Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Բունդեստագի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևը

Բունդեստագի ընդունած Հայոց ցեղասպանության բանաձևը
03.06.2016 | 16:33

Գերմանիայի Բունդեստագը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը, դեմ արտահայտվեց միայն մեկ պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ մնաց։ Բանաձևում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, նշվում է, որ Բունդեստագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանության ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։ Բանաձևում ընդգծվում է Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի դերակատարությունը Հայոց ցեղասպանության հարցում։ «Օսմանյան կայսրության հիմնական ռազմական դաշնակից Գերմանիան հայերի դեմ կազմակերպված տեղահանության ու բնաջնջման առնչությամբ գերմանացի դիվանագետների ու միսիոներների միջոցով հստակ տեղեկություններ ուներ, սակայն մարդկության դեմ այդ հանցագործությունը կանխելու փորձ չարեց՝ դրանով իսկ ամոթալի դերակատարություն ունենալով։ Գերմանիայի խորհրդարանն այս հիշատակմամբ արտահայտում է իր հարգանքն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի նկատմամբ», - նշվում է բանաձևում։


Փաստաթղթում մի քանի անգամ հստակ շեշտվում է Գերմանիայի դերակատարությունն այդ դեպքերին, ընդգծվում, որ 2015-ի ապրիլի 24-ին Գերմանիայի նախագահն անձամբ դատապարտել է հայերի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը և հաշտության կոչ արել։


Գերմանիան այս բանաձևով հայերին ու թուրքերին կոչ է անում հաշտության հիմքեր ստեղծել անցյալի գերեզմանների վրա և նշում, որ իրենք պատրաստ են աջակցել։
Գերմանիան պարտավորվում է եկող սերունդներին պատմել հայերի տեղահանության ու կոտորածների մասին, խոստանում է աջակցել Թուրքիայում և Հայաստանում հաշտեցման և պատմությանն առերեսվելու նպատակով գիտական, հասարակական և մշակութային աշխատանքների իրականացմանը, աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ Բունդեստագը Գերմանիայի կառավարությանը կոչ է անում խրախուսել Թուրքիային 1915-1916 թվականների դեպքերին առերեսվելու հարցում՝ հիմքեր դնելով հայերի հետ հաշտության համար։ Ընդգծվում է Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների կողմից պատմությունն ուսումնասիրելու, դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու, սահմանները բացելու համար համատեղ հանձնաժողովի ստեղծում նախատեսող Ցյուրիխյան արձանագրությունների ընդունման համար ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։ Կառավարությանը կոչ է անում դրդել Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների պաշտոնյաներին երկու երկրների սառեցված միջպետական հարաբերությունների կարգավորմանը։ Անդրադարձ է արվում նաև Թուրքիայում գտնվող հայկական ժառանգության պահպանման անհրաժեշտությանը։ Բանաձևում ասվում է, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայում սկսված հայկական մշակույթի պահպանությանն ուղղված նախաձեռնությունների շարունակության և ավելացման համար ջանքեր պետք է գործադրել։


Բանաձևի տեքստը


«Գերմանիայի Բունդեսթագ տպագիր փաստաթուղթ՝ 18/[…]
18-րդ ընտրաշրջան (ամսաթիվ)


Քրիստոնյա- դեմոկրատական և Քրիստոնյա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ), Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՔՍԴԿ) և Դաշնություն 90/ԿԱՆԱՉՆԵՐԻ խմբակցությունների կողմից
Դիմում
1915 և 1916 թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը
Բունդեստագը ցանկանում է հետևյալ բանաձևն ընդունել.
Գերմանիայի Բունդեստագը խոնարհվում է Օսմանյան Կայսրությունում ավելի քան 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրագործված տեղահանությունների և կոտորածների զոհերի առջև: Նա դատապարտում է ժամանակի երիտթուրքական կառավարության հանցագործությունները, որոնք հանգեցրին հայերի գրեթե լիակատար բնաջնջմանը Օսմանյան Կայսրությունում: Նույն ճակատագրին արժանացան նաև այլ քրիստոնյա ժողովուրդների խմբեր՝ հատկապես ասորի/արամեացի և քաղդեացի քրիստոնյաները:


Ժամանակի երիտթուրքական ռեժիմի հանձնարարությամբ 1915 թ. ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի ազգությամբ հայ բնակչության ծրագրված տեղահանումն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը վառ օրինակ է հանդիսանում զանգվածային բնաջնջումների, էթնիկ զտումների, տեղահանումների, այլ ցեղասպանությունների պատմության համար, որոնց զարհուրելի կնիքն է կրում 20–րդ դարը:
Ընդ որում, մենք գիտենք Հոլոքոստի բացառիկությունը, որի համար Գերմանիան մեղք ու պատասխանատվություն է կրում:
Բունդեստագը ցավում է Գերմանական Կայսրության անփառունակ դերի համար, որը որպես Օսմանյան Կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, չնայած հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոներների հաղորդած միանշանակ տեղեկություններին, անգամ չփորձեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը: Այս ոգեկոչմամբ Գերմանիայի Բունդեստագը արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ:


Գերմանիայի Բունդեստագը ամրագրում է իր 2005-ին ընդունած բանաձևը (տպ. փստթղթ. 15/5689), որը նվիրված էր ինչպես զոհերի հիշատակին, այնպես էլ իրադարձությունների պատմական գնահատականին` նպատակ ունենալով նպաստել թուրքերի և հայերի հաշտությանը:
100-ամյակի կապակցությամբ 2015 թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեստագում տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքում բոլոր խմբակցություններից ելույթ ունեցողները, և հատկապես ԳԴՀ նախագահն այդ քննարկման նախօրյակին, դատապարտեցին հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը` ոգեկոչեցին զոհերին և հաշտության կոչ արեցին: Գերմանական Կայսրությունը մեղսակից է եղել այդ իրադարձություններին:
Բունդեստագը խոստովանում է, որ Գերմանիան հատուկ պատմական պատասխանատվություն է կրում այդ հարցում: Դա իր հետ բերում է նաև հայերին և թուրքերին օգնելու պարտականությունը` անցյալի անդունդները հաղթահարելու և հաշտության ու փոխըմբռնման ուղիներ փնտրելու գործում: Հաշտեցման այս գործընթացը վերջին տարիներին շտապ նոր խթանների կարիք ունի:
Գերմանիայի Բունդեստագը հարգանքի տուրք է մատուցում ոչ միայն աներևակայելի դաժան հանցագործության զոհերի հիշատակին, այլև այն բոլոր անձանց, որոնք Օսմանյան և Գերմանական Կայսրություններում 100 տարի առաջ դժվարին պայմաններում և իրենց կառավարությունների ընդդիմության պարագայում տարբեր միջոցներով ամեն ինչ արեցին հայ կանանց, երեխաներին և տղամարդկանց փրկելու համար:


Այսօր Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքական կրթության առջև պարտականություն է ծառանում`ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս`ավանդելով այն գալիք սերունդներին: Այդ հարցում կարևոր դեր ունեն կատարելու հատկապես ԳԴՀ-ի երկրամասերը:
Գերմանիայի Բունդեստագը համարում է, որ տեղահանումների և կոտորածների զոհ դարձած հայերի ոգեկոչումը` հաշվի առնելով Գերմանիայի դերը և նկատի ունենալով նյութի ներկայացումը հայկական ու թուրքական ծագում ունեցող համաքաղաքացիներին, նպաստում է նաև նրանց համախմբմանն ու համատեղ խաղաղ համակեցությանը:
Գերմանիայի Բունդեստագը ողջունում է նաև Թուրքիայի գիտական, հասարակական, արվեստի ու մշակույթի բնագավառներում նախաձեռնությունների և ներդրումների աճը, որոնք ուղղված են հայերի նկատմամբ իրագործված հանցագործության քննությանն ու թուրքերի և հայերի միջև հաշտեցմանը:


Գերմանիայի Բունդեստագը շարունակում է խրախուսել ԳԴՀ կառավարությանը` 1915թ. հայերի դեմ իրագործված տեղահանումների և կոտորածների զոհերի ոգեկոչմանն ու վերաիմաստավորմանն ուշադրություն հատկացնելու գործում: Գերմանիայի Բունդեստագը ողջունում է նաև հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն:
Գերմանիայի սեփական պատմական փորձը ցույց է տալիս, թե որքան դժվար է յուրաքանչյուր հասարակության համար` անդրադառնալ իր պատմության մութ էջերին: Այսուհանդերձ պատմության անաչառ հետազոտումը թերևս հաշտության ամենակարևոր հիմքն է ինչպես տվյալ հասարակության ներսում, այնպես էլ ուրիշների հետ նրա հարաբերությունների մեջ: Ընդ որում, պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը: Բացի այդ՝ անցյալի ոգեկոչումը նախազգուշացնում է մեզ արթուն մնալ և խոչընդոտել յուրաքանչյուր քայլ, որ վերստին կարող է սպառնալ մարդկանց ու ժողովուրդներին:


Գերմանիայի Բունդեստագը տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի կողմից 2005-ից նախաձեռնվող մերձեցման փորձերին և կոչ է անում թե ոգեկոչման և թե միջպետական հարաբերությունների կարգավորման հարցերում քայլեր կատարել: Այդուհանդերձ երկու պետությունների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված` կրելով փոխադարձ անվստահության կնիքը: Գերմանիան պետք է օժանդակի հայերին և թուրքերին մերձեցման գործընթացում: Իհարկե կենսական նշանակություն ունի պատմության հետ առերեսումը, վերաիմաստավորումը, որը փոխըմբռնման հիմք է կարող է հանդիսանալ թե´ ներկայի և թե´ ապագայի համար:
Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների լիցքաթափումն ու կարգավորումը կարևոր է նաև կովկասյան տարածաշրջանի կայունացման համար: Գերմանիան ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում պատասխանատու է զգում իրեն հայ-թուրքական հարաբերություններում կատարած պատմական դերի առումով:


II. Գերմանիայի Բունդեստագը կոչ է անում գերմանական կառավարությանը.
- հարյուրամյակի կապակցությամբ 2015թ. ապրիլի 24-ին Գերմանիայի Բունդեստագում կայացած հատուկ նիստի քննարկման ոգով շարունակել նպաստել 1915/1916 թվականների հայերի տեղահանման և գրեթե լիակատար բնաջնջման, այդ հարցում Գերմանական Կայսրության ունեցած դերի մասին հրապարակային լայն արծարծմանը,
- թուրքական կողմին խրախուսել զբաղվելու ժամանակին տեղի ունեցած տեղահանումների և կոտորածների հարցով, որը հիմնաքարային նշանակություն ունի հայ ժողովրդի հետ հաշտեցման գործընթացում,
- շարունակել անցյալի վերաիմաստավորումով հասնել թուրքերի և հայերի միջև մերձեցման, հաշտության և պատմական մեղքի ներման,
- շարունակել օժանդակել և պետական բյուջեի սահմաններում ֆինանսավորել Թուրքիայում և Հայաստանում այն գիտական, հասարակական և մշակութային միջոցառումներն ու փոխանակման ծրագրերը, որոնք կծառայեն հայերի և թուրքերի միջև պատմության վերաիմաստավորմանը,
- որպես առաջին քայլ ակտիվորեն օժանդակել Հայաստանի և Թուրքիայի կողմից պատմական իրադարձությունների քննարկմանը և հայ-թուրքական հարաբերությունների վաղուց ի վեր սպասվող բարելավմանը, օրինակ՝ գիտնականներին կրթաթոշակների շնորհման կամ երկու երկրների այն հասարակական ուժերի օժանդակման միջոցով, որոնք ջանքեր են գործադրում վերաիմաստավորման և հաշտեցման ուղղությամբ,
- Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչներին խրախուսել շարունակելու միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն այս պահին լճացման մեջ է,
- ջանք գործադրել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի կառավարությունները վավերացնեն 2009թ. ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները, որոնք նախատեսում են ստեղծել պատմության գիտական հետազոտման հանձնախումբ, դիվանագիտական հարաբերությունների կարգավորում և համատեղ սահմանի բացում,
- միջնորդել, որ վերջին տարիներին Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ սկիզբ առած քայլերն ավելի եռանդուն շարունակվեն,
- ֆինանսական հնարավորությունների շրջանակներում Գերմանիայում նույնպես շարունակել օժանդակել գիտահասարակական և մշակույթի բնագավառներում տարվող այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք թեմատիկ առումով առնչվում են 1915/16թթ. իրադարձությունների հետ:


Բեռլին, ամսաթիվ […]
Ֆոլկեր Քաուդեր, Գերդա Հասելֆելդթ և խմբակցություն
Թոմաս Օպերմանն և խմբակցություն
Կատրին Գյորինգ-Էքարդ, Անտոն Հոֆրայթեր և խմբակցություն


Հիմնավորում
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի բնաջնջումը հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի համար մեծագույն և ծանրագույն հետևանքներ ունեցող աղետ էր: Անկախ աղբյուրների հաշվարկներով տեղահանումներին և զանգվածային ջարդերին զոհ գնացին միլիոնից ավելի հայեր: Բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ հայերի տեղահանումներն ու բնաջնջումը որակում են որպես ցեղասպանություն: Ինչպես կրոնը և լեզուն, այնպես էլ բռնագաղթերի և կոտորածների հիշողությունը կարևոր նշանակություն ունի այս ժողովրդի ինքնության համար:
Գերմանիայի Բունդեստագը հիշում է այս իրադարձությունները` նաև Առաջին համաշխարհային պատերազմի մասին հիշողության համատեքստում: Գերմանական կայսրությունը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակիցն էր: Տեղյակ լինելով հայերի հետապնդումների և սպանություների մասին, Գերմանական կայսրության այն ժամանակվա կառավարությունը, այնուամենայնիվ, ոչինչ չձեռնարկեց: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատասխանատվություն է կրում այս հանցագործության հետ առերեսման և դրա մասին հիշողությունը արթուն պահելու համար օժանդակություն ցուցաբերելու գործում:


Չնայած փաստերի առկայությանը, Թուրքիան մինչ օրս ժխտում է, որ հայերի տեղահանությունը, հետապնդումը և կոտորածը նախապես ծրագրված են եղել և որ տարհանման ճանապարհին տեղի ունեցած զանգվածային ջարդերն օսմանյան կառավարության կողմից կանխամտածված են եղել:
Ընդհանուր առմամբ ջարդերի և տեղահանումների ծավալը Թուրքիայում դեռևս կասկածի տակ է դրվում: Այնուամենայնիվ, կան նաև հակառակ միտումներ: 2008թ. թուրք-հայկական մերձեցման հուսադրող առիթ կար, երբ երկու երկրների նախագահները ներկա գտնվեցին Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղին` ի ցույց դնելով իրենց կամքը հետագա բանակցություններ վարելու հարցում: 2009թ. երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին հայ-թուրքական արձանագրություն, որը, ի թիվս այլոց, նախատեսում էր ստեղծել պատմությունը գիտականորեն ուսումնասիրող հանձնաժողով: Սակայն մինչ օրս այդ արձանագրությունը չի վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից:
Երկու ժողովուրդների միջև հաշտեցման մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, եթե 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները հիմնավորապես պարզաբանվեն և փաստերն այլևս չժխտվեն: Դրա համար անհրաժեշտ է, որ հայերի տեղահանման և սպանությունների պատմության հետ առերեսվելիս պատմաբանները և լրագրողները Թուրքիայում կարողանան ազատ գործել` չվախենալով քաղաքական հետապնդումներից: Բնաջնջման թեմայի հետ առնչվող բազմաթիվ նախաձեռնություններ կան արդեն Թուրքիայում: Տարիներ շարունակ այս թեման թուրքական հասարակության իրարամերժ քննարկման առարկա է դարձել: Այս զարգացումները ողջունելի են այնքանով, որքանով ողջունելի են քաղաքացիական հասարակությունների այն անդրսահմանային նախագծերը, որոնք տարիներ շարունակ ֆինանսական աջակցություն են ստանում ԳԴՀ արտաքին գործերի նախարարության կողմից:


Գերմանական կայսրությունը, որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, նույնպես խորապես ներգրավված էր այդ իրադարձություններում: Գերմանական կայսրության ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ղեկավարությունները ի սկզբանե տեղեկացված էին հայերի հետապնդումների և սպանությունների մասին: Երբ ավետարանչական եկեղեցու աստվածաբան դր. Յոհաննես Լեփսիուսը 1915թ. հոկտեմբերի 5-ին Գերմանիայի Ռայխսթագում ներկայացրեց 1915թ. հուլիս/օգոստոս ամիսներին Կոստանդնուպոլսում իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, գերմանական կայսրության ղեկավարությունն այդ թեման ամբողջությամբ ենթարկեց գրաքննության: Իր «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին զեկույցը», Լեփսիուսն անմիջականորեն ուղարկել էր նաև Ռայխսթագի պատգամավորներին, որը սակայն 1916թ. գերմանական ռազմական գրաքննության կողմից նույնպես արգելվել և բռնագրավվել էր: Եվ միայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո 1919թ. այն փոխանցվեց պատգամավորներին: Չնայած գիտության և քաղաքականության ոլորտի ներկայացուցիչնեչի, ինչպես նաև եկեղեցականների և գերմանացի բազմաթիվ անհատների անհապաղ խնդրագրերին` այդ թվում քաղաքական այնպիսի գործիչների, ինչպիսին են Ֆիլիպ Շնայդեմանը, Կարլ Լիբկնեխտը կամ Մաթիաս Էրցբերգերը, և ավետարանչական ու կաթոլիկ եկեղեցիների նշանակալի հեղինակությունների, ինչպիսին են Ադոլֆ ֆոն Հառնակը և Լորենց Վերթմանը, գերմանական կայսրությունն իր օսմանյան դաշնակցի վրա որևէ ճնշում չգործադրեց:


Օսմանյան կայսրությունում գերմանացի դեսպանների և հյուպատոսների զեկույցների վրա հիմնված Գերմանայի արտգործնախարարության ակտերը նույնպես հաստատում են կոտորածների և տեղահանումների պլանավորված իրականացման փաստը: Դրանք այդ ժամանակ կատարված դեպքերի կարևորագույն պետական տեղեկատվությունն են : ԳԴՀ ատգործնախարարությունը դեռևս տարիներ առաջ այդ ակտերը հասանելի էր դարձրել: 1998թ. այդ ակտերի մի ամբողջական փաթեթ միկրոֆիշի տեսքով փոխանցվել է Հայաստանին: Դրանից անմիջապես հետո Թուրքիան նույնպես ստացել է այդ ակտերի մեկ օրինակ»:

Դիտվել է՝ 2146

Մեկնաբանություններ