Շվեդիայի կառավարությունը դադարեցրել է ուղիղ համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ՝ երկրում դեմոկրատիայի նահանջի, մասնավորապես, օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրենքի ընդունման պատճառով։ Շվեդիայի միջազգային համագործակցության նախարարի փոխանցմամբ՝ Ստոկհոլմը պատրաստ է վերականգնել համագործակցությունը, եթե Վրաստանը կրկին փոխի քաղաքական գիծը, ինչը քիչ հավանական է թվում, քանի դեռ «Վրացական երազանքը» մնում է իշխանությունում։               
 

Գերեզմանոցի պահակի օրագիրը

Գերեզմանոցի պահակի  օրագիրը
17.02.2017 | 09:55

ՕՐ ԱՌԱՋԻՆ։ Աշխատանք փնտրելու երկար տառապանքից ու հեղինակավոր միջնորդություններից հետո վերջապես ինձ վստահեցին գերեզմանոցի պահակի գործը։ Տնօրենը, սովետի ժամանակվա 5-աստղանի կոնյակն ըմպելիս, հանդիսավորությամբ խրատեց. «Արվեստագետ ախպե՛ր, փառք տուր Աստծուն, որ հիմնական գործդ մեռելների հետ է, բայց քեզ առոք-փառոք պահելու են նրանց ողջերը։ Մենք չափից ավելի մեռել սիրող ու հարգող ժողովուրդ ենք, նույնիսկ կիսասոված երեխայի հացի վերջին փողը կտանք գերեզման սարքելուն։ Մեկը փող կտա գերեզմանը պահելու համար, մյուսը՝ բարեկարգելու և սարքելու, մարդ կա՝ ուղղակի տալիս է, որ իր մեռելի մասին չասեն՝ անտեր մեռել է։ Բա՜, մեռելներին էլ տեր է պետք։ Դե՛, նոր տեղը թանկ է՝ էն էլ կենտրոնական մասերում, իսկ որոշ հիմարներ ասում են, թե հայրենի հողը գրոշ չարժե. թաղման պահին նոր են զգում, որ թանկ է։


Լինում է, որ հին մեռելների տերերը փող կտան, որ չթողնես իրենց պապերի մոռացված գերեզմանը քանդեն և նրա տեղում ուրիշ մեռել թաղեն։ Լսած կլինես՝ ճարպիկ սեփականատերերը նույն տունը մի քանի անգամ մի քանի հոգու վրա են վաճառում, հետո ծլկում։ Բայց ով լավ տեր ունի, մարսում է։ Իսկ մեռելներն ինչո՞վ են պակաս։ Նույնիսկ հին մեռելի վրա նորն են թաղում, և մի խունկը երկուսին բավարարում է, մի կեսբերան ողորմին էլ` երկուսին գոհացնում: Աստված շատ ներողամիտ է, Աստված նրա համար է, որ անընդհատ ների, իսկ մենք ինքնահանգստացման համար նրան խնդրենք. «Տե՛ր, ներիր բազմամեղիս»։
Աստծուց ավելի շատ քահանաներն են ներողամիտ։ Երբ քահանային լավ վճարում են, մեռած սրիկային հենց գերեզմանում սուրբ է դարձնում, տգետին՝ փիլիսոփա, տառերը չճանաչող պաշտոնավորին՝ Մեսրոպ Մաշտոց, թալանչուն՝ բարերար, մարդ ծախողին՝ ազգային ու պետական գործիչ, իսկական բոզին՝ հրեշտակ։ Իսկ որ չափից շատ են վճարում, մի սրբապիղծ տականքի գերեզմանից հանում բազմեցնում են երկնային դրախտի հրեշտակների պարտեզում։ Իմացած եղիր՝ այնտեղ էլ կաշառք կա. էստեղ՝ հողի վրա, ավելի շատ հրեշտակ կա, քան երկնքում։ Նույնիսկ պատահել է, որ հին մեռելը շատ գեղեցիկ կին է եղել, ու նույն փոսում նրա վրա թաղել են օտար տղամարդու... Ա՜յ քեզ շառ ու փորձանք. խանդի հողի վրա կռիվ է եղել...
Գերեզմանոցում մի մեծ առավելություն կա՝ քաղաքական կայուն մթնոլորտ է, դիմադիր ու ընդդիմադիր չկա։ Չնայած որոշ գործիչներ մեկ-մեկ էլ անգամ հին մեռելներին ընտրության են տանում։ Շատ օգտակար է՝ ձայնը հաշվում են, բայց ուտել-խմել, փող տալ չկա։ Ա՛յ, էդտեղ են ասում՝ նրանք միշտ մեզ հետ են...


Հա՛, չմոռանամ՝ գիշերները ուշադիր կլինես, որ մետաղե ցանկապատերն ու բրոնզե կիսանդրիները չգողանան և որպես մետաղի ջարդոն հանձնեն։ Եթե բռնեն, մեռածի գլխից ավելի շատ քոնը կցավի: Թե որ մի ժուռնալիստ էլ գրեց, հացներս կերանք։
Համ էլ՝ գերեզմանոցում ավելի լավ կիմանաս, թե ինչ է կատարվում դրսի աշխարհում։ Հայկական ռադիոն ու ԲիԲիսի-ն հեչ բան են գերեզմանոցի ինֆորմացիայի դիմաց։ Բա՜, մտավորական ախպե՛ր ջան, շատ լուրջ մասնագիտություն է: Բայց ով հանկարծ ղեկավարի նալոգները ուշացնում է, կարող է մի վճարովի տեղ էլ իր համար փորեն։ Մի խոսքով, էս թառլան գործի եկամուտներից իմ բաժինը ամսվա վերջին օրը կբերես գրասենյակ։ Եվ հետո՝ իմացած եղիր, որ աշխատավարձդ մենք կստորագրենք ու կստանանք. նալոգ ենք տալու վերևներին։ Իսկ քո աշխատավարձը մեռելատերերից կուզես։ Համ էլ՝ քո հաշվին հաց չես ուտելու: Ամեն օր թաղումից հետո հոգեհաց են թողնելու շիրմաթմբին, շշերով օղի, բաստուրմա, սուջուխ... Օրը մի քանի թաղում, քեֆ արա մեռածների հաշվին, ձեռքի հետ ընտանիքդ էլ ձրի կպահես։ Էսօր ո՞ւմ սեղանին էդքան բան կա ամեն օր։ Աչքիս՝ շատ ես չաղանալու։ Նայիր տե՛ս, եթե շատ մտերմանաս մեռելներին, ողջերին ավելի շատ կատես: Մեռելները փակբերան են, դու էլ նրանց պես լուռ կմնաս, թե չէ էս աշխարհում բերան փակելու հազար ու մի ձև կա։ Դե՛, մեռածի բաց բերանը բինտով մի քանի ժամ կապում են, ու նա հավերժորեն փակվում է որոշ չխոսկան պատգամավորների քարկապ ընկած բերանների պես։ Է՜, ոտքդ խերով լինի գերեզմանոցում: Հա՛, քեզնից առաջ մի պահակ կար, իր համար առանց գրանցման հող էր վերցրել ու իր փոսը նախապես փորել էր։ Բախտը չբերեց, պահակության ժամանակ չմեռավ, ու էդ ձրի փոսը անտեր մնացել է։ Որ լավ ուզող լինի, կծախես։ Դե՛, բարի գալուստ գերեզմանոց, քո թագավորությունը...»։


Գիշերվա ժամը չորսին, պահականոցի լույսը հանգցրել, փոքրիկ պատուհանից հսկում էի իմ թագավորությունը: Մեջս անբացատրելի երկյուղ կար, թեև աշխարհում դեռ ոչ մի հանգուցյալ գերեզմանից դուրս չի եկել: Նկատեցի, որ երկու հոգի կամաց զրուցելով մոտեցան պահակատանը: Շները չհաչեցին, վազելով մոտեցան նրանց: Մեկը շների գլուխները շոյեց, մյուսը՝ ուտելիք գցեց դեմները: Օհո՜, ուրեմն շների հետ հին ծանոթներ են: Որոշեցի լուռ հետևել՝ գերեզմանաքարերի հետևում թաքնվելով: Երևի զինված էլ կլինեն...
-Լսի՛ր, էս ցանկապատի մետաղը մի տոննա կլինի, բայց տանելը դժվար է, արի էն գիտնականի բրոնզե գլուխը տանենք, լավ էլ թանկ է,- շշնջաց բոյովը:- Վաթսուն տարվա գլուխ է, բայց հիմա վեց վայրկյանում լոմով կպոկեմ։
-Չէ՛, չէ՛, հանկարծ չպոկես, էդ գիտնականը, ասում են` կարգին մարդ է եղել, ողորմի իրեն, հետո՞ ինչ, որ ճարահատ գերեզմանոցի գող ենք դարձել, վերջը՝ հոգի ունենք տալու։ Էդ փողով առած հացը էրեխես չի մարսի: Էն պաշտոնավորի արձանին մոտեցիր՝ ցերեկը որ նայում էինք: Ասում են՝ տականքի մեկն է եղել, զրպարտիչ ու մարդ ծախող, ոչ ոք չի սիրել իրեն, նույնիսկ բարեկամները։ Իր էրեխեքին անտեր թողել է, ուրիշ երկիր է գնացել փողերը մենակ լափելու, մեռնելուց հետո բերել են Հայաստանում թաղել: Էս ինչի՞ց է, որ շատերի համար մեռնելուց հետո է հայրենիքը քաղցրանում. ոնց որ թե էս երկիրը ձրի գերեզմանոց է: Ես գերեզմանոցի գող կմնամ, բայց Հայաստանից չեմ գնա: Ես իմ էս մեղքերը մի օր կքավեմ, երբ աշխատանք ունենամ, ձեռքս փող ընկնի: Դե՛, մարդ էլ կա, հեչ ճար չուներ, գնացել է, բայց որ միլիոնատերն է գնում... Աստված չանի, էս նոր սկսած պատերազմը որ երկարի, կգնամ կկռվեմ, մենակ էրեխեքիս մի կտոր հաց տվող լինի: Ասա՝ այ տնաշենի պետություն, էդ էլ չե՛ս անի: Էս հարուստի ցանկապատի կեսը տանենք, էրեխեքին գոնե մի շաբաթվա հացի փող կլինի:
Էդ պահին հանկարծ հիշեցի տնօրենի խոսքը «Որ գողեր երևան, շտապ զանգիր ոստիկանություն։ Կբռնեն, մի բան էլ քեզ կտան, եթե մեկ-մեկ էդպես ժամանակին զանգես»: Լա՛վ, ասենք՝ զանգեցի, եկան, էս երկուսին բռնեցին ու նստեցրին, դրանց էրեխեքն էլ անտեր մնացին ու սոված կոտորվան, հետո՞: Սուսուփուս նստեցի մի գերեզմանաքարի հետևում: Մի տասը րոպեում ցանկապատի կեսը քանդեցին տարան: Եկա պահականոց, բայց լույսը չվառեցի, որ չխրտնեցնեմ գողերին: Ճակատս քրտինքի մեջ էր՝ հանկարծ չբռնվե՞ն դրանք, ու ոստիկանները ինձ էլ գողության մասնակից սարքեն։ Դե լա՛վ, լուսացնեմ, տեսնեմ գլխիս ինչ է գալու։


ՕՐ ԵՐԿՐՈՐԴ: Գիշերվա երկուսն էր՝ մեղմ ու լուսնկա: Շներին տարել կապել էի գերեզմանոցի հեռու անկյունում: Մտածում էի, թե էս գիշեր ինչ փորձանքների մեջ եմ ընկնելու: Աչքս դարպասի կողմն էր: Տեսնեմ՝ երկու հոգի դանդաղ մոտեցան զինվորի գերեզմանին: Մեկը շիրմաթմբին ինչ-որ բան փռեց, հետո երկու շիշ խմիչք դրեց, անձայն լցրեց բաժակները: Մյուսը բաժակը վերցրեց ու ոտքի կանգնեց: Չհասկացա, թե ինչպես՝ ակամա ես էլ կանգնեցի, անբաժակ ձեռքս մնաց օդի մեջ... Եթե նստեմ, շարժումս կնկատեն, ավելի լավ է՝ անշարժ կանգնեմ, կկարծեն՝ հին մահարձան եմ։


-Ախպե՛ր ջան, եկել ենք մի երկու բառ խոսենք քեզ հետ,- հանգուցյալին դիմեց նրանցից մեկը: -Ցերեկով ինչքան երկերեսանի ասես գալիս է ու խոստումներ տալիս, բայց դեռ մի համեստ շիրմաքար էլ չեն սարքել քեզ համար։ Երդվում ենք՝ քո զավակներին մեր էրեխեքի պես կնայենք, փող կհավաքենք, որ գոնե մի բնակարան գնենք ընտանիքիդ համար։ Անտուն մարդու ցավով գնացիր. Էդ թշնամու գյուլլից էլ ծանր է... Սահմանի վրա վերջին խոսքդ էդ էր. «Գոնե մի տանիք լիներ էրեխեքիս գլխին»... Հպարտանում էիր, որ պապերդ ֆիդայի են եղել, թեև հայրենիք են կորցրել, բայց հոգին ու երազը՝ ոչ։ Ամբողջ մարտի ընթացքում երգում էիր՝ «Հրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ»... Ափսո՜ս դու շուտ գնացիր, էն էլ՝ ոչ Էրգիր...
Լուռ խմեցին ու կամաց երգեցին իրենց ընկերոջ երգը։ Ինձ թվաց, թե բոլոր մեռելները լսում էին, իսկ հանգուցյալ ընկերը իրենց հետ երգում էր՝ «Պիտի գնանք վաղ թե ուշ»...
-Դե լա՛վ, գնանք: Հա՛, էս հացն ու միսը փաթաթենք, քար դնենք վրան, առավոտը պահակը կվերցնի, մի բաժակ էլ կխմի ու ողորմի կտա մեր ախպորը...


Երբ գերեզմանոցից հեռացան, շտապ մոտեցա շիրմաթմբին, հացի կապոցը բացեցի, բաժակը օղի լցրի ու ոտքի կանգնեցի: Նայեցի շիրմաքարերին, նրանք ինձ լսում էին, լսում էին նաև լուսինը, մեղմ քամին, մռայլ ամպը, ողջ տիեզերքը. «Զինվո՛ր ջան, ների՛ր, որ մենք ապրում ենք, իսկ դու... Մենք մեղավոր չենք, որ մեզ գնդակ չի հասել, բայց մեղավոր ենք, որ քո զավակները դեռ տուն չունեն»: Խմեցի մինչև վերջ, նստեցի շիրմաթմբի կողքի քարին ու գլուխս ափերիս մեջ առա։ Չզգացի, թե ինչպես կոպերս կամաց փակվեցին։ Երազում իբր մարդիկ էին հավաքվել և բնակարանի բանալիներ էին բաժանում կռված տղերքին։ Ես վազեցի ու բաժանողից մի բանալի խնդրեցի էս ֆիդայու ընտանիքի համար։ Երազում, բանալին ձեռքիս, վազում էի... Աչքերս բացեցի, արդեն ադամամութ էր։ Այդ գիշեր ես բարեկամացա գերեզմանոցին ու անտուն զինվորին։ Մենք նրան բանալի պարտք մնացինք։


ՕՐ ԵՐՐՈՐԴ: Ես արդեն գլխի էի ընկել, որ գերեզմանոցի գիշերային գողերը նախորդ պահակների, նույնիսկ պահապան շների հետ ջերմ կապեր էին հաստատել ու աշխատել անգամ գրաֆիկով։ Քանի որ ինձ հետ դեռ չէին բարեկամացել, գաղտնի էին գործում։ Ես արդեն չէի մտածում պարտականություններիս մասին ու փորձում էի կյանքը ճանաչել մեռելներով. ողջերը շատ են կեղծում։
Գիշերվա ժամը չորսի կողմերը չորս հոգի մոտեցան նոր շիրմաթմբին։ Թաքնվեցի մոտակա գերեզմանաքարի հետևում։ Խմբի ղեկավարը հրահանգում էր, թե որ պսակներն ու ծաղիկները տանեն. «ՈՒշադի՛ր կլինեք, պսակների վրայի գրությունները զգույշ պոկեք, որ բռնվելիս չապացուցեն՝ որ գերեզմանոցից է։ Հա՛, դանդալոշ, էն անգամվա պես չանես, որ մի մեռելի գրությունով պսակը դրել էիր ուրիշ մեռելի դագաղի վրա։ Հանգուցյալի որդին էլ, քո բախտից, գլխի չէր ընկել և ներողամտորեն ժպտացել էր. «Էս մեր ախպերը իր մորքուրի անունը մոռացել է, ուրիշի անուն է գրել»: Լրիվ չվերցնեք, ծաղիկների մի մասը թողեք մեռելին, իսկ ով սրտից թույլ է, թող մի բերան ողորմի շշնջա։ Էս քյասիբ մեռել էր, երևի իր հին շորերով էլ թաղել են։ Ասում են՝ էդ հարուստ եվրոպաներում թղթե էժան շորեր են հագցնում հանգուցյալին։ Էդ էլ մի բան չի»։


-Ապե՛ր, էս նոր պահակը մոռացել է տանել խմիչքն ու սնունդը, եկեք մի բաժակ խմենք, մեր գործին հաջողություն...
Բաժակները լցրին։ Խմբի ղեկավարը գլխարկը հանեց, բոլորը լռեցին։
-Տե՛ր Աստված, մենք մեղավոր չենք, որ գերեզմանոցի գող ենք դարձել։ Մի տարի աշխատանք փնտրեցի, բանվորության տեղ էլ չկար։ Հիվանդ էրեխեքիս դեղերի փողը պարտքով վերցրի ու մի քանի ամիս փախչում էի բարեկամիս աչքից։ Կինս սրա-նրա տանը լվացք էր անում, լուսամուտ ու գետին սրբում, որ հացի ու դեղի փող լինի։ Մի օր էլ մտքովս ինքնասպանություն անցավ, բայց հենց երեխաներիս նայեցի, ամոթից լաց եղա։ Տե՛ր Աստված, ներո՛ղ եղիր, բայց գերեզմանից ծաղիկ տանելը և երեխաներին պահելը ինքնասպանությունից ճիշտ է։ Շատ կուշտերը դա չեն հասկանա, իսկ մեռածները, համոզված եմ, մեզ կներեն այնքան ժամանակ, քանի դեռ մենք անգործ ենք, և մեր երեխաները սոված են ու հիվանդ։ Տե՛ր, մի խնդրանք ունեմ՝ մեր երկրին ուժեղ բանակ տուր, իսկ մեզ՝ աշխատանք։ Ողորմի՛։
Չորսն էլ անձայն խմեցին, մի քանի վայրկյան անշարժ մնացին։ Նրանց դեմքերը չէի տեսնում, բայց հասկացա, որ բոլորն էլ հուզվել էին խմբի ղեկավարի ցավոտ խոստովանությունից։ Նրանց հեռանալուց հետո շիրմաթմբի պսակներն ու ծաղիկներն այնպես դասավորեցի, որ ցերեկով եկողները չզգան ոչ մի բան։


ՕՐ ՉՈՐՐՈՐԴ։ Գերեզմանոցի մուտքի դարպասները բաց էին։ Ժամը երեքի կողմերը երկու «Ջիպ» արագ մտան տարածք, միջի եղածները իջան ու կանգնեցին դեմ դիմաց։
-Դե, հմի կջոկենք՝ ով ա լավ տղան։ Դու ո՞վ ես, խի էդքան կա՞ս, որ իմ ավտոյից ըտենց արհամարհական անցնես ու հլա մի հատ էլ իմ կողմը թեք նայես։ Չես ջոկո՞ւմ՝ որը որից հետո ա, հմի ստեղ քո հմար մի հատ հարմար փոս կճարեմ,- մի խմբի գլխավորը սպառնաց մյուսին։
-Արա ախպե՛ր, մենք էլ ընենց՝ ոչինչ, կարաս Խչոյից հարցնես… Ես էդքան տղա կամ, դաժե Ճուտին մի անգամ նակազատ եմ արե,- պատասխանեց մյուս թիմի ղեկավարը։
-Պահո՜, դո՞ւ Ճուտին նակազատ անես… Հմի կզանգեմ Գնդլին, որ սուտ եղավ, դու չկաս, դու դիակ ես,- սպառնաց առաջին խմբի «խառոշին»։
-Զանգի հենց հմի։ Որ ճիշտ եղա, քեզ էլ դաննի մամենտ նակազատ կանեմ, մի փոս էլ ես կճարեմ քո հմար, մի հատ էլ քար կքաշեմ վրեդ ու կգրեմ՝ հարիֆ դիշովկա, հետո ի՞նչ, որ քեռիդ գեներալ ա,- իր հերթին սպառնաց երկրորդը։
Երկու թիմերի տղերքը գրպաններից զենքեր հանեցին։ Ես վազեցի շների կողմը, կապերը քանդեցի ու քսի տվեցի։ Շները հաչոցով սլացան տղաների կողմը։ Մի քանի վայրկյանում բոլորը լցվեցին մեքենաներն ու փախան։


ՕՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ։ Մեկը դանդաղ մոտեցավ մի ճոխ գերեզմանի, ձեռքին դույլ կար։ Մի քիչ սպասեց, հետո սկսեց բարձրաձայն հայհոյել. «Ե՛ս քու գերեզմանը… Կարծում էիր անմա՞հ ես, պաշտոնո՞վ էիր թպրտում, ինչքան մարդու ես հացից զրկել։ Կաշառք վերցրիր, իսկական մեղավորին դատարանում սուրբ սարքեցիր ու անմեղ տղայիս տարար բերդերը գցիր, վերջը՝ դանակը սիրտը խրեցին…»։
Մի քանի անգամ հայհոյանքով կաշառակերի ողջերին ու մեռելներին հիշեց, հետո դույլը շուռ տվեց գերեզմանին և հայհոյելով էլ հեռացավ… Վազեցի դեպի գերեզմանը։ Դույլով գարշահոտ կեղտ էր լցրել ճոխ շիրմաքարի այն հատվածին, ուր ոսկեգույն տառերով գրված էին նրա անունը, ազգանունն ու հայրանունը։ Կեղտը փակել էր նաև ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ բառերը։


ՕՐ ՎԵՑԵՐՈՐԴ։ Գիշերային քամին անարգել պտտվում էր գերեզմանների արանքներում ու սվսվոցով խոսում ինքն իր հետ։ Նստեցի անտեր շիրմափոսի կողքին, մտածում էի. «Տեսնես ո՞ւմ վերջին տունն է լինելու էս քարքարոտ փոսը»։ Օրագիրը հետս էի վերցրել՝ երբ լուսինը դուրս գա, տեղում գրեմ։ Կոպերս ծանրացան։ Չգիտեմ ինչքան էի քնել, բայց գեշ երազից վեր թռա։ Երազում դրսից մոտ հարյուրի չափ մարդ լցվեց գերեզմանոցը։ Նրանց ճակատին տառեր էին գրված, բոլորի սկզբում Հ տառը կար։ Մեկը հայրենիք էր գոռում, մյուսը՝ խաղաղություն ու աշխատանք, էն մյուսը՝ մի քանի անգամ բարձր աշխատավարձ ու նոր աշխատատեղ, մեկ ուրիշը՝ օրենք ու արդարություն… Գոռում էին ու սպասում, որ շիրմափոսերից դուրս եկած մեռելները ծափ տան։ Բայց մեռելները լուռ էին։ Մի քանիսը փող տվեցին, բայց էլի լուռ էին։ Հետո զոռով ստիպում էին, որ խոսեն, ժպտան… Մեկը գոռաց. «Հա՜, որ լուռ եք, ուրեմն՝ բոլորդ միաձայն եք, դեմ չկա՛, դուք կերտում եք ձեր ապագան»։ Որոշեցի շիրմափոսի հենց կողքին մնամ, գուցե նորից քնեմ ու իմանամ էդ ժողովի ավարտը։

…Առավոտյան գերեզմանոցի անտեր շիրմափոսը շրջապատել էին ոստիկաններն ու բժիշկները։ Դատաբժշկական փորձագետները ճշտում էին շիրմափոսում գլխիվայր ընկած դիակի ով լինելն ու մահվան պատճառը։ Մի բժիշկ գտել էր օրագիրը և ընթերցում էր։ Քիչ հետո գրպանից հանեց գրիչն ու վերջում ավելացրեց.


ՕՐ ՅՈԹԵՐՈՐԴ։ Գերեզմանոցի պահակի սիրտը պայթել է ինֆարկտից։
Գերեզմանոցի տնօրենը հայտնեց, որ հենց այդ շիրմափոսում էլ կհուղարկավորեն պահակին։

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 183613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ