Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

«Նման բարձրակարգ մասնագետների առկայության դեպքում մեր ներդրումը կարող է շատ ավելի արդյունավետ և օգտակար լինել հիվանդներին»

«Նման բարձրակարգ մասնագետների առկայության դեպքում մեր ներդրումը կարող է շատ ավելի  արդյունավետ և օգտակար լինել հիվանդներին»
07.10.2016 | 00:15

Եվս մի քանի ամիս, և հիվանդները ճառագայթային բուժում կարող են ստանալ ամերիկյան «Վարան» ընկերության նորագույն էլեկտրոնային գծային արագացուցչով՝ առանց ԱՄՆ մեկնելու։ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության բժշկական կենտրոնը օրերս համագործակցության համաձայնագիր կնքեց Իրանի Իսլամական Հանրապետությունում «Վարան» ընկերության ներկայացուցչության հետ, որի համաձայն, գերզարգացած էլեկտրոնային գծային արագացուցիչը նշված բժշկական կենտրոնում կլինի արդեն 6 ամիս հետո։ Ինչ խոսք, սա խոշոր ներդրում է ճառագայթային ուռուցքաբանության ոլորտում։ Քանի որ նշված բժշկական կենտրոնը մասնագիտացված է ճառագայթային ուռուցքաբանության ասպարեզում, մեզ հետաքրքրեց՝ ինչո՞ւ պարսկա-ամերիկյան ընկերությունն իր ներդրումը մեկ այլ առաջատար բժշկական կենտրոնում չի արել։ Հենց այս հարցով էլ սկսեցինք մեր զրույցը «Վարան փարթո դարման» պարսկա-ամերիկյան ընկերության ղեկավար ՄՈՀԱՄԱԴ ՀՈՋԱԹ ՓԱՆԱՀԻ հետ։


-Մեզ համար շատ կարևոր է մասնագետների որակը, և քանի որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում աշխատում են բարձրակարգ ռադիոթերապևտներ, և, բացի ճառագայթային բժշկությունից, այստեղ զարգացած է նաև ուռուցքաբանությունը, բնականաբար, նման բարձրակարգ մասնագետների առկայության դեպքում մեր ներդրումը կարող է շատ ավելի արդյունավետ և օգտակար լինել հիվանդներին: Մենք հույս ունենք, որ սարքի ներդրումից հետո այն անմիջապես գործի կդրվի, քանի որ այստեղ բոլոր պայմանները ստեղծված են: Հաշվի ենք առել նաև այն հանգամանքը, որ Ֆանարջյանի անվան բժշկական կենտրոնը լայն ճանաչում ունի ժողովրդի շրջանում:
-Քանի որ բարձր եք գնահատում այս կենտրոնի ռադիոթերապևտների մասնագիտական հմտությունները, կարելի՞ է ենթադրել, որ նույն մասնագետները կարող են փոխադարձաբար օգտակար լինել նաև ձեր մասնագետներին:
-Միանշանակ: Գիտությունն ամեն օր է զարգանում, և մասնագետները պետք է կապի մեջ լինեն.՝ փորձի փոխանակումն անհրաժեշտություն է: Մենք երբեք չենք ասել, թե հայաստանցի մասնագետների կարիքը չունենք: Ինչպես նշեցի, այստեղ կան շատ լավ մասնագետներ, ուղղակի սարքավորումների արդիականացման խնդիրը պետք է լուծվի, ինչի ուղղությամբ էլ մենք աշխատում ենք։
-Ըստ այդ համագործակցության, դուք ներմուծելու եք ամերիկյան «Վարան» ընկերության երկու էլեկտրոնային գծային արագացուցիչ։ Ֆինանսական տեսակետից որքա՞ն է ձեր ներդրումը. ինչպես գիտեք, ՀՀ-ում ուռուցքաբանությունն անվճար է, այս սարքավորումով բուժումն ի՞նչ կարժենա:
-Մեկ սարքի արժեքը 2 մլն դոլար է, բնականաբար, այդ ներդրումը պետք է նաև արդարացվի, հետևաբար բուժումը 100 %-ով անվճար չի կարող լինել, սակայն կենտրոնի ղեկավար Արմեն Տանանյանի հետ քննարկում ենք սոցիալապես անապահով ընտանիքների համար որևէ տարբերակ գտնելու հարցը: Ի դեպ, պետք է նկատեմ, որ այս սարքավորումների ներդրմամբ սկիզբ է դրվում մեր համագործակցությանը, նպատակ ունենք նաև այդ շրջանակը լայնացնելու: Այս երկիրն այնքան հարազատ է մեզ, որ չենք զգում, թե այլ երկրում ենք ներդրում կատարում:

«ՄԵՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ՄՐՑՈՒՆԱԿ»


Գաղտնիք չէ, որ բարձր տեխնոլոգիաներով իրականացվող բուժումը աշխարհում ամենաթանկ շռայլությունն է։ Կկարողանա՞ն արդյոք սոցիալապես ծանր վիճակում գտնվող հիվանդները բուժում ստանալ միջազգային չափանիշներով։ Սա խիստ կարևոր հարց է, որը փորձեցինք ճշտել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության բժշկական կենտրոնի ղեկավար ԱՐՄԵՆ ՏԱՆԱՆՅԱՆԻՑ։


-Այո, իրավացի եք, ճառագայթային թերապիան բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ է իրականացվում, ինչն էլ կանխորոշում է բուժման բարձր գինը: Այս տարածաշրջանում այն տատանվում է 2000-ից 7000 դոլարի սահմաններում: Միևնույն ժամանակ մենք չենք կարող հաշվի չնստել մեր իրականության հետ: Նկատի ունենալով մեր բնակչության սոցիալական վիճակը, առաջին հերթին բանակցել և պայմանավորվածություն ենք ձեռք բերել իրանցի մեր գործընկերների հետ, որ մեր կենտրոնում գները պետք է լինեն մրցունակ այս տարածաշրջանում և մատչելի մեր ժողովրդի համար: Երկրորդ՝ աշխատում ենք ձևավորել հատուկ ֆոնդ, որը կկարողանա հոգալ հաշմանդամների, զինծառայողների, սահմանամերձ գոտու բնակիչների բուժման ծախսը, որպեսզի այս սարքավորումներով բուժումը նշված խավի համար լինի անվճար: Մեր քաղաքականությունը չի սահմանափակվում միայն կենտրոնը գերզարգացած սարքավորումներով հագեցնելով, որակյալ բուժման ապահովումը մեր կարևորագույն ռազմավարությունն է: Դրանով իսկ փորձում ենք կանխել արտերկրում բուժում ստացողների արտահոսքը և փոխել այն մտածողությունը, թե դրսում բուժումն ավելի որակյալ է: Այդ մտածողությունը փոխելու համար պետք է աշխատել և գործնականում լուծել առկա խնդիրները:
-Դուք մեկուկես տարի է, ինչ ղեկավարում եք Ֆանարջյանի անվան բժշկական կենտրոնը, բացի այս ծրագրից, ի՞նչ նորարարություններ եք գործնականում իրականացրել:
-Թե՛ հատկացվող միջոցներով, թե՛ եղած հնարավորություններով, և, ինչու ոչ, նաև կոռուպցիոն խութերը փակելու ճանապարհով, կարծում եմ, կարելի է և՛ շենք-շինությունները վերանորոգել, և՛ բարձրակարգ սարքավորումներով հագեցնել կենտրոնը: Իհարկե, մեկուկես տարում չէինք կարող վերանորոգել 30 հազար քմ տարածքով շենքը, սակայն փորձել ենք անել հնարավորը: Կատարված աշխատանքը նկատելի է և՛ բակում, և՛ բաժանմունքներում: Անընդմեջ աշխատանքներ ենք տանում սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ: Երկու ամիս առաջ մեր միջոցներով ձեռք ենք բերել «Հոլոջիկ» ամերիկյան ֆիրմայի նորագույն մամոգրաֆ, որը առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այն շատ կարևոր է, քանի որ կանանց կրծքագեղձի քաղցկեղը լայն տարածում ունի, և դրա վաղ հայտնաբերումը անհրաժեշտություն է: Այս ընթացքում մեր կենտրոնը հագեցվել է նաև նորագույն անգիոգրաֆով, որը հնարավորություն է տալիս տեղադրելու պորտոկադ, կատարելու քիմիոէմբոլիզացիա և անոթային տարբեր գործողություններ:
-Պարոն Տանանյան, լինում են դեպքեր, որ այս կամ այն կենտրոնը ձեռք է բերում նորագույն սարքավորում, սակայն, համապատասխան մասնագետի բացակայության պատճառով, այն գործի չի դրվում, ինչից տուժում են հիվանդները:
-Չեմ բացառում, լինում են նման դեպքեր, սակայն մեր կենտրոնի բոլոր սարքավորումներն աշխատեցնում են բարձրակարգ մասնագետներ, պրոֆեսորներ: Ներդրվող էլեկտրոնային գծային արագացուցիչը ևս անմիջապես գործի է դրվելու մեր մասնագետների կողմից: Իրանական կողմը ամիսների ընթացքում ուսումնասիրել է մեր դաշտը և համոզմունք հայտնել, որ մեր կենտրոնն ունի 5-6 ճառագայթաբաններ, որոնց մասնագիտական հմտությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Ի դեպ, շատ լավ հարց բարձրացրիք, որովհետև բարձրակարգ մասնագետի բացակայության դեպքում ցանկացած որակյալ սարքավորման վրա փոշի կարող է նստել: Կարծում եմ՝ մեր համագործակցությունը իրանական կողմի հետ ստացվեց, քանի որ մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմը բարձր է:
-Ըստ Ձեզ, այս սարքավորումների ներդրումից հետո կենտրոնում հերթերը կնվազե՞ն։
-Կարծում եմ՝ հերթերը կվերանան: Մեկ էլեկտրոնային գծային արագացուցիչը կարող է սպասարկել մոտ 70 հիվանդի, սակայն ծրագիրը ենթադրում է երկու նման սարք: Իսկ բարոյապես մաշված սարքավորումների խնդիրն ամենալուրջն է՝ 361 սարքավորում ժառանգություն է մնացել 1962 թվականից, բոլորը հանվել են, կենտրոնացվել մի տեղում և աստիճանաբար դուրս կգրվեն:


Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ