«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Վեց կիտել, 10 տաբատ, 4 շինել, 4 գլխարկ և 900 ռուբլի

Վեց կիտել, 10 տաբատ, 4 շինել, 4 գլխարկ և 900 ռուբլի
05.04.2016 | 00:32

«Իրատեսի» հարգարժան ընթերցող Հ. Կարապետյանը, արձագանքելով իմ մի հոդվածին, ինձ մեղադրել էր Ստալինին գովերգելու մեջ: Բնավ: Հիշյալ հրապարակման մեջ ես պարզապես փորձել էի ուշադրություն հրավիրել այն պարագայի վրա, որ հայոց լրատվամիջոցներում բավականին սուբյեկտիվորեն ու միտումնավոր սևացվում է մեր ժողովրդի պատմության խորհրդային հատվածը, և մասնավորապես չափազանցվում են ստալինյան բռնությունների մասշտաբները:

Պարոն Կարապետյան, հավատացեք, ռուսաստանցի նույնիսկ ամենամոլի ստալինասերների գերակշիռ մասը չի արդարացնում նրա բռնության գործողությունները: Նշված հոդվածում ես բերել էի Խորհրդային Միության երեք իրավապահ մարմինների ղեկավարների՝ Խրուշչովին ներկայացված արխիվային ուսումնասիրությունների արդյունքները, որոնցում գնդակահարվածների քանակը մոտ 643 հազար էր: Եղել են նաև այլ հանձնաժողովների եզրակացություններ, մասնավորապես, կոմկուսի կենտկոմի քարտուղար Պյոտր Պոսպելովի ղեկավարությամբ, այսօր էլ հրապարակվում են պատմաբանների ու փորձագետների ընդարձակ աշխատություններ այդ թեմայի շուրջ, և արդյունքները մոտավորապես նույնն են: Այսինքն, ճիշտ չեն տասնյակ միլիոնավոր գնդակահարվածների մասին լուրերը: Պարզապես կարելի է տարրական անաչառություն դրսևորել: Այսքան բան:
ՈՒրիշ հարց է, թե Ռուսաստանում ինչու է, կարելի է ասել, օր օրի ուժեղանում Ստալինի պաշտամունքը: Շատ պարզ պատճառով. Ռուսաստանը (Խորհրդային Միությունը) իր կայսերապետական հզորության գագաթնակետին հասավ հենց Ստալինի օրոք ու նրա շնորհիվ: Եվ այդ ինդուստրիալ- ռազմական հզոր գերտերության հետ ոչ ոք չէր կարող հաշվի չնստել: Պետք էր վերապրել ելցինյան շրջանը, տեսնելու համար, թե ինչ ողորմելի վիճակում հայտնվեց ստալինյան ժառանգությունը և ինչ խոր հուսախաբություն ապրեց ռուս ժողովուրդը: Կհավատայի՞ք, որ ստալինյան կառավարությունում նախարար նշանակեին Վաշինգտոնի «հանձնարարականով»:
Իրոք, ի՞նչ է տալիս նորօրյա Հայաստանին հակախորհրդային մռայլ քարոզչությունը: Ախր մեր սիրելի հայրենիքը այնքան է մխրճվել իր ներքաղաքական կենսահույզ խնդիրների մեջ, ինչպես ասում են, այնքան «անփառունակ» է դարձել նրա ներկան, որ զարմանում ես, թե ինչ չափով կարող են անարդարություններից ու հեռանկարի բացակայությունից խորապես հիասթափված մարդկանց հուզել խորհրդային տարիների «սարսափները»: Գուցե շատ ավելի արդարացված կլինի, եթե առավոտից երեկո վերլուծվի այն ամենահրատապ հարցը, թե ինչու են հայաստանցիները թողնում-հեռանում իրենց բնօրրանից, և ով կամ ովքեր են դրա մեղավորները: Օրերս Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում «ամերիկահայերի» մոտ հինգ տասնյակի հասնող տարանցիկ խումբ էր նստած: Ինչո՞ւ է «ամերիկահայը» չակերտների մեջ առնվում: Որովհետև նրանք բոլորն էլ արևելախոս նախկին հայաստանցիներ էին: Կարոտել էին հայրենիքին: Ինձ հարևանած ուղեկիցներս իրար հետ զրուցելով պարզեցին, որ երկուսն էլ «երրորդմասցի» են, տարբեր տարիների ավարտել են նույն երևանյան դպրոցը, հիշեցին ուսուցիչներին, ընդհանուր ծանոթներին, թաղամասի «լավ» տղերքին և այլն: Իմ այն հարցին, թե երբևէ իրենք կարո՞ղ են վերադառնալ Հայաստան, նույն պատասխանը տվեցին՝ եթե նույնիսկ իրենք կարող են մտածել այդ մասին, ապա Հայաստան չեն վերադառնա իրենց արդեն ամերիկացի մեծացած ժառանգները: Հայության համար կորսվող սերունդ:
Սակայն վերադառնանք հայոց լրատվամիջոցների կեցվածքին: Օրերս Պետերբուրգից զանգահարեց հին ծանոթներիցս մեկը, որը Ռուսաստան էր արտագաղթել դեռ մութ ու ցուրտ տարիներին, և անսպասելիորեն ասաց, որ որոշել է վերադառնալ Հայաստան:
-Հո չե՞ս ցնդել,- ասում եմ տարակուսանքով,- դու հենց առաջիններից մեկը ճողոպրեցիր երկրից:
-Չէ,- առարկում է նա,- պարզապես ամեն օր դիտում եմ հայոց հեռուստաալիքները և այն տպավորությունն եմ ստանում, որ մեր հայրենիքը մեզնից հետո դարձել է աշխարհի ամենաբարեկեցիկ, ամենաանհոգ, ամենակենսուրախ երկիրը. ուտում-խմում են, երգում-պարում, սրամտում, հիանում ղեկավարների պոետիկ ելույթներով:
-Բա ուզում ես գիշեր-ցերեկ ողբա՞ն:
-Թող չողբան, բայց իրականությունը չարտացոլող այդքա՜ն անդարդ ու անատամ հեռուստահաղորդումնե՞ր…
Ինչ կառաջարկեի «Իրատեսին»: Ռուսաստանում, հատկապես վերջերս, հաճախ են հարցումներ անցկացվում իրենց երկրի հին ու նոր առաջնորդների պատմական դերի, նրանց հանրաճանաչության շուրջ: Որպես կանոն դրանցում հաղթում է Իոսիֆ Ստալինը: Իսկ ահա «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը քննարկման է դրել «Ռուսաստանը կառավարողներից ո՞վ է իրոք մեծ» հարցադրումը, տվյալ դեպքում նկատի ունենալով անցյալ և ներկա դարերի առաջատար քաղաքական դեմքերին՝ Նիկոլայ Երկրորդ, Կերենսկի, Լենին, Ստալին, Խրուշչով, Բրեժնև, Գորբաչով, Ելցին, Մեդվեդև, Պուտին: Հայտնի քաղաքագետ Վիտալի Տրետյակովը, օրինակ, իր գնահատականներում հենվում է սեփական մոտեցումների վրա. «Վատ կառավարիչը երկիրը թողնում է ավելի անմխիթար վիճակում, քան այն ստացել է. ողորմելի կառավարիչը 2-3 տարում ոչնչացնում է երկրի վեհությունը (ՉպսՌփՌպ), որ ձգվել է տևական ժամանակ. լավ կառավարիչը իրենից հետո երկիրը թողնում է ոչ վատ վիճակում, քան ստացել է. մեծ կառավարիչը երկիրը թողնում է այնպիսի կատարելության մեջ, որ հետագա երկու կառավարիչները, եթե վատն են, չեն կարող այն խարխլել. հանճարեղ կառավարիչը մի քանի տարում ոտքի է կանգնեցնում իրենից առաջ ավերված երկիրը և կանխորոշում նրա մեծության պահպանումը տասնամյակներ առաջ»:
Ահա և, «Իրատեսը», օրինակ, կազմում է Հայաստանի խորհրդային և անկախության տարիների բարձրագույն ղեկավարների ցուցակը և ներկայացնելով նրանց գործունեության գնահատման իր չափանիշները (պարտադիր չէ հետևել Տրետյակովի մոտեցումներին), մասնագետներից՝ պատմաբաններ, քաղաքագետներ, փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ և այլք, պահանջում է բանիմացորեն պատասխանել այն հարցերին, թե նրանցից ով ինչքան է նպաստել Հայաստանի զարգացմանը (կամ հակառակը), և նրանցից որն է արժանացել սեփական ժողովրդի հարգանքին: (Ռուսաստանում նմանատիպ հարցումների արդյունքներում ամենաողորմելին միշտ Ելցինն է):


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Հ. Գ. Եվ նորից Ստալինի մասին: Երբ բռնապետը կնքեց իր մահկանացուն, նրա ունեցվածքի գույքագրումը սոսկ մեկ թերթիկ էր զբաղեցրել. գրառումների գրքույկներ, ընդհանուր տետրեր, ծխախոտ ու ծխամորճներ, 6 կիտել, 10 տաբատ, 4 շինել և 4 գլխարկ: Իսկ նրա ննջարանում գտնված խնայգրքույկում… 900 ռուբլի էր գրանցված:
Իսկ հիմա ասեք՝ անկախ, ազատ, կիսաքաղց Հայաստանում ովքե՞ր են դառնում դոլարային միլիարդատեր կամ միլիոնատեր:

Դիտվել է՝ 3169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ