Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Դոն Կիխոտը ատամնահատ էր Էլ Տոբոսայից

Դոն Կիխոտը ատամնահատ էր Էլ Տոբոսայից
29.10.2016 | 11:26

՝ գրում է Բենխամին Ռոսադոն El Mundo-ում: Ագուստին Օրտիսը՝ ըմբոստ ու դյուրագրգիռ մարդ, XVI դարավերջին ապրել է Էլ Տոբոսայի արվարձաններում՝ այն քաղաքի, ուր բնակեցրել է Սերվանտեսը Դուլսինեային: Նա ազնվականի ապօրինածին զավակ էր, սովորական սափրիչ, որ փառասիրությամբ չէր զիջում ազնվածին հիդալգոներին, բնավորության պատճառով հավերժորեն վեճերի մեջ էր, իսկ կյանքի ճանապարհը, որով համառորեն գնում էր, անհաջողությունից անհաջողություն էր տանում: Ագուստին Օրտիսի մասին միայն վերջերս ենք իմացել:

Պատմաբան Խավիեր Էսկուդերոն նրան գտավ ինկվիզիցիայի արխիվային փաստաթղթերում, որտեղ Օրտիսը մեղադրյալ էր: Նրան դատում էին Էլ Տոբոսայի հողմաղացների մոտ բախումի համար: «Ես երկար տարիներ քրքրում եմ Լա Մանչի տարբեր շրջանների արխիվները, որոնում եմ անուններ, ազգանուններ, գործող անձանց, որ կարող էին ոգեշնչել Սերվանտեսին,-բացատրել է Էսկուդերոն:- Ագուստին Օրտիսը ամբողջությամբ ստվերեց բոլոր պատմական զուգահեռները «խորամանկ հիդալգոյի հետ», որ մինչև հիմա գտել էի»: Դատական գործից հետևում է, որ Ագուստին Օրտիսը Միգել Օրտիսի՝ Հովհանի ուխտի ասպետի ապօրինածին որդին էր: «Դատելով ազգանունից՝ նա կապված էր մի ընտանիքի, որի տոհմը սկսվում է Լա Պուեբլա դե Ալմորադիելից, Էլ Տոբոսայի մերձակա գյուղից, բայց նրա մասնագիտությունները (դատական կատարածու, սափրիչ) և նրա սնափառությունը՝ նա իրեն համարում էր ազնվական, մտածել է տալիս, որ ապօրինածին էր: Եթե այդպես չլիներ, նրա ազգականներից որևէ մեկը դատարան կգար ցուցմունք տալու, որտեղ նա մեղադրվում էր «հողմաղացների ու խաչի վրա հարձակվելու մեջ»:

Նկարագրվող իրադարձությունը եղել է Էլ Տոբոսայում 1594 կամ 1595 թվականին, որ ամսին ու որ օրը՝ հայտնի չէ: «Հայտնի է, որ Ագուստինը գնացել է ցորենն աղալու ու ճանապարհին հանդիպել է Պաբլո Լոպեսին ու Պեդրո դե Մորալեսին,-բացատրում է Էսկուդերոն:- Գոռգոռոցով խոսակցությունից հետո՝ զայրացած Ագուստինը որոշել է նրանց հարցերը լուծել: Նա մերկացրել է սուրը և սկսել խփել փայտե խաչին, որ հողմաղացի մոտ էր դրված»:


-Տեսեք՝ ոնց է իմ թուրը կտրում,- սպառնացել է Օրտիսը իրեն բարկացնողներին:
-Հեռացեք խաչից: Թե՞ դուք գժվել եք,-պատասխանեց Մորալեսը,-դուք չե՞ք տեսնում, որ դա խաչ է:
-Տեսեք՝ ոնց է իմ թուրը կտրում,- ականատեսների վկայությամբ՝ շարունակել է խաչը թրատել Օրտիսը:
-Հողմաղացները ձեզ են նայում,- ասել է Լոպեսը, թե Մորալեսը:
Զուգահեռներն ուղղակի են «Դոն Կիխոտի» ամենահայտնի դրվագներից մեկի հետ, երբ Սանչո Պանսան համոզում է իր տիրոջը, որ նա մարտնչում է ոչ թե հսկաների, այլ հողմաղացների հետ: Դատավարության ժամանակ ինկվիզիտորները Ագուստինին անվանել են «Էռնանդես սափրիչ», բայց այլ դատական գործերում ու մատնագրերում, որ վկայում են տեղացիների թշնամանքը, մշտապես հիշատակվում է, որ նա չճանաչված ազնվական է: «Նրա թշնամիներից մեկը Ալոնսո Մարտինեսն էր՝ վիրաբույժ, որ մի քանի փաստաթղթերում հիշատակվում է «Ալոնսո Կիխանո»: Հավանաբար նրանց վեճի պատճառը հիվանդներ փախցնելն էր»՝ կարծում է Էսկուդերոն: Այն ժամանակներում սափրիչներն ու վիրաբույժները զբաղվում էին նաև ատամ հանելով և նրանց կոչում էին «ատամ քաշող»:


«Հարևանները հաստատ չէին սիրում Օրտիսին,-տխրությամբ արձանագրում է Խավիեր Էսկուդերոն,- ամեն մի փաստաթղթում, որտեղ կա նրա անունը, հիշատակվում են ամբողջ շարք մարդիկ, որ ջանում էին փչացնել նրա կյանքը»: Էսկուդերոն համոզված է. «Շատ պատմություններ, որոնցով հագեցած է «Դոն Կիխոտը», իրական իրադարձությունների վրա են հիմնված: Հատկապես առաջին 20 գլուխներինը: Դա ապացուցվում է փաստաթղթերով, որ ես հավաքում եմ»:

Օրտիսի դատը կայացել է ջրաղացի մոտ բախումից 5 տարի անց՝ 1599-ին: Էսկուդերոն ենթադրում է, որ Օրտիսը ինչ-որ հարցով զայրացրել է Լոպեսին ու Մորալեսին ու նրանք որոշել են դիմել ինկվիզիցիային: Օրտիսին կասկածել են հերետիկոսության մեջ և մինչև դատը բանտարկել են: Նա հերքում էր բոլոր մեղադրանքները: «Շուտով ապացուցվեց, որ պատճառը ոչ թե կրոնն էր, այլ՝ պատվի հարցը: Բոլորն Օրտիսին համարում էին ձախողակ և ի վերջո պայթեց՝ սկսեց թրատել խաչը՝ զգուշացնելով թշնամիներին, որ ամեն ինչի պատրաստ է, եթե շարունակեն իրեն անվանարկել», ասում է Էսկուդերոն: Նրա կարծիքով՝ «Դոն Կիխոտի» առաջին հատորը 1605-ի սկզբին՝ Օրտիսի նկատմամբ դատից կարճ ժամանակ անց, տպագրած Սերվանտեսը կարող էր վեպում օգտագործել իրական դեպքերը: Այդպիսի հիպոթեզներ ծնում են ցանկացած գրողի վեպերը, բայց, կարծես, «Դոն Կիխոտի» էջերում իրականությունը ավելի շատ է, քան շատերը կարծում էին: Սերվանտեսը ծայրաստիճան հավաստի է նկարագրում իր դարաշրջանի իրականությունը՝ կարծում է Էսկուդերոն: «Մինչև հիմա ոչ ոք չէր հանդգնի ասել, որ հողմաղացների հետ կռիվն ուներ պատմական հիմք»՝ կարծում է Էսկուդերոն:

Ինկվիզիցիայի դատարանը որոշում է, որ Ագուստին Օրտիսը պետք է լսի խիստ դատավճիռը և դատական ծախսերը հատուցի: Այլ հետազոտողներ գտել են բնավորության գծեր, որ գրական հերոսին հարազատացնում են XVI դարավերջին ապրած իրական մարդկանց հետ: «Տրամաբանական է մտածել, որ Դոն Կիխոտը հիբրիդ է՝ «լոսկուտներից կարված ծածկոց»՝ մի քանի մարդկանց ճակատագրերից ու պատմություններից, որ իրենց ներդրումն են ունեցել Լա Մանչի բանահյուսության մեջ: Ինչպես Սանչո Պանսան ու Դուլսինեան: Բայց Ագուստին Օրտիսի կերպարը իսկական բացահայտում է: Թեկուզ միայն այն պատճառով, որ ամբողջ կյանքում նա իրեն ազնվական էր համարում, ու բոլորը նրա վրա ծիծաղում էին»՝ եզրափակում է Խավիեր Էսկուդերոն:
Բենխամին ՌՈՍԱԴՈ, El Mundo


Հ.Գ. Լիովին կիսում եմ Խավիեր Էսկուդերոյի պատմական հրճվանքը, բայց Ագուստին Օրտիսը թե տասնյակ ագուստիններ ու օրտիսներ են եղել Դոն Կիխոտի նախատիպը, պետք էր Միգել դե Սերվանտեսի հանճարը, որ վեպը գրվեր: ՈՒ մի քիչ էլ կասկածում եմ, որ Սերվանտեսը նստել ու կարդացել է ինկվիզիցիայի դատական փաստաթղթերը, որ հիմա են արխիվային ու բոլորի համար բաց, այն ժամանակ հազիվ թե ինկվիզիցիան իր թղթերը տար ինչ-որ անհայտ մեկին կարդալու: Նույնիսկ ինկվիզիտորները չգիտեին, որ նա դառնալու է աշխարհի ամենահայտնի իսպանացին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ