ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
17.02.2017 | 00:25

(սկիզբը` այստեղ)

Պետք չէ զարմանալ ժամանակակից հայ չինովնիկական «աստղաբույլի» որդեգրած գաղափարախոսության վրա։ Հիշյալ չինովնիկական «փաղանգը», ըստ էության, ապազգային է։ Մինչ օրս այն աշխատել ու շարունակում է աշխատել՝ անտեսելով Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերը։ Մեր չինովնիկներն աշխատում են իրենց ընտանիքի անդամների բարօրության համար:
Քաղաքակիրթ աշխարհում նման իրավիճակը անխուսափելիորեն տանում է դեպի կրախ, որովհետև «ով էշ՝ ես փալան» սկզբունքը, որի վրա է հիմնված ժամանակակից հայկական ներքին ու արտաքին քաղաքականությունը, կավե ոտքեր ունի, առաջ գնալ չի կարող:
Խորհրդային Հայաստանի առողջ տնտեսությունը հիմնված է եղել սերունդների ջանքերով ստեղծված հզոր արդյունաբերական պոտենցիալի վրա, որն այսօր չկա, այն պետք է վերականգնել՝ առանց ժամանակ կորցնելու։ Քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանը մեկ ելք ունի. պետք է աշխատել՝ զարգացնելով կիրառական գիտությունը, ստեղծելով ժամանակակից արդյունաբերություն, էկոլոգիական գյուղատնտեսություն և այլն, որոնք կարող են կյանքի կոչվել մեր գիտնականների, ինժեներների ու բանվորների համատեղ աշխատանքի շնորհիվ։ Սակայն այդ ամենը չի արվում ու չի էլ արվի։ Ինչո՞ւ։ Հիմնական խոչընդոտները երկուսն են.


ա) իրեն հարգող մասնագետը երբեք չի գնա ծառայելու կոռումպացված չինովնիկության անձնական շահերին, հետևողականորեն հետևելու է «ՍՈՍՏՉ տՐՌՉպՑ, ՑՈՍՏՉ Ռ ՏՑՉպՑ» հանրահայտ սկզբունքի տրամաբանությանը, կսպասի մինչև չինովնիկական անժամկետ խրախճանքն ի վերջո ավարտվի, անհաջողության մատնվի,
բ) կոռումպացված չինովնիկությունը վճռականորեն դեմ է, որ Հայաստանում կազմակերպվի ժամանակակից գիտատար արդյունաբերություն՝ առանց յուրայինների վճռական ներկայացուցչական մասնակցության (ներդրումների կամ ներքին ներդրումների մասին խոսելն ավելորդ է, դրանց մասին խոսք լինել չի կարող, դրանք բացառվում են ու առայժմ շարունակելու են մնալ զրոյական մակարդակի վրա):
Ասում էին, թե Քոչարյանի օրոք կարևոր բիզնեսների մեջ «օրթախական» մասնակցությունը Հայաստանում հասել էր 30 տոկոսի, այժմ 50 տոկոս է: Հիշյալ թվերը միայն հայկական իշխանական շերտերում տիրող ռեկետային տոկոսները չեն։ Հիշյալ հիվանդությունն ավելի մեծ կամ փոքր չափերով տարածված է հետխորհրդային բոլոր երկրների գործարար աշխարհում:
Պրոֆեսոր Սամվել Գևորգյանը խնդրել է հրապարակել իր հետևյալ տեսակետը, որին, համոզված եմ, համամիտ են այն բոլոր հայ գիտնականները, որոնք իրենց սրբազան պարտքն են համարել այս դժվարին ժամանակաշրջանում մնալ Հայաստանում և օգնել սեփական ժողովրդին դուրս գալու այս ծանր դրությունից:


Սամվել Գևորգյանի երկարատև ու բեղմնավոր աշխատանքի շնորհիվ ստեղծվել են բազմաթիվ ունիկալ էլեկտրոնային սենսորներ ու սարքեր, որոնք կարող են լայն կիրառություն գտնել բանակում, մասնավորապես, նրանց միջոցով հնարավոր է մի քանի կիլոմետրից արձանագրել հակառակորդի կենդանի ուժի ու տեխնիկայի շարժը: Առաջնագծում կանգնած զինվորների համար դա ուղղակի փրկություն կլինի, բայց սա դեռ ամենը չէ, սարքերը կարող են կիրառվել մարտի ժամանակ՝ ֆիքսելով հրթիռների ու արկերի արձակման տեղն ու պահը, որը հնարավորություն կտա օպերատիվ ձևով լուծելու հակառակորդի ակտիվ թիրախների ճիշտ ընտրության ու չեզոքացման խնդիրը, լուծելու հարձակողական և պաշտպանության բնույթի տարբեր խնդիրները: Պրոֆեսոր Գևորգյանը իր աշխատանքները սկսել է ղարաբաղյան պատերազմի օրերին՝ հայոց բանակի համար, բայց, շփվելով մեր կոռումպացված չինովնիկության հետ, եկել է այն պարզ մտահանգմանը, որ իր գործերը հայրենիքում պետք չեն, ավելին, համոզված է, որ չարժե գործ ունենալ ո՛չ ՀՀ կառավարության, ո՛չ պաշտպանության նախարարության, ոչ նախարարությունների ու հայկական մյուս պետական կազմակերպությունների հետ. ամեն տեղ համատարած կոռուպցիա է, հնարավոր չէ աշխատել:


-Պուտինի կողմից մի ներկայացուցիչ էր եկել,- պատմում է պրոֆեսորը։- Ազգությամբ հայ էր, խոստանում էր ներդրումներ բերել իմ աշխատանքների համար։ Բայց 80-տոկոսանոց «ատկատ» էր ուզում։ Միանգամից հրաժարվեցի։ Առայժմ ավելի նպատակահարմար է աշխատել Ամերիկայի ու Սինգապուրի, բայց ոչ Հայաստանի ու ԵԱՏՄ-ի հետ:
Իմ սեփական թվերը ավելի տպավորիչ են։ 2013-ին հնարավորություն կար Գորբաչովի հիմնադրամի «Կանաչ խաչ» միջազգային կազմակերպությունից ստանալու 8 միլիոն դոլարի ներդրում՝ Սպիտակում հելիոտեխնիկական գործարան կառուցելու համար: Կազմակերպչի պայմանը այսպիսին էր.


-ՈՒթից մեկ միլիոնը կստանաս գործերիդ համար։ Ընդամենը։
Յոթ միլիոնը, իհարկե, «ատկատներն» էին, որոնք կազմելու էին ընդհանուր գումարի 87,5 տոկոսը: Փորձենք հասկանալ, թե ինչ ասել է 80 կամ 87,5 տոկոսը: Գիտնականը հանուն հայրենիքի ու վեհ գաղափարների պետք է զոհասեղանին դնի իր տասնյակ տարիների աշխատանքի արդյունքները, գիտական աշխատանքների առևտրայնացման համար ստանա ներդրվող գումարների 12,5-20 տոկոսը, օրենքի առաջ պատասխան տա ներդրվող ողջ գումարի համար։ Իսկ միջնորդները, որոնք, սովորաբար, լինում են գործող իշխանությունների ներկայացուցիչները, ստանալու են ներդրման գումարի 80-90 տոկոսը՝ «քաշ» փողի տեսքով ու առանց մի կաթիլ քրտինք թափելու: Դե ե՛կ, գիտնական, ու մի՛ խենթանա:
Իրեն հարգող գիտնականը նման քայլի չի գնա, որովհետև, բացի բացահայտ թալանից, դա անուղղակի անվանական անցաթուղթ է դեպի բանտախուց: Գիտնական դառնալու, գիտության ճանապարհով գնալու մոտիվացիաների մեջ է մտնում նաև օրենքով ապրելու, օրենքի հետ խնդիրներ չունենալու ներքին մղումը` դառնալ գիտնական, աշխատել ու ապրել սեփական խելքով ու մշտապես մնալ ազատության մեջ: Քաղաքական գործիչների մոտ հակառակն է. լավ քաղաքական գործիչ դառնալու համար պետք է որոշ ժամանակով բանտ նստել, իրենց քաղաքական կարիերան այդպես են սկսել Պարույր Հայրիկյանն ու Անդրանիկ Մարգարյանը, այդ ճանապարհով են անցել «Ղարաբաղ» կոմիտեի տղաները: Ճիշտ է, վերջիններիս «Մատրոսկայա տիշինան» շատ կարճ տևեց ու, ավելի շուտ, նման էր հատուկ դասընթացների՝ կազմակերպված ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախագահ Կրյուչկովի կողմից, բայց, ամեն դեպքում, դա կարևոր «շկոլա» էր, որը պետք էր անցնել՝ ժողովրդի մեջ ազգի «փրկիչների» նկատմամբ խոր հարգանք ու հավատ սերմանելու նկատառումներից ելնելով: Թե մեր ծաղկուն երկրի հետ ինչ արեցին ազգի այդ վայ-«փրկիչները», հայտնի է բոլորիս. հայ ժողովուրդը մինչ օրս չի կարողանում փրկվել նրանց «փրկությունից»:


Հետխորհրդային իրականության մեջ գիտական ներդրումների «կազմակերպիչները» պատրաստ են իրենց թիմակիցների հաշվին գանձելու ներդրվող գումարների 80-ից 90 տոկոսը՝ առանց չարչարանքի, բարոյական ու քրեական պատասխանատվության: Հետխորհրդային երկրներում հաստատված այդ «ատկատային» տոկոսների տակ տրամաբանություն չկա, գիտական միջավայրում դրանք աշխատելու շանսեր չունեն, որովհետև գիտնականներն այլ հաշվարկներ ունեն (խոսքը գիտնականների, բայց ոչ գիտական կոչումներ ստացած առանձին անհատների մասին է, որոնք պատրաստ են համագործակցելու կոռումպացված չինովնիկական դասի հետ, մտնելու տարբեր տիպի ու լայնամասշտաբ կոռուպցիոն գործարքների մեջ, Ռուսաստանում դրանց օրինակները շատ են):


Հետխորհրդային երկրներում նկատվող տնտեսական ճգնաժամերի հիմքում դրված են կոռումպացված չինովնիկության ու գիտական հասարակության միջև գոյություն ունեցող անհաշտելի հակասություններն ու խոր անտագոնիզմը, որոնք ամենուր վերածվել են ձգձգվող հակամարտության: Ֆորմալ ձևով կոռուպցիոն գործարքները կարող են դիտարկվել որպես չինովնիկների համար ապրուստի միջոցներ հայթայթելու հեշտ ձև, որոշ չինովնիկների համար դրանք վերածվել են ծայրագույն միջոցի` հաջորդ քայլն արդեն սովորական գողությունը կլինի:
ՈՒրիշների հաշվին ապրուստի միջոցներ ստեղծելը երբեք չի մտել գիտնականների ծրագրերի մեջ, որովհետև կարևորը գործերն են, գործերը հանուն գիտության, մարդկության, հայրենիքի ու երկրի: Գիտության մեջ լուրջ ներդրումներ ունեցած գիտնականներն ապրել են համեստ կյանքով, շատերը մահացել են խոր աղքատության մեջ:
Ինձ համար հիշարժան է մեր առաջին հանդիպումը Նոբելյան մրցանակի դափնեկիր, Լենինգրադի Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովի հետ: 1991 թվականն էր, Գորբաչովի «перестройка»-ի ապոգեյը: Իմ գործընկերներ Վյաչեսլավ Սաֆարովի ու Աբգար Օրբելու հետ գնացել էինք ինստիտուտի ճաշարան։ Մեր հետևից ներս մտավ ու հերթի կանգնեց մի պատկառելի մարդ:
-Գիտե՞ս ով է քո հետևի կանգնածը,- հարցրեց Սլավան։- Ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալֆյորովն է։
Ասաց ու ինձ ներկայացրեց.
-Ժորես Իվանովիչ, ծանոթացեք, Համազասպյանը Հայաստանից է, մեր կոլեգան է:
-Շատ հաճելի է, ընդմիջումից հետո կանցնեք ինձ մոտ, տեսնենք, թե Հայաստանի գիտնականներն ինչերով են զբաղված, երբ մեր հիմարը երկիրն է քանդում (նկատի ուներ գենսեկ Գորբաչովին, նշեմ, որ Ալֆյորովը դեմ էր Գորբաչովի բոլոր քայլերին ու մինչ օրս շարունակում է մնալ իր կարծիքին, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության անդամ է):
Իհարկե, մեծ էկզոտիկա էր, երբ համաշխարհային գիտական կենտրոնի տնօրենին հանդիպում ես բանվորական ճաշարանում, այն էլ հերթի մեջ, բայց պարզվեց, որ դա սովորական բան է հռչակավոր գիտնականի համար։ Տպավորությունս այնպիսին էր, որ նա հպարտության առանձնակի զգացումով էր ընդունում, որ ինքը, մյուսների նման, սովորական քաղաքացի է, և ուտելու «արարողակարգերում» իրեն չի գերադասում մյուսներից: Խորհրդային տնօրենները, սովորաբար, իրենց ընդմիջումները կազմակերպում էին առանձնասենյակներում, ռեստորաններում կամ բանվորական ճաշարաններում առանձնացված հատուկ բաժիններում:


Կենցաղային հարցերում չէր առանձնանում նաև իմ ծանոթ Նոբելյան մյուս մրցանակակիրը՝ Ալեքսանդր Պրոխորովը, որի հետ հանդիպելու ու գիտական հարցեր քննարկելու ամենահարմար վայրը Մոսկվայի Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ճաշարանն էր: Նոբելյան մրցանակակիրների հարցում իմ բախտը բերել է, նրանցից շատ բան եմ սովորել, մեր հանդիպումները շատ ուսանելի են եղել: Հիշեցնեմ, որ Ալֆյորովը Նոբելյան մրցանակի արժանացավ LED տեխնոլոգիաների, իսկ Պրոխորովը՝ լազերի հայտնագործության համար՝ Նիկոլայ Բասովի ու ամերիկացի Չառլզ Թաունսենի հետ: Բնական գիտությունների ու տեխնիկայի բնագավառում խորհրդային մյուս Նոբելյան մրցանակակիրը, Գագարինի թռիչքից հետո, կարող էր դառնալ ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովը, բայց նրա ներկայացումը մերժեց Խրուշչովը՝ գիտնականի անձը չբացահայտելու նկատառումներից ելնելով:
Ալֆյորովի հետ զուտ հայկական մեր պատվիրակության հանդիպումը (Սաֆարով, Օրբելի, Համազասպյան) տեղի ունեցավ տնօրենի առանձնասենյակում, ես ներկայացրի մեր «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ում արվող վերջին աշխատանքները։ Ապագա Նոբելյան մրցանակակրին հատկապես հետաքրքրեցին նանոսկոպի ու ռենտգենադիֆրակցիոն ստվերային միկրոսկոպի մեր գյուտերը:


-Ահա թե դուք ուր եք հասել,- բացականչեց Ալֆյորովն ու, մի պահ դադար առնելուց հետո, շարունակեց,- իսկ մեր գիտության մակարդակը ցույց տալու համար կխնդրեմ, որ դրսում հաշվեք, թե մեր ինստիտուտ մտնելու համար քանի նեղաչյաներ (ցջՍՏչսՈջօպ) են հերթի կանգնած:
Իսկապես, ինստիտուտի մուտքի մոտ հարավկորեացիների ու ճապոնացիների հոծ բազմություն էր հավաքված, աշխարհի հզորագույն ֆիրմաները միշտ էլ ձգտել են օգտվել Ալֆյորովի ինստիտուտի ֆունդամենտալ հետազոտությունների արդյունքներից, ստեղծված նորագույն տեխնոլոգիաներից, որոնք համաշխարհային նշանակության արժեքավոր գործեր էին։ Դրանց վաճառքից կարելի էր «ատկատային» մեծ գումարներ աշխատել, եթե Ալֆյորովի փոխարեն, օրինակ, Անատոլի Չուբայսը լիներ:
Իրենց հարգող գիտնականները «ատկատներով» գումարներ չեն աշխատում ճիշտ այնպես, ինչպես արծիվները չեն կարող սնվել լեշերով... դա բորենիների գործն է:


Նոբելյան մրցանակի դրամական պարգևը Ժորես Իվանովիչը օգտագործել է ոչ թե անձնական հաճույքների, այլ Բելառուսի գյուղերից մեկի դպրոցն արդիականացնելու և աշակերտների ուսման գործը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Այն գյուղի, որի ազատագրման ժամանակ 1944 թվականին զոհվել էր Ալֆյորովի ավագ եղբայրը:
Սրանք` ի միջի այլոց, բայց այս պատմությունների հետևում մեծ խորհուրդ է թաքնված հետխորհրդային չինովնիկության համար. պետք չէ բոլորին մեկ արշինով չափել ու կոռումպացված աշխարհի բարքերն ու սովորույթները փորձել տարածել գիտական հասարակության միջավայրում: Կոռումպացված երկրներում գիտությունը չի կարող աշխատել և տնտեսությանն օգուտներ բերել, որովհետև գիտնականները սկզբունքներ ունեն, միշտ մնալու են իրենց դիրքերում՝ մնալով իրենց պատվի գերին։ Նրանք գիտեն իրենց գիտության արժեքը և ունեն իրենց մարդկային արժանապատվությունը, «ատկատային» պայմաններով աշխատել չեն կարող, իսկ հետխորհրդային երկրներում աշխատանքային այլ պայմաններ առայժմ չեն առաջարկվում:


Օլիգարխիկ համակարգը սին հույսեր է փայփայում, թե օրերից մի օր գիտնականները կաշխատեն իրենց համար, կհայտնվեն սովի ու ծայրահեղ աղքատության մեջ, կփափկեն, կկակղեն ու կսկսեն աշխատել։ Սովից հո չե՞ն մեռնելու: Կասեմ այսպես. սովից կմեռնեն, բայց օլիգարխների համար ծառա դառնալ չեն կարող, որովհետև տեղյակ են իմաստուն խոսքին՝ «գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր»:


(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 6059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ