Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Հեռավոր փոքր գյուղը մեծ պատերազմում

Հեռավոր փոքր գյուղը մեծ պատերազմում
06.05.2016 | 09:31

Սամշվիլդոն Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի վեց հայաբնակ գյուղերից մեկն է, որի հիմնադիրները XVIII դարի վերջերին, դեռ Աղա Մահմադ խանի 1895 թ. արշավանքից էլ առաջ, գաղթել էին Արարատյան աշխարհի Քանաքեռ գյուղից ու բնակություն հաստատել Հյուսիսային Հայաստանի երբեմնի հռչակավոր կենտրոն Ցուրտավ քաղաքի ավերակների շրջակայքում, Խրամ գետի ձախ ափին, Քոլագիր կոչված ամրոցի մոտ: Մի քանի տարի այստեղ ապրելուց հետո նրանք իրենց համար մշտական բնակության տեղ են ընտրում Ցուրտավից ոչ հեռու գտնվող Սամշվիլդե բերդամրոցի մոտակայքում, Ճիվճավ և Խրամ գետերի միախառնման հրվանդանին հարող բարձունքում և 1807 թ. տեղափոխվում են այնտեղ:

Այս գյուղն առաջին հերթին հենց դրանով է նշանավոր, որ կրում է Հայոց Կյուրիկյան թագավորության երբեմնի մայրաքաղաքի պատմական անունը և գտնվում է նրա ամրակուռ պարիսպների ներքո, և նրանից բաժանված է մի անդնդախոր կիրճով, որի հատակին` ժեռ քարերը լիզելով, հոսում է Ճիվճավ լեռնային սրընթաց գետակն ու լցվում հորդահոս Խրամը:
Գյուղի հիմնադիրներն իրենց ժրաջան աշխատանքով շուտով այդ անմարդաբնակ ու վայրի տարածքները դարձնում են բարգավաճ, բերրի այգեստաններ ու արտեր, զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, կառուցում են տներ ու եկեղեցի, հիմնադրում նաև դպրոց: 1867 թ. ընդամենը 42 ծուխ և 230 բնակիչ ունեցող Սամշվիլդոն, դրանից 80 տարի անց, Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին արդեն ուներ շուրջ 2000 բնակիչ, դարձել էր Թեթրիծղարոյի շրջանի շեն ու բարեկարգ բնակավայրերից մեկը:
Պատերազմի հենց սկզբից Սամշվիլդոյից զորակոչվում են բոլոր երիտասարդները, ռազմաճակատ է մեկնում դպրոցի ուսուցիչների մեծ մասը, բերքահավաքի եռուն շրջանում գյուղը միանգամից զրկվում է աշխատող ձեռքերից:

Մի քանի ընտանիքից ճակատ են մեկնում 3-4, իսկ 14 ընտանիքից` երկուական հոգի, մյուս բոլոր ընտանիքներից` մեկական: Պատերազմի չորս տարիների ընթացքում Սամշվիլդոյից բանակ է զորակոչվում ավելի քան 200 հոգի, որից 107-ին բախտ չի վիճակվում վերադառնալու խաղաղ աշխատանքի: Ոմանց համար պատերազմն սկսվում է հենց ծառայության ընթացքում: Օրինակ, Գիգո Պողոսյանը ծառայությունն ավարտած վերադառնում էր տուն, ուր նրան էին սպասում ծեր ծնողները, եղբայրներն ու քույրերը, դեռատի կինն ու երկու տարեկան դուստրը` Հասմիկը, երբ լսվում է պատերազմի չարագույժ բոթը: Նրան հենց գնացքից էլ վերադարձնում են կրկին իր զորանոց, և նա այդպես էլ չի տեսնում իր հարազատներին, զոհվում է մարտի դաշտում: Նույն չար բախտին է արժանանում նաև նրա մյուս եղբայրը` Արսենը, իսկ երրորդ եղբայրը` Պողոսը, վերադառնում է ծանր վիրավոր: Պատերազմից չեն վերադառնում նաև Հակոբ և Յասաման Հակոբյանների երեք որդիները` Ավետիքը, Ալեքը, Խաչիկը, Ստեփան և Եվա Սարգսյանների Հարություն, Խաչիկ և Գարեգին տղաները: Իսկ Մարգար և Վարդանուշ Մարգարյանների չորս որդիներից, որ այդ օրերին էին զորակոչվել, տուն են դառնում միայն Իշխանն ու Մուշեղը, մյուս երկուսը` Գևորգը և Մեխակը, ընկնում են հերոսի մահով: Զույգ որդիներ են կորցնում նաև Դարչո Քամալյանը (Դավիթ և Մկրտիչ), Գևորգ Սահրադյանը (Դարչո և Անդրանիկ), Մովսես Ամիրխանյանը (Գրիգոր և Անդրանիկ), Հակոբ Առուշանյանը (Գարեգին և Գևորգ), Հովսեփ Վարդանյանը (Մուշեղ և Վարդան), Անդրո Բաբայանը (Տիգրան և Անդրանիկ), Անտոն Ջաղինյանը (Աբրահամ և Հարություն) և այսպես, մյուս ընտանիքներից ևս զոհվում են եղբայրներ Գևորգ և Շաքրո Սարգսյանները, Դեմքո և Գարեգին Հովհաննիսյանները, Արսեն և Դարչո Գևորգյանները, Վանո և Արշակ Հակոբյանները` 16 ընտանիքից ռազմաճակատ մեկնած 36 հոգուց 32-ը հետ չեն դառնում: Իսկ Մամիկոն Սահրադյանը, 1940-ին Երևանի բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսից զորակոչվելով բանակ, ստանում է ավագ լեյտենանտի կոչում և ծառայության անցնում դաշտային հոսպիտալում: Նա ծանր վիրավոր մարտիկներին օգնություն ցույց տալու պահին էլ զոհվում է Պսկով քաղաքի մատույցներում՝ 1943-ին: Նույնը պիտի ասել նաև Գրիգոր Մարգարյանի մասին, որը, ստանալով սպայական կոչում, իր վաշտով մասնակցում է բազմաթիվ հաղթական մարտերի: Սակայն վերջին անգամ, երբ գրոհի էր տանում իր մարտիկներին, զոհվում է հրամանատարական դիրքում՝ Դոնի ափին: Օդաչու Բախշի Հակոբյանը ևս, օդային մի շարք կատաղի մարտեր մղելով ֆաշիստական կործանիչների դեմ, անհավասար մարտերից մեկում, խոյահարելով թշնամու ինքնաթիռին, կործանվել է նրա հետ մեկտեղ:


Սամշվիլդելցի զոհված մարտիկներից յուրաքանչյուրի մասին կարելի է այսպիսի բազմաթիվ դրվագներ պատմել, որոնց վկայությունն են մինչ օրս գյուղում, հարազատների մոտ սրբությամբ պահվող նրանց ստացած մեծաթիվ շքանշաններն ու մարտական մեդալները և հրամանատարության տված շնորհակալագրերը:


Պատերազմի ծանր օրերից այստեղ հետաքրքիր է վերհիշել մի եղելություն, որը կապված է այդ հեռավոր գյուղի հետ: Գիգուշ Մարգարյանն ու իր եղբայրը` Եգորը, որ զորակոչվելուց հետո Կովկասյան լեռներից մարտերով հասել էին Ստալինգրադ, այնտեղ թեժ ճակատամարտում ընկնում են թշնամու ծուղակը: Գիգուշը ծանր վիրավորվում է ու նամակ է գրում ծնողներին` Խաչատուրին ու Շարմաղին, որ ինքը հոսպիտալում է, շուտով կապաքինվի ու դուրս կգրվի, եղբայրը` Եգորն էլ լավ է, ոչ մի վտանգ չկա, թող իրենց մասին չմտածեն: Սակայն նրա մայրը էլ չի համբերում ու սպասում նոր նամակի, այլ Եգորի կնոջ` Մայիի հետ մթերքների ծանր բեռներով մի կերպ հասնում է Ստալինգրադ: Այդ ժամանակ Գիգուշն արդեն ապաքինվել ու մեկնել էր առաջին գիծ: Կռվի այդ ահեղ օրերին հրամանատարությունը նրանց մի կերպ համոզում է, որ հետ դառնան: Շարմաղն ու Մային իրենց հետ տարած առատ սննդամթերքն ու ծխախոտը բաժանում են զինվորներին ու նրանց օգնությամբ բռնում տունդարձի դժվարին ճամփան և արկածներով հասնում են գյուղ: Իսկ Գիգուշ Մարգարյանը դրանից հետո եղբոր հետ հասնում է մինչև Բեռլին, մասնակցում նրա գրավման ահեղ մարտերին և հետագայում ևս, մինչև զորացրվելը, ծառայում է բանակում:


Ռազմաճակատ մեկնած սամշվիլդեցիների մի զգալի մասը վերադառնում է խաղաղ, ստեղծագործ աշխատանքի: Նրանցից ոմանք գյուղ են գալիս ծանր վիրավոր: Ավետիք Ստեփանյանը, օրինակ, մինչև իր կյանքի վերջը կոլտնտեսությունում մերթ եղել է ջրաղացպան, մերթ կոշկակար և մերթ էլ անասնապահ: Եվ ասում են նաև, որ առանց նրա դուդուկի քաղցրալուր հնչյունների գյուղում ոչ մի հարսանիք ու տոնախմբություն տեղի չի ունեցել: Իսկ զույգ ոտքերը մարտադաշտում թողած Բագրատ Քամալյանը` վերադառնալով գյուղ, ամուսնացել է և ունեցել 8 զավակ` 5 տղա և 3 աղջիկ, ու զբաղվել է նրանց կրթության ու դաստիարակության գործով: Իրենց երկու եղբայրներին պատերազմում կորցրած Իշխան և Մուշեղ Մարգարյանները զորացրվելուց հետո ստացել են իրավաբանական բարձրագույն կրթություն և նվիրվել օրենքի ու օրինականության ամրապնդման գործին: Մուշեղը երկար տարիներ աշխատել է Երևանում, դատաքննչական մարմիններում, իսկ Իշխան Մարգարյանը իր կյանքը նվիրել է հայրենի գյուղի բարգավաճման գործին. Թեթրիծղարոյում, Դաղեթ-Խաչենում ու Սամշվիլդոյում մի քանի անգամ ընտրվել է ղեկավար պաշտոններում, եղել է շրջգործկոմի անդամ, իսկ կյանքի վերջին տարիներին` հայրենի գյուղի գյուղապետը: Հարություն Սարգսյանը պատերազմի ավարտից հետո գնդապետի ուսադիրներով ծառայության է անցել Բելոռուսիայում, եղել է Մինսկ քաղաքի ներքին գործերի և անվտանգության ծառայության բաժանմունքների պատասխանատու աշխատող և մինչև իր կյանքի վերջն ապրել է այնտեղ: Պատերազմից վերադարձած բոլոր սամշվիլդեցիներն էլ մեծ պատասխանատվությամբ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները և ամենուր աչքի են ընկել բարեխիղճ աշխատանքով:


Արդ 71 տարի է անցել Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտից, և այժմ Սամշվիլդոյում այն ահեղ մարտերի մասնակիցներից գրեթե ոչ մեկը չի մնացել, վաղուց հեռացել են կյանքից: Սակայն երախտագետ սամշվիլդեցիները նրանց անունները սրբությամբ են հիշում: Հայրենի գյուղում վաղուց կանգնեցվել է զոհվածների անմար հիշատակը հավերժացնող փառքի հուշակոթող, որի վրա փորագրված են այն 107 հերոսների անունները, որոնք իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի փրկության և Մեծ հաղթանակի գործին: Հավերժ փառք նրանց հիշատակին:


Վահան ՄԱՂԱԼՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու,
ԵՊՀ առաջատար գիտաշխատող

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ