Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ո՞վ էին արիացիներն իրականում

Ո՞վ էին արիացիներն իրականում
29.10.2016 | 21:50

Եվրոպական ու արևելյան շատ լեզուներ իրար նման են, բոլորը պատկանում են միասնական «արիական» կամ հնդեվրոպական լեզվաընտանիքին, սակայն պատմաբանները մինչև այսօր վիճում են՝ գոյություն ունեցե՞լ են «արիացիները», թե՞ ոչ:


Արիական ծագումնաբանությունը
Արիացիները Հնդկաստանի ու Իրանի հնագույն ժողովուրդներն են, խոսել են արիական լեզուներով, որ պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին: Նրանց ծագումնաբանությունն ու բուն անվանումը բավականին առեղծվածային են: XIX դարում առաջադրվել է վարկած, որ «արի» բառը ծագել է «քոչվոր» կամ «հողագործ» բառերից: Արդեն XX դարում գիտնականները կարծում էին, որ հնդեվրոպական ar-i̯-o-ն նշանակում է «նա, ով հյուրընկալ է ari-ների նկատմամբ», իսկ «ari»-ն կարելի է թարգանել իբրև «բարեկամ» կամ հակառակը՝ «թշնամի» (միևնույն բառի հակադիր նշանակությունը բնորոշ է հին լեզուներին): Միավորող նշանակություն կարող է լինել «ցեղակիցն ուրիշի կլանից», որ կարող էր լինել և բարեկամ, և թշնամի: «Արի» հասկացությունը նշանակում էր մարդ, որ պատկանում է արիների տարբեր ցեղերի հանրությանը: Հիպոթեզը հաստատում է վեդայական պանթեոնում Արյաման աստծո գոյությունը, որ հովանավորում էր բարեկամությունն ու հյուրընկալությունը:
Ծագումնաբանական որոնումների մյուս վեկտորը տանում է բառի այլ նշանակության՝ «ազատածին» և «ազնվական», որ եկել է սեմական լեզուներից: Գուցե այդ բառի ռուդիմենտները պահպանվել են հին իռլանդերենում, որը «aire» թարգմանում է «ազնվական» կամ «ազատածին», նաև մի քանի այլ լեզուներում:


Որտեղի՞ց են եկել արիները
Վերջին հետազոտությունները վկայում են, որ արիացիները սկզբում մեկ ժողովուրդ են եղել և միայն մ.թ.ա. երկրորդ հազարամյակում են բաժանվել երկու ճյուղի՝ իրանական ու հնդարիական: «Իրան» բառն արդեն կապ ունի «արիականի» հետ ու նշանակում է «արիացիների երկիր»: Ժամանակակից Իրանը միայն փոքր հատվածն է այն վիթխարի տարածքների, որտեղ ապրել են արիական ժողովուրդները՝ Իրանի հարթավայրը, Միջին Ասիան, Ղազախստանը, Կովկասից հյուսիս տափաստանները և Սև ծովը: Հնդարիական ու իրանական ճյուղերի ընդհանությունը ապացուցում են սրբազան տեքստերի նմանությունները՝ իրանական Ավեստայի ու հնդկական Վեդաների: Այսօր մի քանի վարկածներ կան, թե որտեղից են եկել արիացիները: Եթե հավատանք լեզվաբանական վարկածին՝ արիացիները եկել են Հնդկաստան և հաստատվել են այնտեղ մոտավորապես մ.թ.ա. 1700-1300-ին: Վարկածը հիմնվում է հին լեզուների ու սովորույթների ուսումնասիրության վրա, որ պահպանվել են պատմական աղբյուրներում: Լեզվաբանությունը վկայում է, որ Հնդկաստանը չի եղել արիացիների հայրենիքը՝ որպես կանոն որևէ լեզվի կամ լեզվաընտանիքի ծագման տարածաշրջանում գոյություն են ունենում նույն ընտանիքի բազմաթիվ լեզուներ կամ բարբառներ, իսկ Հնդկաստանում կա միայն մեկ հնդարիական ճյուղ: Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում հակառակն է՝ կան հնդեվրոպական լեզուների հարյուրավոր տարատեսակներ: Տրամաբանական է եզրակացնել, որ հենց այդտեղ են ծնվել հնդեվրոպական լեզվաընտանիքն ու ժողովուրդները: Գալով Հնդկաստան՝ արիացիները բախվել են բնիկ ժողովրդին, որ խոսում էր այլ լեզվաընտանիքի լեզուներով, օրինակ՝ մունդը (ավստրասիական ընտանիք) կամ դրավիդական լեզուների, որոնցից արվել են արխայիկ փոխառություններ սանսկրիտում: Առավել տարածվածը հիմա դամբարանային հիպոթեզն է, որի համաձայն հնդեվրոպացիների նախահայրենիքը վոլգյան և մերձսևծովյան հողերն են, որոնց վրա հնագետները հայտնաբերել են փոսային մշակույթի հաստատումներ: Այդ մշակույթի ներկայացուցիչներն առաջինն են կառուցել մարտակառքերը, որ նրանց հնարավորություն է տվել շատ տարածքներ գրավել և տարածել իրենց ազդեցությունը եվրասիական ամբողջ մայր ցամաքում:


Կեղծ գիտական շահարկումներ
Ակադեմիական վարկածներին զուգահեռ կան տասնյակ ֆանտաստիկ վարկածներ՝ արիացիներն իրականում առասպելական Հիպերբորեայի բնակիչներ են, եկել են անդրբևեռային շրջանից, նրանք գերմանացիների, ռուսների, էլի ինչ-որ ժողովրդի անմիջական նախնիներն են: Որպես կանոն՝ նման տեսությունները պահանջարկ ունեն ազգայնական տրամադրություններով հասարակություններում՝ կեղծ պատմություն հնարելով իրենց երկրի պատմությունը երկարացնելու նպատակով:


Արիների մշակույթը
Արիները կամ հնդարիացիները հարուստ մշակութային ժառանգություն են թողել: Բացի գրավոր ժառանգությունից՝ Վեդաներն ու Ավեստան, ավելի ուշ ժամանակներում՝ Մահաբհարատան ու Ռամայանան, արիները թողել են և նյութական մշակույթի հուշարձաններ: Սկզբում կիսաքոչվոր ժողովուրդ լինելով՝ նրանք հիմնական ուշադրությունը հատկացրել են կովերի ու ձիերի բուծմանը: Նրանց հիմնական զենքը նետաղեղն է եղել: Նրանք ծանոթ են եղել հողերի ջրարբիացման համակարգին, պողպատի ու ոսկու ձուլմանը: Արիացիների ընտանիքը նահապետական էր, ամեն ընտանիքում, գլխավորից բացի, կային այլ անդամներ, ստրուկներ ու անասուններ: Ընտանիքները միավորվում էին տոհմերով, համայնքներով ու ցեղերով, երբեմն միմյանց հետ թշնամի: Եռադաս սոցիալական համակարգը, որ հետո տարածում գտավ հին իրանական ու հնդկական հասարակություններում, արիների մոտ այդքան զարգացած չէր, սակայն հիմնական գծերը կային: Հիերարխիայի գագաթին քրմերն էին, ապագա բրահմանները, և արիստոկրատները՝ քշատրիները, որ իշխում էին հասարակ ժողովրդին: Արիացիները ռազմատենչ ժողովուրդ էին, որ մշտապես ձգտում էին նոր հողեր ու արոտավայրեր ձեռք բերել:


«Արիական ռասայի» ծագումը
Ռասաների ծագումը մինչև XIX դարը պատմական առեղծված էր: Սակայն դարասկզբին գիտնականները բացահայտեցին եվրոպական շատ լեզուների ընդհանրությունը Հնդկաստանի ու Իրանի լեզուների հետ: Բոլոր այդ լեզուներն անվանեցին արիական լեզվաընտանիք, որ հետո կոչվեց հնդեվրոպական: Հին Հնդկաստանի ու Իրանի ժողովուրդների արի անվանումը սխալմամբ ընկալվեց իբրև բոլոր հնդեվրոպական ցեղերի ընդհանուր անվանում, իսկ հնագետները հայտնաբերեցին փոսային մշակույթը (փոսային մշակույթին բնորոշ էր հանգուցյալներին փոսերի մեջ թաղելը՝ մեջքի վրա պառկած, ծալված ծնկներով, նրանց ծածկում էին օխրայով), որը շնորհիվ մարտակառքերի արագ տարածեց իր լեզվական, մշակութային ու քաղաքական ազդեցությունը ժամանակակից Լեհաստանի, ՈՒկրաինայի ու Ռուսաստանի հարավում գտնվող փոքրիկ հողակտորից մինչև ամբողջ կայսրություն՝ Պորտուգալիայից Շրի Լանկա: Չնայած որևէ առանձին արիական ռասա գոյություն չուներ, իսկ ֆիզիոլոգիական հատկությունները լեզվաբանականի հետ համադրելը կեղծ գիտական էր (հնդեվրոպական լեզուներ ունեին իրարից շատ տարբեր ժողովուրդներ Տաջիկստանում, Պարսկաստանում, գնչուներ ու նույնիսկ վեդաներ, որ ավստրալոիդներ են), գիտնականները համարեցին, որ լեզուների ընդհանրությունը հավասար է ռասային ընդհանրությանը: Գերմանացի բանասեր Մաքս Մյուլերի հայտնի սխալը, որ ակամա հղում էր արել գոյություն չունեցող «արիական ռասային», գիտական աշխարհում հանգեցրեց արիական ռասայի գոյության մասին տեսակետի տարածմանը, իսկ հետագայում նացիստական ռասայական տեսությունների ծագմանը:
russian7.ru


Հ.Գ. Չդիմացա՝ թարգմանեցի, ասեմ՝ բրոնզե դարին բնորոշ փոսային մշակույթի պատճառով, երբ հանգուցյալներին սկսել էին հողին հանձնել՝ մեջքին պառկած ու չգիտես ինչու ծնկները ծալած: Իսկ մնացածը՝ պարզ, ճանաչողական, նաև հետաքրքիր տեղեկատվություն է նրանց համար, ովքեր ուզում են պատասխանել մարդկության երեք հարցերին՝ ով ենք, որտեղից ենք գալիս ու ուր ենք գնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ