Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
09.12.2016 | 09:17

(սկիզբը՝ այստեղ)

Սպիտակի երկրաշարժը դարձավ հայ ժողովրդի պատմության ցավալի էջերից մեկը, նաև առիթ դարձավ, որ մենք տեսնենք ու հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ մասնավորապես, և Խորհրդային Միությունում՝ ընդհանրապես: Փորձենք հասկանալ խորհրդային կոմունիստական հասարակության բուն էությունը՝ երևույթներին հետևելով մեկ այլ տեսանկյունից՝ արհավիրքին զոհ դարձած մարդկանց աչքերով: Դժվար է գտնել խորհրդային հասարակարգի իրական բնութագիրը տվող մեկ այլ թեստային իրավիճակ, քան այն, երբ յուրահատուկ հարաբերություններ են ձևավորվում անելանելի իրավիճակում հայտնված մարդկանց և խորհրդային կուշտ կերած ու հղփացած ղեկավար այրերի միջև՝ համաժողովրդական ողբի այդ ծանր օրերին: Բայց ամեն ինչ՝ ըստ հերթականության:
1987 թվականի դեկտեմբերի 30-31-ին Լենինգրադում մասնակցում էի մի շատ կարևոր միջոցառման՝ ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարության գիտական խորհրդի արտահերթ նիստին (1984 թվականից մինչև Խորհրդային Միության փլուզումը եղել եմ այդ գիտխորհրդի մշտական անդամն ու մասնակցել եմ ռազմական արդյունաբերության ստրատեգիական նշանակության բազմաթիվ ծրագրերի, այդ թվում՝ մինչև 2030 թվականը ԽՍՀՄ էլեկտրոնիկայի զարգացման ռազմավարական պլանի մշակման աշխատանքներին):

Քննարկման էր դրված ԽՍՀՄ կազմից մերձբալթյան երկրների հնարավոր դուրս գալու ու դրանից բխող խնդիրների հարցը: Քննարկումները բավականին բարդ էին, ունեին քաղաքական ենթատեքստ, խորհրդի անդամներից ոչ մեկը պատրաստ չէր ընդունելու և հաշտվելու այն մտքի հետ, թե մերձբալթյան երեք հանրապետությունները կարող են դուրս գալ ԽՍՀՄ կազմից: Ամեն դեպքում, առաջին պլան էին մղվում գիտաարտադրական ու տեխնիկական բնույթի բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պետք էր գտնել ու, առաջարկությունների փաթեթի տեսքով, ներկայացնել մինէլեկտրոնպրոմի ղեկավարությանը, որոնք, հավանաբար, կդրվեին նաև Գորբաչովի սեղանին:


Այդ թվերին Գորբաչովի նախաձեռնած բոլոր երկրակործան քայլերը հեռու էին պահվում խորհրդային հասարակության ուշադրությունից, բայց մասնագիտական նեղ շրջանակներում դրանք պարտադիր կարգով, իրենց բոլոր մանրամասներով, քննարկվում էին ու տեխնիկական բնույթի հստակ որոշումներ ընդունվում: Գիտխորհրդի նիստը վարում էր Էռնեստ Դմիտրիևիչ Մոլչանովը, որը սկզբում, կատակի տալով, այսպիսի միտք արտահայտեց.
-Не для протокола« нам предлагают перестроиться и сдаться« постараемся быстро перестроиться« но сдаваться не будем« если у нас ничего не получится« то взорвем весь мир« средства для решения такой исторической миссии у нас имеются!
Իր հասարակ խոսքով Մոլչանովը ամփոփեց բոլորի միասնական կարծիքն ու արտահայտեց ընդհանուր տրամադրությունները, որոնք, համոզմունքի տեսքով, ձևավորվել էր ՎՊԿ-ի ներքին լսարանում: Բարձրացված հարցերը խնդրահարույց էին ու խիստ քաղաքականացված, պետք էր փակել այն բացահայտ ճեղքվածքը, որը անպայմանորեն առաջանալու էր, եթե էլեկտրոնային արդյունաբերության ու ՎՊԿ-ի մյուս ձեռնարկությունները դուրս գային միութենական ենթակայությունից կամ փակվեին: Դրանց մեջ կային շատ կարևոր, կարելի է ասել, անփոխարինելի այնպիսի կայացած գործարաններ ու գիտաարտադրական միավորումներ, ինչպիսիք էին Ռիգայի «Ալֆան» ու «ՎԷՖ»-ը, Տալլինի Կեգելմանի անվան էլեկտրատեխնիկական գործարանը, կապի միջոցների Վիլնյուսի գիտահետազոտական ինստիտուտը (որտեղ նախագծված օսցիլոգրաֆները արտադրվում էին Աբովյանի «Չափիչ» գործարանում), Շաուլյայի «Ալմազ» և այլ ձեռնարկությունները: Նման կարևոր խնդիրները լուծելու համար ժամանակը բավարար չէր, մերթ ընդ մերթ թեժ բանավեճեր էին սկսվում՝ կապված Գորբաչովի դավաճանական քայլերի հետ, դանակը հասել էր ոսկորին, գիտխորհրդի բազմավաստակ գիտնականներն ու մասնագետները հասկանում էին՝ ինչ-որ բան սխալ է արվում, մենք մեր ձեռքերով տապալելու ենք Խորհրդային Միության արդյունաբերությունն ու տնտեսությունը, նույն այն արդյունաբերությունն ու տնտեսությունը, որը ստեղծվել ու զարգացել է տասնյակ տարիների մեր համատեղ աշխատանքով, որ կան երկիրը ճգնաժամից դուրս բերելու ավելի խելամիտ ճանապարհներ: Բուռն քննարկումներն արդյունք չտվեցին, որոշվեց նիստը հետաձգել ու շարունակել 1988 թվականի հունվարի 2-ին: Ինձ մնում էր գիշերով վերադառնալ Երևան՝ Ամանորի տոների համար ու առավոտյան ևեթ հետ վերադառնալ Լենինգրադ: Իմ մտերիմ կոլեգաներից մեկը՝ Վալերի Բոնդարենկոն, որը, բացի բարձրակարգ ինժեներ ու լավ ընկեր լինելուց, նաև բայդարկայի գծով Եվրոպայի չեմպիոն էր, առաջարկեց շատ դեսուդեն չընկնել, մնալ ու իր ընտանիքի հետ միասին նշել Նոր տարին:
-Նոր տարին մի անգամ էլ միասին դիմավորենք, մեր տնից կզանգես, կշնորհավորես քո ընտանիքին, այդքան չես չարչարվի, տոնական օրերին ինքնաթիռները վատ են աշխատում, կարող ես գիտխորհրդից ուշանալ:


Այդպես էլ վարվեցի, ու դա դարձավ, թերևս, իմ կյանքում թույլ տված ամենամեծ սխալը. յուրաքանչյուր մարդ Նոր տարին պետք է դիմավորի իր տանը՝ իր ընտանիքի հետ: Նախկինում Նոր տարին մշտապես դիմավորել եմ միայն մեր տանը, հաճախ նաև առանց սեղանի, բայց տանը: Նոր տարին դիմավորեցինք Վալերի Եվգենևիչի ընկերոջ ընտանիքի հետ. ուրախ, ընկերական ջերմ մթնոլորտ էր տիրում, հայերիցս ավելի առատ սեղան էին գցել, խոսեցինք հիմնականում Գորբաչովի ու նրա դավաճանության մասին, լենինգրադցիները դեմ էին գենսեկի կատարած բոլոր քայլերին ու գաղափարներին, այդ մասին խոսում էին բացահայտ՝ առանց վախենալու, նրան ընդունում էին որպես «великого бoлтуна»» Ներկաներին Բոնդարենկոն մի հարց տվեց.
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Գորբաչովը այդքան հաճախ գնում Լոնդոն, ի՞նչ առևտրական կապեր ունենք Անգլիայի հետ, երբևիցե տեսե՞լ եք, որ մեր խանութներում թեկուզ մեկ անգլիական ապրանք լինի:


Առավոտյան կողմ վերադարձա հյուրանոց, աչքս կպցրի ու մի տարօրինակ երազ տեսա. Արարատի երկու գագաթներն էլ սևացած էին, ձյուն չկար: Աստված իմ, ի՞նչ էր սա նշանակում, դա շատ վատ բան էր նշանակում, նշանակում էր, որ 1988 թվականը իմ ու իմ ժողովրդի համար լինելու է միայն դժբախտությունների տարի: 1988 թվականին տեղի ունեցան Սումգայիթի ցեղասպանությունը, Բաքվի ջարդերը, Գորբաչովը մեզ ևս մեկ անգամ հիշեցրեց ու գործնականում ցույց տվեց, որ հայերիս հետ շարունակելու են խոսել ցեղասպանության լեզվով, 1915 թիվը ոչ առաջինն էր և ոչ էլ վերջինը մեր ժողովրդի պատմության մեջ. սուլթան Համիդին պետք էր լուծել սեփական իշխանությունը պահելու խնդիրը, հայերին էր ջարդում՝ մյուսների աչքը վախեցնելու համար, Կայզերական Գերմանիային նավթ էր պետք, կազմակերպեց հայոց ցեղասպանությունը, Գորբաչովին պետք էր ցույց տալ կոմունիստական հասարակարգի վայրագություններն ու անմարդկային էությունը, դարձյալ արվեց հայերի ցեղասպանության միջոցով և օրինակով: Նախորդ հրապարակումներում ես համոզմունք էի հայտնել ու տրամաբանորեն, առանց կոնկրետ փաստեր ունենալու, հիմնավորել, որ Սումգայիթի և Բաքվի ջարդերի կազմակերպիչը կարող էր լինել միայն Գորբաչովը, որովհետև դա նրան պետք էր, ձեռնտու էր: Նման եզրահանգումների համար հիմք էի ընդունել ԽՍՀՄ հնարավոր փլուզման վերաբերյալ ունեցած իմ մինէլեկտրոնպրոմյան ինֆորմացիան ու տրամաբանական-հավանականային պարզ հաշվարկները. Գորբաչովի «перестройка»-ի, «гласность»-ի ու «демократия»-ի գործերը, 85-87 թվականներին որոշ ակտիվություն ցույց տալուց հետո, սկսել էի տեղատվություն գրանցել, վատանալ, խորհրդային քաղաքացիները սկսել էին բացահայտորեն դիմադրել Գորբաչովի վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը (դրա փայլուն վկայությունն էր 1990 թվականին անցկացված համամիութենական հանրաքվեն, որը ցույց տվեց, որ, հատկապես, Ռուսաստանի, ՈՒկրաինայի ու Բելոռուսիայի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը դեմ է ԽՍՀՄ փլուզմանը): Ավելին, ասպարեզ իջան Եգոր Լիգաչովի նման ընդդիմադիր գործիչները, որոնք Գորբաչովին հրապարակայնորեն քննադատում էին ու մեղադրում դավաճանության մեջ՝ նրան անվանելով Արևմուտքի մանկլավիկ: Այն, որ Գորբաչովը գտնվում է արտաքին կառավարման ռեժիմում, նկատելի էր արդեն 1986-88 թվականներին. Գորբաչովն ու ԽՄԿԿ քաղբյուրոյի զգալի մասը երկիրը տանում էին անվերապահ լուծարման ճանապարհով: «Перестройка»-ն լուրջ վտանգ էր սպառնում, Գորբաչովին պետք էր շտապ կարգով իրականացնել անհետաձգելի, ծայրահեղականության աստիճանի հասնող որևէ քայլ: Որպես այդպիսին կարող էր ծառայել Ղարաբաղի հարցի շուրջ հայ-ադրբեջանական լարվածության գեներացիան՝ այն հասցնելով մինչև քաղաքացիական հակամարտության, բացահայտ պատերազմի ու ցեղասպանության: Այդ հակամարտությունը Գորբաչովը ստեղծեց իրեն հատուկ վարպետությամբ ու հնարամտությամբ՝ հասցնելով իր տրամաբանական եզրահանգմանը. խորհրդային ինտերնացիոնալիզմն ու ազգերի բարեկամությունը ընդամենը միֆ են, հեռու կյանքից ու իրականությունից, de facto իրականությունն այն է, ինչը կատարվեց Սումգայիթում: Խորհրդային հասարակության համար դա ունեցավ ցնցող, նվաստացնող, հիասթափություն առաջացնող էֆեկտի արժեք՝ ռեզոնանսի մեջ մտնելով ներքին խմորումների հետ, որից հետո պարզ դարձավ, որ այսպիսի երկիրն ապրելու իրավունք չունի, պետք է քայքայվի, կործանվի, քանդվի ու մաս-մաս արվի՝ պայմանով, որ քանդվելու ու քայքայվելու գործընթացը լինի շարունակական պրոցես՝ տարածվելով նաև «մաս մասերի» վրա:


Խորհրդային Միությունում հստակ կարգ կար, որ Ղարաբաղի, Ղրիմի ու նմանատիպ այլ հարցերը լուծվում էին գեղական կարգով՝ գրչի մեկ հարվածով ընդունելով ԽՄԿԿ քաղբյուրոյի համապատասխան որոշումներ: Ստալինի թույլ տված սխալներն ուղղելու և Ղարաբաղի հարցում հայերի արդարացի պահանջը բավարարելու համար Գորբաչովը կարող էր իր իշխանությունը կիրառել, բայց նա դա չարեց, փոխարենը պատերազմ հրահրեց, որը շարունակվում է մինչ օրս, բոլոր զոհերի համար (և հայերի, և ադրբեջանցիների) պատասխան են տալու միայն ու միայն Գորբաչովն ու նրա կրեմլյան հանցակիցները. для милого дружка и сережки с ушка:


Իմ հաշվարկների ճշտության մեջ ես կրկին համոզվեցի, երբ լսեցի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի հարցազրույցը լրագրող Արտեմ Երկանյանի «Աշխարհի հայերը» հեղինակային ծրագրում: Աղանբեգյանը մեր հայկական լսարանին լրացուցիչ ինֆորմացիա տվեց, որը ավելի ծանրակշիռ է դարձնում նախկինում իմ արտահայտած տեսակետը՝ Ղարաբաղի, Սումգայիթի ու Բաքվի դեպքերի հետ Գորբաչովի ունեցած անմիջական կապի վերաբերյալ: Լսենք Աղանբեգյանի խոսքը.
«Գորբաչովն ինձ առաջարկեց գնալ Ֆրանսիա ու հանդիպել հայ համայնքի հետ (հարց՝ Գորբաչովի ինչի՞ն էր պետք, որ ԽՍՀՄ-ի համար օրհասական այդ օրերին, համաշխարհային հռչակ վայելող ու «перестройка»-ի գործերին լավատեղյակ, հնարավոր է նաև «перестройка»-ի գաղափարը նրա գլուխը մտցրած հայ ակադեմիկոսը հանդիպի Ֆրանսիայի հայերի հետ, մինչ այդ Աղանբեգյանը երբեք չի ցուցադրել իր հայ լինելը, մեր ունեցած անձնական զրույցների ժամանակ նա ավելի շատ խոսել է Հեյդար Ալիևի հետ ունեցած իր կապերի, ԲԱՄ-ում ունեցած աշխատանքային հանդիպումների մասին, հնարավոր է, որ իր հայ լինելը հիշել է երկրաշարժի տարիներին՝ լինելով աղետի հետևանքները վերացնող հանձնաժողովի տնտեսական մասի ղեկավարը-Վ. Հ.): Ես հրաժարվեցի, ինձ զանգահարեց Յակովլևը և ասաց, որ ես պետք է անպայման գնամ Փարիզ: Գնացի, հանդիպեցի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այնտեղ էին նաև դաշնակցականները: Դահլիճից մեկը հարց տվեց՝ ըստ Ձեզ, ի՞նչ ելք է ունենալու Ղարաբաղի խնդրի լուծումը (ենթադրում եմ՝ հարցը վաղօրոք նախապատրաստված է եղել ու ավելի կոռեկտ կլիներ այն ձևակերպել հետևյալ կերպ՝ ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղի խնդրի լուծումը ԽՍՀՄ փլուզումից հետո: Գորբաչովի շրջապատը պետք է որ իրեն հաշիվ տար, թե երկիրը քանդելուց հետո ինչ տեխնիկական խնդիրներ ու անանցանելի խոչընդոտներ կարող էին առաջանալ. ի՞նչ անել Ղարաբաղի հետ, ի՞նչ անել Ղրիմի հետ և այլն:

Նման քննարկումները Գորբաչովը կարող էր կազմակերպել նաև Կրեմլում, բայց նպատակահարմար էր գտել հեռվից գալ՝ այն սկսելով Փարիզից: Ղարաբաղի հարցի քննարկումը ԽՍՀՄ բարձր ու ցածր ատյաններում մեծ վտանգներ էր պարունակում Գորբաչովի համար, բոլորը նկատել էին նրա դավաճանական քայլերն ու պատրաստ էին հակադրվելու, հակահարված տալու ու, ի վերջո, նրանից ազատվելու խնդիր դնելու՝ գնդակահարելու կամ պաշտոնանկ անելու ճանապարհով: Հետագայում կներկայացնեմ նրա մյուս կարևոր քայլերը, որոնք ուղղված էին խորհրդային քաղաքացիների զգոնությունը թուլացնելուն ու իրենց կոմունիստական համոզմունքներին հակառակ գնալուն- Վ. Հ.), ես պատասխանեցի, որ պետք է լսել Ղարաբաղի ժողովրդի կարծիքը»:


Հաջորդ օրը «Յումանիտեն» առաջին էջի վրա հոդված տպագրեց, թե Աղանբեգյանը կողմ է Ղարաբաղի անկախացմանը: Ադրբեջանում բողոքի ալիք բարձրացավ ու երկու ամիս անց սկսվեցին ղարաբաղյան դեպքերը: Աղանբեգյանը նշեց, որ քաղաքականության մեջ ինքը երբեք չի եղել, բայց իր այս կարճ պատմությունը ցույց է տալիս, որ, քաղաքականության մեջ չլինելով հանդերձ, նա, իրենից անկախ, տվել է ԽՍՀՄ տնտեսական հեղափոխության ու, միաժամանակ, ԽՍՀՄ-ի կործանման ստարտը՝ Գորբաչովի ու «перестройка»-ի մյուս, հնարավոր է, ավելի կարկառուն դեմքի՝ ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամ Յակովլևի պարտադրանքով: Յակովլևը համարվում է «перестройка»-ի ճարտարապետը: Սումգայիթում ու Բաքվում զոհված հայերի արյունը Գորբաչովի, նաև Յակովլևի խղճին է, ցեղասպանության երկու ակցիաներն էլ կազմակերպված են եղել Գորբաչովի հակապետական պլաններն իրականացնելու համար: Գոյություն ունեին ԽՍՀՄ տնտեսական ակտիվությունը բարձրացնելու ռեֆորմային տարբերակներ, որոնք քննարկվում էին ռազմարդյունաբերական ու զինվորական շրջանակներում, դրանց մասին Գորբաչովը գիտեր, բայց ուշադրությունից դուրս թողեց ու ընթացք չտվեց, նա առաջ էր տանում իր սեփական տարբերակը՝ հույսը կապելով ներքին ու արտաքին մութ ուժերի համագործակցության հետ: Այդ համագործակցությունը տվեց իր արդյունքները. հսկայական երկիրը տապալվեց, քանդվեց, քայքայվեց ու արդեն քառորդ դար է՝ չի կարողանում ուշքի գալ: Երկիր քանդող բրիգադի բոլոր անդամները ստացան իրենց հսկայական անձնական օգուտները, դարձան միլիոնատերեր ու միլիարդատերեր, դա դավաճանական նվագախմբի միակ ձեռքբերումն էր՝ երկրի կործանման դիմաց:
(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ