Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Աշխարհ, ականջդ բեր, ասեմ

Աշխարհ, ականջդ բեր, ասեմ
13.05.2016 | 09:04

Խուլ ես այսօրերի, այնօրերի (1988-1994) և պատմության հանդեպ, դրա համար էլ ականջիդ եմ ասում, որ լավ լսես: Այ խուլ ու համր աշխարհ, հիմա հասկացա, որ նաև չես տեսնում:
Դե, հիմա լսիր: Տիեզերական քարտեզի վրա Արցախը Հայաստան է, իսկ երկրային ծախու քարտեզները մի օր ջնջվելու էին: Եվ Արցախը սկսեց այդ սրբագրումը, որովհետև այն, ինչն «ի վերուստ է տրված», մարդկության կեղտոտ ձեռքերով, միևնույն է, մի օր փոխվելու էր (դարձ ի շրջանս յուր):
Քոչվորները Արցախն իրենցով սկսեցին անել տեղանունների անվանափոխությամբ: Փոխեցին գյուղերի ու քաղաքների, տեղանքի անունները, թուրքացրին: Ինչպիսի հիմարություն, կարծում էին, որ եթե թուրքական հնչողությամբ է, ուրեմն իրենցն է: Ողորմելիներ:


Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում (սա պարսկերեն բառ է, որ նշանակում է Թագատեղի, ըստ Հայկ Խաչատրյանի) մի բլուր կա իր հարթավայրով, որ կոչում են «Նվասարդա թոմբ»: Ասեմ՝ իմացիր, հայերը Նավասարդյան խաղեր անցկացրել են Քրիստոսից առաջ: Դրանք հայկական օլիմպիական խաղերն են: Այս ամենը մնացել է հեռվում (հիմա անցկացնում ենք Համահայկական խաղեր), արցախցին իր մարզավանի անունը պահել է դարեր, սերնդեսերունդ: Դե, քեզ ի՞նչ եմ ասում, այ խուլ ու համր աշխարհ, դու չգիտես, թե ինչ են արել հայերը Նավասարդյան խաղերի ժամանակ, չես ուզում հասկանալ, թե ինչպիսի մարզաձևեր են անցկացվել այսօրվա Դահրավի «Նվասարդա թոմբում»:


Բայց, այ, պատմության համար դեռ երեկ համարվող յոթանասուն տարի առաջ կատարվածը համարում ես ճիշտ: Քո ճիշտն էլ ասեմ, լսիր:
Արցախում տարիներ ի վեր կոլտնտեսային անասնապահական ֆերմայում աշխատող հայուհին խնամել է տասնվեց կով, թրքուհին՝ վեց: Պարզ է, որ հայուհին ավելի շատ կաթ է ստացել ու հանձնել պետությանը, քան վեց կով խնամածը: Բայց արի ու տես, որ թրքուհին կրկնակի շատ գումար է ստացել, քան հայուհին: Եթե հայուհիները ձայն են բարձրացրել անարդարության դեմ, ֆերմայի թուրք վարիչն ասել է՝ չես ուզում, գնա, աշխատողներ շատ կան։


Տարիներ ի վեր հայկական գյուղերն իրենց բանջարանոցներում մշակած բանջարեղենը (կաղամբ, լոլիկ, սոխ, պղպեղ, կարտոֆիլ և այլն) հանձնել են պետությանը՝ պլանի դիմաց, որը տարել վայելել են քաղաքներում նստած թուրքերը, իսկ քոչվորական գյուղերը իրենց համար են հավաքել: Բայց «արևը կծեմ» արցախցու, իր դռան դիմացի փոքր հողակտորից այնքան բերք է հավաքել, որ նույնիսկ քաղաքաբնակ բարեկամներին է բաժին հանել ու իր հողից չի հեռացել: Սա դեռ ամենը չէ: Այն, ինչ այդ յոթանասուն տարիներին կատարվել է Արցախում, այսօրվա մարդու իրավունքների հռչակագրի բոլոր դրույթներին հակասում է: Իսկ դու, աշխարհ, ասում ես, որ Արցախը ադրբեջանական է, կամ պիտի մնա այդ ոչ պետության կազմում, որտեղ երբեք չի եղել:
Այդ յոթանասուն տարիները Արցախը ժպիտով դատարկելու ժամանակներն էին: Բռնի ազգափոխություն էին կատարում: Իրենց կարճ խելքով կարծում էին, թե կկարողանան քոչվորներից գիտնական ու բեմի վարպետներ «ձուլել», եթե անգամ կան, խառնածիններ են: Բացեք արխիվներն ու համոզվեք:


Կամ, որտե՞ղ է հիմա Կարմիր Քուրդիստանը, որն ստեղծեցին անցյալ դարի քառասնականներին, Քաշաթաղի շրջանի տարածքում: Բերեցին թուրքերով բնակեցրին, իսկ եղած քրդերին, եզդիներին, կարծում եմ, որ նրանք նույն էթնոսն են, գրանցեցին որպես ազերիների: Հետագայում Կարմիր Քուրդիստանը, որպես վարչական միավոր, ջնջվեց, որովհետև արդեն թուրքերը լցվել էին, բայց այնքան հիմար էին, որ մինչև վաթսունականների վերջերը Բաքվում տպագրում էին «Կարմիր Քուրդիստան» թերթը, որպեսզի այդ ազգությունը ձայն չբարձրացներ` մինչև ձուլումն ավարտեին: Արցախյան շարժման ժամանակ շատ վիրավորված քրդեր իրենց ազգային ինքնությունը բարձրաձայնեցին (բացեք արխիվները): Այդ նույն ազերի քոչվորը այսօր գլխատեց իր երկրորդ հայրենիքի բանակում ծառայող ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին, նրա գլուխը դիրքից դիրք տանելով ոռնում էր՝ դավաճան քուրդ: Այդ դահիճը դարձավ իրենց համար ազգային հերոս, իսկ հայ ժողովուրդն իր Քյարամ որդուն դարձրեց հերոս:


Այ խուլ ու համր աշխարհ, նորից թարմացնեմ հիշողությունդ: Հիշո՞ւմ ես, թե իր նեղ շրջապատում ինչ էր ասել Դեմիրելը, այդ մասին գրեցին աշխարհի շատ թերթեր, բացեք արխիվները. «Ղարաբաղը չտվեցինք, Հայաստանն էլ կորցրինք»: Իսկ գիտե՞ս ինչու էր ասել, որովհետև իրենց կարծեցյալ Մեծ Թուրանը Հայաստանով էր անցնելու մինչև Ալթայ: Դե, հիմա թող հողի տակ գծի Մեծ Թուրանի ճամփան ու ինքն էլ գնա ու գա:
Կամ այն ժամանակ Ազրկենտկոմի առաջին քարտուղար Վեզիրովն ասել էր՝ այս ի՞նչ արեցինք, մեր ոսկյա ձեռքը կտրվեց, հայերի ոսկյա ատամն ընկավ: Դա խոստովանանք է, որովհետև հայերն էին շենացնում ու պարզերես դարձնում ԱԽՍՀ-ն:


Կամ գիտե՞ս, թե ինչպես է կառուցվել հետագայում դժոխք դարձած Սումգայիթ քաղաքը: Հայկական գյուղերի վրա գաղտնի հրաման է իջեցվել, որ ամեն գյուղից հինգ-վեց ընտանիք տեղահանեն, ուղարկեն նոր, քիմիական արդյունաբերական քաղաքում բնակվելու: Միանգամից երկու խնդիր էին լուծում՝ դատարկում էին հայկական գյուղերը և ապահովում էին իրենց հեռահար պլանը՝ հետագայում ջարդ կազմակերպելով (բացեք արխիվները):
Իսկ գիտե՞ս, թե ինչ էր ասել 1994 թ. արցախցի մարտիկների կողմից գերեվարված աֆղան մոջահեդ Բախտիար Վերբալլահ Բաբերզայիդին (բացեք արխիվները), որ ազերի բանակում ավելի քան 2500 վարձկան մոջահեդներ կան: Նրանց ուղարկում են ամենավտանգավոր տեղերը, և նրանց նաև հրահանգված է եղել կրակել հետ փախչող ազերիների վրա: Ի դեպ, այդպես եղավ նաև Խոջալուում: Մոլոկանների այս գյուղը վերաբնակեցրել էին մեսխեթցի թուրքերով: Գյուղն ու Ստեփանակերտի օդանավակայանի տարածքն ազատագրելու ժամանակ այնտեղ երկար ապրածները գիտեին Կարկառ գետով Աղդամ հասնելու ճանապարհը և անվնաս փախան: Իսկ մեսխեթցի թուրքերը, որ անձ՝ գլուխ, ամիսը 15 հազար ռուբլով ապրում էին այդտեղ, չգիտեին: Գյուղում տիրություն անող ազերի օմօնականները նրանց բոլորին գնդակահարեցին, որ իբր հայերն են սպանել: Այս մասին ականատեսի վկայությամբ պատմեց Ֆաթիմա անունով մեսխեթցի թրքուհին, ում ամուսինը երեխաներին վերցրել փախել էր, կնոջը գերի թողնելով: Շուշիի Վաչոյի գնդի տղաները նրան պահում էին, որ փոխանակեին իրենց գերի ընկած ընկերոջ՝ Վալոյի հետ: Եվս մի զավեշտալի բան, որին, աշխարհ, դու էլ հավատում ես: Խոջալուն ազատագրվել է ձյուն ու բուք ձմռան մի օր (1992-ի փետրվարի վերջին), իսկ կադրեր են ցույց տալիս, կանաչ խոտերի մեջ ընկած դիակներ, և ողբում են Խոջալուի զոհերի համար:
Մի բան էլ ասեմ ականջիդ, աշխարհ, հայր Ալիևի օգնական Լեյլա Հաջիևան Եվլախում (մեր Արեշը) փախստականների հետ հանդիպման ժամանակ նրանց վախկոտ ու անճար անվանեց, ասելով. «Մենք երեք ամիս ցամաքից և օդից ռմբակոծեցինք Ստեփանակերտը, ոչ մեկը չփախավ, իսկ դուք որսորդական հրացանի կրակոց լսեցիք, փախաք»։ Մի բան չգիտեր Լեյլա բաջին, որ արցախցին իր հողի վրա է, իր հայրենիքում և ուրիշ տեղ չունի գնալու:
Շատ բան կա ասելու, աշխարհ: Եվ այսքանից հետո դու ուզում ես, որ Արցախը մնա ազերիների՞ն:
Ոչ, երբեք, դա չի լինելու։


Շուշանիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ,
Արցախյան ազատամարտի կամավոր,
մարտական գործողությունների մասնակից

Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ