«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Թուրքիան երբեք Ռուսաստանի բարեկամը չի եղել»

«Թուրքիան երբեք Ռուսաստանի բարեկամը չի եղել»
12.04.2016 | 01:16

Ինչ հայացքով է գնահատվում Մոսկվայի ու Անկարայի հակամարտությունը Հայաստանից, որը թուրքերի հետ իր հին հաշիվներն ունի։

«ԻՍԿ ՈՒՐԻՇ ՍԱՀՄԱՆ ՄԵՆՔ ՉԵՆՔ ՃԱՆԱՉՈՒՄ»


Հայկական հինավուրց Մարգարա գյուղը հենց սովետական սահմանագլխին է։ Հենց այդպես՝ սովետական են տեղի բնակիչները հպարտորեն անվանում Հայաստանի և Թուրքիայի սահմանը։
-Բա էլ ո՞նց ասես,- զարմանում են նրանք։- Այստեղ կանգնած են ռուսական զորքերը։ Մեր մարդիկ են։ Հետո էլ մենք մանկուց սովորել ենք, որ ապրում ենք ՍՍՀՄ-ում։ ՈՒրեմն սահմանն էլ սովետական է։
Գյուղի մեջ, հենց դպրոցի մոտ, մի հրակնատ կա (փայտով ու հողով շինված կրակակետ)։ ՈՒղղակի գետնափոր՝ գերաններով ու հողով ծածկված, որի վերևում հրակնատն է։ Թնդանոթը սովետական է։
-Քար չի քաշում,- ասում են գյուղացիք,- ի՞նչ է եղել որ սրան։- Մաքրիր, լիցքավորիր ու կրակիր...
Բոլորն այստեղ զգոն են։ Նման մարդկանց հետ սահմանապահ էլ պետք չէ։ Մենք մտնում ենք տեղի դպրոցի տնօրեն տիկին Արուսյակի տան բակը։ Ամուսինը՝ Հակոբը, փշալարով ցանկապատված պարտեզում գործ է անում։ Պարտեզից այն կողմ սահմանն է։
-Ովքե՞ր եք,- խստադեմ հարցնում է Հակոբը։- Սահման անցնելու թույլտվություն ունե՞ք։
Հանգստանում է, երբ ապացուցում ենք, որ լրտեսներ չենք, այլ օրինապահ քաղաքացիներ։ Մեզ տուն են հրավիրում։ Սեղանին քաղցրավենիք է, վարդագույն տնական գինի (իսկը հյութ, առանց շաքարի)։ Հենց միանգամից խոսակցությունն անցնում է քաղաքականությանը, հայկական մեծ հողերին, որ փռված են Հակոբի պարտեզից այն կողմ, որ բոլշևիկների օրհնությամբ խլել են թուրքերը։
-Հայոց ցեղասպանության ժամանակ ես այն կողմում շատ հարազատներ եմ կորցրել,- պատմում է կինը՝ Արուսյակը։- Այդտեղից են եղել թե՛ պապս, թե՛ մորական տատս։ Նրա երկու քույրերին փրկել է Կարմիր խաչը և տարել Ամերիկա, մանկատուն։ Իսկ մյուս՝ կարսեցի տատս այնտեղ կորցրել է ամբողջ ընտանիքը՝ ծնողներին, եղբայրներին, ամուսնուն։ Երկրորդ անգամ ամուսնացել է արդեն այստեղ, այս կողմում։ Բայց պատերազմ, ինչպես բոլորը, ես չեմ ուզում։ Այ, նոր այստեղ ասացիք, թե Ռուսաստանը կարող է չեղյալ հայտարարել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը*, որ մի ժամանակ ստորագրել են բոլշևիկները։ Բայց մեզ համար դա առայժմ դատարկ խոսք է։ Եթե ամեն ինչ ռեալ լիներ, Հայաստանում էլ խանդավառություն կլիներ։ Կարելի էր զոհողությունների էլ գնալ հանուն հողերը վերադարձնելու մեծ նպատակի՝ թե՛ մեր կյանքը, թե՛ բարեկեցությունը։ Բայց մեկ էլ տեսար Էրդողանը ներողություն խնդրեց ռուսներից, ու նորից սկսվեց ռուս-թուրքական «ռազմավարական գործընկերությունը». այդ դեպքում հայերս կմնանք թուրքերի հետ դեմ առ դեմ։ Ի՞նչ պիտի անենք։
-Հենց այնպես ոչ ոք մեր հողերը մեզ չի տա, ուրեմն պիտի կյանքով հատուցենք։ Եթե կարելի է յոլա գնալ առանց պատերազմի, եկեք յոլա գնանք։ Չէ, մենք վախկոտ չենք, Ռուսաստանի հետ էլ առհավետ կապված ենք,- ասում է Հակոբը։- Մեր ազգուտակի կեսը Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք Ռուսաստանի հետ ոչ թե ուղղակի քաղաքական միավոր ենք, այլ մի ընտանիք։
Մեղմաբարո Հակոբը հանկարծ տաքանում է։
-Ինչպե՞ս կարող էիք դուք՝ ռուսներդ, թույլ տալ, որ խփեն ձեր ինքնաթիռն ու սպանեն ռուս օդաչուներին։ Խփված ինքնաթիռի համար թուրքերը դեռ կարող էին ներողություն խնդրել, համարել սխալմունք։ Բայց օդաչուի սպանությունը բարբարոսություն է։ Ինչո՞ւ ատամներին չհասցրիք։
-Մենք սանկցիաներ մտցրինք Թուրքիայի դեմ,- արդարանում եմ ես։
-Ի՞նչ։ Ռուսները հիմա թուրքական պոմիդոր չե՞ն ուտում։ Եվ սա նշանակում է պատի՞ժ։ Ռուսաստանը կսովորի ապրել առանց թուրքական պոմիդորի, ինչպես որ Թուրքիան կսովորի ապրել առանց ռուս զբոսաշրջիկների։ Բայց դառնության զգացումը կմնա հավերժ։ Պետք էր պատասխանել կոշտ ու անողորմ։ Հիշում եմ 1976 թվականը։ Աշխատում էի պարտեզում և տեսա, որ թուրքական երկու ինքնաթիռ խախտեցին սովետական սահմանը։ Մտածել էին փորձել մեր ՀՕՊ-ը։ Մեկին հասցրին խփել հենց մեր գյուղի վրա, երկրորդը փախավ։ Այսպես ուրեմն. մարդիկ խիստ պատիժներ ստացան երկրորդ ինքնաթիռը բաց թողնելու համար։ Պաշտոններն ու կոչումները կորցրին Անդրկովկասյան օկրուգի բոլոր կարևոր դեմքերը։ Որովհետև դա ՍՍՀՄ-ն էր։
Հակոբի ձայնի մեջ ակնածանք կար։ Չէ, Արուսյակն ու Հակոբն ամենևին էլ կարոտախտով տառապող միամիտ մարդիկ չեն։ Երկուսի ընտանիքներում էլ բռնությունների զոհեր են եղել։ Բայց նրանք հստակ գիտակցում են. մեծ տերության մեջ լավն ու վատը հաճախ միահյուսված են լինում։ Ինչպես հայտնի է, անթերի բան չի լինում։
-Այնպիսի հանգստություն, որ կար սովետական ժամանակ, երբեք արդեն չի լինի,- տխուր ասում է Հակոբը։- Մենք լավ էինք ապրում։ Մենք գիտեինք, որ մեր թիկունքին հսկայական երկիր է կանգնած, որ մենք ապրում և պայքարում ենք արդար գործի համար։ Իսկ հիմա ամեն մեկս մեզ համար ենք ապրում, իսկ դա տխուր բան է։ Մարդ պետք է իմանա, թե հանուն ինչի է պայքարում։ Իսկ հիմա ինչի՞ համար։ Ազատ շուկայական հարաբերությունների՞։
-Ես դպրոցական աղջնակ էի և կարող էի գիշերն ազատ շրջել Լենինգրադում, նայել, թե ինչպես են բացվում կամուրջները։ Գիտեի, որ ինձ ոչ ոք չի անհանգստացնի,- հիշում է Արուսյակը։- Ես մեծացել եմ այն համոզմամբ, որ Մոսկվան իմ Հայրենիքի մայրաքաղաքն է։ Իսկ հիմա ո՞վ եմ։ ՈՒնեմ հեղհեղուկ կարգավիճակ։ Երբ ՍՍՀՄ-ն սկսեց փուլ գալ, դժվար, սոված ժամանակներ եկան։ Բայց մենք՝ հայերս, գիտեինք, որ Թուրքիայի հետ սահմանը պահպանել է պետք։ Իսկ սովետական զինվորները մեզ նման քաղցած էին։ Ամիսներով ձավարի քաշովի էինք ուտում։ Սահմանապահ ուղեկալի խոհարարները գյուղ էին գալիս ու խնդրում. ժողովուրդ, օգնեք ինչով կարող եք։ Մենք ինքներս էինք կարիքի մեջ, բայց զինվորներին բաժին էինք հանում՝ բրինձ, կանաչեղեն, բանջարեղեն, մուրաբա, կոմպոտ, տնական պանիր, հաց։ Նույնիսկ հիմա, երբ ամռանը ռուս զինվորները դետքի են գնում, մենք փշալարերի արանքից նրանց միրգ, պոմիդոր ենք փոխանցում։ Ջահել են, ուտել են ուզում։ Էստեղ ոչ մի վատ բան չկա։ Մենք մի սահմանապահ ընտանիք ենք։

«ԵՍ ԻՄ ՏՈՒՆՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԳՏՆԵՄ»


Մարգարա գյուղի պատմության ուսուցչուհի Գայանեն տարեց, բայց դեռևս գեղեցիկ կին է՝ սև կայծկլտուն աչքերով, պատկառելի ձայներանգով, ու պատմում է.
-Մարգարան հիմնադրվել է 1810 թվականին։ Երբ այստեղ պարսկական տիրապետություն էր։ Սարգիս Մարգարյանն այստեղ իր յոթ որդիների համար տներ է կառուցում, և մենք, ուրեմն, նրա ժառանգներն ենք, Մարգարյաններ։ Հետո 1828 թվականին ռուս-պարսկական պատերազմում տարած հաղթանակից հետո ռուսներն են գալիս այստեղ։ Առաջին համաշխարհային պատերազմից և Հայոց ցեղասպանությունից հետո Սևրի պայմանագրով Հայաստանի տարածքը պետք է կազմեր 160 հազար քառ. կմ։ Այնինչ ունենք ընդամենը 29 հազար։ Թուրքական կողմում ես ունեմ տատիկիցս մնացած եռահարկ տուն՝ Իգդիր քաղաքում։
-Եվ ի՞նչ է, Գայանե, դու պիտի գնաս փնտրե՞ս քո տունը,- խմբով հարցնում են մեծ ու հյուրընկալ սեղանի շուրջը հավաքված հարազատները։
-Գնալու և գտնելու եմ,- հաստատակամ ասում է Գայանեն։- Դա իմ տունն է։ Ես պետք է տեսնեմ այդ տունը։
-Բայց չէ՞ որ ցեղասպանությունից հետո հարյուր տարի է անցել,- անտրամադիր հարցնում եմ ես,- ինչպե՞ս եք ճանաչելու մի տուն, որ երբեք չեք տեսել։
-Կճանաչեմ։ Մինչև մահանալը տատիկս ամեն օր ինձ պատմում էր նրա մասին։ Նկարագրում էր ամենայն մանրամասնությամբ։ Ես երազումս էլ կճանաչեմ իմ տունը։ ՈՒ ես կգնամ-կտեսնեմ։ Դա իմ պարտքն է։ Ես պատմաբան եմ ու գիտեմ, որ առանց պատերազմի տարածքային փոփոխություններ չեն կարող լինել։ Եթե պատերազմ լինի, չեմ թողնի, որ միակ որդիս պատերազմ գնա։ Մեզ Ղարաբաղն էլ է հերիք։ Բայց իմ կյանքը պատրաստ եմ տալու։ Ես միշտ եմ այդպիսին եղել։

ԵՎ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԴՔԱՆ ԼՈՒՌ

-Վախն է ԱՄՆ-ից: Մեզ մոտ, ըստ էության, բոլոր լրատվամիջոցները ամերիկամետ են, և ընդդիմությանը (իսկ մյուս լրատվամիջոցները մեզանում մեկ-երկուսն են) լռելու հստակ հրահանգ է տրված,- ասում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:- Իսկ Ռուսաստանը մեղմ ուժով առհասարակ չի հետաքրքրվում:
Սա դաժան ճշմարտություն է, որը կատաղեցնում է ինձ: Ռուսաստանի ոչ մի «մեղմ ուժ» փաստորեն գոյություն չունի: Դեռ լավ է, որ Հայաստան եկավ գոնե «Սպուտնիկ» ռադիոն: Բայց դա հերի՞ք է որ: Որ երկիր էլ գնացել եմ, անգամ Ռուսաստանի պատմականորեն բարեկամ երկիր ¥ինչպես, օրինակ, Սերբիա, Չեռնոգորիա կամ Հունաստան¤, առաջին բանը, որ իմանում եմ, այս է. ամբողջ լրատվական դաշտը գնել են ամերիկացիները: Ոչ մի բարեկամական ԶԼՄ չկա: Անգամ կուշտուկուռ տարիներին Ռուսաստանն ալարել է գոնե մի փոքր ներդրում անել թեկուզ և համացանցային կայքերում, որոնք ամսական մի 2-3 հազար դոլար են նստում: Փոխարենը ամերիկացիները չեն ալարել՝ ստեղծելով ամբողջ մեդիակայսրություններ: Ամբողջ աշխարհում դեսպանությունների աշխատակիցները ինձ պատմել են Պուշկինի կամ Չայկովսկու երեկույթների մասին: Մի հայ ռեժիսոր հեգնանքով նկատեց. «Ես այնտեղ խաթրի համար եմ գնում, մարդկանց թիվը գնալով նվազում է ու նվազում: Պատահում է, որ հարցնում ես՝ ո՞ւր է այսինչը: Մեռել է, պատասխանում են: Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչ է դա տալիս»: Իսկ մի անգամ մի ընդդիմադիր լրագրող ինձ ասում է. «Ռուսաստանի դեսպանությունն ընդունելությունների կանչում է միայն ծերերին կամ հարգված մարդկանց: Դու պետք է կարգավիճակ ունենաս: Դրա կողքին, ամերիկյան դեսպանությունը ընդունելությունների հրավիրում է միայն երիտասարդների. հեռանկարային, տաղանդավոր, հանդուգն: Դեսպանն էլ անձամբ մոտենում և սեղմում է յուրաքանչյուրի ձեռքը: Այսինքն, նա քեզ՝ դեղնակտուցիդ, անհատական պատիվ է մատուցում: Իհարկե, նման վերաբերմունքից հետո թիկունքիդ թևեր են աճում: Դու քեզ կարևոր մարդ ես զգում, ոչ թե փուչ արարած»:
-Անգլոսաքսոնները շատ նպատակասլաց պլաններ ունեն,- ասում է Սերգեյ Շաքարյանցը:- Սկզբնական նպատակն է Սիրիայի միջոցով սկսել Մերձավոր Արևելքի վերակազմավորումը:
-Բայց նրանք այդ բանը չեն էլ թաքցնում,- նկատում եմ ես:- Դեռ 2006 թվականին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը Թել Ավիվում հայտարարեց «Մեծ Մերձավոր Արևելք» պլանի մասին, որի համաձայն կփոխվեն 24 պետությունների սահմանները: Բայց Սիրիայում ամեն ինչ գազամուղներից սկսվեց:
-Նավթամուղներն ու գազամուղները միայն նախաճաշ էին Սաուդյան Արաբիայի ու Կատարի համար, որոնք երազում էին իրենց գազը վաճառել ԵՄ-ին, և սկսեցին «փող թափել», որպեսզի տապալեն Ասադին, որն իրենց մերժել էր նախագծի հարցում: Թուրքիան էլ հրապուրվեց հնարավոր էժան գազով: Բայց այս ամենը շեղող քայլեր էին... ԱՄՆ-ը հիմա մեկ խնդիր ունի. ազատ տնտեսական տարածքները վերածել ԱՄՆ-ի տնտեսության կցուկի: Դրա համար նրանք պատրաստել են համաձայնագրերի երկու փաթեթ. մեկը՝ Արևելյան Ասիայի համար, մյուսը՝ Եվրոպայի: Եվ նրանց մոտ ամեն ինչ կընթանար համաձայն պլանի, եթե Ռուսաստանը չմտներ Սիրիա: Հիմա արդեն Սիրիայում սուննիական ընդդիմության մի մասը հասկանում է, որ շեշտը սխալ է դրված եղել: Արդեն շեյխերն են իրենց բնակավայրերի անունից գալիս ու օգնություն խնդրում: Երկինքը վերահսկում են ռուսները, իսկ գետնին տիրություն են անում իրանցիները: Ինչո՞վ կարող ենք այս իրարանցման մեջ օգնել մենք՝ հայերս: Ամեն ինչ անել թուրքական կայսրությունը ծնկի բերելու համար: Աշխարհով մեկ գոռալ, որ նախկին հայկական հողերում նորից ցեղասպանություն է, բայց այս անգամ՝ քրդերի ցեղասպանություն: Դա ապացուցում է, որ Թուրքիան մոլի մարդասպան է: Եվ այստեղ ոչ ոք ծպտուն չի հանի: Կա մեր եկեղեցու կողմից ցեղասպանության բոլոր զոհերին նահատակներ ճանաչելու ակտ: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը, բոլոր դեսպանները պսակներ են դնում հուշահամալիրում: Նրանք հետդարձի ճանապարհ չունեն: ՈՒրեմն ինչո՞ւ ենք մենք լռում, չցանկանալով աշխարհին հիշեցնել մեր թշնամու գործած հանցանքների մասին: Վախենում ենք հանկարծ մի բան դուրս չգա:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
-Այո, պատերազմը դուռն է թակում, բայց հիմա գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, և գնդակը նրա դաշտում է,- դատում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:- Թուրքիան զգում է, որ Արևմուտքը կարող է իրեն մենակ թողնել, քանի որ քրդերին ամերիկացիներն առայժմ չեն հանձնել: Դու ճիշտ ես, երբ ասում ես, որ հենց Հայաստանի կողքին տարբեր դավանանքների ու քաղաքակրթությունների ահավոր ճակատամարտ է: Եվ ոչ ոք չի վիճարկում այն ճշմարտությունը, որ Հայաստանի գլխավոր պատմական ու ռազմավարական գործընկերը Ռուսաստանն է: Մեր ժողովուրդների բարեկամությունը գենետիկ մակարդակի է: ՈՒ եթե մեզանում որևէ իշխանություն չցանկանա հաշվի նստել դրա հետ, ապա նրան պարզապես գրողի ծոցը կուղարկեն: Սա փաստ է:
Բայց դու պետք է հասկանաս. Սիրիան և Թուրքիան Ռուսաստանից հեռու են, իսկ մեզ մոտ ամեն ինչ կողքներիս է: Հարցնում ես՝ ինչո՞ւ հայերը ռազմաշունչ հայտարարություններ չեն անում: Որովհետև մեր տառապանքը փորձ ունի, սովորել ենք պատմությունից դաս քաղել: Առաջին աշխարհամարտը մեզ բերեց ցեղասպանություն և Արևմտյան Հայաստանի կորուստ: Երկրորդ աշխարհամարտը նույնպես հիասթափություն պատճառեց: ՍՍՀՄ-ը հաղթող էր և, թվում էր, կարող էր իր պայմանները թելադրել Թեհրանում՝ դաշնակիցների նշանավոր խորհրդաժողովում: Հայերը ակնկալում էին, որ հայկական հողերը կվերադարձվեն: Սակայն Ստալինն առաջին հերթին պետական գործիչ էր և պաշտոնատար անձ, ու նրա մոտեցումներն էլ կայսրապետական էին: Այն, որ նա կովկասցի էր ու վրացի, նրա համար ոչ մի նշանակություն չուներ: Նրա համար շատ ավելի կարևոր էր ստանալ Կուրիլյան կղզիները, Կալինինգրադը և Արևելյան Եվրոպան, քան հայկական վեց վիլայեթները: Եվ գործարքը կայացավ, բայց ոչ մեր օգտին: Ոչ այն պատճառով, որ նա սիրում էր Թուրքիան, այլ այն, որ նա պատասխանատու էր ՍՍՀՄ կոչվող երկրի համար:


Դարյա ԱՍԼԱՄՈՎԱ
«Комсомольская правда»-ի
հատուկ թղթակից, «КП» 22.03.2016 թ. N29
* Մոսկվայի և Կարսի 1921 թ. պայմանագրերով Թուրքիային են անցել այն տարածքները, որ Հայաստանն իրենն է համարում, ներառյալ Կարս քաղաքն ու Արարատ լեռը: Մոսկվայի պայմանագիրը կնքված էր 25 տարով, իսկ Կարսինը անժամկետ էր: Սակայն ժամանակակից Հայաստանը Կարսի պայմանագիրը չի ճանաչում:

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ