական կողմին, թեպետ զոհված ադրբեջանցիների դիակները չեզոք գոտում խոսուն ապացույց են նույնիսկ կողմնակալ կողմերի համար: Ի վերջո, ժամանակակից տեխնիկական միջոցներով հարձակվողին, պաշտպանվողին, հակահարձակվողին հնարավոր է տարբերել իրարից: Որովհետև Ադրբեջանի նախագահի համար այլևս միևնույն է, թե իրեն ինչի մեջ կմեղադրեն: Նա համարում է, որ ինքը ոչ միայն ուժեղ է, այլև արդար է ու արդարությունն է վերականգնում: ՈՒ այդ տեսակետի մեջ նրան համոզել են: Ո՞վ և ինչո՞ւ: Հարցը արդեն քաղաքական է, իսկ քաղաքականության մեջ երբեք չեն լինում միանշանակ պատասխաններ: Կշարունակի՞ Բաքուն իր գրոհները: Այո: Իլհամ Ալիևը իրեն մտցրել է մի փակուղի, որտեղից ելքը տեսնում է միայն ռազմական ճանապարհով, բայց այս պայմաններում Բաքուն մեծ պատերազմի չի հանդգնի: Ոչ միայն «Իսկանդերների» պատճառով: Ալիևը կարող է կորցնել գահը, որ մտադիր է ժառանգել որդուն: Թե ե՞րբ նա կհասկանա, որ իր քաղաքականությամբ ավելի է ամրապնդում ստատուս քվոն, անհայտ է, հայտնի է, որ զենքը անպայման կրակում է, նույնիսկ եթե կախված է պատից, իսկ Բաքուն մեկ տասնամյակ զինվել է ոչ միայն հայատյացությամբ, այլև գերժամանակակից հարձակողական զենքերով: ՈՒ՝ ոչ հանուն խաղաղության ու կայունության:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2439

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ