2016-ի ապրիլի 1-ը մեզ վերադարձրեց անցյալ դարավերջ՝ միանգամից, կարծես չէին եղել անցած տարիները: Չէր եղել հրադադարը, պարզապես քնեցինք խաղաղ երկրում ու լուսաբացի հետ արթնացանք պատերազմի մեջ: Միանգամից մոռացանք նաև, որ տարիներ շարունակ միջազգային ու տեղական մակարդակի բոլոր պետական, քաղաքական, կուսակցական գործիչները հայտարարում էին՝ պատերազմ չի լինի: Ալիևը չի հանդգնի: Աշխարհը թույլ չի տա: Մենք ընտելացել էինք, որ Բաքուն երաժշտական փառատոններից մինչև հնարավոր բոլոր հարթակներ խոսում է ագրեսոր Հայաստանից, մեկ միլիոն փախստականներից ու իր տարածքի օկուպացիայից: Ու չէինք հավատում, որ նա կհամարձակվի պատերազմ սկսել: Սկսեց ու մեկօրյա հաջողություններ ունեցավ, և դա բավարարեց Ալիևին՝ հայտարարելու, որ մենք չենք մոռանա ապրիլի երկուսը երբեք, որ Ադրբեջանը հաղթեց և այլն, և այլն: Ի՞նչ է նա այսօր հայտարարում, երբ իր կասկածելի հաղթանակները զրոյանում են: Ի՞նչ է նա հայտարարելու վաղը:
Առաջին հերթին մենք պիտի հասկանանք՝ ի՞նչ փոխվեց աշխարհում, ո՞վ և ի՞նչ երաշխիքներ տվեց Ալիևին սկսելու իր կյանքի ամենամեծ արկածախնդրությունը: Դա կարևոր է, որովհետև հարցի պատասխանը ի հայտ է բերելու մեր իրական թշնամուն:
Երկրորդ՝ ստատուս քվոն այլևս չկա և մենք պիտի հասնենք նոր ստատուս քվոյի՝ արդեն մեր պայմաններով՝ բանակցային սեղան վերադարձնելով Լեռնային Ղարաբաղին: Երբ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այլևս ինչի՞ շուրջ են բանակցելու կողմերը: Ի՞նչ է դա տալու միջազգային ճանաչման առումով: ԱՄՆ-ի հերթական նահանգի ճանաչումից հետո կճանաչի՞ Վաշինգտոնը: ԱՄՆ-Ադրբեջան ներկա հարաբերությունների շրջանակներում այս հարցին միանշանակ պատասխան տալը դժվար է: Բայց մենք հայտնվելու ենք հերթական փակ շրջանակում՝ աշխարհի բոլոր պետություններն էլ եթե հերթով ճանաչեն հայոց ցեղասպանությունը, կարևորը Թուրքիայի ճանաչումն է, որովհետև միայն այդ դեպքում կարող ենք երկրորդ քայլին անցնել: Հիմա էլ ԼՂՀ անկախությունը պիտի ճանաչի Ադրբեջանը՝ հակամարտության ավարտի համար:
Երրորդ՝ հարց է ծագում՝ ինչո՞վ է այլևս զբաղվելու Մինսկի խումբը: Պե՞տք է Մինսկի խումբը ստեղծված իրավիճակում: Ինչո՞վ են միջնորդները զբաղվելու, երբ կողմերից մեկը բացահայտ նրանց միջնորդությունից գերադասեց պատերազմ սկսելը: Անիմաստ է՝ Մինսկի խմբի մեղքը որոնել: Նրանք մեղավոր չեն, նրանք բարեխիղճ կատարել են իրենց աշխատանքը՝ առաջին հերթին, սակայն, աչքի առաջ ունենալով իրենց երկրների շահերը, հետո՝ խնդրի կարգավորումը: Բանակցություններում հաջողության որևէ հույս չունեցող Ադրբեջանը կազմալուծում էր Մինսկի խմբի աշխատանքը, բայց միայն Ադրբեջա՞նը: Բացահայտ էր, որ միայն հրապարակավ Մինսկի խմբի համանախագահ երկրները միասնական էին կոնֆլիկտի լուծման իրենց ցանկության մեջ: Նրանք ունեն տարաձայնություններ և այդ տարաձայնությունները արտահայտվում են տարածաշրջանում սեփական գերակայությունն ունենալու ձգտումով: Ակնհայտ ապացույցը՝ շփման գծում տեխնիկական սարքերի տեղակայման հարցն է՝ Հայաստանը կողմ է, ՄԽ համանախագահող երկրներից ԱՄՆ-ը և Ֆրանսիան կողմ են, իսկ Ռուսաստանը որևէ կերպ իր դիրքորոշումը չի արտահայտում: Ռուսաստանը երկդիմի Յանուսի նման ռազմավարական համագործակցության հարաբերություններ է ուզում պահպանել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հնարավոր չէ բարեկամ լինել երկու թշնամիներին: Ռուսաստանն ուզում է ողջ տարածաշրջանը վերահսկել և Ղարաբաղի հարցը իդեալական տարբերակ է երկու պետությունների վրա իր ազդեցությունը անվերջ պահելու համար: Քաղաքական ազդեցությունը լրացվում է զենքի վաճառքով: Այսօր այդ զենքը կրակում է և մարդկանց է սպանում: Ու Ռուսաստանի փորձագիտական դաշտը արդեն աղմուկ է բարձրացրել, որ թե հայերը, թե ադրբեջանցիները պահանջելու են իրենց հետ լինել պատերազմից հետո: Հայերը կպահանջեն զենքի վաճառքը դադարեցնել, ադրբեջանցիները՝ հայերին պաշտպանել, ի՞նչ է կատարվում Ռուսաստանում, որ սկսել են զբաղվել ինքնաբացահայտումով: Իվերջո, շատ ավելի արդար ու ազնիվ է Թուրքիայի կեցվածքը՝ բացահայտ հայտարարել, որ պաշտպանում է Ադրբեջանին ու կանգնել Բաքվի կողքին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ամբողջ աշխարհին հայտնի են ռուսական Մատրյոշկաները: Չինական զարդատուփի օրինակով մեկը մեկի մեջ յոթ փայտե տիկնիկները ի՞նչ են խորհրդանշում՝ գիտի միայն ռուսական անմեկնելի հոգին, բայց ռուսական ազգային խաղալիքը մատրյոշկան չէ: Վանկա-վստանկան է՝ իրար միացած երկու կլորիկ գնդեր՝ վերջինը փոքր՝ իբրև գլուխ, ներքևինն ավելի մեծ՝ իբրև իրան, որոնք երբեք չեն ընկնում, ցանկացած դիրքից վերադառնում են ելման դրություն: Վանկա վստանկայի իր քաղաքականությունը Ռուսաստանը վարում է ներքին ու արտաքին ճակատներում: Այս մի քանի օրում Հայաստանը փորձում է ապացուցել, որ յուրացրել է և Մատրյոշկաների, և Վանկաների առեղծվածը և կարող է իր խաղը խաղալ: Մինչև վերջ: