Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Զեյթունցիների վենդետան

Զեյթունցիների վենդետան
16.09.2016 | 09:51

Ինչպես մեր առաքինությունների, այնպես էլ արատների արմատները պատմության մեջ են: ՈՒ, թերևս, իմաստ ունի երբեմն-երբեմն վեր հանել թերությունների ժամանակագրությունը, որովհետև ինքնաճանաչում նշանակում է նաև հոռի կողմերի իմացություն:

Պատմական զուգահեռները անցյալի ու ներկայի միջև ուսուցողական և օգտակար են, սակայն դրանք նվազ հետաքրքրական չեն անցյալի և անցյալի միջև:
Ի՞նչ ենք պատկերացնում զեյթունցի ասելով` մարտաշունչ, անզիջում, կռվազան լեռնական: Զեյթունցիները բազմաթիվ հերոսական էջեր են թողել թուրքական իշխանությունների դեմ ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ: Բայց հիմա խոսքը դրա մասին չէ, կուզենայի զուգահեռ անցկացնել Զեյթունի և… իտալական կղզիների միջև:
Վենդետան` արյան վրիժառությունը, սկիզբ է առել Կորսիկայից, ապա տարածվել Սարդինիայում ու Սիցիլիայում: Հայաստանում ճիշտ այդպիսի, ինքնահատուկ, յուր առանձին կոշտուկոպիտ բարբառով մի «կղզի» էր Զեյթունը, որտեղ XIX դարում վենդետան ձևավորվել էր որպես յուրատեսակ «մշակույթ»:
Կռվարարությունը և միմյանց նկատմամբ անհաշտությունը դրսևորվում էին, նախ, վիճաբանություններով, որոնց հաջորդում էին մեկմեկու նախազգուշացնելու, ահաբեկելու գործողությունները:


Այսպես, մեկը գիշերով, երբ հակառակորդը քնած էր լինում, մուտք էր գործում նրա տուն, բարձի կողքին մի բուռ վառոդ լցնում ու հեռանում: Այսինքն, թե` տես, կարող էի քեզ սպանել, բայց չարեցի, ուրեմն քեզ սուսուփուս պահիր:
Գիշերով եկեղեցուց դագաղ էին գողանում ու տանում-դնում թշնամու դռանը, հասկացնելով` քեզ դագաղ կդնեմ:
Մտնում էին միմյանց այգիներ ու կտրում տնկիներն ու որթերը, այգիների մեջ եղած քոլիկները այրում, իսկ փռած չամիչը թե թարմ էր` կոխկրտում էին, թե չոր` գողանում:
Կտրում էին եզան, ձիու, ջորու, էշի պոչը կամ ականջը:
Երեկոյից մինչ կեսգիշեր սկսում էին իրար տներ քարկոծել:


Քանի որ Զեյթունի տները կառուցված էին լեռնալանջին, ապա մեկի տանիքը հանդիսանում էր մյուսի բակը: Բակի քարը քանդում էին, որպեսզի մյուսի տան առաստաղը փլվի, իսկ հողե կամ քարե ծխնելույզները փլցնում:
Եթե հակառակորդը ջրաղաց ուներ, խողովակի մեջ քար էին խցկում, որպեսզի ջրի ընթացքը խափանվեր:
Ի վերջո, եթե ցերեկվա ժամը 12-ից հետո հանդիպում էին թշնամու կնոջը, խլում էին գլխի ծածկոցը կամ փախցնում ճակատից կախած ոսկիները:
Այսքանից հետո սպանությունը, բնականաբար, անխուսափելի էր: Բայց սկսվում էր նոր փուլ:
Քանի որ հետևելու էր պարտադիր հատուցում, և դա կարող էր փոխադարձաբար շարունակվել տասնամյակներով, ցեղեցեղ, ոճրագործը ձգտում էր հաշտության: Դրա համար նրան պետք էր միջնորդ: Զեյթունը բաժանված էր չորս մասի, որոնցից ամեն մեկը կառավարում էր առանձին առաջնորդ: Մարդասպանը դիմում էր այդպիսի թաղային հեղինակության, և եթե վերջինս համաձայնում էր, գնում էին սպանվածի տուն: Հանցագործը փաթաթվում էր կտավե սավանով, ընկնում սպանվածի ժառանգի ոտքերը և ասում` պատանքովս եմ եկել, թե կուզես` սպանիր: Հետո սկսում էր խոսել հաշտարարը: Եթե գործը գլուխ էր գալիս, սպանվածի ժառանգը ներում էր, ոճրագործը նրան մի գավաթ գինի էր մատուցում, ձեռքը համբուրում ու վճարում առնվազն 1000 ղուրուշ:
Սակայն նման հաշտություններ հազվադեպ էին կայանում:
Զեյթունն ինչո՞վ էր տարբերվում Կորսիկայից:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ