Հռոմի Պապի այցը Հարավային Կովկաս կազդարարի լուսավոր ապագան, որը կհաղթահարի ծանրագույն ներկան՝ Վատիկանի Ռադիոյին հարցազրույցում ասել է կարդինալ Լեոնարդո Սանդրին՝ Վատիկանի արեւելյան եկեղեցիների հարցով կոնգրեգացիայի պրեֆեկտը: Նա ապրիլի 24-ին հայ եպիսկոպոսական լիցեյում հիշատակի պատարագ կմատուցի:
Հարցազրույցում կարդինալն ասել է. «Ես հավատում եմ, որ անպայման պետք է հիշել անցյալն իր ծանրագույն իրադարձություններով: Բայց պետք է վերածնվել նոր հնարավորությունների եւ հույսերի համար: Նաեւ վերքեր են մնացել: Մենք բոլորս խորապես ցավում ենք Լեռնային Ղարաբաղում մարդկանց մահվան համար: Եվ մենք հույս ունենք, որ միջազգային օգնությամբ հնարավոր կլինի արդարացի եւ երկարաժամկետ լուծում գտնել հակամարտությանը, որը կարող է ծանրագույն հետեւանքներ ունենալ երկու ժողովրդի համար, այդ թվում` հայերի, որոնք այնքան թանկ են կաթոլիկական եկեղեցու համար:
Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնեական պետությունն է: Հուսանք, որ հակամարտությունը կրոնների պատերազմի չի վերաճի: Այդ պատճառով մտածում եմ, որ անհրաժեշտ է բոլոր նրանց աջակցությունը, ովքեր կարող են եւ պիտի օգնեն, որպեսզի չլինեն այնպիսի բախումներ, որոնք բազմապատկում են հայ ժողովրդի տառապանքները: Եվ որպեսզ չավելանան կրոնների եւ ժողովուրդների պատերազմներին, որոնք թունավորում են մարդկային գոյությունը: Հռոմի պապի այցը Կովկաս տեղի կունենա երկու փուլով: Հայաստան, հետո` Վրաստան եւ Ադրբեջան:
Պապը կհանդիպի մարդկանց: Նա կկարողանա իրականացնել այն, ինչ արել է իր բոլոր ուղեւորությունների ընթացքում` հանդիպել, լինել հատկապես նրանց կողքին, ովքեր տառապում են: Միաժամանակ այդ հանդիպումը կազդարարի ապագան, որը կհաղթահարի ծանրագույն ներկան: Ճիշտ այդպես էլ Հռոմի պապն այցելել է Լեսբոս եւ Լամպեդուզա, հայտարարելով, որ այն, ինչ կատարվում է այնտեղ, չպիտի տեղի ունենա: Չի կարելի մարդկանց զոհաբերել այլ շահերի եւ նախագծերի:
Պապը իր գիրքը եւ սիրտը բացում է հավատացյալների առաջ, բայց ազդարարում է մի ապագա, որի համար մենք պիտի անենք այն ամենը, ինչը մեր ուժերի սահմաններում է: Որպեսզի ապագայի Հայաստանը տեսնենք ազատ, իր բոլոր արժեքները միջազգային հանրությանը տանող:
Կարծում եմ, այս այցը բարիք կբերի եւ թանկագին ու սիրելի Հայաստանին, եւ մյուս երկրներին` Վրաստանին եւ Ադրբեջանին: Կովկասը պիտի կամուրջ լինի, որը միավորում է Արեւմուտքը եւ Արեւելքը, ոչ թե բաժանարար պատերի եւ պատերազմների վայր»: