Մեր ժողովուրդը տարբեր երկրներում ունեցել է մի քանի հայաքաղաքներ` արմենոպոլիսներ, այսինքն՝ բնակավայրեր, որոնք հիմնել են հայերը և որոնք եղել են զուտ հայաբնակ: Բայց եթե Նոր Ջուղայի (Իրան), Գերլայի (Ռումինիա), Նոր Նախիջևանի (Ռուսաստան), Գրիգորիոպոլսի (Մոլդովա) հայկական ծագումը հանրահայտ է, ապա ևս մեկի մասին հուշն անգամ անհետացել է: Այս հրապարակումը դրա մասին է:
Երբ 1400 թ. ձմռանը միջինասիացի թյուրք Թամերլանն իր գազանաբարո, կին, երեխա ու ծեր չխնայող, նեղաչ ու դեղնամաշկ զորքով հայտնվեց Սեբաստիայից 10 օրվա հեռավորության վրա, քաղաքում իրարանցում ու խուճապ սկսվեցին: Հայությունը հապշտապ գաղթի պատրաստություն տեսավ: Նրանց մեջ էր նաև պարտիզպան Տոնիկը` իր արխղով: Թե նրա ընտանիքը քանի հոգուց էր բաղկացած` ստույգ հայտնի չէ, բայց եթե նկատի ունենանք, որ այդ ժամանակ տղաներին ամուսնացնում էին 17-18, իսկ աղջիկներին` 13-14-ամյա հասակում` սեռական արբունքի հասնելուց անմիջապես հետո, և ծննդաբերում էին 7-8 երեխաներ, կհամարձակվեմ ենթադրել, որ Տոնիկի արխղը շուրջ 50 հոգի էր:
Ապահով հանգրվան գտնելու հույսով մեր պարտիզպանը` իրեն ընկերակցած այլ համաքաղաքացիների հետ, բռնեց Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի ճամփան: Այսօրվա ավտոճանապարհներով Սեբաստիայից մինչև Ստամբուլ 891 կմ է, բայց պատկերացնո՞ւմ եք, թե XIII դ. վերջին բեռնավորված գրաստներով քարավանը ձյունածածկ ու սառցակալած սարերով, ձորերով, կիրճերով, գետանցումներով, գելուգազանների հարձակումներից խուսափելով, հանգիստ առնելով որքան ժամանակում կհատեր այդ ուղին: Ըստ իս, առնվազն 4-5 ամիս կպահանջվեր: Այնպես որ, ծաղկափթիթ գարուն էր, երբ Տոնիկը հասավ մի վայր, որից հետո որոշեց ճանապարհը չշարունակել:
Այդ վայրը գտնվում էր Սանգարիուս (Սաքարիա) և Սափանջա գետերի արանքում, ցամաքած լճի տեղում, ընդարձակ հարթության վրա: ՈՒշադրությամբ զննելով շրջակայքի փարթամ բուսականությունը, խոտածածկ հողից մի բուռ վերցնելով և ափի մեջ տրորելով, Տոնիկը վճռեց վերջնականապես այդտեղ հանգրվանել: Այստեղ կաճեին ու լավ պտուղ կտային բերքատու ծառերը, բարեբեր սևահողը առատ ընդեղեն կպարգևեր, իսկ գետերով հնարավոր կլիներ հասնել Սև ծով: Բացի այդ, կայսեր հարկահանների աչքից որքան հեռու, այնքան լավ: Մինչև Կ. Պոլիս մնացել էր 160 կիլոմետր:
Թե եկվորներն ինչպես բնավորվեցին, թթենիներ և այլ պտղատու ծառեր տնկեցին, վարեցին, հերկեցին, ցանեցին, հնձեցին, սխտոր և ուրիշ ընդեղեն սածիլեցին, տներ կառուցեցին, Չարըխ գետակից խմելու ջուր անցկացրին` կարելի է երևակայությամբ պատկերացնել, իսկ ես ընդամենը կասեմ` քրտինքով հող նվաճեցին:
Բնականաբար, նոր բնակավայրը անվանում պիտի ունենար, բայց դա ամենահեշտ բանն էր` ի պատիվ իրենց առաջնորդի կոչեցին Տոնիկաշեն: Այդպես 1400 թ. հիմնվեց և 60 տարի անունը պահպանեց հայաքաղաքը:
Երբ 1453 թ. օսմանները գրավեցին Կ. Պոլիսը, տեղի ունեցավ նաև Անատոլիայի նվաճումը: 1461 թ. թուրքերը հայտնվեցին Տոնիկաշենի մոտ: Տեսնելով բարեբեր, վաճառաշահ, աշխույժ առևտրով, արհեստներով, երկրագործությամբ, շերամապահությամբ զբաղվող հայերին, նրանք քաղաքը նմանեցրին կղզի-շուկայի և, նախ, անվանեցին Սամըրսագ Ադասը` սխտորի կղզի, քանզի հատկապես սխտորն առատ էր, ապա` Ադաբազար, ադա` կղզի, բազար` շուկա:
Կամաց-կամաց նրանք ու հույներն էլ այստեղ հաստատվեցին, բայց XVI-XVIII դդ. թուրք-պարսկական պատերազմների, օսմանյան բռնաճնշումների պատճառով տարբեր վայրերից` Ակնից, Թոքատից, Կեսարիայից, Պարտիզակից, Պարսկաստանից եկան նաև հայեր: Որտեղ հաց` այնտեղ կաց, բայց հաց ստեղծողներն իրենք էին, ոչ ոք սկուտեղի վրա նրանց ոչինչ չէր հրամցրել:
Այժմ անցնենք ժամանակների միջով և գանք-հասնենք XIX-XX դարեր:
Ըստ վարչատարածքային բաժանման, Ադաբազարը Նիկոմիդիա (Իզմիտ) նահանգի կենտրոնն էր: Բնակչությունը երբեք մարդաշատ չի եղել, բայց հայությունը մշտապես կազմել է կեսից ավելին, դիցուք` 25 հազարից 1600-ը հույն էր, 10700-ը` լուսավորչական, 1300-ը` բողոքական հայ, մնացածը` մահմեդական: Քանի որ հայերն էին քաղաքի հիմնադիրներն ու հնաբնակները, բնականաբար ապրում էին կենտրոնական մասում, և դա էլ էր տրամաբանական, քանզի եկվորը միշտ էլ նախորդից հետո է տուն կառուցում: Դա էր պատճառը, որ թուրքը, հույնը, հրեան ու գնչուն ապրում էին հայից ու միմյանցից զատ` առանձին թաղամասերում: Հայոց չորս` Նեմչելեր կամ Նեջիշլեր, Քուրթուլուշ, Մալաջըլար և Գազելլեր թաղամասերից յուրաքանչյուրն ուներ իր եկեղեցին` կից արական և իգական դպրոցներով: Եկեղեցի և վարժարան պարտադրաբար ունենալը բավականին պարզ բացատրություն ուներ. առաջինը՝ ինքնությունը, տեսակը, քրիստոնեական արժեքները պահպանելու, երկրորդը՝ մրցակցային առավելություններ ձեռք բերելու լավագույն կռվաններն էին: Ընդ որում, եկեղեցու ու վարժարանի համար միջոցներ չէին խնայվում, լավագույն շինությունները դրանք էին: Այսպես, Նեմչելեր թաղամասի Սբ Կարապետ եկեղեցուն կից գործում էին Ներսեսյան ու Սանդուխտյան դպրոցները, Մալաջըլար թաղամասի Սբ Հրեշտակապետին կից` Արամյան և Գայանյան դպրոցները, Քուրթուլուշ թաղամասի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից` Ռուբինյան վարժարանը ու Հռիփսիմյան դպրոցը, իսկ Գազելլեր թաղամասի Սբ Ստեփանոսին առընթեր` Մեսրոպյան և Նունյան վարժարանները, որոնք Ադաբազարի ամենամեծ ուսումնական հաստատություններն էին:
Քաղաքի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր, որոնք նույնպես ունեին եկեղեցիներ ու վարժարաններ: Դիցուք, Սափանջայում, ուր բնակվում էին մետաքսագործությամբ, գորգագործությամբ և այլ արհեստներով զբաղվող շուրջ հազար հայեր, կար Սբ Աստվածածին անվամբ եկեղեցին, կից` Արամյան վարժարանը: Հայոց գյուղում ՝ Էրմենիքյոյում, և Հովիվ գյուղում, գտնվում էին Սբ Գրիգոր Լուսավորիչ և Սբ Կարապետ եկեղեցիները, դրանց կից ՝ Վահանյան վարժարանը: Չուքուրքյոյում էր Ս. Աստվածածին եկեղեցին, Գեղամ գյուղում` Սբ Հովհաննես եկեղեցին և Հովհաննես վարժարանը: Արամը-Քըզըլջըք գյուղն ուներ Սբ Ստեփանոս եկեղեցին և Արամյան դպրոցը, Ֆընդըքլըյը` Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Մեսրոպյան վարժարանը, Ֆերիզլին` Սբ Աստվածածին եկեղեցին և Ռուբինյան վարժարանը, Դամլըքը` Սբ Ստեփանոս եկեղեցին և Ստեփանոսյան վարժարանը, Էլմալը գյուղը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ու Լուսավորչյան վարժարանը, Քողուքփելիթը ՝ Սբ Գեղամյան եկեղեցին և Գեղամյան վարժարանը, Բըչքըքյոյը` Զաքարյան եկեղեցին և Զաքարյան վարժարանը: Ընդհանուր առմամբ 1902-1912 թթ. Ադաբազարում ու շրջակա գյուղերում կային 18 եկեղեցի և 21 հայկական դպրոց:
Եթե եկեղեցին ինքնապահպանական, իսկ վարժարանը կրթվածությամբ մրցակցային առավելություններ ընձեռող գործոններ էին, ապա կար ևս մի ասպարեզ, որը ինքնապաշտպանական գործառույթ էր իրականացնում. դա առևտրով, վաճառականությամբ, արտադրատնտեսական գործունեությամբ զբաղվելն էր, իսկ փողի ուժը թուրքի զսպաշապիկն էր: Այս բնագավառում ադաբազարցի հայի հետ տեղացի այլազգիներից ոչ ոք չէր կարող չափվել:
Քաղաքի կենտրոնում գտնվում էր լայնատարած շուկան: Հնում այն փայտաշեն էր եղել, բայց XIX դ. վերջին հրո ճարակ էր դարձել, և հայերը կառուցել էին նորը` քարից: Շուկան շրջապատված էր թուրքական թաղամասերով, սակայն հյուսիսային ծայրից մինչև հյուսիս-արևելք աղեղնաձև փռված էին հայկական թաղամասերը։ Շուկան շարունակվում էր Ղարղըճի տակ կոչվող փողոցով, որի աջ ու ձախ կողմերում տեղավորված էին բուն շուկայում մահմեդականների կողմից արգելված խանութները` ձկան, խոզի մսի, ծխախոտի, պտղի ու պարենի վաճառանոցները, ինչպես նաև գինետունը: Այս փողոցի 100-120 խանութներից միայն մի քանիսն էին պատկանում հույներին, մնացյալը` հայերին, և գեթ մեկ թուրք խանութպան չկար։ Իսկ բուն շուկան մոտավորապես հետևյալ պատկերն ուներ. 80 %-ը` հայ, 10 %-ը` թուրք, 5 %-ը` հույն, 2 %-ը` հրեա, ու 3 %-ը` այլազգիներ։ Անգամ շուկայի լեզուն էր հայերեն, և թուրքերից շատերը ստիպված հայերեն էին սովորել:
Ադաբազարը հատկապես աչքի էր ընկնում շերամաբուծությամբ ու ծխախոտի մշակությամբ: Առաջինը տարեկան 3 մլն, իսկ երկրորդը 1 մլն ղուրուշի գումար էր բերում ժողովրդին, որովհետև դիցուք 1879 թ. մետաքսի ութ մանարանները, որոնց մեծ մասը հայերին էր պատկանում, աշխատանք էին տրամադրում հարյուրավոր կանանց ու աղջիկների։ Մինչև 1915 թ. Ադաբազարում մետաքսի մանարանները պատկանում էին հետևյալ անձանց և ընկերություններին. Պետրոս Մուրադյան, Պողոս Մուրադյան, «Անդրանիկ Չարխճյան եղբայրներ» ընկերություն, «Արթաքի Մետարյան-Արաբզադ» Սայիդ ընկ.», «Հակոբ Տալլերյան-Համիդ բեյ ընկ.», «Սուրեն Գույումճյան եղբայրներ» ընկերություն, «Մկրտիչ Ճրկայան ընկ.», «Շահինյան եղբայրներ», Անբարլյան, Կարապետ Թոփուզյան։
Շերամաբուծությունը, բնականաբար, հանգեցրեց մանուֆակտուրայի արտադրության, որը նույնպես ամբողջությամբ հայերի ձեռքում էր: Նրանք էին Անդրանիկ Թարիկյանը, «Եղիայան - Ֆեսլյան ընկ.», Սարգիս Զաղճյանը, Անդրանիկ Նազարեթյանը, Հակոբ Գարագալփակյանը, «Միսաք Կոճիկյան և որդիք» ընկերությունը, Կարապետ Գարագալփակյանը, «Մ. և Տ. Գամճյան եղբայրներ» ընկերությունը, Հովհաննես Փանչուկյանը, Մաղաք Մաղաքյանը, Գեսաբեկյան եղբայրները և այլք:
Ադաբազարը հիմնականում արտադրում էր ցորեն, քաթան, ծխախոտ, մետաքս, սոխ, սխտոր, գետնախնձոր ու պտուղներ, իսկ տեղի արհեստանոցներում պատրաստված ընտիր կաշին մրցունակ էր օտար շուկաների գունավոր կաշիների կամ մորթիների հետ։
Հիմնական արտահանող վաճառականներն ու ֆիրմաներն էին «Հակոբ Տալլերյան և ընկ.», Թագվոր Աշճյանը, «Արթաքի Միտարյան և ընկ.», «Ա. Ալիքսանյան եղբարք», Սրապյան եղբայրները, Մուստաֆա Դիարբեքիրլին, Յանկո Ակալիդիսը: Սրանցից բացի, կային մի շարք երկրորդական վաճառականներ, որոնք վերոհիշյալների վարկավորմամբ կամ նրանց համար էին աշխատում: Օրինակ, 1905 թ. քաթանը փոքրաքանակ գնող 6-7 առևտրականները օգոստոսի սկզբից մինչև հոկտեմբերի վերջ օխան` 2 կգ 225 գրամը, 2-3 ղուրուշով գնելով, Իզմիտում այն 2,5-3,5 ղուրուշով վաճառում էին մեծաքանակ վաճառականներին, որոնք էլ իրենց հերթին արտահանում էին Եվրոպա, մասնավորապես` Մարսել, Լոնդոն ու Համբուրգ։
Հավելենք նաև, որ Ադաբազարում միայն Օսմանյան կայսերական բանկն ուներ մասնաճյուղ, այնինչ մյուս բոլոր վարկատուները հայեր էին։ Հայապատկան հաստատություններ էին նաև տեղական այն երկու բանկերը, որոնք հիմնվել էին 1908-ի սահմանադրությունից հետո` երկու բաժնետիրական ընկերությունների կողմից։
Ամփոփելով տնտեսական ցուցանիշները՝ ասենք, որ Ադաբազարի տարեկան առևտրաշրջանառությունը միջին հաշվով կազմում էր 14 մլն ֆրանկ, որի բացարձակ մեծամասնությունը բաժին էր ընկնում հայերին, ավելի ստույգ` 165 խոշոր հայ վաճառականների:
Սփյուռքի պատմության ուսումնասիրությունն ակնհայտորեն վկայում է, որ համայնքների գոյատևումը կապակցված էր տնտեսական գործոնի հետ. որքան բարձր էր կապիտալի առկայության մակարդակը, այնքան ծաղկուն ու փթթուն էր գաղթօջախը և հակառակը` այս կամ այն պատճառով տնտեսական անկումը հանգեցնում էր համայնքի անշքացման ու վերացման:
Ադաբազարը պատկանում էր առաջինների թվին, տնտեսական բարվոք վիճակը հագեցրեց կրթամշակութային աներևակայելի առաջընթացի: 1909 թ. բացվեց տղաների Կենտրոնական երկրորդական վարժարանը, 1912-ին՝ աղջիկների դասրնթացը։ Գործում էին «Մանուշակ» մանկապարտեզ-նախակրթարանը և բողոքականների «Հայուհեաց» իգական գիշերօթիկ վարժարանը, Կրթասիրաց ընկերությունը, Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան-ընթերցարանով, Ազգային ժողովատեղիի միությունը, ինչպես նաև թատերախմբեր, երգչախումբ, կանանց բարեսիրական կազմակերպություններ։ 1910-ից լույս էր տեսնում «Երկիր» թերթը, 1912-ից «Բիւթանիա» շաբաթաթերթը`«Ատրուշան» տպարանում։
Մի քանի անգամ Ադաբազար այցելեց Կոմիտաս վարդապետը և հյուրընկալվեց ֆրանսիական «Բոնմարշե» ցանցի տեղի վաճառատան սեփականատեր, Լոնդոնի, Մանչեստրի, Փարիզի հետ գործնական կապեր ունեցող Գրիգոր Ակոնայանին: Նրա տանը Կոմիտասը քնում էր չոր տախտակամածին, կարպետի վրա՝ հրաժարվելով փափուկ անկողնուց: Մի անգամ էլ այցելեց Կենտրոնական վարժարան և աշակերտների համար երգեց «Քելեր, ցոլեր», «Հով արեք, սարեր ջան» երգերը:
Հյուրախաղերով քանիցս Ադաբազար ժամանեցին Աբելյանի, Արմենյանի ու Զարիֆյանի թատերախմբերը և ներկայացում տվեցին Հալիմ էֆենդու շերամանոցի շենքում:
Հիմա մի քանի խոսքով էլ բնութագրենք ադաբազարցի հային ու քաղաքը: Այստեղի հայն ուներ իր խոսվածքը` Նիկոմիդիայի բարբառը, տղամարդիկ տիրապետում էին թուրքերենի, կանայք` բնավ: Խիստ աշխատասեր էր, ապրուստ հայթայթելու համար ստիպված չէր Կ. Պոլիս կամ այլուր գաղթել, հյուրասեր էր, սրտաբաց, բայց ատում էր անբանին:
Հայկական թաղերում, եկեղեցիներից ու դպրոցներից բացի, աչքի ընկնող շինություններ քիչ կային։ Տների ճարտարապետական պարզունակ ձևը ավելի քան սովորական էր. դրանք, գրեթե առանց բացառության, փայտաշեն էին, բայց չափազանց ճաշակով զարդարված ծաղիկներով։ Կարելի է ասել, որ Ադաբազարի հայկական թաղամասերը իսկական ծաղկանոցների էին նման։ Ամենահետին տնակի տիրոջից մինչև բարեկեցիկ քաղաքացին ծաղկի սիրահարներ էին։ Պատուհանների առջև շարված թաղարներից բացի, պատերն ի վեր խիտ առ խիտ մագլցում էին այծտերևուկների (հանըմ-էլի) և հասմիկի լայն «գորգեր», որոնք իրենց բուրմունքով ու երփներանգությամբ տոնական օրվա հմայիչ տպավորություն էին գործում օտարական այցելուների վրա։
Ադաբազարի տներից նշանավոր էին մանարանատերեր Պետրոս Մուրադյանի և Հովհաննես Ճրկայանի շենքերը, որոնք Պոլսի առանձնատների նման բարձրադիր ու գեղեցիկ էին։ ՈՒշագրավ է, որ քաղաքի բոլոր պետական ու մասնավոր ակնառու շենքերը, սալահատակներն ու խճուղիները կառուցել էր ճարտարապետ Վարդերես էֆենդին, որի ազգանունը, ցավոք, ինձ հայտնի չէ։
Ահա այսպիսին էր Ադաբազար դարձած Տոնիկաշենը, երբ վրա հասավ 1915-ը…
Դեռևս պատերազմի նախօրյակին Թալեաթը Ադաբազար էր ուղարկել Հելիմ բեյ անվամբ մի գազանի: 1915-ի հունիսի կեսերին սա երևելի հայերին` ձեռնարկատերերին, վաճառականներին ու մտավորականներին հավաքեց-լցրեց Սբ Կարապետ ու Սբ Հրեշտակապետ եկեղեցիները և ահավոր ծեծուջարդի ենթարկելով` պահանջեց հանձնել հայության մոտ գտնվող զենքը: Զենքերը հավաքելուց 4-5 օր հետո պաշտոնապես հայտարարվեց, որ քաղաքի բոլոր հայերը ժամանակավորապես տեղափոխվելու են մոտակա գյուղերը և հետո նորից վերադառնալու են: Մեկնելու համար տրված էր միայն երկու օր ժամանակ: Քաղաքի 4000 տուն հայությունը մի օրվա մեջ տներից դուրս թափվեց, ովքեր ձիու, եզան կառքեր ունեին, ամենաանհրաժեշտ իրերն արդեն բարձած, ճանապարհ էին ընկել Էսքիշեհիրի ուղղությամբ, իսկ մնացյալներն իրենց իրերը տեղափոխում էին կայարան՝ երկաթուղով գնալու համար: Ոմանք թանկարժեք զարդերն ու ոսկեղենը թաղեցին հողի մեջ, մյուսներն ունեցվածքի զգալի մասը հանձնեցին թուրքերին այն հույսով, որ կվերադառնան ու հետ կստանան:
Այն, ինչ կատարվեց հետագայում, սովորական ցեղասպանություն էր: 1918 թ. զինադադարից հետո 17 հազար հայերից Ադաբազար վերադարձան 4000 խլյակներ` վերապրած վկաներ: Նրանցից մեկը` Մարի Երկաթը, անձամբ տեսել էր 1915 թ. ապրիլի 24-ի կեսգիշերին Կ. Պոլսում ձերբակալված 273 ականավոր հայերին և այդ մասին փաստեց. «Տարին մեզի Էսքիշեհիր, լեցուցին խանի մը մեջ։ Մեր քովի խանը, որը մերինին պես աղտոտ էր ու մութ, հոն ալ բերին լեցուցին Պոլիսեն աքսորված բոլոր մտավորականներուն։ Անոնք ալ ըսես նե՝ քոլալը օձիքներով, յախա-քրավաթով, հագած-կապած, բայց արդեն վրանին-գլուխնին պա՜տռ-պա՜տռ, գզգզվա՜ծ։ Մենք ամեն գիշեր կը լսեինք անոնց լաց ու կոծի ձայներն ու հառաչանքները, որովհետև թուրք զաբթիյաներն ու ոստիկանները անոնց սաստիկ կը ծեծեին։ Քանի մը օրեն անոնց բոլորին ալ տարին։ Լսեցինք, որ անոնց շատ տանջանքներով սպաննած են»:
1921 թ. Սաքարիա գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտի և դրան հաջորդած հունական բանակի նահանջի ժամանակ հայերը հարկադրաբար լքեցին հայրենի քաղաքն ու գաղթեցին տարբեր երկրներ: Հայությունը վերացավ, հայոց հետքն իսպառ ջնջվեց:
Գաղթականների մի խումբ եկավ Երևան և կայարանի դիմացի բլրի վրա մասնավոր տների թաղամաս կառուցեց` պատմական մարզի հունական անվամբ կոչելով Բութանիա: Ճակատագրի բերմամբ երիտասարդ տարիներիս հաճախակի էի լինում այդ թաղամասում, շփվում այդ մարդկանց հետ, ականատես լինում նրանց նիստուկացին, լսում զանազան զուսպ պատմություններ: Անչափ հարգում էի պատմական գիտությունների դոկտոր, համալսարանի մի պրոֆեսորի, որը թեպետ քաղաքի բարվոք թաղամասերից մեկում երեքսենյականոց բնակարան ուներ, սակայն մինչ ի մահ մնաց ներգաղթյալ հոր կառուցած տանը: Ավելին, փորձեց հոր նման բաստուրմա պատրաստել, բայց դա ուտելու բան չէր…
Այժմ փորձենք այսօր` Ցեղասպանությունից 101 տարի անց, զբոսաշրջիկի կարգավիճակով առերևույթ` վիրտուալ, ճամփորդություն կատարել Թուրքիո մայրաքաղաք Անկարայից Ադաբազար կամ, ինչպես հիմա ձգտում են պաշտոնապես փոխել և նահանգի անվամբ կոչել` Սաքարիա:
Անկարայի կայարանի էլեկտրոնային ցուցատախտակը միայն թուրքերեն է, գիշերվա 12-ին հանգչում է, բոլոր ծառայողները հեռանում են, մնում են հավաքարարները:
Շարժակազմն ուշանում է 3 ժամ, և դա նորմալ երևույթ է, որովհետև գնացքը նախատեսված է չունևորների համար, նստած վիճակով ճամփորդելու համար պիտի 2400-դրամանոց տոմսակ գնես, այնինչ ավտոբուսն ավելի թանկ է, իսկ ավտոմեքենայով 313 կիլոմետրը կարելի է անցնել 4 ժամում:
Վագոնի դուռը կարելի է ինքնուրույն բացել, նույնիսկ` ընթացքի ժամանակ, որովհետև, ճիշտ է, ուղեկցորդ կա, բայց ամբողջ ճանապարհին նրան կհանդիպես 1-2 անգամ: Ամեն վագոնում կա երկու զուգարան, մեկը` ասիական (իմա` մահմեդականների համար), մյուսը` եվրոպական, և մեկ լվացարան: Ամեն լուսամուտի վրա Թուրքիայի խորհրդանիշներն են` աստղն ու կիսալուսինը:
Վեց ժամ ուշացումով հասնում ես Ադաբազար, իջնում կառամատույց, կայարանից դուրս գալիս, և առջևդ գեղեցիկ եռահարկ շենքն է, որտեղ գտնվում է Աթաթուրքի թանգարանը (Թուրքիայի գրեթե բոլոր քիչ թե շատ խոշոր բնակավայրերում այդպիսի թանգարաններ կան, և չհարցնեք, թե Թուրքերի հայրը որքան անձնական իրեր է ունեցել, որ դրանք ցուցադրվում են բազում քաղաքներում):
Տուրիստի համար այս քաղաքը ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում, բայց ես շարքային զբոսաշրջիկ չեմ, ես առերևույթ ճամփորդ եմ և այլ բաներ եմ փնտրում:
Ես գիտեմ, 400 հազար բնակիչ ունեցող Ադաբազարում կան շաքարի, մետաքսի, կտավի գործարաններ։ Զարգացած են փայտամշակումն ու քիմիական արդյունաբերությունը, շրջակայքի հանքերից ստացվում են երկաթ, ցինկ ու պղինձ, ամեն տարի հավաքվում է պտուղ-բանջարեղենի առատ բերք (բարևներ Տոնիկին), ճապոնական «Տոյոտան» ունի ավտոգործարան: Եթե շարժվես Իզմիտի ուղղությամբ, կհանդիպես Սապանջա լճին, որի ափերին գտնվում են հյուրանոցներ, ռեստորաններ, հարուստ ստամբուլցիների առանձնատներ: Բայց այդ ամենն ինձ չի հետաքրքրում:
Քայլում եմ փողոցներով, տեսնում սուպերմարկետներ, առևտրային կենտրոններ, կինոթատրոններ, այս ու այն կողմ շտապող անցորդների: Նկատում եմ մայթի վրա, բացօթյա փոքրիկ սրճարանում սեղանի մոտ նստած ինձ տարեկից միայնակ մարդու ու նստում կողքի աթոռակին:
Հարցնում եմ.
-Ադաբազարի ամենանշանավոր մարդն ո՞վ է:
Աշխուժանում է.
-Ֆուտբոլիստ Հաքան Շուքյուրը` «Բոսֆորի ցուլ» մականունով: 2002-ին նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: Ամբողջ երկրում այնպիսի հեղինակություն էր վայելում, որ 1995 թ. նրա հարսանիքը ուղիղ եթերով հեռարձակվում էր: 2011-ին էլ «Ազատություն և զարգացում» կուսակցությունից դարձավ խորհրդարանի անդամ:
Իսկ ես մտաբերում եմ արևելագետ, գրող, հասարակական գործիչ, ծնողների հետ ցեղասպանությունից փրկված ադաբազարցի Հակոբ Սիրունուն, բայց ձայն չեմ հանում:
-Էլ ո՞վ:
-Թուրքիայի ուժեղագույն շախմատիստուհի Բեթուլ Ջեմրե Յըլդըզը` երկրի առաջին կին գրոսմայստերը և բազմակի չեմպիոնը:
Ես մտաբերում եմ արձակագիր, խմբագիր, բժիշկ Շավարշ Նարդունուն և հրապարակախոս, խմբագիր, թարգմանիչ, բանաստեղծ Անդրանիկ Կեոնճյանին:
-Ադաբազարը XIII դարի վերջին հիմնել է հայ Տոնիկը: Մինչև Ցեղասպանություն այստեղի հայերը բնակչության կեսից ավելին էին: Պահպանվե՞լ են նրանց չորս եկեղեցիները, կրթարանները, 4000 տներից գեթ մեկը:
Մարդն ուղղվում է, անթարթ նայում երեսիս և ասում.
-Չեմ հասկանում, ի՞նչ հայ, ի՞նչ Ցեղասպանություն:
Ոտքի եմ կանգնում և քայլերս ուղղում դեպի կայարան…
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Այս գործը անչափ մեծ դժվարությամբ գրեցի: Համացանցում անգլերեն, ռուսերեն ու թուրքերեն բազմաթիվ կայքէջեր թերթեցի, բայց հայերի մասին մեկ տող անգամ չգտա: Չէ, ճիշտ չեմ ասում, թուրքերեն մի կայքէջ տեսա, որտեղ հանդիպեցի Տոնիկաշենի, բազմաթիվ հայերի ու ֆիրմաների: Անչափ ուրախացա, տեքստը դրեցի Google-թարգմանչի մեջ, որպեսզի գոնե մոտավորապես իմանամ ինչի մասին է: Երբ հասա վերջին, տեսա աղբյուրը` 2012 թ. իմ երկլեզվյա` հայերեն և թուրքերեն «Հայոց առևտրատնտեսական գործունեությունը Թուրքիայում. XV դ.-1915 թ.: Փաստերի ժողովածու» գրքի Ադաբազարին վերաբերող հատվածն էր: Չգիտեի` լա՞մ, թե՞ խնդամ:
Հայից բացի, Տոնիկաշեն-Ադաբազարից վերացրին հայի մասին հուշն անգամ...
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ