Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Լեռնային Ղարաբաղ. Բաքուն Մինոտավրոսի լաբիրինթոսում

Լեռնային Ղարաբաղ. Բաքուն Մինոտավրոսի լաբիրինթոսում
24.10.2016 | 09:49

Ֆրանսիան որոշել է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին: Պիեռ Անդրիոյին, որ այդ պաշտոնում էր 2014-ից, փոխարինել է Ստեֆան Վիսկոնտին, որ արտաքին գործերի ավագ խորհրդական էր, իսկ ավելի վաղ՝ Ֆրանսիայի դեսպանը Լատվիայում, ազատ խոսում է ռուսերեն, գիտի գերմաներեն, շվեդերեն, վրացերեն: Նա պրոֆեսիոնալ է՝ ի վիճակի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն ընկալել համալիր՝ ամբողջ պատմական, քաղաքական ու այլ տեղեկատվության ծավալով: Ինչո՞ւ Ֆրանսիան փոխեց համանանախագահին: Գուցե դիվանագիտական սովորական ռոտացիա է, իսկ գուցե ոչ: Պիեռ Անդրիոն իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ ոչնչով իր գործընկերներից չէր առանձնանում, գուցե միայն նրանով, որ ակտիվ մասնակցություն ունեցավ 2015-ի հոկտեմբերի 27-ին Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և մյուս համանախագահների անձնական միջնորդությամբ: Այն ժամանակ գրում էին, որ Ֆրանսիան նախապատրաստել էր կոնֆլիկտի կարգավորման նոր պլան, բայց հակամարտող կողմերը չընդունեցին:

«Ի վերջո, վերջնական որոշումն ընդունում են նախագահները, մենք ջանում ենք մեր միջնորդի դերը կատարել,-այսպես մեկնաբանեց Պիեռ Անդրիոն իրավիճակը:- Դա հեշտ չէ, բայց մենք կշարունակենք»: Այն ժամանակ որևէ առաջընթացի հասնել բանակցային գործընթացքում անհնար էր մեթոդոլոգիական սկզբունքներից ելնելով: Բավական է հիշել, որ երբ 1997-ի հունվարի 1-ին Ֆրանսիան ընտրվեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, դա հարուցեց Ադրբեջանի կոշտ առարկությունը, որ Ֆրանսիային համարում էր հայամետ տրամադրված պետություն: Ադրբեջանը դիմեց ԵԱՀԿ-ին՝ որոշումը վերանայելու համար՝ խնդրելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակել ԱՄՆ-ի ներկայացուցչին: 1997-ի փետրվարի 14-ին կայացվեց փոխզիջումային որոշում երեք համանախագահների մասին՝ ՌԴ, Ֆրանսիա և ԱՄՆ: Ադրբեջանի գործը չհեշտացավ: Այնուհանդերձ, Բաքուն մշտապես սպասում էր բարձր մակարդակով բանակցությունների նոր ռաունդին՝ ավելի ու ավելի գիտակցելով, որ ՄԽ համանախագահ երկրներից ոչ մեկը չի պատրաստվում հանդես գալ բացարձակապես ինքնուրույն նախաձեռնություններով, թեպետ իրադարձությունների զարգացման բերումով խմբագրում է իր տեսակետները: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սենսացիոն հայտարարություն արեց, որ Ադրբեջանում կամ փորձում են լռության մատնել, կամ իրենց ձևով մեկնաբանել: «Կողմերը պետք է իրենք պայմանավորվեն, առանց արտաքին ճնշման, գտնել փոխընդունելի որոշում: Դա մեր ամուր դիրքորոշումն է,- ասաց ՌԴ նախագահը:- Փոխզիջումը ենթադրում է առավելագույն հավասարակշռություն գտնել տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգերի ինքնորոշման իրավունքի միջև»: ՌԴ նախագահը ուշադրություն էր հրավիրում, որ կոնֆլիկտի կարգավորման վերջնանպատակը պիտի լինի պայմանավորվածությունը, որի դեպքում կողմերից ոչ մեկը չլինի հաղթող կամ պարտվող, զիջումները պետք է լինեն փոխադարձ, շահեկան կողմերից յուրաքանչյուրին, հասկանալի Ադրբեջանի ու Հայաստանի հասարակական կարծիքի համար. «Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որ ընդունելի է կոնֆլիկտում ներգրավված կողմերի համար, մյուս միջնորդների հետ դառնալ կարգավորման երաշխավոր»:


Ընդգծում եմ, որ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին պլան չի բերում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը, այլ՝ հատկապես հավասարակշռությունը տարածքային ամբողջականության սկզբունքի և ազգերի ինքնորոշման իրավունքի միջև: Այդ թեզիսը զարգացում ապրեց: Նախագահ Իլհամ Ալիևը վերջերս տրտնջում էր, որ իր վրա «ճնշում են գործադրում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու նպատակով»: Նա պատասխան քայլն արեց՝ հայտարարելով, որ պատրաստ է դիտարկել այդ տարածքի կարգավիճակը միայն Ադրբեջանի կազմում իբրև ինքնավար հանրապետություն: «ԼՂԻՄ-ի կարգավիճակի բարձրացումը մինչև ինքնավար հանրապետություն քննարկվել է դեռ 1988-ին և մերժվել է, դժվար է պատկերացնել, որ հիմա ավելի ընդունելի է,- կարծում է Կառնեգիի հիմնադրամի գիտաշխատող, բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը:- Նախագահի հայտարարության չափավոր տոնայնությունն ավելի տպավորիչ է, քան բովանդակությունը»: Վաալի խոսքով՝ «Ալիևն ընդունում է Ղարաբաղի հայերի իրավունքները, դա լավ է, և հակադրվում է պաշտպանության նախարարի հռետորաբանությանը»: Այսինքն հիմա հայերը, Բաքվի մեկնաբանությամբ՝ արդեն կարող են այլմոլորակային չհամարվել Ադրբեջանում: Դա արդեն քայլ է, բայց միայն առաջին քայլը կոնֆլիկտի կարգավորման ճանապարհի սկզբին:
Ապրիլյան պատերազմը Բաքուն ներկայացրեց իբրև իր «հաղթանակը»:

Բայց ո՞ւր են արդյունքները: Իսկական հաղթանակ տարել են Երևանն ու Ստեփանակերտը 1994-ին, երբ ստիպել են Բաքվին Բիշքեկյան փաստաթղթերը ստորագրել, որոնք ամրագրեցին ներկա ստատուս քվոն: Դա հաղթանակ էր ոչ միայն մարտի դաշտում: Մինչ այդ՝ 1993-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 4 բանաձևեր Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով՝ 822, 853, 874 և 884, որոնց մեջ արձանագրվում է նաև ուժի կիրառման անթույլատրելիությունը: Ադրբեջանը խախտեց բանաձևերը և վերսկսեց մարտական գործողությունները: Արդյունքում, ինչպես գրում է իրավագիտության դոկտոր Քամրան Բեհբուտովը, «1994-ի Բիշքեկյան համաձայնագրերը սառեցրին ՄԱԿ-ի գործունեությունը այս կոնֆլիկտում»: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Ֆրանսիայի համանախագահի փոփոխությունը Մինսկի խմբում, հայտարարում է. «Մինսկի խմբի համանախագահներից ինստիտուցիոնալ առումով մենք սպասում ենք կոնֆլիկտի կարգավորման ապահովում միջազգային իրավական նորմերի ու սկզբունքների հիման վրա, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և Հելսինկյան եզրափակիչ ակտի՝ իրենց մանդատի համապատասխան»: Նա նկատում է «ԵԱՀԿ 1995-ի Մինսկի խմբի համանախագահների մանդատին վերաբերող փաստաթղթերի համաձայն՝ նրանց մանդատի հիմքում այդ փաստաթղթերն են»:

Ճշտենք: 1994-ի դեկտեմբերի 6-ին ԵԱՀԿ Բուդապեշտի սամմիթում ստեղծվեց Մինսկի խումբը, որը զբաղվեց կոնֆլիկտի խաղաղ կարգավորման պայմանների մշակումով: Այդ սամմիթում սահմանվեց Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը և համանախագահության մանդատ տրվեց բանակցային գործընթացում: Բուդապեշտի 1994-ի սամմիթում որոշվեց ԵԱՀՄ Մինսկի խմբին հանձնարարել կազմակերպել կոնֆլիկտի բոլոր կողմերի հանդիպումներ, առանձին կետով նշվում է, որ կոնֆլիկտի կողմեր են բոլոր երկրները՝ ճանաչված և չճանաչված, որ մասնակցել են զինադադարի հաստատման պայմանագրի կնքմանը Բիշքեկում: Հարց է ծագում՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակի «հիշեցումը» ԵԱՀԿ ՄԽ մանդատի մասին նշանակո՞ւմ է բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցության համաձայնություն: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ԵԱՀԿ ՄԽ նպատակը «ճգնաժամի խաղաղ կարգավորման բանակցությունների մշտական հարթակի ապահովումն է՝ ԵԱՀԿ դրույթների, պարտավորությունների ու սկզբունքների հիման վրա», այլ ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի: Միայն այսօր է Ադրբեջանը փորձում շաղկապել նորմատիվ իրավական հիմքերը և կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացի գոյություն ունեցող մեխանիզմը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին: Առաջ Բաքուն շարունակում էր բանակցել նույնիսկ այն ժամանակ, երբ 2007-ից սկսեցին քննարկվել Մադրիդյան սկզբունքները, որոնցով Լեռնային Ղարաբաղի համար նախատեսվում է անցումային կարգավիճակ մինչև հանրաքվեի անցկացումը: ՄԱԿ-ի ԱԽ ի՞նչ բանաձևերի մասին այդ դեպքում կարելի է խոսել և եթե, Բաքվի կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ-ն գործել է ու շարունակում է գործել՝ խախտելով իրեն տրված մանդատը: Եթե այդպես է, ինչո՞ւ Ադրբեջանը չի նախաձեռնում ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձևի ընդունում Ղարաբաղի հարցով:

Պատճառը միայն «հայկական լոբբիի» արդյունավետ աշխատա՞նքն է, որ շեշտում է Բաքուն, թե՞ շատ ավելի լուրջ է: Կոսովոյից հետո և եվրոպական միջազգային իրավունքում այս կամ այն պետության տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության հաստատմամբ, ԵԱՀԿ ՄԽ գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային մշտական հարթակի ապահովումն է՝ ԵԱՀԿ սկզբունքների, պարտավորությունների ու դրույթների հիման վրա: Հենց այդ մեկնակետից պետք է վերլուծել հայ-ադրբեջանական և ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտները: Այդ պատճառով ԵԱՀԿ ՄԽ-ն օգտագործում է փուլային կարգավորման մարտավարությունը՝ որոշակի հաջողության հասնելով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված է զբաղվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մշակումով՝ մոդելի ու իրավական շրջանակների, ճիշտ է, դեռ Ադրբեջանի կազմում: Բայց, ինչպես հայտարարեց ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ «այդ տարրերը քննարկվել են տարիներ շարունակ»՝ հասկացնելով, որ մեծ քաղաքականության մեջ երկու անգամ միևնույն իրավիճակի մեջ մտնել համարյա անհնար է: ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին կարող է վիճակվել պատմական առաքելություն: Բաքվեցի փորձագետ Նամիկ Հուսեյնովը գրում է՝ «Նոր համանախագահի նշանակումը Ֆրանսիայի ակտիվացում է նշանավորում կարգավորման հարցում»: Աշխարհաքաղաքական ինտրիգը նոր միայն ծնվում է:

Քաղաքական իննովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն արդեն հայտարարում է, որ «Մոսկվան տրվել է հայերի շանտաժին», որ ՌԴ ԱԳՆ-ն բերեց «հիմնական խզումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում Ռուսաստանի քաղաքականության մեջ», որ «Ռուսաստանը դուրս է մնալու Հարավային Կովկասից», որ Ադրբեջանն ունի «ճիշտ պատմություն ու աշխարհագրություն, իսկ Հայաստանինը հնարովի է», որ «Ադրբեջանը կարող է մասնակցել ԱՊՀ տարածքում տարբեր երկրների ու ինտեգրացիոն նախագծերին, այդ թվում՝ Բելառուսի ու Ղազախստանի», վերջապես՝ որ «աջակցելով Հայաստանին՝ Ռուսաստանը հրաժարվեց տարածքային ամբողջականության սկզբունքից և գերակայությունը տվեց ազգերի ինքնորոշման իրավունքին»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Ռուսաստանի հարցը պարզ է: Հիմա Բաքվին անակնկալ է պատրաստում Փարիզը: Սպասենք:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ ինչի՞ն սպասենք: Հայաստանն արդեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Բաքուն ինքն է հաստատել, որ դա անհնար է: Ի՞նչ է առաջարկելու Փարիզը՝ Բաքվի ԼՂՀ-ին ինքնավարությունը Ադրբեջանի կազմում առաջարկի և Երևանի՝ նախ անկախության կարգավիճակ, հետո կքննարկենք մյուս հարցերը պատասխանի միջակայքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ