Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«Պավլովի գիրքը դրեցի սեղանին, թե՝ կեր քո գանձը»

«Պավլովի գիրքը դրեցի սեղանին, թե՝ կեր քո  գանձը»
17.06.2016 | 09:47

Իմ հեղինակային «Օթյակ» շարքում նախատեսել էի հաղորդում հայ օպերային արվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի ԱՐՄԻՆԵ ԹՈՒԹՈՒՆՋՅԱՆԻ մասին:

Երգչուհու հեռախոսահամարը, հասցեն չգիտեի: Այն անհայտ էր, և նույնիսկ օպերային թատրոնում Արմինեի նախկին խաղընկերները չկարողացան ինձ օգնել: Եվ հանկարծ «Եթեր» թերթում կարդում եմ հարցազրույց Արմինե Թութունջյանի հետ: Նյութի հեղինակի միջոցով իմացա երգչուհու հեռախոսահամարը: Զանգահարեցի: Չնայած պատկառելի տարիքին, Արմինեի ձայնը զրնգուն էր, երիտասարդ: Հանդիպեցինք Թութունջյանի բնակարանում: Նա շատ ոգևորված էր, անմիջական, հումորի մեծ զգացումով: Անմիջականությունը և անկեղծությունը չկորցրեց նաև խցիկի առաջ նկարահանվելիս:


1947 թվականին երիտասարդ ամուսիններ Արմինե և Հովսեփ Թութունջյանները Եգիպտոսից ներգաղթեցին Խորհրդային Հայաստան:
«Հովսեփն ու ես ապրում էինք հայրենիք գալու տենչով,- պատմում է երգչուհին:- Հայրենիք եկանք «Победа» նավով: Մեզ հատկացրին մեկ սենյակ պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոսների շենքում: Դա նախկին պահեստ էր: Կեղտոտ սենյակ էր, պատուհանը ջարդված: Բայց մենք երջանիկ էինք: Հովսեփն ասում էր. «Հայրենիքում մենք կտուր ունենք, մենք պետք է ապրենք հայրենիքում ոչ թե ապրելու համար, այլ պատմության մեջ մտնելու համար»:


Ամիսներ անց, երբ օպերային թատրոնում ես Անուշ երգեցի, թերթերը գրեցին իմ մասին: Մի օր Հովսեփը բերեց թերթ, ուր գրված էր իմ Անուշի մասին: Ես շատ ուրախացա ու ասացի Հովսեփին. «Ես մտա պատմության մեջ, մտածիր քո մասին»: Երկուսս էլ ծիծաղեցինք: Եգիպտոսում երազում էի երգել Երևանի օպերային թատրոնում, արցունքն աչքերիս սպասում էի այդ օրվան: Չնայած Կահիրեում կար օպերային թատրոն, բայց այնտեղ ներկայացումներ չէին բեմադրվում: Միայն համերգներ էին լինում, այդ համերգներին ես շատ եմ մասնակցել:
Եվ ահա ես Երևանի օպերային թատրոնի գեղխորհրդի համար երգում եմ Համբարձում Բերբերյանի «Կանձրևե, տղաս»-ը: Ինձ նվագակցում է ավագ քույրս, տաղանդավոր դաշնակահար, որը երաժշտության իմ առաջին ուսուցիչն է եղել: Երգեցի նաև Չիո Չիո Սանի արիան: Շատ ջերմ ընդունեցին: Բուդաղյանն ասաց. «Դուք առանց գրիմի Չիո Սան եք»:
Երազանքս կատարվեց. ես դարձա օպերային թատրոնի մեներգչուհի: Ես երջանիկ էի: Առաջին դերերգս Անուշն էր, որը պատրաստեցի երկու ամսվա ընթացքում` Միքայել Թավրիզյանի ղեկավարությամբ: Հաջողությունը մեծ էր: Դա տոն էր ինձ համար: Ես շատ սիրեցի իմ Անուշը, այդ իսկ պատճառով իմ առաջնեկի անունը դրեցի Անուշ: Անմոռանալի էր իմ Անուշի հանդիպումը Շարա Տալյան Սարոյի հետ: Երբեք չէի պատկերացնի, թե այդ մեծ երգիչը կլինի իմ խաղընկերը:
Հյուրախաղերի էինք Սոչիում: Հինգ անգամ երգեցի Անուշ: Ներկայացման հաջորդ օրը գնացել էի վարսավիրանոց: Նստած եմ գլուխս թասակի (колпак) մեջ: Մտնում են կանայք, հարդարվում: Եվ խոսում են երեկվա «Անուշի» մասին, գովեստի խոսքեր են ասում իմ կատարման մասին: Չնայած նրանք ինձ չեն տեսնում, ես շատ հպարտանում եմ, ուրախանում:


Թավրիզյանը շատ խիստ արվեստագետ էր, պահանջկոտ: Նրա ժամանակ օպերային թատրոնը դարձել էր տաճար, կարծես սրբավայր էիր մտնում: «Անուշի» հերթական ներկայացումն էր, որին ներկա էր արտասահմանյան պատվիրակություն: Ներկայացումից հետո իմ հարդարասենյակ եկավ Թավրիզյանը: Նա ժպտաց ինձ ու ասաց. «Ապրե՜ս, Արմինե...», ու գնաց: Ես ցնցված էի: Հետագայում ես երգեցի գլխավոր դերերգեր «Կարինե» (Տ. Չուխաջյան), «Սոս և Վարդիթեր» (Վ. Տիգրանյան), Նեդդա (Ռ. Լեոնկավալլո, «Պայացներ»), Միքայելա (Ժ. Բիզե, «Կարմեն»)... Բայց, իհարկե, իմ գլուխգործոցը Չիո Չիո Սանն էր Ջ. Պուչչինիի համանուն օպերայից: Շատ էի սիրում այդ պարտիան, ինքնամոռաց երգում էի: Բեմի բանվորները, բեմի մյուս աշխատողները ուշադիր լսում էին ինձ, սիրում էին: Ընդհանրապես ինձ սիրում էին բոլորը՝ նվագախմբի երաժիշտները, բալետի արտիստները... Միայն օպերայի սոլիստները չէին սիրում (ծիծաղում է), բնական է...


Այն տարիներին բոլոր եվրոպական օպերաները կատարվում էին ռուսերեն: Ես ռուսերեն չգիտեի և բոլոր բառերի տակ հայերեն տառերով էի գրում: 1956-ին ես մասնակցեցի Մոսկվայում կայացած հայկական գրականության ու արվեստի երկրորդ տասնօրյակին: Երգեցի Շուշան՝ Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայում: Դիրիժորն էր Միքայել Թավրիզյանը, իսկ բեմադրիչը՝ Վարդան Աճեմյանը: Փորձերից մեկի ժամանակ Թավրիզյանն ինձ ասաց. «Արմինե, քո կերպարը հայ հերոսուհի է, իսկ քո աչքերը բարի են, ջեյրանի աչքեր ունես: Քո Շուշանը հայ Ժաննա դþԱրկն է»: Մոսկովյան ներկայացումից հետո «Литературная газета»-ն գրեց, որ Շուշանի կերպարը կարելի է համեմատել Ժաննա դþԱրկի հետ:
Մի անգամ Վարդան Աճեմյանը առաջարկեց ինձ տեղափոխվել Գ. Սունդուկյանի անվան թատրոն: Ես ասացի. «Ձայնս որ կտրվի, կգամ»: Աճեմյանը ծիծաղեց. «Որ ձայնդ կտրվի, ոչ մեկին պետք չես լինի»:


Փոքր ժամանակ շատ չարաճճի էի, մորս գլխին պատուհաս, հաճախ էի նստում բազրիքին ու սղղում ներքև: Մի անգամ որոշեցի սղղալ 4-րդ հարկից: Հանկարծ հավասարակշռությունս կորցրի ու ընկա, հայտնվեցի առաջին հարկում (մենք ապրում էինք առաջին հարկում): Մորս ուշքը գնաց: «Շտապօգնություն» կանչեցին: Աչքս լրիվ փակվել էր: Մայրս հավատացյալ էր: Հաջորդ օրը նա գնում է Սուրբ Գևորգ եկեղեցի և աղոթում է, որ աչքս բացվի: Երբ մայրս եկեղեցուց վերադարձավ, իմ աչքը բացված էր: Մայրս շատ վաղ հեռացավ կյանքից: Մենք երեք քույր էինք: Մեզ պահեց, մեծացրեց, կրթության տվեց 18 տարեկան մեծ քույրս: Նա մեզ համար և քույր էր, և մայր, և հայր: Տաղանդավոր դաշնակահարուհի էր, մանկավարժ: Դասավանդում էր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, վաստակավոր մանկավարժ էր: Երբ քույրս այլևս տնից դուրս գալու հնարավորություն չուներ, նրան չազատեցին աշխատանքից: Աշակերտները գալիս էին պարապելու տանը»:
Արմինե Թութունջյանի ամուսինը՝ Հովսեփ Թութունջյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր: Նա բազմաթիվ աշխատությունների և հոդվածների հեղինակ էր, դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Խ. Աբովյանի անվան մանկավարժական, ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտներում: Եղել է ամբիոնի վարիչ, մի շարք երկրների ակադեմիաների պատվավոր անդամ:


Հովսեփ Թութունջյանը դասավանդել է նաև Էջմիածնի հոգևոր ճեմարանում: Վազգեն Առաջին կաթողիկոսը նրան պարգևատրել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով:
Պատմում է Արմինե Թութունջյանը. «Հովսեփի աշխարհը գիրքն էր, առանց գրքի նա կյանք չուներ: Հովսեփի գրադարանը շատ հարուստ էր: Նա իր գրադարանը նվիրեց սոցիոլոգիայի և հոգեբանության համալսարանին, և այն կրում է Հովսեփի անունը: Նոր էինք եկել Երևան: Ես արդեն օպերայի մենակատար էի: Բայց եղավ մի ժամանակահատված, երբ պետությունը օպերային դոտացիա չէր տալիս, և մենք ամիսներով փող չէինք ստանում: Ճաշի ժամ էր, տանն ուտելու բան չկար: Ընդամենը 5 ռուբլի ունեինք: Հովսեփը վերցրեց փողը և գնաց խանութ` ուտելիք առնելու: Շատ ուշացավ: Ներս մտավ ոգևորված. «Արմինե, գանձ եմ գտել»: Եվ սեղանին դրեց մի մեծ գիրք. Պավլովի գիտական աշխատությունն էր շների մասին: Մնացի զարմացած: Հետո ասաց. «Արմինե, հաց բեր, ուտենք»: Ես Պավլովի գիրքը դրեցի սեղանին. «Ահա, կեր այս գանձը»: Նայեցինք իրար ու ծիծաղեցինք: Շատ եմ կատարել սովետահայ կոմպոզիտորների նոր ստեղծագործությունները, եղել եմ առաջին կատարողը: Իսկ առաջին կատարողից շատ բան է կախված, կարող եմ ասել՝ երգի ճակատագիրը: Կատարել եմ Միքայել Միրզոյանի, Կարո Զաքարյանի, Էդվարդ Միրզոյանի, Միքայել Մազմանյանի, Աշոտ Սաթյանի, Գեղունի Չթչյանի երգերն ու ռոմանսները: Հայ կոմպոզիտորների հետ գնում էինք շրջանից շրջան, գյուղից գյուղ, հայ երգն էինք տանում ժողովրդին: Էդվարդ Միրզոյանն ինձ ասում էր. «Դու մեր շտապօգնությունն ես»: Ես հեշտությամբ էի կատարում նոր երգերը: Վերջին պահին գալիս խնդրում էին, և ես երգում էի: Ինձ համար դա հաճելի էր: Ես կարողանում էի, ինչպես ասում են, երգել «с листа»: Սիրով էի կատարում մանկական երգեր, որովհետև բնավորությամբ մանուկ եմ»:


Արմինե Թութունջյանին նվիրված հաղորդմանը մասնակցում էր և ճանաչված կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը. «Իմ առաջին երգի կատարողը եղել է Արմինե Թութունջյանը: Ես կոնսերվատորիայի ուսանող էի, Արմինեն՝ արդեն ճանաչված երգչուհի, կոչումավոր: Լավագույն երգի մրցույթ էր հայտարարված, և ես Հ. Շիրազի տեքստի վրա գրել էի «Գարնանային» երգը: Եվ Թութունջյանը համաձայնել էր երգելու ուսանողուհու երգը: Շատ համեստ կին էր: Շնորհիվ Արմինեի հրաշալի կատարման իմ երգն արժանացավ մրցանակի: Ես պետք է ընդունվեի ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն: Մոսկվայում հեղինակավոր ժյուրիին ես պետք է ներկայացնեի գործիքային և վոկալ ստեղծագործություններ: Իմ ռոմանսները Շիրազի խոսքերով և մանկական երգերը կատարում էր Արմինե Թութունջյանը: Երգչուհին հոյակապ էր և հետագայում, երբ Մոսկվա էի գնում, մեծ կոմպոզիտորներ Շոստակովիչը, Խրեննիկովը, Կաբալևսկին, Շեբալինը, Շապորինը, ովքեր լսել էին Արմինեին, միշտ հարցնում էին, ինչպես իրենք էին ասում, այդ հրաշալի երգչուհու մասին:


Ես ներկա էի Աշոտ Սաթյանի «Արարատյան հովտի երգեր» շարքի ձայնագրությանը: «Արդյո՞ք գիտես դու»-ն կատարում էր Արմինեն: Ձայնագրությունից հետո նվագախմբի երաժիշտները ծափահարեցին, լսվեցին «բռավո»-ներ: Ես զարմացա, որովհետև նվագախմբի երաժիշտները շատ բծախնդիր են, խիստ քննադատներ: Այդ կատարումն անզուգական է: Ես լսել եմ այդ երգի կատարումը այլ երգիչների կատարմամբ, Արմինեինը ուրիշ է, սքանչելի կատարում է»:
Ափսոս, Արմինեն չզբաղվեց մանկավարժական գործունեությամբ: Նա անցել էր լավ դպրոց և կարող էր դաստիարակել վարպետ երգիչների:


Արմինեն շատ շուտ թողեց բեմը: 50 տարեկան էր, զրնգուն, հնչեղ ձայն ուներ, հոյակապ ձևի մեջ էր: Բայց Արմինեն սիրում էր ասել. «Ավելի լավ է մի փոքր շուտ գնալ, քան մի փոքր ուշ»:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3037

Մեկնաբանություններ