Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Երևանի անցյալից

Երևանի անցյալից
10.02.2017 | 11:57

Պատմագրության մեջ խիստ թանկ ու գնահատելի են ուղեգրությունները: Դրանք ականատեսի անաչառ վկայություններ են, որոնց ինչ-ինչ եզրահանգումների հետ թեպետ կարելի է չհամաձայնել, բայց որոնց փաստական հավաստիությունը կասկածից վեր է:
1868 թ. աշնանը Կիրակոս Ղազանճեան անվամբ մի երզնկացի այցելում է Երևան: Վերաշարադրեմ նրա տեսածը` վերարժևորելով մեր անցյալը:

1827 թ. Պասկևիչի զորքը գրավեց Երևանը, և անցել էր 40 տարի, ինչպիսի՞ն էր մեր ներկայիս մայրաքաղաքը:


Երևանն ուներ մի հին, հողաշեն բերդ, որի շրջափակում գտնվում էին Սարդարի բաղը, ապարանքը` հախճապակյա պատշգամբով ու ջրավազանով: Ռուսները նորոգել էին ամրոցը, շինել Զանգվի կամուրջը, դպրոցներ, շուկա, հասարակական այգի և այլն:
Տներն աղյուսից էին ու հողից, բայց բոլորն էլ` ծաղկավետ կից այգիներով: Հին փողոցները նեղլիկ էին ու ոլոր-մոլոր, իսկ նորերը` լայն, հարթ ու կանոնավոր:
Շուկայի մուտքը աղյուսե կամար ուներ, իսկ հրապարակի ծայրերին կային խաներ` քարվանսարաներ: Այստեղ բրինձը, շերամը, բամբակը, խաղողը (հատկապես` անկուտ քիշմիշ տեսակը), սեխը, խնձորը, բալը և այլ մրգեր վաճառվում էին անհավատալի ցածր գներով, քանի որ այգիների բերքը խիստ առատ էր: Շրջակայքում կային ջրի մեջ ճփճփացող բրնձի բազում արտեր, ինչի հետևանքով օդն ապական էր, իսկ քաղաքը խեղդված էր միլիոնավոր մոծակներով: Զարմանալի էր, բայց վնասակար օդը բարեբեր ազդեցություն էր գործում կանանց և օրիորդների վրա, որոնք առույգ էին ու գեղեցկատես:


Քաղաքում հաշվվում էր 4000 տուն, կեսը` պարսիկ (այսինքն` պարսից լծի թոթափումը դեռ չէր նշանակում, թե պարսիկներն առհասարակ հեռացել էին), 3/8-ը` հայ, 1/8-ը` ռուս, վրացի, թաթար, քուրդ և այլն: Հայերը հիմնականում վաճառական էին, արհեստավոր ու այգեգործ, բայց չկային հացագործներ ու նպարավաճառներ, քանզի պարսիկները չէին գնում այն ուտելիքը, որին դիպել էր քրիստոնյա հայի ձեռքը:
Ի թիվս այլևայլ եկեղեցիների, նշանավոր էր Սբ Սարգիսը` իր պարտեզներով, դպրոցներով և Էջմիածնից Երևան այցելող ուխտավորների համար հյուրասենյակներով: Հայ գաղթականներն ունեին նոր թաղ, ուր կային հին եկեղեցի ու մի մատուռ` Անանիա առաքյալի ստորերկրյա շիրմի վրա:


Հյուսիսային կողմում` Կոնդ թաղում, կար մի բլուր` Կոզեռ անվամբ: Այստեղ էին գտնվում Հովհաննես Կոզեռ վարդապետի մատուռն ու տապանը, Մովսես կաթողիկոսի տապանը և այլ հայերի գերեզմաններ:


Քաղաքի հանրահայտ մարդկանցից էր հյուրասեր, բարեսիրտ և ազնվական Ղահրաման աղան: 60-ամյա այս մարդը ի պաշտոնե առևտրային պալատի նախագահն էր ու հաշտարար դատավոր` նախնական վճիռներ էր կայացնում Երևանին վերաբերող դատավարությունների ժամանակ և վերաքննում նահանգի գավառներից եկած վճռագրերը: Նա ուներ բազմաթիվ հողատարածքներ, կալվածք, խան, բաղնիք, կրպակներ և այգիներ, մեծաշեն տուն ու պարտեզ, և տան դուռը միշտ բաց էր հյուրերի համար:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2921

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ